Սոնա Օհանյան․ «Պատրաստ եմ լինել երեխաների կողքին և օգնել մարդկանց»:
Սոնա Օհանյանը՝ սրտում կրելով մայրենի լեզվի ջերմությունը, մշակույթի ուժն ու մայրական նվիրումն, այսօր իր կյանքը նվիրել է մի մեծ նպատակի՝ ամրացնել հայ երեխաների կապը իրենց արմատների հետ՝ անկախ նրանց բնակության վայրից։ Նա հայերենով ստեղծում է աուդիոգրքեր՝ մանուկների և մեծահասակների համար, յուրահատուկ ջերմությամբ փոխանցելով գրքի զգացողությունն ու հայկական լեզվամտածողության գանձերը։
Սոնան առանձնանում է իր հրաշալի ասմունքով և ֆիլմերի հայերեն կրկնօրինակմամբ: Այն երեխաների համար ոչ միայն լեզվական ու մշակութային կրթություն է, այլև հուզական ու էսթետիկ դաստիարակության միջոց։ Նրա կողմից կազմված հեքիաթների փաթեթները երեխաներին տանում են հրաշքների աշխարհ՝ միաժամանակ նպաստելով նրանց լեզվամտածողության, երևակայության և աշխարհայացքի ձևավորմանը։
Ներկայումս Սոնայի ստեղծագործական ուղին խորանում է նոր ոլորտի՝ մանկական ուսուցողական տեսահոլովակների մեջ։ Նրա տեսանյութերը՝ հասանելի «Յութուբ» հարթակում, երեխաներին հրավիրում են մի հուզիչ ճամփորդության՝ հայկական ժառանգության աշխարհով։ Այս կրթական արկածների միջոցով փոքրիկները բացահայտում են հայոց լեզվի հարստությունը, հայրենիքի պատմական և մշակութային ժառանգությունը, հավատքի ու ավանդույթների գեղեցկությունը։
Սոնա Օհանյանի գործունեության առաքելությունը պարզ է, բայց հզոր՝ նա ուզում է երիտասարդ սերնդին փոխանցել ինքնություն, հպարտություն ու ուժ՝ հիմք ստեղծելով նոր սերնդի համար, որը ինքնավստահ և ամուր կկանգնի իր արմատների վրա։ Նա հավատում է, որ ապագայի ուժը մեր միասնության մեջ է։ Այս գաղափարով նա հատկապես զորակից է այն երեխաներին, ովքեր մեծանում են Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի նրանց հայկական ինքնությունը ապրի ու ծաղկի։ Համեմատական լեզվով` Սոնայի մայր հայրենիքից տված ուղերձը, որը կրթություն է առատորեն կպտղաբերի օտար ափերում ու մեր երեխաները կունենան անհրաժեշտ շփումը Հայկական մշակույթի հետ:
Բացի իր մշակութային առաքելությունից՝ Սոնան նաև մարդկային հոգատարության մարմնացումն է։ Որպես երկու զինվորի մայր՝ նա անձամբ զգում է ծառայության ու հայրենանվիրության գինը։ Նա պատրաստ է աջակցել նաև համայնքային կարևոր գործերում՝ մասնավորապես, առաջարկելով հոգալ Հայաստանի բոլոր մարզերում գտնվող հարազատների շիրիմների մաքրության և խնամքի մասին։
Սոնա Օհանյանը ապրում ու ստեղծագործում է Հայաստանում՝ իր ձայնով ու հոգով կառուցելով մի աշխարհ, որտեղ հայկականը ապրում է, զարգանում ու ուժ է տալիս նոր սերնդին՝ ո՛չ միայն լսելու, այլ զգալու իրենց ազգի հոգին։
Սոնային կարող եք գտնել և կապ հաստատել այս էջով`
https://www.facebook.com/profile.php?id=100052295270346
No comments:
Post a Comment