The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 20 February 2026

Խաղաղության արժեքը. երբ ձեռք սեղմելը հաղթանակ է

 ՆԱՄԱԿ֊ԿԱՐԾԻՔ


20.02.2026/Նիդ օրագիր
Մենք՝ հայերս, հաճախ ամեն բան ծայրահեղացնում ենք։ Պարտությունը վերագրում ենք մեկ մարդու, մեկ օրվա, մեկ որոշման։ Բայց պատմությունը երբեք այդքան պարզ ու միաշերտ չի լինում։
Արցախյան վերջին պատերազմը մի օրում չսկսվեց և մենք մի օրում չպարտվեցինք։ Տարիներ շարունակ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվում էր։ Ադրբեջանը համակարգված կերպով զինվում էր, նրա կողքին կանգնած էր հզոր բանակ ունեցող Թուրքիան։ Ռուսաստանը, որը մեզ համար համարվել է ռազմավարական գործընկեր, մահաբեր զենք էր վաճառում Ադրբեջանին։ Պատերազմը հասունացվել էր երկար ժամանակ, և դրա պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել մեկ անունով։
Այո՛, Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանությունը մի փուլում, երբ գործընթացները արդեն ընթացքի մեջ էին։ Պատերազմի ավարտից հետո նա կանգնեց մի ընտրության առաջ՝ շարունակե՞լ պատերազմը՝ վտանգելով Հայաստանի պետականության գոյությունը, թե՞ փորձել կանգնեցնել արյունահեղությունը և փրկել այն, ինչ դեռ հնարավոր էր պահպանել։ Նա ընտրեց խաղաղության ճանապարհը։
Խաղաղություն ընտրելը միշտ չէ, որ հնչեղ, հաղթական կամ էմոցիոնալ որոշում է։ Երբեմն դա ցավոտ է, երբեմն՝ թյուրըմբռնված։ Դիտեցի օրվա կադրը, երբ Փաշինյանը Տրամփի հորդորով խաղաղության ֆորումին սեղմում է Ալիևի ձեռքը։ Հեշտ է՞ դա, իհարկե` ոչ։ Բայց երբ սահմանին զինվոր չի զոհվում, երբ մայրերը չեն ստանում սև լուր, դա արդեն պետականության պահպանման քաղաքականություն է։ Պետությունը պահելը երբեմն ավելի մեծ խիզախություն է պահանջում, քան պատերազմելը։
Սա էլ է քաղաքականություն։ Քաղաքականություն՝ որպես պատասխանատվություն, ոչ թե միայն հաղթական կոչերով։
Երեկ դիտում էի Օլիմպիական խաղերի կանանց գեղասահքի պարգևատրման արարողությունը։ Բարձրանում էր Միացյալ Նահանգների դրոշը, իսկ երկու կողմերում՝ Ճապոնիայի դրոշներն էին։ Դա այն նույն Ամերիկայի դրոշն էր, որի երկրի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ատոմային ռումբեր նետվեցին Հիրոսիմայի և Նագասակիի վրա։ Պատմությունը ծանր է, ցավոտ, ողբերգական։
Բայց այսօր մարզուհիները կանգնած են նույն հարթակին։ Նրանք միմյանց ձեռք են սեղմում, ողջագուրվում են, շնորհավորում, միասին լուսանկարվում։ Սպորտն այստեղ դառնում է քաղաքականության բարձրագույն դրսևորում՝ մրցակցություն առանց ատելության, պայքար առանց ոչնչացման։

Ինչ կլիներ մեր դեպքում, երբ միասին կանգնած լինեինք թուրք մարզիկների հետ։
Խաղաղությունը քաղցր բան է։ Այն հեշտությամբ չի տրվում, հաճախ թանկ գին ունի, բայց դրա արժեքը անհամեմատելի է։ Մենք չենք կարող դարեդար ապրել մշտական թշնամանքի մեջ։ Ոչ մի ժողովուրդ չի զարգացել անընդհատ պատերազմի պայմաններում։ Զարգանում են նրանք, ովքեր կարողանում են ցավը վերածել դասի, պարտությունը՝ վերաիմաստավորման, իսկ թշնամությունը՝ սառնասրտության ու հաշվենկատ քաղաքականության։
Խաղաղությունը թուլություն չէ։ Դա գիտակցված ընտրություն է՝ հանուն ապագայի։ Հանուն այն երեխաների, ովքեր պետք է մեծանան ոչ թե ապաստարանների, այլ դպրոցների բակերում։ Հանուն այն զինվորի, որը պետք է տուն վերադառնա ողջ ու առողջ։ Հանուն այն պետության, որը պետք է ապրի, զարգանա և ամրապնդվի։
Պատմությունը մեզ մեկ պարզ ճշմարտություն է սովորեցնում՝ հավերժական թշնամիներ չկան, կան միայն հավերժական շահեր։ Իսկ մեր ամենամեծ շահը Հայաստանի Հանրապետությունն է։
Երբեմն ձեռք սեղմելը իսկական հաղթանակ է։
Չգիտեմ որքանով կարողացա մտքերս ճիշտ տեղ հասցնել։
Արթուր Բաբասյան, Նիդերլանդներ

No comments:

Post a Comment