The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 9 February 2026

Պղծված խաչքարը Թուլուզում․ լռություն և սպասում

 Гагик Антонян/10.02.2026/Նիդ.օրագիր

Անհայտ անձինք պղծել են Ֆրանսիայի Հանրապետության մեծությամբ չորրորդ քաղաք Թուլուզի Ժան Ժորեսի անվան կենտրոնական պողոտայում տեղադրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող տուֆակերտ խաչքարը։ Հուշարձանը ապականվել է դժվար մաքրվող նյութով։
Դեպքի առնչությամբ լրատվամիջոցներից մեկում իր բողոքի և զայրույթի ձայնն է բարձրացրել սրտացավ ֆրանսուհի Ալիս Էլվան Գելիկը։ Չնայած ֆրանսերեն լեզվի իմ ոչ բավարար իմացությանը՝ կարողացա թարգմանել նրա հուզական արձագանքը, որը վերնագրված է «Անընդունելի է»։
«Հայոց զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Թուլուզում պղծված է։ Նման արարքը “հիմարաբար արված” սխալի արդյունք չէ։ Սա լրջագույն ծաղր է զոհերի հիշատակի նկատմամբ։ Թուլուզի քաղաքապետարանի լռությունն անընդունելի է։ Պետք է անհապաղ գտնել մեղավորներին և պատժել»,– գրում է նա։
Դժվար է չհամաձայնել այս գնահատականին։ Խաչքարը ոչ միայն ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշն է, այլև հայ ժողովրդի նվերն է թուլուզցիներին՝ որպես բարեկամության և երախտագիտության նշան։ Եթե անգամ իրավապահ մարմինները դեռևս չեն հայտնաբերել հանցագործներին, ապա հուշարձանի մաքրումն ու պատշաճ վիճակի վերականգնումը կարելի էր անհապաղ կազմակերպել։
Թուլուզում գործում է հայկական մեծ համայնք։ Բնական է ակնկալել, որ տեղի հայությունն ու համապատասխան կառույցները ևս իրենց դիրքորոշումը կհայտնեն։ Նման դեպքերում հասարակական արձագանքը ոչ պակաս կարևոր է, քան իրավական ընթացքը։
Մինչ համապատասխան քայլերի սպասումը, արժե հիշել այս խաչքարի պատմությունը։ Այն կերտվել է Հայաստանում՝ Վանաձորում։ 1993 թվականին՝ խավարի ու ցրտի ծանր տարիներին, «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության ավտոշարասյան մեքենաներից մեկը Հայաստան–Վրաստան–Ռուսաստան–Ուկրաինա–Հունգարիա–Ավստրիա–Գերմանիա–Ֆրանսիա շուրջ 6 հազար կիլոմետր ճանապարհ հաղթահարելով՝ խաչքարը հասցրել է Թուլուզ։
Բացման հանդիսավոր արարողությանը խոսել են Թուլուզի քաղաքապետ Դոմինիկ Բոդեսը (հետագայում՝ Եվրոպական խորհրդի պատգամավոր), ինչպես նաև ՀՀ Ազգային խորհրդի այն ժամանակվա պատգամավոր Արամ Մանուկյանը, ով ժամանակին ընթերցել էր Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Նույն օրը մեկ այլ խաչքար, որը նվիրվում էր մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին, հուզմունքով ընդունել է երգչի օգնական Ժիրայր Մարկոսյանը։ Այդ խաչքարը հետագայում տեղափոխվել է Շվեյցարիա և տեղադրվել Ժնևի մերձակայքում գտնվող Ազնավուրի առանձնատան պարտեզում։
Նախաձեռնության հեղինակն ու կազմակերպիչը «Ինտերկապ» բարեգործական կազմակերպությունն էր՝ նախագահ Նորայր Զուլոյանի գլխավորությամբ։ Նրա անձնական ու ընկերական կապերի շնորհիվ տարիներ շարունակ եվրոպական երկրներից Հայաստան էին փոխադրվում մարդասիրական բեռներ՝ բուժսարքավորումներ, դեղորայք, հագուստ, սննդամթերք։ Այդ ամենը անվճար բաշխվում էր մեր ժողովրդին։ Խաչքարերի նվիրատվությունը երախտագիտության արտահայտություն էր այն երկրների նկատմամբ, որոնք օգնության ձեռք էին մեկնել Հայաստանին։
Հետագայում «Ինտերկապի» բեռնատարներով 11 խաչքար տեղափոխվեց եվրոպական տարբեր պետություններ։ Դրանք այսօր զարդարում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի և Հունգարիայի քաղաքների հրապարակներն ու փողոցները։
Այդ խաչքարերից հինգը կերտել է լոռեցի ժողովրդական վարպետ Սերգեյ Դանիելյանը։ Տարիներ առաջ նա ինձ տեղեկացրել էր, որ արդեն կերտել է ավելի քան հազար խաչքար և հույս ունի կյանքի ընթացքում ստեղծել առնվազն ևս հինգ հարյուրը։ Նրա և նման վարպետների աշխատանքը պարզապես քարագործություն չէ․ դա հիշողության, հավատքի և ինքնության շարունակականություն է։
Այսօր Թուլուզի խաչքարը ժամանակավորապես պղծված է, բայց նրա խորհուրդը չի կարող պղծվել։ Այն մնում է հիշողության ու բարեկամության խորհրդանիշ։ Մնում է միայն սպասել, որ լռությունը փոխարինվի պատասխանատվությամբ, իսկ խաչքարը՝ արժանապատվորեն վերականգնվի։

ՀԳ. Խաչքարի տեղադրումն ու դրա պատմությունը մեզ մեկ անգամ ևս հիշեցնում են այն մարդկանց մասին, որոնց շնորհիվ նման արժեքներ են ստեղծվում ու տարածվում աշխարհով մեկ։ «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախագահ Նորայր Զուլոյանն ու ժողովրդական խաչքարագործ վարպետ Սերգեյ Դանիելյանը Լոռու զարմանահրաշ այրերից են։ Նրանք ոչ միայն այս նախաձեռնության հեղինակներն են, այլև բազմաթիվ այլ բարեգործական գործերի նախաձեռնողներ։ Մեր ժողովուրդը, անշուշտ, արժանի է նրանց գործունեությանը ավելի հանգամանորեն ծանոթանալու։ Այդ մասին դեռ կխոսենք առանձին։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

No comments:

Post a Comment