24.05.2025/նիդ.օրագիր/խմբագրի սյունակ
2026-ի գարնան գագաթնաժողովը՝ պատմական շրջադարձ
2026 թվականի գարնանը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Սա լինելու է ամենախոշոր քաղաքական և դիվանագիտական իրադարձությունը Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Բայց սա պարզապես գագաթնաժողով չէ։ Սա Հայաստանի նոր ինքնության, արտաքին քաղաքականության վերասահմանման և եվրոպական քաղաքակրթական տարածքին լիարժեք միանալու վճռականության խորհրդանիշն է։
Եվրոպական քաղաքական համայնքը ներառում է ոչ միայն ԵՄ բոլոր անդամները, այլև Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Բալկանյան երկրները և այլ գործընկերներ։ Գագաթնաժողովին մասնակցելու են եվրոպական առաջնորդները՝ Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Իտալիայի վարչապետը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և հանձնաժողովի նախագահները։ Երևան կժամանեն նաև ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները։ Սա աննախադեպ միջազգային ներկայություն է՝ հաստատող, որ Հայաստանը ճանաչվում է որպես հավասարազոր և վստահելի գործընկեր։
Հայաստանը այս իրավունքը ստացավ այն բանից հետո, երբ օրենսդրորեն ամրագրեց իր Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկը։ Դա ոչ միայն քաղաքական կամքի դրսևորում էր, այլև ռազմավարական ուղղության հստակեցում։ Դրանով Հայաստանը վերջ դրեց բոլոր կեղծ «հավասարակշռման» դիսկուրսներին և հստակ ցույց տվեց՝ որ արժեքներն են ձևավորում երկրի ապագան։
Ադրբեջանի օրինակն այստեղ ցուցադրական է։ Վերջինս միլիարդներ ծախսեց COP29 գագաթնաժողովը կազմակերպելու համար, բայց արժանացավ միջազգային բոյկոտի։ Հայաստանը ոչինչ չգովազդեց, ոչինչ չպարտադրեց՝ միայն կայացրեց ընտրություն։ Եվ հենց այդ ընտրության արդյունքում էլ ստացավ վստահություն։ Եվրոպան ընտրեց Հայաստանին՝ ոչ թե ռեսուրսների, այլ արժեքների ու վճռականության համար։
Գագաթնաժողովը վերացնում է ռազմավարական երկիմաստությունները և հստակեցնում Հայաստանի նոր ուղեգիծը։ Առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանը ներգրավվում է եվրոպական անվտանգության, էներգետիկայի, թվային և տնտեսական ինտեգրման համակարգային գործընթացներում՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես ակտիվ մասնակից։
Սա կայուն վերափոխման, միջազգային նոր կարգավիճակի և արժեհամակարգային ընտրության մարմնավորում է։ 2026-ի գարնանը Երևանում տեղի ունենալիք գագաթնաժողովը կդառնա այն պահը, երբ Հայաստանը՝ անվերադարձ ամրագրումը է համաշխարհային քաղաքական քարտեզի վրա։
No comments:
Post a Comment