Եթե հարցը կանտեսեն մեծահասակները, դուք՝ երիտասարդներդ, ձեր ձեռքը մեկնեք նահատակվող Հայաստանին:
Ստեփանավան քաղաքի մանկատունը Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած երեխաների ապաստարաններից մեկն էր: Մշակույթի անվանի գործիչ, գրող, բանաստեղծ, թարգմանիչ (ռուսերենից՝ հայերեն և հակառակը), դերասան ու երգահան Գագիկ Շիրմազանյանը (Շիրմազան) հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել Ստեփանավանի մանկատների պատմությունից: Հիշեցինք դժնդակ տարիները, վեր հառնեց սովի ուրվականը, իմացանք, թե ինչպես հաղթահարվեցին սովն ու անասելի դժվարությունները: Այս ամենը, անշուշտ, կհետաքրքրի մեր ընթերցողներին:
Հայոց ցեղասպանությունից հետո Ամերիկյան բարեգործական ընկերության՝ Ամերկոմի (Մերձավոր Արևելքի օգնության կոմիտե, Near East Relief) որբանոցները շատ որբերի համար դարձան փրկության միակ ապաստարանը: Շատերի ճակատագրերն այստեղ «գրվեցին»: Հայաստանում առաջին որբանոցը բացվել է 1915 թ. նոյեմբերի 20-ին Ալեքսանդրապոլում:
1916 թ. Վրաստանի և Իմերեթի թեմի հայոց առաջնորդը դիմել է Կովկասի զորաճակատի փախստականների մասին հոգացող գլխավոր լիազորին՝ խնդրելով թույլ տալ Էջմիածնի մանկական ապաստարանից փախստական որբերին տեղափոխել Լոռի՝ Ստեփանավան: 1918 թ. Ստեփանավանում բացվել է ամերիկյան որբանոցը (հետագայում վերանվանվել է մանկատուն):
1918 թ. մայիսի 19-21-ը Ստեփանավանում է գտնվել հայ ազատագրական պայքարի ականավոր գործիչ, գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանի ղեկավարած զորամիավորումը: Զորամասի կազմում եղած ռուս սպա Պյոտր Սիբիրցևը, պատմելով այդ օրերի մասին, գրել է, որ Ստեփանավանում եղել են մի քանի մանկատներ, որոնց ղեկավարները շփոթվել են հայկական զորամասի նահանջի մտքից: Անդրանիկի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է երեխաներին տեղափոխել Քոլագերան կայարան, իսկ այնտեղից՝ երկաթուղով Թիֆլիս: Մանուկներին ձիերի վրա կայարան են հասցրել զորամասի հեծյալները: Այդ որբ, հիվանդ ու սովալլուկ փոքրիկ մարդկանց Պյոտր Սիբիրցևը ներկայացրել է որպես Հայաստանի դժբախտության մարմնացում և տառապած հոգով կոչ է հղել աշխարհի մանուկներին. «Ոտքի՛ կանգնեցեք, բոլոր ժողովուրդների երեխանե՛ր, եթե հարցը կանտեսեն մեծահասակները, դուք ձեր ձեռքը մեկնեք նահատակվող Հայաստանին, փրկեք այնպիսի երեխաների, ինչպիսին դուք եք, որոնք ունեն ապրելու իրավունք, ինչպես դուք»:
Հայաստանի համար ծանր տարիներին՝ 1919 թ. հունիսի 1-ին, Բաթումում խարիսխ են նետել ամերիկյան երկու բեռնանավ՝ մոտ 10 հազար տոննա ցորենով և 619 տոննա լոբի ու սիսեռով, որոնք գնահատվում էին 2 միլիոն դոլար: Չորս օր անընդմեջ գնացքներով կենսատու բեռը տեղափոխվել է Հայաստան: Հունիսին կատարվել է ևս երեք առաքում՝ 11 հազար տոննա պարենամթերքով... Հոգևարքի մեջ հայտնված Հայաստանը սկսել է շնչել:
1919 թ. մայիսի 1-ից Ամերկոմին հանձնվել են 90 որբանոց և 10 հիվանդանոց՝ 13 942 որբերով (Վանից, Մուշից, Կարսից, Ալաշկերտից, Էրզրումից): 1920 թ. դեկտեմբերին Ամերկոմի որբանոցներում խնամվող երեխաների թիվը հասել է 18 500-ի: Կոմիտեն շարունակել է գործունեությունը մինչև 1929 թ.՝ մինչև երեխաների չափահաս դառնալը: 1922 թ. Ալեքսանդրապոլում հիմնվել է մանկատուն՝ 40 որբերի համար, իսկ Ստեփանավանում՝ նաև մսուր-մանկապարտեզ:
Խորհրդային տարիներին՝ 1923 թ., Կինբաժնի հատուկ հանձնաժողովը Երևանում հավաքել է 500 անապաստան երեխա, որոնցից 200-ը ընդունել է Ամերկոմը և ուղարկել Ստեփանավանի մանկատներ: Ստեփանավանի մանկատների սաները ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքի միջոցառումներին: Մասնավորապես, 1925 թ. հուլիսի 5-ին Ստեփանավանում տեղի ունեցած պիոներական կազմակերպության 4-րդ տարեդարձի տոնակատարությանը բացի պիոներներից ներկա են եղել 900 Ամերկոմի որբեր:
1926 թ. Ամերիկյան կոմիտեի Ստեփանավանի բաժանմունքը վերջնականապես լուծարվել է, գրասենյակը տեղափոխվել է Գյումրի: Ամերկոմի կողմից զբաղեցրած բոլոր շենքերը հանձնվել են Լուսժողկոմատի մանկատնային բաժնին, որտեղ տեղափոխվել են 1000-ից ավելի մանկահասակ սաներ:
Մինչև 1929 թ. Ամերիկյան մանկատները դրսից ամսական ստացել են 150 հազար դոլարի օգնություն, որը շարունակվել է նաև հետագայում՝ ամսական 100 հազարի չափով: Տասնյակ հազարավոր որբեր շնորհիվ Ամերկոմի ոչ միայն փրկվեցին, այլև համեմատաբար ապահով անցկացրեցին 20-ականների սկզբի սովը, ստացան բավական լավ կրթություն, տիրապետեցին լեզուների, վարժվեցին արհեստներին, ծանոթացան քաղաքավարության ու վարվելակերպի կանոններին: Նրանցից շատերը դարձան մեր երկրին իսկապես պիտանի քաղաքացիներ:
1939 թ. օգոստոսի 15-ին Ստեփանավանում բացվել է Հայաստանի մանկատների 4-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Երևանի, Լենինականի (Գյումրի), Ստեփանավանի, Բայազետի, Քանաքեռի, Գորիսի մանկատների երգի-պարի խմբերը:
1960 թ. հունիսի 18-ին քաղաքային թիվ 1 մանկապարտեզի դահլիճում տեղի է ունեցել մանկատան ու մանկապարտեզի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
Լուսանկարում՝ Ստեփանավանի մանկատան սաներն են դաստիարակների և տեղացի բնակիչների հետ: Մանկատունը գտնվել է Ստեփանավանի ներկայիս համաբուժարանի տեղում:
Գագիկ Անտոնյան

No comments:
Post a Comment