The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 18 February 2026

Գեորգի Թովմասյանի 90-ամյակին նվիրված հետմահու ցուցահանդես Վանաձորում

 

ԼՈՌԻՆ ՄԵԾԱՐՈՒՄ Է ԻՐ ՄԵԾԵՐԻՆ

Գեորգի Թովմասյանի 90-ամյակին նվիրված հետմահու ցուցահանդես Վանաձորում

Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահում օրերս բացվեց գեղանկարիչ, պրոֆեսոր Գեորգի Թովմասյանի 17-րդ անհատական ցուցահանդեսը՝ այս անգամ հետմահու: Այն նվիրված էր Մաեստրոյի ծննդյան 90-ամյակին և հավաքեց լեփ-լեցուն սրահ՝ արվեստի երկրպագուներով, գործընկերներով և ընտանիքի անդամներով:

Գեորգի Թովմասյանը (1936–2011) թողել է հարուստ ժառանգություն՝ շուրջ 2000 գեղանկարչական կտավներ: Բնանկարներ, դիմանկարներ, եկեղեցիների պատկերներ, նատյուրմորտներ… Նրա աշխատանքները պահպանվում և ցուցադրվում են Հայաստանի թանգարաններում (այդ թվում՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանում և «Մաշտոց» ՀԿ գեղարվեստի ցուցասրահում), նախկին ԽՍՀՄ երկրների թանգարաններում, Հայ Առաքելական եկեղեցու թեմերում և արտերկրի մասնավոր հավաքածուներում:

Նա Վանաձորի պետական համալսարանի արվեստի ամբիոնի հիմնադիրն ու մինչև կյանքի վերջը՝ վարիչն էր: Հեղինակել է «Գեղանկար» բուհական ուսումնական ձեռնարկը, անթիվ գիտամանկավարժական և արվեստաբանական հոդվածներ: Կենդանության օրոք ունեցել է 16 անհատական ցուցահանդես Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Նրա մասին լույս են տեսել բուկլետներ, ալբոմներ, կատալոգներ, գրքեր և ժողովածուներ, այդ թվում՝ լոռեցի գրող Վալտեր Թորոսյանի «Գույների սիմֆոնիա» վիպակը: Պարգևների, ոսկե մեդալների, շնորհակալագրերի և պատվոգրերի ցանկը հարյուրից ավելի է:

Մարդը՝ արվեստագետի կողքին Գեորգի Թովմասյանը շենշող, բարի, անաչառ և խոսքաշատ մարդ էր: Ընկերական հավաքներում «երդվյալ թամադա» էր, կենացները համեմում սեփական բանաստեղծական տողերով. «Ես ջահել չեմ, տարիքս վկա, Ու սիրտս թեև առաջվանը չէ, Բայց երբ տեսնում եմ մի նոր աղջկա, Հալվում, մաշվում եմ առաջվա նման…»

Հիշարժան հանդիպումը Գարեգին Ա կաթողիկոսի հետ Ցուցահանդեսին հնչած ելույթներում ընդգծվեցին նրա մարդկայնությունը, անսպառ եռանդը, աշխատասիրությունը, թեմաների բազմաբովանդակությունը, մարդու ներաշխարհը թափանցելու զարմանալի կարողությունը, լավատեսությունն ու աշխարհի գույները յուրովի ընկալելու տաղանդը:

Հատկապես հուզիչ էր նրա հիշողությունները Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի դիմանկարի ստեղծման մասին: Հրավիրվել էր Սուրբ Էջմիածին՝ Վեհափառին կտավի վրա պատկերելու: Երկար զրույցներ էին տեղի ունեցել նկարչության ընթացքում: Թովմասյանը խորամանկ ժպիտով խոստովանում էր, որ երեք օր «ձգձգել» է աշխատանքն ավարտելը՝ ավելի երկար վայելելու համար Մեծ անհատականության ներկայությունը: «Այդ նկարը իմ լավագույն ստեղծագործությունն է, Վեհափառն էլ… դա գիտեր»,— հպարտությամբ ասում էր նա:

Կյանքի վերջին ամիսներին, անկողնուն գամված, հաճախ էր վերադառնում այդ օրերի պատմությանը: Այցելուները հենց դա էին հարցնում՝ ոգևորելով նրան, և հիվանդությունը կարծես ժամանակավորապես հեռանում էր:

Հիշատակի ցուցահանդես Ցուցահանդեսին ներկայացված են 32 ստեղծագործություն, որոնցից չորսը նկարչի նվիրատվություններն են և պահվում են թանգարանի հավաքածուում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը դստեր՝ Արմինե Թովմասյանի, թոռների՝ Սևակի և Մենուայի (վերջինս ստեղծել է «Գեորգի Թովմասյան» հիմնադրամը), ինչպես նաև պատկերասրահի անձնակազմի համատեղ ջանքերի արդյունքն է:

Կենսագրությունը ներկայացրեց դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

Լոռին հերթական անգամ մեծարեց իր մեծին՝ ցույց տալով, որ իսկական արվեստագետի ձայնը շարունակում է հնչել իր գույների միջոցով:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Բնանկար՝ արևածագ կամ մայրամուտ՝ ոսկեգույն երկնքով:


Եկեղեցի լանդշաֆտում՝ վառ, էքսպրեսիվ գույներով:



No comments:

Post a Comment