ԱՆԴՐԱԴԱՐՁ
15.02.2026 | Նիդերլանդական օրագիր
Ամիսներ առաջ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիրը հրապարակել էր տեսահոլովակ և ծավալուն հոդված՝ ««Հրաշք Այգու» պերճանքն ու թշվառությունը» վերնագրով` բարձրաձայնելով Մխչյան գյուղում գործող Հրաշք Այգի ռեստորանային համալիրում պահվող վայրի կենդանիների ոչ պատշաճ պայմանների խնդիրը։ Նյութը լայն արձագանք էր ստացել թե՛ հանրության, թե՛ կենդանապաշտպան կազմակերպությունների շրջանում։
Մենք արձանագրել էինք, որ ռեստորանային համալիրն առանձնանում է սպասարկման բարձր որակով, խոհանոցի բազմազանությամբ և մատչելի գնային քաղաքականությամբ։ Սակայն, միևնույն ժամանակ, չէինք կարող անտեսել ամենացավոտ խնդիրը՝ վայրի կենդանիների պահումը ոչ բնական և սահմանափակ պայմաններում։ Նեղ վանդակներ, շարժման սահմանափակում, կենդանիների վարքագծային ընկճվածություն․ այս ամենը հակասում էր ինչպես բարոյական, այնպես էլ մասնագիտական չափանիշներին։
Այդ հրապարակումից ամիսներ անց վերջապես արձագանքեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB ֊ը ։ Վերջինս իրականացրել է ստուգումներ և թույլտվությունների բացակայության հիմքով առգրավել մի շարք վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ նրանք կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։
Այս քայլը կարևոր նախադեպ է․ այն ցույց է տալիս, որ պետական վերահսկողությունը կարող է և պետք է գործի, երբ խոսքը վերաբերում է կենսաբազմազանության պահպանությանը և կենդանիների բարեկեցությանը։ Հատկանշական է նաև, որ տարիներ շարունակ խնդրի մասին ահազանգել էին կենդանապաշտպան կառույցներ, այդ թվում՝ FPWC-ն ու Zoo Fauna Art-ը, որոնք տարբեր փուլերում մասնակցել են կենդանիների տեղափոխման և վերականգնման գործընթացներին։
Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ տեսչական մարմինը վերջապես կոնկրետ քայլեր է ձեռնարկել։ Սա ոչ միայն առանձին դեպքի լուծում է, այլ նաև հստակ ուղերձ բոլոր այն տնտեսվարողներին, որոնք փորձում են վայրի կենդանիներին դարձնել բիզնես շահի գործիք՝ առանց համապատասխան իրավական հիմքերի և պայմանների։
«Նիդերլանդական օրագիրը» շարունակելու է հետևել թեմային՝ համոզված լինելով, որ հասարակական վերահսկողությունը, մասնագիտական հետևողականությունը և պետական կառույցների պատասխանատվությունը միասին կարող են ապահովել իրական փոփոխություն։
Վայրի կենդանիները պետք է ապրեն արժանապատիվ պայմաններում։ Իսկ օրենքը պետք է գործի՝ անկախ հանգամանքներից

No comments:
Post a Comment