The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 25 February 2026

Այսօր էլ Զորավար Անդրանիկի «թռիչքի» կարիքն ունենք

 

«Այս ի՞նչ զարմ են հայերը, որ Անդրանիկներ են ծնում» Այսօր էլ Զորավար Անդրանիկի «թռիչքի» կարիքն ունենք /Փետրվարի 25-ը հերոսի ծննդյան օրն էր/

Լոռեցիները Հայաստանի Հանրապետության անկախության բոլոր տարիներին հավուր պատշաճի նշել են մեր ժողովրդի մեծանուն զավակի՝ հայ, բուլղար, ֆրանսիացի (Պատվո լեգեոնի շքանշանակիր) ժողովուրդների ազգային հերոս, անպարտելի զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան և հիշատակի օրերը։ Վերջին ութ տարիներին այդ ավանդույթը շարունակվում է Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում կանգնած՝ մեր երկրում Զորավարի առաջին բրոնզաձույլ արձանի շուրջ, որը բացումից հետո դարձել է երախտագետ լոռեցիների ուխտատեղի։

Երիտասարդ քանդակագործ Գեղամ Բեկջանյանի հեղինակած հուշակոթողը կանգնեցվել է «Ինտերկապ» բարեգործական հիմնադրամի և «Զորավար Անդրանիկ» խմբի նախաձեռնությամբ ու համաժողովրդական հանգանակությամբ, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներում ապրող շուրջ 300 անդրանիկասեր հայորդիներ։ Լեռների ծերպերից արծվային հայացքով Զորավարը կարծես զննում է ռազմի դաշտը՝ սուրը կիսով չափ հանած, պատրաստ հարձակման հրամանը տալու։ Պատվանդանին փորագրված է. «Ափսոս, գործս կիսատ մնաց»։

Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին՝ «Վանաձորի օրը» տոնակատարության շրջանակներում։ Շատերը հիշում են, որ այդ օրը քաղաքի միջոցառումներին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա ավտոշարասյունը արագությամբ անցավ Զորավարի անվան փողոցով՝ առանց կանգ առնելու և առանց մասնակցելու բացման արարողությանը։

Ինչո՞ւ։ Հնարավո՞ր է՝ այն պատճառով, որ աննկուն Զորավարը բազում արյունալի ճակատամարտերի ու անձնազոհության գնով կարողացավ Զանգեզուրը զերծ պահել թուրք-ազերիների ոտնձգություններից և Լեռնային Ղարաբաղը «ոսկե սկուտեղով» մատուցել նորանկախ Հայաստանի Հանրապետությանը։ Եթե նա դա չաներ, այսօր գուցե այլ կերպ կհնչեր Զանգեզուրի և «միջանցքի» թեման, որի շուրջ շարունակվում են լարված քննարկումները։

Ժողովուրդն, սակայն, ունի իր գնահատականը Մեծն Անդրանիկի գործունեության վերաբերյալ։ Փետրվարի 25-ին՝ ծննդյան 161-ամյակին, ժողովրդի սիրելին ու պաշտելին՝ գեղջուկին կռվել և հաղթել սովորեցրած պաշտպանը, դարձյալ վերադարձավ հայրենիք, որտեղից երբեք չէր հեռացել։ Նրա անունը ճեղքում է ցանկացած արգելք և ներկայանում որպես հույսի ու հավատի խորհրդանիշ։

Չնայած սրբազան տոնը պետականորեն չկազմակերպվելուն, այս տարի ևս հուշարձանին իրենց ինքնաբուխ խոնարհումը բերեցին դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, նախաձեռնող խմբի անդամներ, հյուրեր արտերկրից, Երևանից և այլ համայնքներից։ Միջոցառումների կազմակերպումն իրականացվեց «Ինտերկապ»-ի, Երկրապահ կամավորականների միության և «Ողջ մնալու արվեստ-Վանաձոր» կազմակերպության հոգածությամբ։ Մարզի և քաղաքի իշխանություններից ներկայացուցիչ չկար։

Ողջույնի և օրհնության խոսքով հանդես եկավ Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցու հովիվ տեր Վահան ավագ քահանա Ազարյանը։ Նա ընդգծեց. «Ժողովրդի արցունքը սրբող Զորավարը չի սկսվել ու չի ավարտվել երբեք։ Նա այսօր մեզ հուշում է՝ բավարար չենք գործել հայրենիքի համար։ Պետք է փոխենք մեր վերաբերմունքը, գործենք հանուն ապագայի, հանուն Հայոց տան շենացման»։

Զորավարի մեծագործությունների մասին ամեն տարի նոր փաստեր է ներկայացնում գրող, հրապարակախոս, անդրանիկագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը։ Այս անգամ էլ նա անդրադարձավ Զանգեզուրի գոյամարտում Անդրանիկի ներդրմանը, ինչպես նաև ռուս զինվորի հուշերին՝ Աղբյուր Սերոբի այրի Սոսե Մայրիկի և Անդրանիկի պատմական հանդիպման մասին՝ նշելով, որ որոշ պատմաբաններ նույն ժամանակահատվածում Սոսեին արդեն «տեղափոխել» են Եգիպտոս։

Գնահատանքի խոսքով հանդես եկան «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Լիպարիտ Դալլաքյանը և Զորավարի զինվորի թոռ, ազատամարտիկ Վաչագան Ավետիքյանը։ Վերջինս հիշեց իր տատիկի պատմածը. «Անդրանիկը երբ հանում էր հագուստը, տասնյակ փամփուշտներ էին հատակին թափվում»։ Արաքսն անցնելիս հայ մայրերը խեղդվելու վտանգի առաջ էին կանգնել։ Զորավարը ջուրը նետվեց և փրկեց նաև նրա տատիկին, որի շնորհիվ հնարավոր դարձավ իր աշխարհ գալը։

Ելույթ ունեցողները շեշտեցին, որ դեռ Զորավարի կենդանության օրոք ժողովուրդը նրան լեգենդ էր համարում, պատմություններ պատմում, երգեր հյուսում՝ հաճախ համեմատելով երկնքում սավառնող արծվի հետ։ Այսօր էլ մենք այդ «թռիչքի» կարոտն ունենք՝ որպես հայրենասիրության խորհրդանիշ, հատկապես այն ժամանակներում, երբ հերոս հասկացությունը հաճախ գլխիվայր է շրջվում։ Հնչեց նաև հույս, որ Զորավարի կիսատ մնացած ցանկությունները կիրականացնեն այսօրվա մարդիկ։

Հետաքրքիր մի փաստ ևս հիշեցվեց. իր վերաբերմունքը չի թաքցրել անգամ բազմաթիվ փաշաներ ունեցող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ով, բազմիցս Անդրանիկից պարտություն կրելով, մի առիթով զարմանքով ասել է. «Այս ի՞նչ զարմ են հայերը, որ Անդրանիկներ են ծնում»։ Նրա երազանքը, ինչպես վերագրվում է, եղել է, որ «այս հողի վրա Անդրանիկներ այլևս չծնվեն»։ Այդ ձգտումը, ըստ ելույթ ունեցողների, շարունակում է առկա մնալ հարևան երկրում։

Մինչդեռ հայրենասեր ու ազգասեր մարդիկ համոզված են՝ Անդրանիկը հավերժ է, և մենք էլ նրա հետ ենք հավերժ։ Զորավարի ծննդյան տոնը ևս մեկ առիթ է լրջորեն խորհելու կարևորագույն խնդիրների մասին։ Անդրանիկի, Գարեգին Նժդեհի և մեր հազարավոր հերոսների գործը մեծարելը նշանակում է ոչ միայն երգել նրանց մասին, արձաններ կառուցել, փողոցներ ու դպրոցներ կոչել նրանց անուններով, այլև ամրապնդել նրանց երազած համազգային համերաշխությունը։ Այդ համերաշխությունն այսօր հաճախ մնում է ցանկության մակարդակում, մինչդեռ այն պետք է դառնա գործող մեխանիզմ, հստակ ծրագիր, համազգային աշխատանքի բաժանում և ամենօրյա տքնաջան աշխատանք՝ ի փառս հայրենյաց, ի կատարումն Մեծերի ցանկության։

Նույն օրը տոնակատարության մասնակիցները եկեղեցու դահլիճում դիտեցին «Հրե օղակի կենտրոնում» ֆիլմը, որը ներկայացնում է Զորավար Անդրանիկի 1918–1919 թվականների ոդիսականը Զանգեզուրի հերոսամարտերում (հեղինակ և բեմադրող՝ Դավիթ Ստեփանյան, օգնական՝ Սիրարփի Ենգիբարյան, տեքստը կարդում է Հարություն Աստվածատրյանը)։ Չորս մասից բաղկացած, 2 ժամ 6 րոպե տևողությամբ ֆիլմը կառուցված է ամբողջությամբ արխիվային փաստագրական նյութերի և պատմագիտական աշխատությունների հիման վրա։

Գագիկ Անտոնյան



No comments:

Post a Comment