The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 10 February 2026

Եկեղեցին իշխանությո՞ւն է, թե՞ ազատության վկայություն

Աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի անդրադարձը եկեղեցի–պետություն հարաբերություններին

Որպես աստվածաբան, ով 2023 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանում, ես հաճախ եմ ստանում հարցեր կրոնի, եկեղեցի-պետություն հարաբերությունների և դրանց գրական արտացոլման մասին: Այս հարցերը ես պատասխանում եմ «Նիդերլանդական օրագիր» հարթակի միջոցով, որտեղ կիսվում եմ իմ չեզոք մոտեցմամբ՝ առանց կողմնակալության կամ անձնական շահերի: Իմ դիրքորոշումը քաղաքական չէ և չի կապված անձնական հակամարտությունների հետ: Այն հիմնված է քրիստոնեական հավատքի վրա, որի աղբյուրը Հիսուս Քրիստոսի Ավետարանն է, ինչպես նաև աստվածաբանական մտքի զարգացումների և եկեղեցու պատմական փորձառության վրա:

Նախ ցանկանում եմ հստակ պարզաբանել իմ մոտեցումը․ այն չեզոք է և ոչ քաղաքական։ Ես չեմ ներկայացնում որևէ խմբի կամ անձի շահերը, չեմ ներգրավվում անձնական հակամարտությունների մեջ և չեմ փորձում կողմնակալ գնահատականներ տալ։ Իմ խոսքը աստվածաբանական է և հիմնված է քրիստոնեական հավատքի կենտրոնական աղբյուրի՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի վրա։ Այդ դիրքորոշումը ձևավորվում է նաև Եկեղեցու պատմական փորձառության և աստվածաբանական մտքի զարգացումների լույսի ներքո։

Եկեղեցու բարեկարգում․ հին օրակարգ, նոր պատասխանատվություն

Այսօր, երբ Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունները լարված են, ինչպես նշվում է վերջին զեկույցներում, ես կարևորում եմ ոչ թե անձնական քննարկումները, այլ հարցը՝ արդյոք եկեղեցին վերադառնում է իր կոչմանը որպես Քրիստոսի մարմին՝ Սուրբ Հոգու ներգործությամբ:

Իմ համոզմամբ՝ Հայ Եկեղեցու բարեկարգումը անհրաժեշտ է։ Սակայն վճռորոշ է հասկանալ՝ ինչ հիմքի վրա և ինչ ոգով պետք է այն իրականացվի։ Եկեղեցու բարեկարգության գաղափարը նոր չէ․ դարեր առաջ նման նախաձեռնություններ եղել են, սակայն պատմական ու քաղաքական հանգամանքների պատճառով դրանք լիովին չեն իրագործվել։ Այսօր էլ վտանգ կա, որ «բարեկարգում» կոչվող գործընթացները կդառնան անձնական կամ ուժային պայքարի գործիքներ։

Իսկ դա անխուսափելիորեն տանում է փակուղի։ Եկեղեցու իրական բարեկարգման միակ չափանիշը Ավետարանն է։ Հարցը պետք է ձևակերպել ոչ թե այս կամ այն անձի շուրջ, այլ հետևյալ կերպ․ արդյո՞ք Եկեղեցին իր կյանքով, կառույցներով և վկայությամբ վերադառնում է Ավետարանի չափանիշին, և արդյո՞ք ապրում է իր կոչման համաձայն՝ որպես Քրիստոսի մարմին՝ Սուրբ Հոգու ներգործությամբ։

«Մեծ ինկվիզիտորի» գայթակղությունը այսօր

Եկեղեցու և իշխանության հարաբերությունների շուրջ քննարկումներում հաճախ նկատում եմ մտածողություն, որը հիշեցնում է Դոստոևսկու հայտնի «Մեծ ինկվիզիտորի լեգենդը»։ Այդ պատկերում Մեծ ինկվիզիտորը փորձում է մարդկանց կառավարել՝ փոխարինելով Ավետարանի տված ազատությունը իշխանությամբ, վերահսկմամբ և կարգապահությամբ։ Քրիստոսին նա մերժում է հենց այն պատճառով, որ Քրիստոսը մարդուն ազատություն է տալիս։

Այսօր էլ նման մոտեցումներով մարդիկ փորձում են Եկեղեցին ներկայացնել որպես զուտ իրավական կամ քաղաքական ինստիտուտ՝ պնդելով, թե նա պետք է անմիջականորեն զբաղվի քաղաքականությամբ։ Իմ համոզմամբ՝ սա Եկեղեցու համար ամենավտանգավոր ուղիներից մեկն է։ Երբ Եկեղեցին սկսում է խոսել իշխանության լեզվով, նա հեռանում է իր էությունից և կորցնում Ավետարանի կենդանի վկայությունը։

Քրիստոսի Եկեղեցու էությունը փրկագործական է։ Այն կոչված է մարդուն Աստծո հետ հաղորդակցության մեջ դնելու, ոչ թե նրան վերահսկելու։ Եկեղեցին կենդանի է միայն այն ժամանակ, երբ գործում է Սուրբ Հոգու զորությամբ, այլ ոչ թե վարչական կամ քաղաքական մեխանիզմներով։

Քաղաքականություն և Եկեղեցու սահմանները

Երբ Եկեղեցին ներգրավվում է քաղաքական պայքարների մեջ, նա աստիճանաբար վերածվում է քաղաքական ուժի կամ կուսակցության։ Իսկ քաղաքական ուժը ենթակա է շահերի, հաշվարկների և ազդեցության պայքարի։ Այդ պահին Քրիստոսի պատգամը երկրորդ պլան է մղվում, և առաջ է գալիս մարդկային գերակայության տրամաբանությունը։

Նույնքան խնդրահարույց են նաև «բարեկարգումները», որոնք իրականացվում են անձնական դրդապատճառներով։ Եկեղեցու նորոգումը չի կարող սկսվել վերևից պարտադրանքով․ այն սկսվում է ներսից՝ Ավետարանի հանդեպ հավատարմությամբ։

Եկեղեցու էությունը և նրա պատմական կերպարը

Կարևոր է հստակ տարբերակել երկու մակարդակ․

  • Եկեղեցու էությունը, որի կենտրոնը Հիսուս Քրիստոսն է և որի կյանքը սնվում է Սուրբ Հոգու ներկայությունից։

  • Եկեղեցու պատմական ու տեսանելի կերպարը, որտեղ կան մեղավոր մարդիկ, մարդկային սխալներ, կառույցներ ու ավանդույթներ, որոնք երբեմն կարող են ստվերել նրա իրական կոչումը։

Եկեղեցին առաջին հերթին մարդիկ են՝ ոչ պատահական բազմություն, այլ հաղորդություն, որի կենտրոնը Քրիստոսն է։ Այն համայնք է, որը ծնվում է Աստծո գործողությունից և ապրում է ապագայի հույսով։

Սուրբ Հոգին՝ ազատության պահապան

Սուրբ Հոգին տրվում է ոչ միայն անհատական փորձառության համար, այլ որպեսզի ձևավորվի համայնք։ Նա չի թույլ տալիս, որ Եկեղեցին իրեն ընկալի որպես ինքնաբավ համակարգ կամ «սեփականացնի» Աստծո ներկայությունը։ Սուրբ Հոգին մշտապես հիշեցնում է, որ Եկեղեցու հիմքը իրենից դուրս է՝ Քրիստոսի մեջ։

Եկեղեցու առողջ կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ Քրիստոսն ու Սուրբ Հոգին միասին են՝ ոչ որպես գաղափար, այլ որպես կենդանի իրականություն։

Պենտեկոստե․ միասնություն բազմազանության մեջ

Պենտեկոստեն բացահայտում է Եկեղեցու էությունը՝ միասնություն, որը ներառում է բազմազանություն։ Տարբեր լեզուները ցույց են տալիս, որ Ավետարանը չի պատկանում մեկ մշակույթի կամ ազգի։ Եկեղեցին իր խորքում համաշխարհային է և միսիոներական՝ բաց աշխարհին, կոչված կամուրջներ կառուցելու։

Եկեղեցին կապված է Աստծո Արքայության հետ, բայց չի նույնանում նրա հետ։ Նա ապրում է «արդեն» և «դեռ ոչ» լարվածության մեջ՝ որպես ապագայի նշան, որն այսօր ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել մարդկությունը, երբ միավորվում է ոչ թե ուժով, այլ սիրով, հավատով և հույսով՝ Քրիստոսի մեջ։

********************************


Խաչիկ Հովհաննիսյանը աստվածաբանության դոկտոր է: Ծնվել է Հայաստանում,  աստվածաբանական կրթությունը շարունակել է Բելգիայում` Լյուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում:

Մագիստրատուրան ավարտել է «Աստծո զավակների վիճակը և արդարացումը Վ. Պանենբերգի մոտ և բանավեճ Լյութերի աստվածաբանության շուրջ» թեմայով, պրոֆեսոր Օլիվյե Ռիոդելի ղեկավարությամբ։  Այս աշխատանքը թույլ տվեց նրան խորացնել բողոքական աստվածաբանության մասին  գիտելիքները՝ գերմանական աստվածաբանության հետ կապված հատուկ հետաքրքրություններով: Մաստեր աշխատանքը ավարտելուց հետո  պրոֆեսորի կողմից առաջարկություն է ստացել դոկտորական ատենախոսություն գրելու և պաստպանելու գիտական թեզը:

Նիդերլանդական օրագիրը տարբեր տարիներին զրուցել է Խաչիկ Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով թե՛ նրա գիտական աշխատանքի բովանդակությանը, թե՛ Հայ Եկեղեցու վերափոխման և նորացման թեմաներին։
📎 Նախորդ զրույցները՝
🔹 Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորը իր և Հայ Եկեղեցու բարեփոխումների մասին
🔹 Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն

🔹Ինչ է եկեղեցին, ըստ աստվածաբան Խաչիկ Հովհաննիսյանի

No comments:

Post a Comment