The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 11 February 2026

Կարո Հակոբյանը հարցազրույց է ունեցել Հանրային Ռադիոյի "Սփյուռքի Ձայնը" հաղորդաշարով

 Կարո Հակոբյանը (Karo / Garo Hakobyan) — հայկական սփյուռքի ակտիվ գործիչ է, Եվրոպայի հայերի համագումարի (Assembly of Armenians of Europe — AAE) երկարամյա նախագահը։

Նա ղեկավարում է Եվրոպայի հայկական համայնքների խոշորագույն համակարգված կառույցներից մեկը, որը միավորում է տարբեր երկրների հայկական կազմակերպություններին և զբաղվում է Հայկական հարցերով, հայ-եվրոպական կապերի ամրապնդման և սփյուռքի համախմբման ուղղությամբ։

Միաժամանակ Կարո Հակոբյանը Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի հանձնակատարն է Շվեդիայում։ Այս պաշտոնում նա համագործակցում է շվեդահայ համայնքի հետ, կազմակերպում է հանդիպումներ, մասնակցում է ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը և նպաստում է հայ-շվեդական հարաբերությունների զարգացմանը։

Կարո Հակոբյանը տարիներ շարունակ ակտիվորեն ներգրավված է եղել եվրոպական մակարդակով հայկական օրակարգի առաջխաղացման գործում՝ հանդես գալով որպես համայնքի ձայն և կամուրջ Հայաստանի ու սփյուռքի միջև։ Օրերս Կարո Հակոբյանը  հարցազրույց է ունեցել Հանրային Ռադիոյի "Սփյուռքի Ձայնը" հաղորդաշարով։

Շվեդիայի հայ համայնքը կարելի է համարել Սփյուռքի յուրօրինակ «մանրակերտը»։ Այստեղ՝ Սկանդինավյան թերակղզում, վերջին 30-40 տարիների ընթացքում խաչվել են Թուրքիայից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից և Հայաստանից գաղթած մեր հայրենակիցների ճակատագրերը։ Շվեդիայում Սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Գարո Հակոբյանը «Սփյուռքի ձայնի» եթերում բարձրաձայնել է այն հիմնարար խնդիրների մասին, որոնք այսօր ծառացած են ոչ միայն շվեդահայերի, այլև ողջ Սփյուռքի առջև։

«Ժառանգություն» չունենք կիսելու. միասնականության շվեդական բանաձևը

Ի տարբերություն Մերձավոր Արևելքի ավանդական գաղթօջախների (Իրան, Լիբանան, Սիրիա), որտեղ տասնամյակներով ձևավորված կուսակցական կառույցները, դպրոցներն ու խորհրդարանական տեղերը հաճախ պառակտման պատճառ են դառնում, Շվեդիայում իրավիճակն այլ է։ «Մենք Շվեդիայում ասացինք՝ այստեղ ո՛չ պառլամենտի անդամ ենք ընտրում, ո՛չ ժառանգություն ունենք կիսելու։ Իրար հակադրվելու առիթը չկա, ուրեմն կարող ենք ավելի միասնական լինել»,- նշում է Գարո Հակոբյանը։ Նա հիշում է, որ 40 տարի առաջ, երբ Իրանից նոր էր տեղափոխվել Շվեդիա, այնտեղ ևս առկա էին «սարսափելի կուսակցական մոտեցումներ», որոնք ներգաղթյալները բերել էին իրենց հետ։ Սակայն համայնքին հաջողվեց ստեղծել մի կառույց, որը տասնամյակներ շարունակ օրինակելի մոդել դարձավ Եվրոպայում՝ մի կողմ դնելով կուսակցական դրոշները հանուն ընդհանուր նպատակների։

Վտանգավոր ժառանգություն. ինչպե՞ս ենք «կորցնում» երիտասարդներին

Գարո Հակոբյանն ահազանգում է՝ Սփյուռքի ավանդական կուսակցական մոտեցումները կործանարար ազդեցություն են ունենում նոր սերնդի վրա։ Եվրոպայում մեծացած երիտասարդը ձևավորվում է որպես ազատ անհատականություն, մինչդեռ համայնքային կառույցները փորձում են նրանց մեջ «ներարկել» հին նախապաշարումներն ու կաղապարները։ «Երբ երիտասարդին մոտենում են զուտ կուսակցական մոտեցումով և «ուղեղը լցնում», դա նրանց ձեռքից խլում է ազատ մտածելու կարողությունը։ Երիտասարդը պարզապես դուրս է գալիս համայնքից ու ինտեգրվում օտար հասարակության մեջ»։ Ըստ բանախոսի՝ համայնքը պետք է երիտասարդներին տա հայկական մշակութային «կորիզը», որի վրա նրանք ազատորեն կկառուցեն իրենց ինքնությունը։

Կենացներից դեպի Python և արհեստական բանականություն

Գարո Հակոբյանը պնդում է, որ հին մեթոդներով անհնար է պահել նոր սերնդին։ Հայրենասիրական կենացներն ու ավանդական միջոցառումներն այլևս բավարար չեն։ Հատկանշական է, որ պարոն Հակոբյանն անձամբ հեղինակել է ծրագրավորման դասագրքեր հայերենով (Java և Python լեզուներով)՝ փորձելով համատեղել ազգային կրթությունը ժամանակակից պահանջների հետ։ «Արհեստական բանականությունը փոխում է ամեն ինչ։ Մենք պետք է մեթոդները փոխենք, որպեսզի կարողանանք օգտվել նոր հնարավորություններից»։

Պետականությունը՝ որպես միակ գաղափարախոսություն

Սփյուռքի պառակտվածությունը հաղթահարելու բանալին, ըստ Գարո Հակոբյանի, Հայաստանի պետականության շուրջ համախմբվելն է։ «Կուսակցական մոտեցումները կանցնեն, իշխանությունները կգնան-կգան, բայց պետականությունը հավերժական է։ Մեր ամբողջ հայացքը պետք է ուղղված լինի այդ պետականության պահպանմանը»։

Մշակութային դիվանագիտություն. «փափուկ ուժի» կիրառումը

Գարո Հակոբյանը կարևորում է «փափուկ ուժի»՝ մշակութային դիվանագիտության կիրառումը։ «Մենք պետք է կարողանանք չեզոքացնել մեր մասին տարածվող կեղծ տեղեկությունները ոչ թե լացով, այլ մեր մշակույթը, գիտական ներուժը և արվեստը աշխարհին ներկայացնելով»։

Tuesday, 10 February 2026

Լոռիում էլ զարմանահրաշ մարդիկ կան. Քանդակագործն՝անտառեզրում. Արա Տեր-Հովհաննիսյանց

 

Վանաձորի հարավային անտառեզրում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, կարելի է հանդիպել նրանցից մեկին՝ երիտասարդ, շնորհալի քանդակագործ Արա Տեր-Հովհաննիսյանցին։ Նրա «արվեստանոցի» տանիքը բաց երկինքն է, լույսն ու ջերմությունը ստանում է նորաբաց օրվա արեգակի առաջին շողերից, իսկ օդափոխության «համակարգը» գործի են գցում հովի սոսափն ու քամին։ Այստեղ քեզ զգում ես խորհրդավոր աշխարհում․ միայն քանդակագործի մուրճն ու խոհական միտքն են «սեփական»։

«Ծերունի ավազակներ» անվանակնքված քողտիկում ժամանակ անցկացնող մարդիկ, շրջակայքի բնակիչները, ուշիուշով հետևում են քանդակագործի նորանոր մտահղացումներին․ քարեղեն կոթողներ, արձաններ, հուշարձաններ, կիսանդրիներ, խաչքարեր։ Վերջին շրջանում բազմաթիվ հետաքրքրասերներ են այցելում՝ տեսնելու, թե ինչպես է վերջնական տեսքի բերվում անչափ համարձակ մի նոր գործ՝ յոթամսյա մաքառումների արգասիք «Խորհրդավոր ընթրիք» քարակերտ կտավը։

Մեծն վարպետ Միքելանջելոյի հանրահայտ ստեղծագործությունն այս քանդակում երևակվում է ոչ թե երփներանգ գունախաղով, այլ շլացուցիչ սպիտակ, մաքրամաքուր մարմարով։ Քանդակագործի մուրճը քարի խորքից վեր է հանել ու իմաստավորել ընթրիքի աստվածային խորհուրդը։ Գեղարվեստական արժանիքների մասին թող խոսեն արվեստաբանները, բայց մի բան ակնհայտ է․ նման աննախադեպ գործ ձեռնարկելու համար անհրաժեշտ են մեծ համարձակություն ու ինքնավստահություն։

Սակայն սա քանդակագործի առաջին համարձակ նախաձեռնությունը չէ։ Նա Քրիստոսի և Առաքյալների թեմային անդրադարձել է տարբեր չափերի ու որակի քարերի վրա՝ տուֆ, ֆելզիտ, գրանիտ, բազալտ։ Այդ գործերը վաղուց գտել են իրենց տերերին, և այս ստեղծագործության նկատմամբ ևս հետաքրքրություն կա։ Միայն թե քանդակագործը ցանկանում է, որ իր նոր աշխատանքը ցուցադրվի ոչ թե բարձր պարիսպների ներսում, այլ լինի հասանելի հանրությանը։

Ինչպես նրա երկու տասնյակից ավելի քանդակներն ու արձանախմբերը, մատուռի քանդակազարդ խոյակները (որոնց վրա պատկերված են հայոց 16 եկեղեցիները), խաչքարերը՝ տարբեր գունազարդումներով ու մտահղացումներով, Քրիստոսի արձանը, «Կտակարանը»՝ «Հայր մեր» էջով, «Հայոց պատմություն» գիրքը՝ մեր թագավորների և զորավարների քանդակազարդ էջերով։ Այս բոլոր աշխատանքները տարիների տքնաջան աշխատանքի արդյունք են և այսօր գեղարվեստորեն զարդարում են մարզկենտրոնին մերձակա Մեղրուտ գյուղի մոտակայքում գտնվող, Կապուտան կոչվող հանգստյան գոտու հուշահամալիրը։

Քանդակագործի «արվեստանոցի» շրջակայքը յուրօրինակ բացօթյա թանգարան է, որտեղ ցուցանմուշները մշտապես փոխվում են։ Հայոց Մեծերին պատկերող երեսունից ավելի աշխատանքներ իրենց հաստատուն տեղն ունեն արվեստանոցամերձ բազալտե հենապատի վրա։ Հերթական Մեծության ժառանգությանը ծանոթանալուց և այն հիմնովին «կլանելուց» հետո քանդակագործը թանգարանը համալրում է նոր աշխատանքներով, սակայն ոչ մի ցուցանմուշ չի վաճառում։ Նրա համար դրանք «իր մնայուն արժեքներն են»։

Տարիներ առաջ լոռեցի ճանաչված գրող, Վախթանգ Անանյանի անվան մրցանակի դափնեկիր Վալտեր Թորոսյանը լրագրողիս առաջարկեց ծանոթանալ այդ զարմանահրաշ երիտասարդի հետ և հետաքրքրությունս բորբոքելու նպատակով ընդգծեց. «Շատ համարձակն է․ առանց էսքիզի ու գրաֆիկի մխրճվում է քարի մեջ»։

Քանդակագործն ինձ համար բացեց իր գաղտնիքը.-Նայում եմ, մտքով տեսնում՝ ինչ է թաքցնում քարը ներսում, հետո մուրճով բացում եմ տեսածս պատկերը։

Այդպես է կերտվել հայուհու ութ մետրանոց արձանը, որն իր բարձրությամբ միակն է երկրում։ Մայր Հայաստանը խորհրդանշող այս քանդակը պատվանդանի հետ ունի 17 մետր բարձրություն և իր վեհատեսիլ շուքով իշխում է Կապուտանի մատուռի հարևանությամբ։ Այդպես է ստեղծվել նաև «Առյուծ Մհերը ձևում է առյուծին» հսկայական արձանը՝ միակտոր, երեք տոննա քաշ ունեցող քարից։ Նրա բազմաթիվ խաչքարերը զարդարում են Հայաստանի, ՌԴ, Ղազախստանի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մեծ ու փոքր քաղաքներ։ Հիշատակման արժանի է նաև նրա վերջին գործերից մեկը՝ «Հայկական գամփռ» վիթխարի քանդակը, որը, որպես հավատարիմ պահապան, հսկում է մայրաքաղաքի մուտքը՝ Սևան-Երևան մայրուղու աջ եզրին։

Ինչպե՞ս դարձավ Արա Տեր-Հովհաննիսյանցը քանդակագործ։ Այցելեք Դսեղում Մեծն Լոռեցու տուն-թանգարան։ Էքսկուրսավարը ձեզ կտրամադրի այն միկրոսկոպը, որով կտեսնեք անզեն աչքով անտեսանելին՝ ոսկու հատիկի վրա արարված Հովհաննես Թումանյանի դիմաքանդակը։ Դա նրա հոր՝ հայտնի բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Ալբերտ Տեր-Հովհաննիսյանցի ստեղծագործությունն ու նվերն է թանգարանին։

Ավելորդ է ասել, որ քանդակելու սերը նրան փոխանցվել է հենց տաղանդաշատ միկրոքանդակագործ հորից։ Ալբերտ Տեր-Հովհաննիսյանցը միկրոքանդակները տեղադրում էր ասեղի անցքի, մազի մեջ, որոնք տեսանելի են միայն միկրոսկոպով։ Ոսկու՝ աչքի համար աննկատելի հատիկներից պատրաստված նրա քանդակները բրնձի հատիկից փոքր են 1200–1500 անգամ։ Հոր ավելի քան հարյուր աշխատանքներ ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում։

Նրա կրտսեր որդի Արազը շարունակում է հոր գործը։ Նա մշտապես եղբոր կողքին է և եղբոր որդիների՝ Արաբոյի ու Արամեի հետ, վաղուց դարձել է «անտառեզրի բնակիչ»։ Նրանք միասին շարունակում են ստեղծել խաչքարեր ու արձաններ։

ԳԱԳԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի                                                            

Եկեղեցին իշխանությո՞ւն է, թե՞ ազատության վկայություն

Աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի անդրադարձը եկեղեցի–պետություն հարաբերություններին

Որպես աստվածաբան, ով 2023 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանում, ես հաճախ եմ ստանում հարցեր կրոնի, եկեղեցի-պետություն հարաբերությունների և դրանց գրական արտացոլման մասին: Այս հարցերը ես պատասխանում եմ «Նիդերլանդական օրագիր» հարթակի միջոցով, որտեղ կիսվում եմ իմ չեզոք մոտեցմամբ՝ առանց կողմնակալության կամ անձնական շահերի: Իմ դիրքորոշումը քաղաքական չէ և չի կապված անձնական հակամարտությունների հետ: Այն հիմնված է քրիստոնեական հավատքի վրա, որի աղբյուրը Հիսուս Քրիստոսի Ավետարանն է, ինչպես նաև աստվածաբանական մտքի զարգացումների և եկեղեցու պատմական փորձառության վրա:

Նախ ցանկանում եմ հստակ պարզաբանել իմ մոտեցումը․ այն չեզոք է և ոչ քաղաքական։ Ես չեմ ներկայացնում որևէ խմբի կամ անձի շահերը, չեմ ներգրավվում անձնական հակամարտությունների մեջ և չեմ փորձում կողմնակալ գնահատականներ տալ։ Իմ խոսքը աստվածաբանական է և հիմնված է քրիստոնեական հավատքի կենտրոնական աղբյուրի՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի վրա։ Այդ դիրքորոշումը ձևավորվում է նաև Եկեղեցու պատմական փորձառության և աստվածաբանական մտքի զարգացումների լույսի ներքո։

Եկեղեցու բարեկարգում․ հին օրակարգ, նոր պատասխանատվություն

Այսօր, երբ Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունները լարված են, ինչպես նշվում է վերջին զեկույցներում, ես կարևորում եմ ոչ թե անձնական քննարկումները, այլ հարցը՝ արդյոք եկեղեցին վերադառնում է իր կոչմանը որպես Քրիստոսի մարմին՝ Սուրբ Հոգու ներգործությամբ:

Իմ համոզմամբ՝ Հայ Եկեղեցու բարեկարգումը անհրաժեշտ է։ Սակայն վճռորոշ է հասկանալ՝ ինչ հիմքի վրա և ինչ ոգով պետք է այն իրականացվի։ Եկեղեցու բարեկարգության գաղափարը նոր չէ․ դարեր առաջ նման նախաձեռնություններ եղել են, սակայն պատմական ու քաղաքական հանգամանքների պատճառով դրանք լիովին չեն իրագործվել։ Այսօր էլ վտանգ կա, որ «բարեկարգում» կոչվող գործընթացները կդառնան անձնական կամ ուժային պայքարի գործիքներ։

Իսկ դա անխուսափելիորեն տանում է փակուղի։ Եկեղեցու իրական բարեկարգման միակ չափանիշը Ավետարանն է։ Հարցը պետք է ձևակերպել ոչ թե այս կամ այն անձի շուրջ, այլ հետևյալ կերպ․ արդյո՞ք Եկեղեցին իր կյանքով, կառույցներով և վկայությամբ վերադառնում է Ավետարանի չափանիշին, և արդյո՞ք ապրում է իր կոչման համաձայն՝ որպես Քրիստոսի մարմին՝ Սուրբ Հոգու ներգործությամբ։

«Մեծ ինկվիզիտորի» գայթակղությունը այսօր

Եկեղեցու և իշխանության հարաբերությունների շուրջ քննարկումներում հաճախ նկատում եմ մտածողություն, որը հիշեցնում է Դոստոևսկու հայտնի «Մեծ ինկվիզիտորի լեգենդը»։ Այդ պատկերում Մեծ ինկվիզիտորը փորձում է մարդկանց կառավարել՝ փոխարինելով Ավետարանի տված ազատությունը իշխանությամբ, վերահսկմամբ և կարգապահությամբ։ Քրիստոսին նա մերժում է հենց այն պատճառով, որ Քրիստոսը մարդուն ազատություն է տալիս։

Այսօր էլ նման մոտեցումներով մարդիկ փորձում են Եկեղեցին ներկայացնել որպես զուտ իրավական կամ քաղաքական ինստիտուտ՝ պնդելով, թե նա պետք է անմիջականորեն զբաղվի քաղաքականությամբ։ Իմ համոզմամբ՝ սա Եկեղեցու համար ամենավտանգավոր ուղիներից մեկն է։ Երբ Եկեղեցին սկսում է խոսել իշխանության լեզվով, նա հեռանում է իր էությունից և կորցնում Ավետարանի կենդանի վկայությունը։

Քրիստոսի Եկեղեցու էությունը փրկագործական է։ Այն կոչված է մարդուն Աստծո հետ հաղորդակցության մեջ դնելու, ոչ թե նրան վերահսկելու։ Եկեղեցին կենդանի է միայն այն ժամանակ, երբ գործում է Սուրբ Հոգու զորությամբ, այլ ոչ թե վարչական կամ քաղաքական մեխանիզմներով։

Քաղաքականություն և Եկեղեցու սահմանները

Երբ Եկեղեցին ներգրավվում է քաղաքական պայքարների մեջ, նա աստիճանաբար վերածվում է քաղաքական ուժի կամ կուսակցության։ Իսկ քաղաքական ուժը ենթակա է շահերի, հաշվարկների և ազդեցության պայքարի։ Այդ պահին Քրիստոսի պատգամը երկրորդ պլան է մղվում, և առաջ է գալիս մարդկային գերակայության տրամաբանությունը։

Նույնքան խնդրահարույց են նաև «բարեկարգումները», որոնք իրականացվում են անձնական դրդապատճառներով։ Եկեղեցու նորոգումը չի կարող սկսվել վերևից պարտադրանքով․ այն սկսվում է ներսից՝ Ավետարանի հանդեպ հավատարմությամբ։

Եկեղեցու էությունը և նրա պատմական կերպարը

Կարևոր է հստակ տարբերակել երկու մակարդակ․

  • Եկեղեցու էությունը, որի կենտրոնը Հիսուս Քրիստոսն է և որի կյանքը սնվում է Սուրբ Հոգու ներկայությունից։

  • Եկեղեցու պատմական ու տեսանելի կերպարը, որտեղ կան մեղավոր մարդիկ, մարդկային սխալներ, կառույցներ ու ավանդույթներ, որոնք երբեմն կարող են ստվերել նրա իրական կոչումը։

Եկեղեցին առաջին հերթին մարդիկ են՝ ոչ պատահական բազմություն, այլ հաղորդություն, որի կենտրոնը Քրիստոսն է։ Այն համայնք է, որը ծնվում է Աստծո գործողությունից և ապրում է ապագայի հույսով։

Սուրբ Հոգին՝ ազատության պահապան

Սուրբ Հոգին տրվում է ոչ միայն անհատական փորձառության համար, այլ որպեսզի ձևավորվի համայնք։ Նա չի թույլ տալիս, որ Եկեղեցին իրեն ընկալի որպես ինքնաբավ համակարգ կամ «սեփականացնի» Աստծո ներկայությունը։ Սուրբ Հոգին մշտապես հիշեցնում է, որ Եկեղեցու հիմքը իրենից դուրս է՝ Քրիստոսի մեջ։

Եկեղեցու առողջ կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ Քրիստոսն ու Սուրբ Հոգին միասին են՝ ոչ որպես գաղափար, այլ որպես կենդանի իրականություն։

Պենտեկոստե․ միասնություն բազմազանության մեջ

Պենտեկոստեն բացահայտում է Եկեղեցու էությունը՝ միասնություն, որը ներառում է բազմազանություն։ Տարբեր լեզուները ցույց են տալիս, որ Ավետարանը չի պատկանում մեկ մշակույթի կամ ազգի։ Եկեղեցին իր խորքում համաշխարհային է և միսիոներական՝ բաց աշխարհին, կոչված կամուրջներ կառուցելու։

Եկեղեցին կապված է Աստծո Արքայության հետ, բայց չի նույնանում նրա հետ։ Նա ապրում է «արդեն» և «դեռ ոչ» լարվածության մեջ՝ որպես ապագայի նշան, որն այսօր ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել մարդկությունը, երբ միավորվում է ոչ թե ուժով, այլ սիրով, հավատով և հույսով՝ Քրիստոսի մեջ։

********************************


Խաչիկ Հովհաննիսյանը աստվածաբանության դոկտոր է: Ծնվել է Հայաստանում,  աստվածաբանական կրթությունը շարունակել է Բելգիայում` Լյուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում:

Մագիստրատուրան ավարտել է «Աստծո զավակների վիճակը և արդարացումը Վ. Պանենբերգի մոտ և բանավեճ Լյութերի աստվածաբանության շուրջ» թեմայով, պրոֆեսոր Օլիվյե Ռիոդելի ղեկավարությամբ։  Այս աշխատանքը թույլ տվեց նրան խորացնել բողոքական աստվածաբանության մասին  գիտելիքները՝ գերմանական աստվածաբանության հետ կապված հատուկ հետաքրքրություններով: Մաստեր աշխատանքը ավարտելուց հետո  պրոֆեսորի կողմից առաջարկություն է ստացել դոկտորական ատենախոսություն գրելու և պաստպանելու գիտական թեզը:

Նիդերլանդական օրագիրը տարբեր տարիներին զրուցել է Խաչիկ Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով թե՛ նրա գիտական աշխատանքի բովանդակությանը, թե՛ Հայ Եկեղեցու վերափոխման և նորացման թեմաներին։
📎 Նախորդ զրույցները՝
🔹 Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորը իր և Հայ Եկեղեցու բարեփոխումների մասին
🔹 Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն

🔹Ինչ է եկեղեցին, ըստ աստվածաբան Խաչիկ Հովհաննիսյանի

Monday, 9 February 2026

Պղծված խաչքարը Թուլուզում․ լռություն և սպասում

 Гагик Антонян/10.02.2026/Նիդ.օրագիր

Անհայտ անձինք պղծել են Ֆրանսիայի Հանրապետության մեծությամբ չորրորդ քաղաք Թուլուզի Ժան Ժորեսի անվան կենտրոնական պողոտայում տեղադրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող տուֆակերտ խաչքարը։ Հուշարձանը ապականվել է դժվար մաքրվող նյութով։
Դեպքի առնչությամբ լրատվամիջոցներից մեկում իր բողոքի և զայրույթի ձայնն է բարձրացրել սրտացավ ֆրանսուհի Ալիս Էլվան Գելիկը։ Չնայած ֆրանսերեն լեզվի իմ ոչ բավարար իմացությանը՝ կարողացա թարգմանել նրա հուզական արձագանքը, որը վերնագրված է «Անընդունելի է»։
«Հայոց զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Թուլուզում պղծված է։ Նման արարքը “հիմարաբար արված” սխալի արդյունք չէ։ Սա լրջագույն ծաղր է զոհերի հիշատակի նկատմամբ։ Թուլուզի քաղաքապետարանի լռությունն անընդունելի է։ Պետք է անհապաղ գտնել մեղավորներին և պատժել»,– գրում է նա։
Դժվար է չհամաձայնել այս գնահատականին։ Խաչքարը ոչ միայն ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշն է, այլև հայ ժողովրդի նվերն է թուլուզցիներին՝ որպես բարեկամության և երախտագիտության նշան։ Եթե անգամ իրավապահ մարմինները դեռևս չեն հայտնաբերել հանցագործներին, ապա հուշարձանի մաքրումն ու պատշաճ վիճակի վերականգնումը կարելի էր անհապաղ կազմակերպել։
Թուլուզում գործում է հայկական մեծ համայնք։ Բնական է ակնկալել, որ տեղի հայությունն ու համապատասխան կառույցները ևս իրենց դիրքորոշումը կհայտնեն։ Նման դեպքերում հասարակական արձագանքը ոչ պակաս կարևոր է, քան իրավական ընթացքը։
Մինչ համապատասխան քայլերի սպասումը, արժե հիշել այս խաչքարի պատմությունը։ Այն կերտվել է Հայաստանում՝ Վանաձորում։ 1993 թվականին՝ խավարի ու ցրտի ծանր տարիներին, «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության ավտոշարասյան մեքենաներից մեկը Հայաստան–Վրաստան–Ռուսաստան–Ուկրաինա–Հունգարիա–Ավստրիա–Գերմանիա–Ֆրանսիա շուրջ 6 հազար կիլոմետր ճանապարհ հաղթահարելով՝ խաչքարը հասցրել է Թուլուզ։
Բացման հանդիսավոր արարողությանը խոսել են Թուլուզի քաղաքապետ Դոմինիկ Բոդեսը (հետագայում՝ Եվրոպական խորհրդի պատգամավոր), ինչպես նաև ՀՀ Ազգային խորհրդի այն ժամանակվա պատգամավոր Արամ Մանուկյանը, ով ժամանակին ընթերցել էր Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Նույն օրը մեկ այլ խաչքար, որը նվիրվում էր մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին, հուզմունքով ընդունել է երգչի օգնական Ժիրայր Մարկոսյանը։ Այդ խաչքարը հետագայում տեղափոխվել է Շվեյցարիա և տեղադրվել Ժնևի մերձակայքում գտնվող Ազնավուրի առանձնատան պարտեզում։
Նախաձեռնության հեղինակն ու կազմակերպիչը «Ինտերկապ» բարեգործական կազմակերպությունն էր՝ նախագահ Նորայր Զուլոյանի գլխավորությամբ։ Նրա անձնական ու ընկերական կապերի շնորհիվ տարիներ շարունակ եվրոպական երկրներից Հայաստան էին փոխադրվում մարդասիրական բեռներ՝ բուժսարքավորումներ, դեղորայք, հագուստ, սննդամթերք։ Այդ ամենը անվճար բաշխվում էր մեր ժողովրդին։ Խաչքարերի նվիրատվությունը երախտագիտության արտահայտություն էր այն երկրների նկատմամբ, որոնք օգնության ձեռք էին մեկնել Հայաստանին։
Հետագայում «Ինտերկապի» բեռնատարներով 11 խաչքար տեղափոխվեց եվրոպական տարբեր պետություններ։ Դրանք այսօր զարդարում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի և Հունգարիայի քաղաքների հրապարակներն ու փողոցները։
Այդ խաչքարերից հինգը կերտել է լոռեցի ժողովրդական վարպետ Սերգեյ Դանիելյանը։ Տարիներ առաջ նա ինձ տեղեկացրել էր, որ արդեն կերտել է ավելի քան հազար խաչքար և հույս ունի կյանքի ընթացքում ստեղծել առնվազն ևս հինգ հարյուրը։ Նրա և նման վարպետների աշխատանքը պարզապես քարագործություն չէ․ դա հիշողության, հավատքի և ինքնության շարունակականություն է։
Այսօր Թուլուզի խաչքարը ժամանակավորապես պղծված է, բայց նրա խորհուրդը չի կարող պղծվել։ Այն մնում է հիշողության ու բարեկամության խորհրդանիշ։ Մնում է միայն սպասել, որ լռությունը փոխարինվի պատասխանատվությամբ, իսկ խաչքարը՝ արժանապատվորեն վերականգնվի։

ՀԳ. Խաչքարի տեղադրումն ու դրա պատմությունը մեզ մեկ անգամ ևս հիշեցնում են այն մարդկանց մասին, որոնց շնորհիվ նման արժեքներ են ստեղծվում ու տարածվում աշխարհով մեկ։ «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախագահ Նորայր Զուլոյանն ու ժողովրդական խաչքարագործ վարպետ Սերգեյ Դանիելյանը Լոռու զարմանահրաշ այրերից են։ Նրանք ոչ միայն այս նախաձեռնության հեղինակներն են, այլև բազմաթիվ այլ բարեգործական գործերի նախաձեռնողներ։ Մեր ժողովուրդը, անշուշտ, արժանի է նրանց գործունեությանը ավելի հանգամանորեն ծանոթանալու։ Այդ մասին դեռ կխոսենք առանձին։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Երբ գովեստը դիվանագիտություն է․ ինչ է իրականում ասում Վենսը Հայաստանին

 


09.02.2026 / Խմբագրական / Նիդ. օրագիր
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևանից հնչեցրած խոսքը հաճելի էր լսել․ հիացմունք Հայաստանի նկատմամբ, պատմական գնահատականներ, խաղաղության և բարգավաճման խոստումներ։ Սակայն մեր պարտքն է հարց տալ՝ ի՞նչ կա այս ամենի տակ, և ինչո՞ւ հենց հիմա։
Վենսի հայտարարություններում Հայաստանը ներկայացվեց որպես մի երկիր, որը կարող է դառնալ տարածաշրջանային տնտեսական հենակետ և խաղաղության կրող։ Սա, առաջին հայացքից, բարձր գնահատական է։ Սակայն իրականում այն նաև պատասխանատվության փոխանցում է։ Երբ գերտերության փոխնախագահը ասում է՝ «դուք հնարավորություն ունեք պատմական խաղաղություն հաստատելու», նա միաժամանակ ակնարկում է, որ այդ խաղաղության գինը և ռիսկերը առաջին հերթին կրելու է հենց Հայաստանը։
Խաղաղություն՝ իբրև պայման, ոչ թե երաշխիք
Վենսի խոսքում խաղաղությունը ներկայացվում է որպես զարգացման բանալի։ Բայց պետք է հստակ հասկանալ՝ ԱՄՆ-ի համար խաղաղությունը տարածաշրջանում միջոց է, ոչ նպատակ։ Միջոց՝ հաղորդակցությունների բացման, առևտրի, ազդեցության և մրցակցային հավասարակշռության համար։ Այդ համատեքստում Հայաստանը դիտարկվում է որպես կարևոր, բայց ոչ անփոխարինելի հանգույց։
Մեր տեսանկյունից վտանգն այն է, որ խաղաղության օրակարգը կարող է ներկայացվել որպես միակ հնարավոր ճանապարհ՝ առանց անվտանգության բավարար երաշխիքների։ Երբ դիվանագիտական հաճոյախոսությունները չեն ուղեկցվում հստակ քաղաքական պարտավորություններով, դրանք կարող են վերածվել գեղեցիկ, բայց դատարկ խոսքերի։
Ինչո՞ւ հենց հիմա
Պատահական չէ նաև ժամանակային ընտրությունը։ Տարածաշրջանում ուժերի վերադասավորումը, արտաքին դերակատարների ազդեցության փոփոխությունը և նոր տնտեսական ուղիների որոնումը Հարավային Կովկասը դարձնում են կրկին ուշադրության կենտրոն։ Այս համատեքստում Հայաստանը հետաքրքիր է ոչ միայն որպես պատմական պետություն, այլ որպես գործիքային տարածք՝ մեծ խաղացողների հաշվարկներում։
Այս հետաքրքրությունը կարող է լինել հնարավորություն, բայց նաև վտանգ։ Որքան մեծ է արտաքին ուշադրությունը, այնքան բարձր է ռիսկը դառնալու ոչ թե նախաձեռնող, այլ օգտագործվող կողմ։
Տնտեսական «հենակետ»՝ ում համար
Վենսի ամենաուշագրավ միտքը այն էր, որ Հայաստանի բարգավաճումը «կփոխանցվի նաև ԱՄՆ ժողովրդին»։ Սա ազնիվ խոստովանություն է։ Այստեղ այլևս խոսքը բարեգործության կամ բացառապես հայկական շահի մասին չէ։ Խոսքը փոխշահավետ հաշվարկի մասին է, որտեղ Հայաստանը դիտարկվում է որպես տարածք, հնարավորություններ և ռեսուրսներ առաջարկող գործընկեր։
Սա ինքնին վատ չէ։ Վատ է միայն այն դեպքում, երբ այդ փոխշահավետությունը հավասարակշռված չի։ Հայաստանի խնդիրը պետք է լինի՝ չդառնալ պարզապես միջանցք կամ փորձադաշտ, այլ կարողանալ թելադրել սեփական օրակարգը՝ տնտեսական, անվտանգային և քաղաքական իմաստով։
Ներքին պատրաստվածության հարցը
Սակայն արտաքին գնահատականները արժեք ունեն միայն այն դեպքում, երբ դրանց համապատասխանում է ներքին պատրաստվածությունը։ Տնտեսական հենակետ դառնալը ենթադրում է ինստիտուցիոնալ կայունություն, կանխատեսելի քաղաքականություն և ներքին համախմբում։ Առանց ուժեղ պետական կառույցների և վստահելի համակարգերի՝ ցանկացած խոստում կմնա դիվանագիտական ձևակերպումների մակարդակում։
Քաղաքակրթական հղումը՝ գեղեցիկ, բայց զգուշացնող
Հայաստանին որպես հնագույն քրիստոնյա ազգ հիշատակելը հաճելի է, բայց նաև զգուշացնող։ Արևմտյան քաղաքական խոսույթում արժեքային շեշտադրումները հաճախ օգտագործվում են որպես բարոյական հարթակ՝ քաղաքական որոշումների համար։ Սակայն պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ արժեքները երկրորդ պլան են մղվում, երբ հակասում են շահերին։
Հայաստանը նախկինում էլ լսել է բարձր գնահատականներ և բարեկամական խոսքեր տարբեր մայրաքաղաքներից։ Այդ խոսքերը միշտ չէ, որ վերածվել են կոնկրետ անվտանգության կամ երկարաժամկետ զարգացման երաշխիքների։
Վենսի այցը և խոսքը ցույց տվեցին մեկ բան․ Հայաստանը կրկին հետաքրքիր է։ Բայց հետաքրքիր լինելը դեռ չի նշանակում պաշտպանված կամ ապահով լինել։ Մեր խմբագրական դիրքորոշումը պարզ է՝ Հայաստանը պետք է լսի, ընդունի համագործակցությունը, բայց չկորցնի սթափությունը։
Դիվանագիտական գովեստը հաճախ առաջին քայլն է ավելի լուրջ սպասումների և պահանջների ճանապարհին։ Իսկ պետության ապագան կառուցվում է ոչ թե հաճելի խոսքերով, այլ հստակ պայմաններով, հաշվարկով և ազգային շահի սառը գիտակցմամբ։


Friday, 6 February 2026

Yan Travel-ը Հայաստանը և Վրաստանը ներկայացնում է Vakantie Festival 2026-ում

 

06.02.2026/Նիդ.օրագիր/ Hay Azian
Փետրվարի 5-ից 7-ը Նիդերլանդների ’s-Hertogenbosch քաղաքում գտնվող Brabanthallen ցուցահանդեսային համալիրում կանցկացվի Vakantie Festival-ի առաջին թողարկումը։ Նոր travel & lifestyle միջոցառումը միավորում է զբոսաշրջային ուղղություններ, տուրօպերատորներ և ճանապարհորդական lifestyle բրենդներ՝ փառատոնային մթնոլորտում, որտեղ համատեղվում են փորձառությունը, խորհրդատվությունն ու ժամանցը։
Փառատոնի մասնակիցներից է Yan Travel ընկերությունը, որը մասնագիտացած է ճանապարհորդությունների կազմակերպման մեջ դեպի Հայաստան և Վրաստան։ Երկու երկրներ, որտեղ մշակույթը, պատմությունը և հյուրընկալությունը սերտորեն կապված են առօրյա կյանքի հետ։
Խորքային ճանապարհորդություններ դեպի Կովկաս
Yan Travel-ը կենտրոնանում է բացառապես Կովկասի այս երկու ուղղությունների վրա և առաջարկում է ճանապարհորդություններ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել տարածաշրջանը անձնական և բովանդակային մակարդակով։ Ծրագրում ընդգրկված են ինչպես խմբային ճանապարհորդություններ, այնպես էլ անհատական՝ պատվերով կազմված ուղևորություններ։ Բացի այդ, կազմակերպվում են նաև թեմատիկ ճանապարհորդություններ, այդ թվում՝ երգչախմբերի համար նախատեսված երաժշտական ճամփորդություններ, որտեղ շեշտը դրվում է մշակութային շփման և հանդիպումների վրա։
Ճանապարհորդությունները ձևավորվում են տեղական մշակույթի, ավանդույթների և համայնքային կյանքի նկատմամբ մեծ ուշադրությամբ։ Ծրագրերը ներառում են հնագույն վանքեր, լեռնային բնապատկերներ, գինեգործական ավանդույթներ և հանդիպումներ տեղացիների հետ՝ ցույց տալով Հայաստանը և Վրաստանը որպես ուղղություններ, որոնք դուրս են դասական զբոսաշրջային պատկերացումներից։

Անհատական մոտեցում յուրաքանչյուր ճանապարհորդին
Vakantie Festival-ի ընթացքում Yan Travel-ի ներկայացուցիչները կզրուցեն այցելուների հետ տարբեր ճանապարհորդական ձևաչափերի մասին և կբացատրեն, թե ինչպես կարելի է Կովկաս ուղևորությունը հարմարեցնել հետաքրքրություններին, նպատակներին և խմբի կազմին։ Այցելուները հնարավորություն կունենան պատկերացում կազմել թե՛ անհատական, թե՛ խմբային ճանապարհորդությունների հնարավորությունների մասին։
«Ճանապարհորդությունն իսկական արժեք է ստանում միայն այն ժամանակ, երբ դու բացահայտում ես երկիրը ներսից», – ասում է Yan Travel-ի ներկայացուցիչ Մարգարիտա Վարդանյանը։ «Հայաստանն ու Վրաստանը երկրներ են՝ հարուստ հոգով։ Vakantie Festival-ի ընթացքում մենք ցույց ենք տալիս, թե ինչպես կարող են խմբային, թեմատիկ և անհատական ճանապարհորդությունները ստեղծել խորը կապեր և մնայուն հիշողություններ»։

Բովանդակային հավելում փառատոնի համար
Vakantie Festival-ի ստեղծագործական տնօրեն Ֆրիտս Կույպերը նշում է, որ Հայաստանը և Վրաստանը փառատոնին հաղորդում են առանձնահատուկ շեշտադրում։ «Yan Travel-ը ներկայացնում է ուղղություններ, որոնք դեռևս լայնորեն հայտնի չեն, բայց ունեն պատմելու շատ բան։ Նրանց ճանապարհորդությունների կառուցվածքը՝ սեփական ընտրության և իմաստալից հանդիպումների համար նախատեսված տարածքով, լիովին համապատասխանում է մեր փառատոնի գաղափարին»։
Փառատոնի ռազմավարական տնօրեն Տ. Ջ. վան Ապելդոռնը նույնպես ընդգծում է Yan Travel-ի մասնակցության կարևորությունը։ «Yan Travel-ի միջոցով մենք մեր հարթակին ավելացնում ենք մասնագետ, որը բերում է խորություն և իսկություն։ Նրանց կենտրոնացումը Հայաստանի և Վրաստանի վրա, ինչպես նաև ճանապարհորդական ձևաչափերի բազմազանությունը, ընդգծում են մեր հավակնությունը՝ ստեղծել լայն ու ներշնչող հարթակ այն ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են նայել ավելի հեռու»։


Thursday, 5 February 2026

Նիդերլանդներում խորհրդարանը շարունակում է ճնշում գործադրել կառավարության վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

 


Փետրվարի սկզբին Նիդերլանդների Երկրորդ պալատում (Tweede Kamer) Արտաքին գործերի թեմայով անցկացված բանավեճի ընթացքում պատգամավոր Դոն Սեդերը (ChristenUnie) կրկին կոչ է արել կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հետևել խորհրդարանի արդեն իսկ ընդունած դիրքորոշմանը:

Թեև խորհրդարանը ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, կառավարությունը շարունակում է խուսափել «ցեղասպանություն» բառի ուղղակի օգտագործումից՝ նախընտրելով «Հայկական ցեղասպանության հարց» (de kwestie van de Armeense genocide) ձևակերպումը: Սեդերը պահանջել է վերացնել այդ երկիմաստությունը, ինչպես նաև անդրադարձել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանը և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը:

Այս թեմայով ամենավերջին զարգացումը տեղի է ունեցել ավելի վաղ՝ երբ Դոն Սեդերի ներկայացրած միջնորդագիրը ընդունվեց գրեթե միաձայն: Միակ կուսակցությունը, որը դեմ է քվեարկել, DENK-ն էր: Հետաքրքիր է, որ շատ կուսակցություններ կողմ են եղել՝ չնայած VVD-ից արտաքին գործերի նախարար Վան Վելի (Van Weel) բացասական կարծիքին և միջնորդագրին (խորհուրդ տալ դեմ քվեարկել): Նախարարը կարծում է, որ ճանաչումը պետք է հետաձգվի մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը՝ որպեսզի «չխանգարի» տարածաշրջանում դրական զարգացումներին:

Մոտիան պահանջում է, որ ոչ ուշ, քան ապրիլի 24-ը, պետական կառույցները դադարեցնեն «de kwestie van de Armeense genocide» արտահայտության օգտագործումը և անցնեն ուղղակի «de Armeense genocide» ձևակերպմանը:

Հոլանդիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Ինգե Դրոստը, ով տարածել է ինչպես մոտիայի ընդունման, այնպես էլ Սեդերի վերջին ելույթի մասին տեղեկությունը, գրել է. «Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կսկսի կառավարությունը կատարել այս որոշումը»:

Հայ համայնքը և մի շարք պատգամավորներ համարում են, որ խորհրդարանի և կառավարության միջև առկա այս տարաձայնությունը պետք է վերացվի, և պետական լեզուն պետք է դառնա ավելի հստակ և հետևողական:


Nederlandse Tweede Kamer blijft druk uitoefenen op regering voor erkenning Armeense genocide

Begin februari heeft ChristenUnie-Kamerlid Don Ceder tijdens het debat over Buitenlandse Zaken opnieuw opgeroepen tot officiële erkenning van de Armeense genocide door de Nederlandse regering. Hoewel de Tweede Kamer de genocide al meerdere malen heeft erkend (voor het eerst in 2018), gebruikt de regering tot op de dag van vandaag bewust de omschrijving “de kwestie van de Armeense genocide” in plaats van de directe term “Armeense genocide”.

Ceder drong er bij de minister op aan deze dubbelzinnigheid te beëindigen en de lijn van de Kamer te volgen. Hij wees tevens op twee urgente kwesties: de onmiddellijke vrijlating van nog steeds vastgehouden Armeense krijgsgevangenen in Bakoe en de noodzaak tot bescherming van het Armeense culturele erfgoed in Nagorno-Karabach.

Een recente belangrijke stap werd al eerder gezet: de motie van Don Ceder is aangenomen, vrijwel unaniem. Alleen de fractie DENK stemde – zoals gebruikelijk – tegen. Opvallend is dat vrijwel alle partijen vóór stemden, ondanks het negatieve advies (“ontraden”) van minister Van Weel (VVD). Volgens de minister moet erkenning worden uitgesteld totdat het vredesakkoord tussen Armenië en Azerbeidzjan is geratificeerd, omdat erkenning de “positieve ontwikkelingen in de regio” zou kunnen hinderen – ook al gaat het om een gebeurtenis van bijna 111 jaar geleden.

De aangenomen motie verplicht de overheid om uiterlijk op 24 april te stoppen met het gebruik van de term “de kwestie van de Armeense genocide” en voortaan consequent te spreken over “de Armeense genocide”.

Inge Drost, secretaris van de Federatie van Armeense Organisaties in Nederland (FAON), die zowel het debat als de stemming actief volgt, schreef:

“Welnu, we kijken daar reikhalzend naar uit.”

De Armeense gemeenschap en een aantal Kamerleden beschouwen de kloof tussen de duidelijke positie van de Tweede Kamer en de terughoudendheid van de regering als onwenselijk. Zij pleiten voor een consistente en ondubbelzinnige taal vanuit de gehele Nederlandse staat.

Wednesday, 4 February 2026

Ամստերդամի Մաթեոս Ծարեցի գրադարանը հարստացավ երեք հայերեն գրքերով

 

Ամստերդամի Մաթեոս Ծարեցի գրադարանը հարստացավ երեք հայերեն գրքերով: Այս մասին հայտնում է Mateos Tsaretsi գրադարանի կայքը

04.02.2026/ Ամստերդամ/Նիդ.օրագիր-Mateos Tsaretsi Bibliotheek

Ամստերդամի հայկական համայնքի մշակութային կյանքում նոր, կարևոր էջ է գրվել։ Մաթեոս Ծարեցի գրադարանը՝ որպես սփյուռքի ժառանգության պահպանման կենտրոն, վերջերս ստացել է շատ արժեքավոր նվիրատվություն։ Դոնորներն են պրն. եւ տիկ. Միգիրդիչ եւ Վարդուհի Քրիկորյանները, ովքեր գրադարանին են հանձնել երեք հազվագյուտ XIX դարի հայերեն գրքեր։

Ամենահինը՝ 1822 թվականին Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազարոս կղզու հայկական մենաստանում տպագրված Նոր Կտակարանն է։ Այս գիրքը զարդարված է չորս ավետարանիչների կոպերային փորագրություններով եւ յուրաքանչյուր ավետարանի սկզբում գեղեցիկ զարդանախշերով՝ իսկական արվեստի գործ։

Երկրորդ գիրքը 1844 թվականին Կոստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլ) տպագրված Հայոց լեզվի բառարանն է՝ Պողոս Արապյանի տպարանում։ Հեղինակն է հայտնի մտածողը, մանկավարժը, թարգմանիչը եւ լեզվաբան Գրիգոր Փեշտիմալճյանը (1778–1839)՝ XIX դարի հայ մշակույթի խոշոր դեմքերից մեկը։

Երրորդը՝ 1881 թվականի Աստվածաշնչյան բառարանն է՝ նկարազարդումներով, աշխարհագրական քարտեզներով եւ աղյուսակներով, որը տպագրվել է Հակոբ Բոյաջյանի տպարանում Կոստանդնուպոլսում։ Այս գիրքը ծառայել է որպես կարևոր ուղեցույց աստվածաշնչյան աշխարհագրության եւ պատմության ուսումնասիրման համար։

Այս երեք գրքերն այժմ հասանելի են առցանց՝ գրադարանի կայքի կատալոգում (mateostsaretsi.nl)։ Դրանք ոչ միայն մեծացնում են հավաքածուի արժեքը, այլեւ վկայում են Ամստերդամի եւ հայ մշակույթի դարավոր կապի մասին։ Հիշեցնենք, որ հենց Ամստերդամում է 1658 թվականին Մաթեոս Ծարեցու նախաձեռնությամբ հիմնվել հայկական առաջին տպարաններից մեկը։

Մաթեոս Ծարեցի գրադարանը, որը պաշտոնապես բացվել է 2025 թվականի նոյեմբերի 8-ին Սուրբ Հոգի եկեղեցու նկուղում (Krom Boomssloot 22), շարունակում է աճել եւ հրավիրում է բոլորին՝ ծանոթանալու հայ գրի ու մշակույթի հարստությանը։ Նվիրատվություններն ընդունվում են շարունակաբար։

Այս նվիրատվությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական ժառանգությունը կենդանի է մնում՝ շնորհիվ անհատների եւ համայնքի համատեղ ջանքերի։

Nederlandse versie (Հոլանդերեն տարբերակ)

Zeldzame 19e-eeuwse schatten voor de Mateos Tsaretsi Bibliotheek in Amsterdam


De Armeense gemeenschap in Amsterdam mag zich verheugen op een bijzondere aanwinst. De Mateos Tsaretsi Bibliotheek – hét erfgoedcentrum van de Armeense diaspora in Nederland – heeft recent een waardevolle donatie ontvangen van het echtpaar Migirdits en Vartuhi Krikorian. Het gaat om drie zeldzame boeken uit de negentiende eeuw, die een prachtig licht werpen op de Armeense boekdrukkunst en cultuurgeschiedenis.

Het oudste exemplaar is een Nieuw Testament uit 1822, gedrukt in het beroemde Armeense klooster op het eiland San Lazzaro degli Armeni bij Venetië. Dit fraaie boek is verlucht met kopergravures van de vier evangelisten en sierlijke kopstukken aan het begin van elk evangelie – een echt kunstwerkje.

Het tweede boek is een Woordenboek van de Armeense taal uit 1844, gedrukt in Constantinopel (het huidige Istanbul) in de drukkerij van Poghos Arapian. Het is samengesteld door de vooraanstaande Armeense filosoof, pedagoog, vertaler en taalkundige Krikor Peshtimaldjian (1778–1839), een sleutelfiguur in de negentiende-eeuwse Armeense intellectuele wereld.

Tot slot schonk het echtpaar een rijk geïllustreerd Bijbels woordenboek uit 1881, eveneens gedrukt in Constantinopel, ditmaal in de drukkerij van Hakob Boyajian. Dit werk bevat afbeeldingen, geografische kaarten en tabellen en diende als belangrijk naslagwerk voor bijbelse geografie en geschiedenis.

Alle drie de boeken zijn inmiddels gedigitaliseerd en online te bekijken via de catalogus op de website van de bibliotheek: mateostsaretsi.nl.

De Mateos Tsaretsi Bibliotheek, vernoemd naar de eerste Armeense boekdrukker in Amsterdam (1658), opende feestelijk haar deuren op 8 november 2025 in het souterrain van de Armeens Apostolische Surb Hoki-kerk aan de Krom Boomssloot 22. Sindsdien groeit de collectie gestaag en blijft het centrum een levendige ontmoetingsplek voor wie geïnteresseerd is in Armeense literatuur, geschiedenis, kunst en diaspora-erfgoed.

Dankzij genereuze giften zoals deze blijft de eeuwenoude band tussen Amsterdam en de Armeense cultuur springlevend. Wie zelf boeken of ander erfgoed wil schenken, is van harte welkom om contact op te nemen.

Deze donatie onderstreept nog maar eens hoe kostbaar en vitaal het behoud van Armeens cultureel erfgoed is – juist hier, in het hart van Nederland.





Kinderdijk գնացող ջրային ավտոբուսները․ Մի կենդանի լեգենդի պատմություն

 



#Kinderdijk գնացող ջրային ավտոբուսները․ Մի կենդանի լեգենդի պատմություն
04.02.2026/Նիդ.օրագիր
Նիդեռլանդներում ջրային տրանսպորտը ոչ միայն ժամանակակից ու հարմար փոխադրամիջոց է, այլ նաև ուղիղ կապ անցյալի հետ։ Այդ կապի լավագույն օրինակներից են ջրային ավտոբուսները (Waterbus), որոնք երթևեկում են Ռոտերդամից դեպի Kinderdijk՝ աշխարհահռչակ պատմական ջրաղացների համալիր։
Այս ջրային երթուղիները հնարավորություն են տալիս ուղևորներին արագ և հարմար հասնել Kinderdijk՝ գետերի ու ջրանցքների միջով անցնելով։ Ջրային ավտոբուսները ժամանակակից, անվտանգ և էկոլոգիապես մաքուր նավեր են, որոնք օգտագործվում են ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների կողմից։ Ճանապարհին բացվում են Նիդեռլանդներին բնորոշ բնապատկերներ՝ ջրային հարթություններ, դիքներ և կանաչ հողատարածքներ, որոնք դարեր շարունակ պաշտպանվել են ջրի մշտական սպառնալիքից։
Kinderdijk-ը հայտնի է իր 18 պատմական ջրաղացներով, որոնք կառուցվել են 18-րդ դարում՝ հողատարածքները ջրհեղեղներից պաշտպանելու և ջրի մակարդակը կարգավորելու նպատակով։ Այս եզակի ինժեներական համակարգը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում՝ որպես մարդու և բնության համակեցության բացառիկ օրինակ։ Ջրային ավտոբուսով Kinderdijk հասնելը ոչ միայն ճանապարհ է, այլ պատմական փորձառություն։
Մի օրորոցի պատմություն․ 1421 թվականի ջրհեղեղի լեգենդը
Kinderdijk-ի շրջակայքը կապված է նաև Նիդեռլանդների պատմության ամենահիշվող լեգենդներից մեկի հետ, որը ծագում է 1421 թվականի մեծ ջրհեղեղի ժամանակներից։ Այդ աղետը, որը հայտնի է որպես Սուրբ Եղիսաբեթի ջրհեղեղ, խլել է հազարավոր կյանքեր և ամբողջությամբ փոխել տարածաշրջանի տեսքը։
Ըստ ժողովրդական ավանդության՝ ջրհեղեղի օրերին ջրի վրա լողում էր մի օրորոց, որի մեջ նորածին երեխա էր։ Օրորոցի վրա գտնվել է նաև կատու, որը անընդհատ շարժվել է մի կողմից մյուսը՝ պահելով հավասարակշռությունը, որպեսզի օրորոցը չշրջվի։ Այդպես օրորոցը հասել է անվտանգ վայր, և երեխան փրկվել է։ Ասում են, որ այդ վայրն էլ հետագայում անվանվել է Kinderdijk, ինչը բառացիորեն նշանակում է «երեխայի դիք»։
Թեև այս պատմությունը լեգենդ է և չունի պատմական փաստաթղթային ապացույցներ, այն խորապես արմատացած է նիդեռլանդական մշակույթում։ Օրորոցի պատմությունը դարձել է հույսի, կյանքի և ջրի դեմ մարդու տոկունության խորհրդանիշ։
Այսօր Kinderdijk գնացող ջրային ավտոբուսները կարծես միացնում են այդ լեգենդար անցյալն ու ներկան՝ հիշեցնելով, որ Նիդեռլանդների պատմությունը գրված է ջրի վրա, ջրի մասին` մարդկային կամքի շնորհիվ։
Ֆիլմն ու սցենարը` Անահիտ Աղաբեկյանի