Նաիրա Գասպարյան, բ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ
«Նիդերլանդական Օրագրի» համար | Երևան, Հայաստան
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը աշխարհասփյուռ հայության համար դարձել էր ոչ միայն հիշատակման և ոգեկոչման, այլև կարևորագույն ինքնագիտակցության վերակառուցման, պահանջատիրության հստակեցման ու համահայկական միասնության տեսլականի ձևավորման հանգրվան։ Հատկանշական է, որ հիշատակման այս տարելիցը ուղեկցվեց ինչպես համազգային բնույթի գիտաժողովներով և հանդիպումներով, այնպես էլ պատմաքաղաքական ուղերձներով, որոնք բացեցին նոր հեռանկարներ՝ Ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների հաղթահարման գործում։ 2025թ ապրիլը նշանավորվեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի լայնածավալ հիշատակի միջոցառումներով՝ աշխարհի տարբեր ծագերում հայ համայնքներին ու հանրությանը միավորելով հարգանքի, պատմական արդարության պահանջատիրության եւ ազգային ապագայի վերահաստատման գաղափարներով։ Երևանում այս թեմայուվ տեղի ունեցան երկու կարեւոր գիտաժողովներ:


Գիտաժողով՝ Յակոբ Այնթապլեանի նախաձեռնությամբ
Երևանի սրտում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում բժիշկ, հայագետ եւ ազգային գործիչ, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, դոկտոր Յակոբ Այնթապլեանի կազմակերպած գիտաժողովը դարձավ հայ մտավորականության, քաղաքական գործիչների եւ երիտասարդության հանդիպման հարթակ։ Բացման ելույթում Այնթապլեանը շեշտեց հայոց լեզվի պահպանման, ինքնության ամրապնդման եւ «Համահայ պետության» գաղափարի կարեւորությունը. Այս միջոցառումը առանձնացավ մասնակիցների տարիքային բազմազանությամբ, թեմատիկ ընդգրկմամբ և բանախոսների մտահայեցողությամբ։

Պարոն Այնթապլեանը իր հուզառատ բացման խոսքում շեշտեց հայրենազրկման և ինքնության կորուստի դեմ ազգային պայքարի անհրաժեշտությունը՝ դիտարկելով հայոց լեզվի պահպանությունը և Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը որպես պարտադիր բաղադրիչներ։ «Մեր հայրենիքը Հայաստանն է՝ անկախ նրանից, թե ուր են ծնվել կամ ապրում մեր զավակները։ Հայաստանը պետք է դառնա համախմբվածության օրրան, որը կապահովի հայոց հողի եւ իրավունքների վերադարձը» ասաց նա։ Նրա համոզմամբ, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու պահանջատիրական քաղաքականությունը պետք է իրականացվեն միավորված համահայկական ջանքերով՝ Հայաստանի վերածննդմամբ Համահայ Պետության, որը կապահովի հայության կենտրոնացում և հզորացում։
Բանախոսությունների առանցքում՝ Սփյուռք–Հայաստան համագործակցություն

ԵՊՀ պրոֆեսոր, պ.գ.դ. Էդիկ Մինասյանը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք միասնության մեխանիզմները՝ առաջարկելով միասնական տեղեկատվական դաշտի ստեղծում, մշակութային եւ գիտական համագործակցության խթանում, տնտեսական ներուժի ինտեգրում։ Էդիկ Մինասյանը անդրադարձավ «Հայաստան–Սփյուռք միասնականությունը որպես պետականության երաշխավոր» թեմային՝ շեշտելով տեղեկատվական դաշտի միասնականացման, գիտամշակութային հարաբերությունների խորացման և կիբեռտարածքում հայկական ներկայության ամրապնդման կարեւորությունը։ Նա նաև ներկայացրեց գաղափար, ըստ որի՝ միասնական գիտական և մեդիա քաղաքականությունները կարող են վճռական դեր խաղալ ազգային անվտանգության ապահովման գործում։

Սահմանադրական իրավունքի մասնագետ, դոցենտ Վարդան Այվազյանը հանդես եկավ համահայկական պետականության սահմանադրական մոդելի նախատիպով՝ նշելով, որ գաղափարախոսական դատարկությունը խոչընդոտել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործմանը, կոչ արեց համահայկական պաշտպանական համակարգ ձեւավորել. «Սփյուռքը պետք է դիտարկվի ոչ թե որպես օգնության աղբյուր, այլ Հայաստանի զարգացման ռազմավարական գործոն»։
Նա նախանշեց անվտանգության համալիր հայեցակարգ՝ ընդգրկելով նաև իրավական, մեթոդաբանական և ռազմավարական մակարդակները։ Նրա առաջարկած մոդելը հենվում է գլոբալ հայ ազգի հստակ տեսլականի մշակման վրա, ինչը հնարավորություն կտա աշխարհում հայության համար ունենալ համարժեք դիրքավորում։

Արա Պապյան. Հայաստանի ռեսուրսային առավելությունները
Պատմաբան, քաղաքագետ, ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ ռեսուրսների համեմատական վերլուծությանը՝ ցույց տալով, որ Հայաստանն ունի գերազանցող ներուժ Ադրբեջանի նկատմամբ՝ թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ տնտեսական և ռազմավարական հնարավորությունների տեսանկյունից։ Նա մատնանշեց, որ միավորված ու գաղափարականորեն կողմնորոշված հասարակությունը կարող է Հայաստանը վերածել միջազգային հզոր գործոնի։ Պապյանի վերլուծություններն ուղեկցվեցին հստակ թվային տվյալներով և բանաձևերով՝ հաստատելով պահանջատիրության հիմնավորվածությունը։ Նա ցույց տվեց Հայաստանի ռեսուրսների գերազանցումը Ադրբեջանի նկատմամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ազդեցության համար ազգային միասնությունն է հիմքը:



Թաներ Ակչամ՝ արդի թուրք պատմաբանության քննադատը
Հայոց ցեղասպանության թեմային միջազգային հարթությունում նոր շունչ հաղորդեց նաև Թուրքիայից փախստական պատմաբան Թաներ Ակչամը, ում մասնակցությամբ Հայաստանում կազմակերպվեցին քննարկումներ և գրքի շնորհանդեսներ՝ մասնավորապես ԵՊՀ-ում և ՀՅԴ նախաձեռնած հանդիպումներում։ Ակչամի վերջին ուսումնասիրությունները վերաբերում են ոչ միայն Ցեղասպանության ժամանակաշրջանի նորահայտ փաստաթղթերին, այլև Թուրքիայի ներկայիս իշխանության՝ մասնավորապես Էրդողանի ուղերձների բովանդակությանը և դրանց իմաստային վտանգներին։ Ակչամը ներկայացրեց Օսմանյան կայսրության փաստաթղթեր, որոնք անհերքելիորեն հաստատում են ցեղասպանության նախապատրաստվածությունը։ Հատկապես շեշտվեց Էրդողանի կողմից Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված ուղերձի հակասական բնույթը, որը, չնայած «ցավակցության» հռչակագրին, շարունակում է ժխտման քաղաքականությունը։ Հրանտ Դինքի ժառանգությունը եւ նրա սպանության նախադրյալները վերլուծելիս Ակչամը նշեց.«Պատմական ճշմարտության պայքարը անբաժան է ժամանակակից իրավունքների պաշտպանությունից։ Հայոց ցեղասպանության ճանաչումը գլոբալ արդարության հարց է»։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև Հրանտ Դինքի սպանությանը նախորդող իրադարձություններն ու ԱԳՈՍ թերթում տպագրված հոդվածները՝ ի ցույց դնելով՝ ինչպես է անցյալի անընդհատ վերաիմաստավորումը դառնում ներկայի քաղաքական պայքարի մաս։ Թաներ Ակչամը համբերությամբ պատասխանեց մասնակիցների բազմազան հարցերին, իսկ միջոցառման կազմակերպման և թարգմանության աշխատանքները բարեխղճորեն իրականացվեցին քաղաքագետ Կարեն Միրզոյանի և տ. Անումյանի կողմից։
Վերջաբան. Ցեղասպանության ճանաչումից՝ վերազգային համախմբում
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումները չսահմանափակվեցին հիշատակի արարողություններով․ դրանք վերածվեցին բովանդակային քննարկումների հարթակի՝ համատեղելով ակադեմիական վերլուծությունն ու քաղաքական ռազմավարությունը։ Բոլոր ելույթներն ընդգծեցին, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը և պահանջատիրությունը պետք է դառնան քաղաքական օրակարգի մաս՝ համահայկական գաղափարական համախմբման և համապարփակ պետության տեսլականի միջոցով։
Այս բոլոր քննարկումները մի հստակ ուղերձ են փոխանցում՝ Հայոց ցեղասպանության հիշողությունը, ցավը և արդարության ձգտումը պիտի վերածվեն կառուցողական հենասյան՝ հայության անվտանգության, զարգացման և համաշխարհային դերակատարության նոր դարաշրջանի համար։







No comments:
Post a Comment