The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 21 June 2026

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ԵՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ԷԴՎԻՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 Հայկական ազգանունով արհմիութենական առաջնորդը գլխավորում է Նիդերլանդների խոշորագույն գործադուլներից մեկը

21.06.2026/Նիդ.օրագիր/Hay Azian Նիդերլանդներում վերջին շաբաթներին հասարակական և տնտեսական կյանքի կարևորագույն թեմաներից մեկը կաթնամթերքի արդյունաբերության լայնածավալ գործադուլներն են։ Երկրի տարբեր քաղաքներում՝ Բորկուլոյում, Մեպելում, Բեյլենում և Հապսում, հազարավոր աշխատողներ դադարեցրել են աշխատանքը՝ պահանջելով արժանապատիվ աշխատավարձ և արդար աշխատանքային պայմաններ։ Այս պայքարի առաջնագծում կանգնած է հայկական արմատներ ունեցող արհմիութենական գործիչ Էդվին Մարտիրոսյանը (Edwin Martirosian), որը հանդիսանում է Նիդերլանդների ամենամեծ արհմիության՝ FNV-ի արդյունաբերության և սննդի արտադրության ոլորտի ղեկավարներից մեկը։ Մարտիրոսյանը պաշտպանում է աշխատավորների իրավունքները: FNV-ն Նիդերլանդների ամենաազդեցիկ արհմիությունն է, որը ներկայացնում է հարյուր հազարավոր աշխատողների շահերը։ Այս կառույցի ներսում Էդվին Մարտիրոսյանը պատասխանատու է արդյունաբերության և սննդի արտադրության ոլորտների համար, որտեղ աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրա աշխատանքը միայն բանակցային սեղանների շուրջ չէ։ Նա մշտապես հանդիպում է աշխատողներին գործարանների տարածքներում, մասնակցում է բողոքի ակցիաներին, կազմակերպում է հանրային քննարկումներ և ներկայացնում աշխատողների պահանջները գործատուներին ու պետական կառույցներին։ FrieslandCampina, Danone և ոլորտի այլ խոշոր ընկերությունների աշխատակիցները պահանջում են նոր հավաքական աշխատանքային պայմանագիր (CAO), որը կապահովի իրական աշխատավարձի աճ և գնաճի ազդեցության փոխհատուցում։ Արհմիությունը, որի կառավարիչներից է Էդվին Մարտիրոսյանը, պահանջում է առնվազն 4 տոկոս աշխատավարձի բարձրացում, գնաճի դեպքում լրացուցիչ փոխհատուցում, աշխատողների սոցիալական երաշխիքների պահպանում։ Մինչդեռ գործատուները պատրաստակամություն են հայտնել աշխատավարձերը բարձրացնել միայն 3 տոկոսով, ինչը, ըստ արհմիության, չի համապատասխանում կյանքի թանկացման իրական մակարդակին։ Հունիսին մեծ արձագանք ստացավ Բորկուլոյի FrieslandCampina գործարանի գործադուլը, որտեղ արտադրական աշխատողների ճնշող մեծամասնությունը միացավ ակցիային։ Այդ գործարանում արտադրվում է շիճուկի փոշի, որն օգտագործվում է մանկական սննդի և սպորտային սննդամթերքի արտադրության մեջ։ Գործադուլի հետևանքով արտադրությունը զգալիորեն սահմանափակվեց, իսկ բազմաթիվ արտադրական գծեր ժամանակավորապես կանգ առան։ Հենց այդ օրերին արված լուսանկարներում, որն արտացոլվել է նիդերլանդական մամուլում երևում է նաև Էդվին Մարտիրոսյանի լուսանկարը՝ գործադուլավորների կողքին, ոչ թե գրասենյակում, այլ արտադրամասերի դարպասների մոտ։ «Աշխատողները պետք է ստանան իրենց արդար բաժինը»-Նիդերլանդական օրագրի հետ զրույցում ասաց Էդվին Մարտիրոսյանը` ավելացնելով, որ խոշոր ընկերությունները վերջին տարիներին զգալի շահույթներ են ստացել, սակայն այդ հաջողությունը բավարար չափով չի արտացոլվել աշխատողների եկամուտներում։ Նրա համոզմամբ՝ տնտեսության զարգացումը պետք է օգուտ բերի ոչ միայն ղեկավարությանը և բաժնետերերին, այլ նաև այն մարդկանց, ովքեր ամեն օր աշխատում են արտադրության մեջ և ստեղծում այդ արդյունքը։ Այս դիրքորոշումն է, որ նրան դարձրել է հազարավոր աշխատողների վստահելի ներկայացուցիչը և ներկայիս պայքարի գլխավոր առաջնորդներից մեկը։ Թեև Էդվին Մարտիրոսյանը հիմնականում հայտնի է որպես նիդերլանդական արհմիութենական շարժման առաջնորդ, նրա հայկական ազգանունը ուշադրություն է գրավում նաև Նիդերլանդների հայ համայնքում։ Նա ապրում է իր ծագման հայրենիքի` Հայաստանի ճակատագրով: Այսօր նա այն եզակի հասարակական գործիչներից է, որը մասնակցում է երկրի կարևորագույն սոցիալ-տնտեսական գործընթացներին և ներկայացնում է տասնյակ հազարավոր աշխատողների շահերը ազգային մակարդակով։ Նրա գործունեությունը վկայում է, որ հայկական ծագում ունեցող մասնագետներն ու ղեկավարները կարող են նշանակալի դեր ունենալ եվրոպական հանրային կյանքում՝ իրենց մասնագիտական կարողություններով, սկզբունքայնությամբ և հասարակական պատասխանատվությամբ։ Նիդերլանդների կաթնամթերքի ոլորտում ընթացող բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ Էդվին Մարտիրոսյանի անունը դարձել է աշխատավորների իրավունքների պաշտպանության պայքարի խորհրդանիշներից մեկը։



No comments:

Post a Comment