The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 2 May 2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից. երկու գիտաժողով Երևանում


Նաիրա Գասպարյան, բ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ
«Նիդերլանդական Օրագրի» համար | Երևան, Հայաստան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը աշխարհասփյուռ հայության համար դարձել էր ոչ միայն հիշատակման և ոգեկոչման, այլև կարևորագույն ինքնագիտակցության վերակառուցման, պահանջատիրության հստակեցման ու համահայկական միասնության տեսլականի ձևավորման հանգրվան։ Հատկանշական է, որ հիշատակման այս տարելիցը ուղեկցվեց ինչպես համազգային բնույթի գիտաժողովներով և հանդիպումներով, այնպես էլ պատմաքաղաքական ուղերձներով, որոնք բացեցին նոր հեռանկարներ՝ Ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների հաղթահարման գործում։ 2025թ ապրիլը նշանավորվեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի լայնածավալ հիշատակի միջոցառումներով՝ աշխարհի տարբեր ծագերում հայ համայնքներին ու հանրությանը միավորելով հարգանքի, պատմական արդարության պահանջատիրության եւ ազգային ապագայի վերահաստատման գաղափարներով։ Երևանում այս թեմայուվ տեղի ունեցան երկու կարեւոր գիտաժողովներ:

Գիտաժողով՝ Յակոբ Այնթապլեանի նախաձեռնությամբ

Երևանի սրտում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում բժիշկ, հայագետ եւ ազգային գործիչ, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, դոկտոր Յակոբ Այնթապլեանի կազմակերպած գիտաժողովը դարձավ հայ մտավորականության, քաղաքական գործիչների եւ երիտասարդության հանդիպման հարթակ։ Բացման ելույթում Այնթապլեանը շեշտեց հայոց լեզվի պահպանման, ինքնության ամրապնդման եւ «Համահայ պետության» գաղափարի կարեւորությունը. Այս միջոցառումը առանձնացավ մասնակիցների տարիքային բազմազանությամբ, թեմատիկ ընդգրկմամբ և բանախոսների մտահայեցողությամբ։

Յակոբ Այնթապլեան
Յակոբ Այնթապլեան

Պարոն Այնթապլեանը իր հուզառատ բացման խոսքում շեշտեց հայրենազրկման և ինքնության կորուստի դեմ ազգային պայքարի անհրաժեշտությունը՝ դիտարկելով հայոց լեզվի պահպանությունը և Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը որպես պարտադիր բաղադրիչներ։ «Մեր հայրենիքը Հայաստանն է՝ անկախ նրանից, թե ուր են ծնվել կամ ապրում մեր զավակները։ Հայաստանը պետք է դառնա համախմբվածության օրրան, որը կապահովի հայոց հողի եւ իրավունքների վերադարձը» ասաց նա։  Նրա համոզմամբ, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու պահանջատիրական քաղաքականությունը պետք է իրականացվեն միավորված համահայկական ջանքերով՝ Հայաստանի վերածննդմամբ Համահայ Պետության, որը կապահովի հայության կենտրոնացում և հզորացում։

Բանախոսությունների առանցքում՝ Սփյուռք–Հայաստան համագործակցություն

 Էդիկ Մինասյան
Էդիկ Մինասյան

ԵՊՀ պրոֆեսոր, պ.գ.դ. Էդիկ Մինասյանը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք միասնության մեխանիզմները՝ առաջարկելով միասնական տեղեկատվական դաշտի ստեղծում, մշակութային եւ գիտական համագործակցության խթանում, տնտեսական ներուժի ինտեգրում։ Էդիկ Մինասյանը անդրադարձավ «Հայաստան–Սփյուռք միասնականությունը որպես պետականության երաշխավոր» թեմային՝ շեշտելով տեղեկատվական դաշտի միասնականացման, գիտամշակութային հարաբերությունների խորացման և կիբեռտարածքում հայկական ներկայության ամրապնդման կարեւորությունը։ Նա նաև ներկայացրեց գաղափար, ըստ որի՝ միասնական գիտական և մեդիա քաղաքականությունները կարող են վճռական դեր խաղալ ազգային անվտանգության ապահովման գործում։

Վարդան Այվազյան
Վարդան Այվազյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ, դոցենտ Վարդան Այվազյանը հանդես եկավ համահայկական պետականության սահմանադրական մոդելի նախատիպով՝ նշելով, որ գաղափարախոսական դատարկությունը խոչընդոտել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործմանը, կոչ արեց համահայկական պաշտպանական համակարգ ձեւավորել. «Սփյուռքը պետք է դիտարկվի ոչ թե որպես օգնության աղբյուր, այլ Հայաստանի զարգացման ռազմավարական գործոն»։

Նա նախանշեց անվտանգության համալիր հայեցակարգ՝ ընդգրկելով նաև իրավական, մեթոդաբանական և ռազմավարական մակարդակները։ Նրա առաջարկած մոդելը հենվում է գլոբալ հայ ազգի հստակ տեսլականի մշակման վրա, ինչը հնարավորություն կտա աշխարհում հայության համար ունենալ համարժեք դիրքավորում։

Արա Պապյան. Հայաստանի ռեսուրսային առավելությունները

Պատմաբան, քաղաքագետ, ՀՀ նախկին դեսպան  Արա Պապյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ ռեսուրսների համեմատական վերլուծությանը՝ ցույց տալով, որ Հայաստանն ունի գերազանցող ներուժ Ադրբեջանի նկատմամբ՝ թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ տնտեսական և ռազմավարական հնարավորությունների տեսանկյունից։ Նա մատնանշեց, որ միավորված ու գաղափարականորեն կողմնորոշված հասարակությունը կարող է Հայաստանը վերածել միջազգային հզոր գործոնի։ Պապյանի վերլուծություններն ուղեկցվեցին հստակ թվային տվյալներով և բանաձևերով՝ հաստատելով պահանջատիրության հիմնավորվածությունը։ Նա ցույց տվեց Հայաստանի ռեսուրսների գերազանցումը Ադրբեջանի նկատմամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ազդեցության համար ազգային միասնությունն է հիմքը:

Թաներ Ակչամ՝ արդի թուրք պատմաբանության քննադատը

Հայոց ցեղասպանության թեմային միջազգային հարթությունում նոր շունչ հաղորդեց նաև Թուրքիայից փախստական պատմաբան Թաներ Ակչամը, ում մասնակցությամբ Հայաստանում կազմակերպվեցին քննարկումներ և գրքի շնորհանդեսներ՝ մասնավորապես ԵՊՀ-ում և ՀՅԴ նախաձեռնած հանդիպումներում։ Ակչամի վերջին ուսումնասիրությունները վերաբերում են ոչ միայն Ցեղասպանության ժամանակաշրջանի նորահայտ փաստաթղթերին, այլև Թուրքիայի ներկայիս իշխանության՝ մասնավորապես Էրդողանի ուղերձների բովանդակությանը և դրանց իմաստային վտանգներին։  Ակչամը ներկայացրեց Օսմանյան կայսրության փաստաթղթեր, որոնք անհերքելիորեն հաստատում են ցեղասպանության նախապատրաստվածությունը։ Հատկապես շեշտվեց Էրդողանի կողմից Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված ուղերձի հակասական բնույթը, որը, չնայած «ցավակցության» հռչակագրին, շարունակում է ժխտման քաղաքականությունը։  Հրանտ Դինքի ժառանգությունը եւ նրա սպանության նախադրյալները վերլուծելիս Ակչամը նշեց.«Պատմական ճշմարտության պայքարը անբաժան է ժամանակակից իրավունքների պաշտպանությունից։ Հայոց ցեղասպանության ճանաչումը գլոբալ արդարության հարց է»։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև Հրանտ Դինքի սպանությանը նախորդող իրադարձություններն ու ԱԳՈՍ թերթում տպագրված հոդվածները՝ ի ցույց դնելով՝ ինչպես է անցյալի անընդհատ վերաիմաստավորումը դառնում ներկայի քաղաքական պայքարի մաս։ Թաներ Ակչամը համբերությամբ պատասխանեց մասնակիցների բազմազան հարցերին, իսկ միջոցառման կազմակերպման և թարգմանության աշխատանքները բարեխղճորեն իրականացվեցին քաղաքագետ Կարեն Միրզոյանի և տ. Անումյանի կողմից։

Վերջաբան. Ցեղասպանության ճանաչումից՝ վերազգային համախմբում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումները չսահմանափակվեցին հիշատակի արարողություններով․ դրանք վերածվեցին բովանդակային քննարկումների հարթակի՝ համատեղելով ակադեմիական վերլուծությունն ու քաղաքական ռազմավարությունը։ Բոլոր ելույթներն ընդգծեցին, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը և պահանջատիրությունը պետք է դառնան քաղաքական օրակարգի մաս՝ համահայկական գաղափարական համախմբման և համապարփակ պետության տեսլականի միջոցով։

Այս բոլոր քննարկումները մի հստակ ուղերձ են փոխանցում՝ Հայոց ցեղասպանության հիշողությունը, ցավը և արդարության ձգտումը պիտի վերածվեն կառուցողական հենասյան՝ հայության անվտանգության, զարգացման և համաշխարհային դերակատարության նոր դարաշրջանի համար։


 

Սոնա Օհանյան․ «Պատրաստ եմ լինել երեխաների կողքին և օգնել մարդկանց»:

 


Սոնա Օհանյան․   «Պատրաստ եմ լինել երեխաների կողքին և օգնել մարդկանց»:

Սոնա Օհանյանը՝ սրտում կրելով մայրենի լեզվի ջերմությունը, մշակույթի ուժն ու մայրական նվիրումն, այսօր իր կյանքը նվիրել է մի մեծ նպատակի՝ ամրացնել հայ երեխաների կապը իրենց արմատների հետ՝  անկախ նրանց բնակության վայրից։ Նա հայերենով ստեղծում է աուդիոգրքեր՝ մանուկների և մեծահասակների համար, յուրահատուկ ջերմությամբ փոխանցելով գրքի զգացողությունն ու հայկական լեզվամտածողության գանձերը։

Սոնան առանձնանում է իր հրաշալի ասմունքով և ֆիլմերի հայերեն կրկնօրինակմամբ: Այն երեխաների համար  ոչ միայն լեզվական ու մշակութային կրթություն է, այլև հուզական ու էսթետիկ դաստիարակության միջոց։ Նրա կողմից կազմված հեքիաթների փաթեթները երեխաներին տանում են հրաշքների աշխարհ՝ միաժամանակ նպաստելով նրանց լեզվամտածողության, երևակայության և աշխարհայացքի ձևավորմանը։

Ներկայումս Սոնայի ստեղծագործական ուղին խորանում է նոր ոլորտի՝ մանկական ուսուցողական տեսահոլովակների մեջ։ Նրա տեսանյութերը՝ հասանելի «Յութուբ» հարթակում, երեխաներին հրավիրում են մի հուզիչ ճամփորդության՝ հայկական ժառանգության աշխարհով։ Այս կրթական արկածների միջոցով փոքրիկները բացահայտում են հայոց լեզվի հարստությունը, հայրենիքի պատմական և մշակութային ժառանգությունը, հավատքի ու ավանդույթների գեղեցկությունը։

Սոնա Օհանյանի գործունեության առաքելությունը պարզ է, բայց հզոր՝  նա ուզում է երիտասարդ սերնդին փոխանցել ինքնություն, հպարտություն ու ուժ՝ հիմք ստեղծելով նոր սերնդի համար, որը ինքնավստահ և ամուր կկանգնի իր արմատների վրա։ Նա հավատում է, որ ապագայի ուժը մեր միասնության մեջ է։ Այս գաղափարով նա հատկապես զորակից է այն երեխաներին, ովքեր մեծանում են Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի նրանց հայկական ինքնությունը ապրի ու ծաղկի։ Համեմատական լեզվով` Սոնայի մայր հայրենիքից տված ուղերձը, որը կրթություն է առատորեն կպտղաբերի օտար ափերում ու մեր երեխաները կունենան անհրաժեշտ շփումը Հայկական մշակույթի հետ:

Բացի իր մշակութային առաքելությունից՝ Սոնան նաև մարդկային հոգատարության մարմնացումն է։ Որպես երկու զինվորի մայր՝ նա անձամբ զգում է ծառայության ու հայրենանվիրության գինը։ Նա պատրաստ է աջակցել նաև համայնքային կարևոր գործերում՝ մասնավորապես, առաջարկելով հոգալ Հայաստանի բոլոր մարզերում գտնվող հարազատների շիրիմների մաքրության և խնամքի մասին։

Սոնա Օհանյանը ապրում ու ստեղծագործում է Հայաստանում՝ իր ձայնով ու հոգով կառուցելով մի աշխարհ, որտեղ հայկականը ապրում է, զարգանում ու ուժ է տալիս նոր սերնդին՝ ո՛չ միայն լսելու, այլ զգալու իրենց ազգի հոգին։

Սոնային կարող եք գտնել և կապ  հաստատել այս էջով`

https://www.facebook.com/profile.php?id=100052295270346








Tuesday, 29 April 2025

Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակի բացում Ամստերդամում

 


29ապրիլ/Նիդ.օրագիր

ԱՄՍՏԵՐԴԱՄ — Մայիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, Ամստերդամի սրտում գտնվող Սուրբ Նիկոլասի տաճարում տեղի կունենա Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված բրոնզե բարձրաքանդակի հանդիսավոր բացման արարողությունը։ Սրբազան արարողությունը կնախագահեն Հոլանդիայի կաթոլիկ եպիսկոպոս Յան Հենդրիկսը և Հայ առաքելական եկեղեցու Արեւմտյան Եվրոպայի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ արք. Պարսամյանը։

Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ հայ նշանավոր աստվածաբանն ու բանաստեղծը, համարվում է սուրբ թե՛ Հայ Առաքելական և թե՛ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների կողմից։ 2015 թվականին հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսի կողմից նա հռչակվեց «Եկեղեցու Վարդապետ»։

Նրա հիշատակին նվիրված բրոնզե բարձրաքանդակը ստեղծել է ճանաչված հայ քանդակագործ Դավիթ Երեւանցին։ Այն տեղադրվել է  Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի և Համահայկական աշխարհագրական ընկերության նախաձեռնությամբ՝ Հռոմեակաթոլիկ Հարլեմ-Ամստերդամ թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։

Նախատեսվում է, որ այս հուշարձանը կդառնա հոգևոր ու մշակութային կենտրոն հայ համայնքի, ինչպես նաև Ամստերդամ այցելող հայ զբոսաշրջիկների համար։ Բացի այդ, այն հետաքրքրություն կգործի հազարավոր այցելուների վրա, որոնք ամեն օր հիանում են պատմական տաճարով։

Առաջիկայում հուշարձանին մոտ`  Սուրբ Գրիգոր Նարեկացու սրբապատկերի մոտ հնարավոր կլինի վառել մոմ՝   որպես աղոթքի ու հարգանքի խորհրդանիշ։

Տեղը՝ Սուրբ Նիկոլասի տաճար (Nicolaasbasiliek), Prins Hendrikkade 73, Ամստերդամ (Հակառակ Ամստերդամի Կենտրոնական կայարանին)

Ժամը՝ 10 մայիս, ժամը 14:00

Բոլորը` Ամստերդամի Սբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի և  Սբ Հոգի եկեղեցու կողմից սրտանց հրավիրված են մասնակցելու այս նշանակալի իրադարձությանը։

Sunday, 27 April 2025

Կեմերովոյում նշվել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը


Տեղեկացանք, որ Կուզբասի հայությունը Կեմերովոյում նշել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը

2025 թվականի ապրիլի 24-ին Կեմերովո քաղաքում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Կեմերովոյի մարզի հայերի միության՝  տարածաշրջանային հասարակական կազմակերպության կողմից։ Կազմակերպության նախագահն է Գեորգի Անտոնով Միրզախանյանը։

Միջոցառումը սկսվեց Կազանյան Սրբոց Աստվածածին եկեղեցու տարածքում՝  ծաղիկների խոնարհմամբ և մոմավառությամբ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի։ Մասնակիցները կրում էին ցուցապաստառներ «Մենք հիշում ենք»,  «Չենք մոռանա»,  «Պահանջում ենք ճանաչում» գրություններով։

Հիշատակի արարողությունը մեկնարկեց ժամը 16:00-ին։ Միջոցառմանը մասնակցել են Կեմերովոյի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի բնակիչներ և հյուրեր։

Տեղի ունեցած հիշատակի օրը ևս մեկ անգամ ընդգծեց Կուզբասի հայ համայնքի նվիրվածությունը՝ պահպանելու պատմական հիշողությունը և հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով։

Հիշեցնենք, որ 1915 թվականի ապրիլի 24-ին հիշատակվում է Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումը, որի արդյունքում ավելի քան մեկ ու կես միլիոն հայեր կոտորվեցին, տեղահանվեցին և ենթարկվեցին դաժան հալածանքների։