Վանաձորի հարավային անտառեզրում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, կարելի է հանդիպել նրանցից մեկին՝ երիտասարդ, շնորհալի քանդակագործ Արա Տեր-Հովհաննիսյանցին։ Նրա «արվեստանոցի» տանիքը բաց երկինքն է, լույսն ու ջերմությունը ստանում է նորաբաց օրվա արեգակի առաջին շողերից, իսկ օդափոխության «համակարգը» գործի են գցում հովի սոսափն ու քամին։ Այստեղ քեզ զգում ես խորհրդավոր աշխարհում․ միայն քանդակագործի մուրճն ու խոհական միտքն են «սեփական»։
«Ծերունի ավազակներ» անվանակնքված քողտիկում ժամանակ անցկացնող մարդիկ, շրջակայքի բնակիչները, ուշիուշով հետևում են քանդակագործի նորանոր մտահղացումներին․ քարեղեն կոթողներ, արձաններ, հուշարձաններ, կիսանդրիներ, խաչքարեր։ Վերջին շրջանում բազմաթիվ հետաքրքրասերներ են այցելում՝ տեսնելու, թե ինչպես է վերջնական տեսքի բերվում անչափ համարձակ մի նոր գործ՝ յոթամսյա մաքառումների արգասիք «Խորհրդավոր ընթրիք» քարակերտ կտավը։
Մեծն վարպետ Միքելանջելոյի հանրահայտ ստեղծագործությունն այս քանդակում երևակվում է ոչ թե երփներանգ գունախաղով, այլ շլացուցիչ սպիտակ, մաքրամաքուր մարմարով։ Քանդակագործի մուրճը քարի խորքից վեր է հանել ու իմաստավորել ընթրիքի աստվածային խորհուրդը։ Գեղարվեստական արժանիքների մասին թող խոսեն արվեստաբանները, բայց մի բան ակնհայտ է․ նման աննախադեպ գործ ձեռնարկելու համար անհրաժեշտ են մեծ համարձակություն ու ինքնավստահություն։
Սակայն սա քանդակագործի առաջին համարձակ նախաձեռնությունը չէ։ Նա Քրիստոսի և Առաքյալների թեմային անդրադարձել է տարբեր չափերի ու որակի քարերի վրա՝ տուֆ, ֆելզիտ, գրանիտ, բազալտ։ Այդ գործերը վաղուց գտել են իրենց տերերին, և այս ստեղծագործության նկատմամբ ևս հետաքրքրություն կա։ Միայն թե քանդակագործը ցանկանում է, որ իր նոր աշխատանքը ցուցադրվի ոչ թե բարձր պարիսպների ներսում, այլ լինի հասանելի հանրությանը։
Ինչպես նրա երկու տասնյակից ավելի քանդակներն ու արձանախմբերը, մատուռի քանդակազարդ խոյակները (որոնց վրա պատկերված են հայոց 16 եկեղեցիները), խաչքարերը՝ տարբեր գունազարդումներով ու մտահղացումներով, Քրիստոսի արձանը, «Կտակարանը»՝ «Հայր մեր» էջով, «Հայոց պատմություն» գիրքը՝ մեր թագավորների և զորավարների քանդակազարդ էջերով։ Այս բոլոր աշխատանքները տարիների տքնաջան աշխատանքի արդյունք են և այսօր գեղարվեստորեն զարդարում են մարզկենտրոնին մերձակա Մեղրուտ գյուղի մոտակայքում գտնվող, Կապուտան կոչվող հանգստյան գոտու հուշահամալիրը։
Քանդակագործի «արվեստանոցի» շրջակայքը յուրօրինակ բացօթյա թանգարան է, որտեղ ցուցանմուշները մշտապես փոխվում են։ Հայոց Մեծերին պատկերող երեսունից ավելի աշխատանքներ իրենց հաստատուն տեղն ունեն արվեստանոցամերձ բազալտե հենապատի վրա։ Հերթական Մեծության ժառանգությանը ծանոթանալուց և այն հիմնովին «կլանելուց» հետո քանդակագործը թանգարանը համալրում է նոր աշխատանքներով, սակայն ոչ մի ցուցանմուշ չի վաճառում։ Նրա համար դրանք «իր մնայուն արժեքներն են»։
Տարիներ առաջ լոռեցի ճանաչված գրող, Վախթանգ Անանյանի անվան մրցանակի դափնեկիր Վալտեր Թորոսյանը լրագրողիս առաջարկեց ծանոթանալ այդ զարմանահրաշ երիտասարդի հետ և հետաքրքրությունս բորբոքելու նպատակով ընդգծեց. «Շատ համարձակն է․ առանց էսքիզի ու գրաֆիկի մխրճվում է քարի մեջ»։
Քանդակագործն ինձ համար բացեց իր գաղտնիքը.-Նայում եմ, մտքով տեսնում՝ ինչ է թաքցնում քարը ներսում, հետո մուրճով բացում եմ տեսածս պատկերը։
Այդպես է կերտվել հայուհու ութ մետրանոց արձանը, որն իր բարձրությամբ միակն է երկրում։ Մայր Հայաստանը խորհրդանշող այս քանդակը պատվանդանի հետ ունի 17 մետր բարձրություն և իր վեհատեսիլ շուքով իշխում է Կապուտանի մատուռի հարևանությամբ։ Այդպես է ստեղծվել նաև «Առյուծ Մհերը ձևում է առյուծին» հսկայական արձանը՝ միակտոր, երեք տոննա քաշ ունեցող քարից։ Նրա բազմաթիվ խաչքարերը զարդարում են Հայաստանի, ՌԴ, Ղազախստանի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մեծ ու փոքր քաղաքներ։ Հիշատակման արժանի է նաև նրա վերջին գործերից մեկը՝ «Հայկական գամփռ» վիթխարի քանդակը, որը, որպես հավատարիմ պահապան, հսկում է մայրաքաղաքի մուտքը՝ Սևան-Երևան մայրուղու աջ եզրին։
Ինչպե՞ս դարձավ Արա Տեր-Հովհաննիսյանցը քանդակագործ։ Այցելեք Դսեղում Մեծն Լոռեցու տուն-թանգարան։ Էքսկուրսավարը ձեզ կտրամադրի այն միկրոսկոպը, որով կտեսնեք անզեն աչքով անտեսանելին՝ ոսկու հատիկի վրա արարված Հովհաննես Թումանյանի դիմաքանդակը։ Դա նրա հոր՝ հայտնի բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Ալբերտ Տեր-Հովհաննիսյանցի ստեղծագործությունն ու նվերն է թանգարանին։
Ավելորդ է ասել, որ քանդակելու սերը նրան փոխանցվել է հենց տաղանդաշատ միկրոքանդակագործ հորից։ Ալբերտ Տեր-Հովհաննիսյանցը միկրոքանդակները տեղադրում էր ասեղի անցքի, մազի մեջ, որոնք տեսանելի են միայն միկրոսկոպով։ Ոսկու՝ աչքի համար աննկատելի հատիկներից պատրաստված նրա քանդակները բրնձի հատիկից փոքր են 1200–1500 անգամ։ Հոր ավելի քան հարյուր աշխատանքներ ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում։
Նրա կրտսեր որդի Արազը շարունակում է հոր գործը։ Նա մշտապես եղբոր կողքին է և եղբոր որդիների՝ Արաբոյի ու Արամեի հետ, վաղուց դարձել է «անտառեզրի բնակիչ»։ Նրանք միասին շարունակում են ստեղծել խաչքարեր ու արձաններ։
ԳԱԳԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

No comments:
Post a Comment