11.05.2025/Ամստերդամ/Նիդ օրագիր
Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկոլայոսի տաճարում երեկ տեղի ունեցավ մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի (բարձրաքանդակի) հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։
Օկումենիկ այս հանդիսության ընթացքում հանդիսատեսը լսեց Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս եպիսկոպոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի, Ամստերդամի դեկան Էրիկ Ֆենիսի, ինչպես նաև նախաձեռնության հեղինակներ՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ հիմնադրամի ղեկավար Վահան Ավագյանի եւ Համահայկական աշխարհագրական ընկերության նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի ուղերձները։

Մասնակիցները շեշտեցին հուշարձանի պատմական ու հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հայ համայնքի եւ Ամստերդամի միջև կապերի ամրապնդման խորհրդանիշ։ Նշվեց, որ Նարեկացու պատկերով այս հուշարձանը կդառնա հայրենիքից հեռու ապրող հայերի համար ուխտավայր, ինչպես նաև կգրավի Նիդերլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։
Սուրբ Նիկոլայոսի տաճարի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու առանձնահատկությունը հնարավորություն կտա այցելուներին ոչ միայն ծանոթանալ հայ մշակույթի խորհրդանիշերին, այլեւ մոմ վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Նարեկացու անմահ գրական ժառանգությանը։
«Այսօր մեր համայնքի սրտում մի նոր էջ է բացվում։ Սուրբ Գրիգոր Նարեկացին, իր համընդհանուր մարդասիրական ու հոգևոր ուղերձով, կմիացնի մշակութային կամուրջներ Հայաստանի եւ Նիդերլանդների միջև», – ասաց Վահան Ավագյանը։
Միջոցառումը ավարտվեց հավատացյալների համատեղ աղոթքով եւ տաճարում Նարեկացու պատկերին մոմեր վառելու ավանդական արարողությամբ։ Առաջիկայում հուշարձանը կդառնա ոչ միայն հայության, այլեւ բոլոր այցելուների համար խորհրդածության եւ հոգևոր հանգստի վայր՝ շարունակելով Նարեկացու սերը, իմաստությունը եւ հավատը տարածելու ժառանգությունը։

Սուրբ Գրիգոր Նարեկացիի նուիրուած պրոնզէ բարձրաքանդակի բացումը Ամսթերտամի մէջ
2025թ․ Մայիսի 10-ին, Ամսթերտամի Ս․ Նիկողայոս Մայր տաճարին մէջ տեղի ունեցաւ Սուրբ Գրիգոր Նարեկացիին նուիրուած պրոնզէ բարձրաքանդակի բացման հանդիսաւոր արարողութիւնը, ուր ներկայ գտնուեցան քաղաքի Ս․ Հոգի հայ առաքելական եկեղեցւոյ ծուխի անդամները, ինչպէս նաեւ այլ Եկեղեցիներու հոգեւորականներն ու հաւատացեալները։
Միջեկեղեցական արարողութեան մասնակցեցան եւ ներկաներուն ուղերձով հանդէս եկան՝ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ եւ Վատիկանի մէջ Հայ Եկեղեցւոյ Ներկայացուցիչ՝ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամեան, Հաառլեմ-Ամսթերտամի կաթոլիկ թեմի առաջնորդ Եան Հենդրիքս Եպիսկոպոսը, ինչպէս նաեւ նախաձեռնութեան հեղինակներ՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամսթերտամ» հիմնադրամի ղեկավար Վահան Աւագեանն ու Համահայկական աշխարհագրական ընկերութեան նախագահ Ռաֆայէլ Յովհաննիսեան եւ բարձրաքանդակի հեղինակ՝ քանդակագործ Դաւիթ Երեւանցին։
Խաժակ Սրբազանը իր խօսքին մէջ նշեց արարողութեան խոր յուզական եւ հոգեւոր նշանակութիւնը՝ զայն համարելով յիշողութեան, հաւատքի ու յոյսի միաւորող խորհրդանիշ։ Ան անդրադարձաւ 2015 թուականի Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի մէջ տեղի ունեցած պատմական պահուն, երբ Սրբազան Քահանայապետ Ֆրանկիսկոսը Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակեց Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ։ Այս ճանաչումը ընդգծեց Ս․ Գրիգոր Նարեկացիի հոգեւոր ժառանգութեան համամարդկային արժէքը եւ անոր խօսելու կարողութիւնը բոլոր ժամանակներու մարդոց սիրտերուն՝ աղօթքի, կարեկցանքի եւ հաւատքի լեզուով։
Սրբազան Հայրը Նարեկացիին բնութագրեց որպէս «ձայն, որ կը հնչէ տառապանքի խորքէն՝ վերածուելով աղօթքի եւ յոյսի, եւ յիշեցուց, որ անոր գրած խօսքերը միայն մխիթարութիւն չեն, այլ կոչ են՝ ներողամտութեան, հոգեւոր վերափոխման եւ նոյնիսկ թշնամիի հանդէպ ողորմութեան»։ Այդ պատգամը արդիական է համաշխարհային հակամարտութիւններով, բեւեռացման եւ բաժանարար ոգիով լեցուն այսօրուան աշխարհի մէջ։
Ան մաղթեց, որ Նարեկացիի աղօթքները այսօրուան քաղաքական ղեկավարները առաջնորդեն եւ ոգեշնչեն, որպէսզի անոնք լսեն խաղաղութեան եւ հաշտեցման կոչը՝ ձգտելով ոչ միայն դադրեցնել հակամարտութիւնները, այլ նաեւ արմատախիլ ընել այն ատելութիւնն ու բռնութիւնը, որոնք կը սնուցուին ատոնց։
Ամփոփելով՝ Սրբազանը կոչ ուղղեց հաւատացեալներուն յուշատախտակը ընկալելու ոչ որպէս սոսկ յիշատակի նշան, այլ որպէս կենդանի խորհրդանիշ՝ հայ ժողովուրդի հաւատքի, տոկունութեան եւ հոգեւոր աղօթքի ուժ։ «Թող այս սրբավայրը, հարստացած Ս․ Գրիգոր Նարեկացիի ներկայութեամբ լոյսի աղբիւր դառնայ՝ խաղաղութեան, երկխօսութեան եւ համընդհանուր յոյսի ճանապարհին»։
Ուղերձով հանդէս եկաւ նաեւ Հաառլեմ-Ամսթերտամի կաթոլիկ թեմի առաջնորդ Եան Հենդրիքս Եպիսկոպոսը․ ան նշեց. «Մեծ պատիւ է ողջունել ձեզ Ամսթերտամի սիրտի մէջ գտնուող Սուրբ Նիկողայոսի այս տաճարէն՝ որպէսզի միասնական յարգանքի տուրք մատուցենք հայոց մեծ սուրբին՝ Գրիգոր Նարեկացի վանականին, որուն մենք բոլորս խորը ակնածանքով կը յիշատակենք»։
Եան Հենդրիքս Եպիսկոպոսը ընդգծեց Ամսթերտամի եւ հայ ժողովուրդի միջեւ պատմական եւ մշակութային դարաւոր կապերը՝ 17-րդ դարէն սկսեալ։ Յիշեցուց, որ 1666 թ․ Ամսթերտամի մէջ տպագրուած է առաջին հայերէն Աստուածաշունչը, իսկ 1714 թ․ քաղաքային խորհուրդը հայերուն տրամադրած է իրենց սեփական եկեղեցի կառուցելու իրաւունք։
Աւարտին կաթոլիկ հոգեւորականը անդրադարձաւ նաեւ Հայաստանի կրած դժուարութիւններուն, ժամանակակից պատերազմներէն մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը, նշելով որ ան երբեք պէտք չէ մոռցուի։
«Սուրբ Գրիգոր Նարեկացիի այս յուշարձանը թող խաղաղութեան եւ հայ ժողովուրդի ազատութեան համար մեր համատեղ աղօթքի խորհրդանիշը ըլլայ։ Ինծի համար մեծ պատիւ է այս յուշարձանը ընդունիլ մեր տաճարին մէջ եւ ձեզ ողջունել այս նշանակալի արարողութեան ընթացքին», - եզրափակեց ան։
Միջոցառումը եզրափակուեցաւ հաւատացեալներու համատեղ աղօթքով եւ տաճարի մէջ Նարեկացիի բարձրաքանդակի առջեւ մոմեր վառելու արարողութեամբ։
No comments:
Post a Comment