The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 26 February 2026

Համայնքի հետ ուղիղ կապը՝ որպես պետական քաղաքականության մաս

 ԿԱՐԵՎՈՐ


26.02.2026/Նիդ.օրագիր/Hay Azian

Նիկոլ Փաշինյանի Լեհաստան կատարած պաշտոնական այցը հատկանշական էր ոչ միայն բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներով, այլ նաև մեկ կարևոր ու խոսուն հանգամանքով․ վարչապետը այցի առաջին իսկ փուլում հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Այս քայլը վաղուց արդեն ձևավորվել է որպես գործելաոճ․ արտերկրյա գրեթե յուրաքանչյուր պաշտոնական այցի ընթացքում Փաշինյանը ժամանակ է հատկացնում տվյալ երկրի հայ համայնքի հետ անմիջական շփմանը։ Լեհաստանում ևս բացառություն չեղավ․ վարչապետը Վարշավայում հանդիպեց համայնքի ակտիվի հետ, լսեց նրանց հարցերն ու մտահոգությունները, ներկայացրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

Այս մոտեցումը կարելի է գնահատել որպես պետական մտածողության դրսևորում․ համայնքը դիտարկվում է ոչ թե որպես երկրորդական գործոն, այլ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Սփյուռքը դառնում է ոչ միայն ազգային ինքնության պահպանման հենասյուն, այլ նաև կամուրջ՝ Հայաստանի և տվյալ երկրի միջև հարաբերությունների խորացման գործում։

Միաժամանակ, այս ֆոնին առավել ընդգծված է դառնում այն իրողությունը, որ Եվրոպական մի շարք երկրներում տարիներով պաշտոնավարող որոշ հայ դեսպաններ չեն ձևավորում կայուն և համակարգված շփում համայնքային ակտիվի հետ։ Հաճախ բացակայում է նախաձեռնողականությունը, բաց ու հաշվետու երկխոսությունը, ինչը կարող էր նպաստել ինչպես համայնքային կառույցների համախմբմանը, այնպես էլ Հայաստանի շահերի առավել արդյունավետ ներկայացմանը։ Ավելին, որոշները փորձում են ցուցադրել իրենց բացարձակ իրավունքները և փաստերն առկա են։

Վարչապետի գործելաոճը ցույց է տալիս, որ համայնքի հետ հանդիպումը կարող է և պետք է լինի ոչ թե ձևական արարողություն, այլ պետական օրակարգի բնական մաս։ Դա ոչ միայն հարգանքի նշան է տվյալ երկրում բնակվող հայերի նկատմամբ, այլ նաև հստակ ուղերձ՝ Հայաստանը իր քաղաքացիներին և ազգակիցներին դիտարկում է որպես միասնական համակարգի մաս՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից։

Այս առումով Լեհաստան կատարած այցը ևս մեկ անգամ ընդգծեց՝ համայնքի հետ անմիջական կապը կարող է լինել արդյունավետ դիվանագիտության կարևոր գործիք։









No comments:

Post a Comment