The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 28 March 2019

Իսրայելահայերը «Տաք ձմեռ» ծրագրի շրջանակներում օգնում են գյումրեցիներին


Մեզ հետ  համագործակցող Իսրայելի հայ համայնքի «Իսրայելահայեր» թերթը վերստին` նոր ֆորմատով սկսել է հրատարակվել և իր  կազմակերպած ձեռնարկների մասին տեղեկացնել իր ընթերցողներին: Վերջերս իսրայելահայերի օգնությունը հասավ Գյումրի: 

Այդ մասին է պատմում կայքում հրապարակված «Տաք Ձմեռ» ծրագիրը շարունակվում է» վերնագրով հոդվածը


Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն ու կամավորները շահառուների հետ

Հունվարին Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության կատարած հանգանակության ժամանակ, որին մասնակցեցին երկրի կենտրոնի մի շարք քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչներ՝ հավաքվեց 3500 շեկել, որին միությունը ևս գումար ավելացրեց և խնդրեց միության հիմնադիր կազմի անդամ, ֆինանասկան հարցերի պատասխանատու Տիգրան Մամաջանյանին Հայաստան այցելության շրջանակներում հանգանակությունն ըստ նախնական պայմանավորվածության հանձնել  Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին: Նպատակը մեկն էր՝ Գյումրիում շարունակել աջակցել ծայրահեղ աղքատ, տնակներում բնակվող բազմազավակ ընտանիքներին ու սոցիալապես խոցելի մյուս խավերին՝ ձմեռային վառելիքով ապահովելու և նրանց տնակները տաքացնելու և հոգսերը մեղմելու համար:
«Տաք Ձմեռ» ծրագիրն, որը մեկնարկել էր 4 տարի առաջ դեկտեմբերի 7 – ին՝ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված, Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում կազմակերպված հոգեհանգստյան արարողությունից հետո դարձավ ավանդական ու եթե նախկինում հանգանակություններն ուղղվում էին զուտ վառելափայտ գնելուն ու խոցելի խավերին անվճար բաժանելուն, ապա այս անգամ որոշվեց վճարել սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձավճարները՝ կանխիկ ձուրաքանչյուր ընտանիքի էլեկտրականության հաշվեհամարներին 20.000 դրամ փոխանցելու միջոցով:
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղը Շիրակի թեմի սոցկենտրոնի հետ առաջին փուլում իրականացրել էին տունայցեր, վերցվել էին  սոցիալապես անապահով ընտանիքների հաշվեհամարներն ու այլ անհրաժեշտ տվյալներ։ Երկու շաբաթվա ընթացքում ցուցակների ճշգրտման աշխատանքների ավարտից հետո պարոն Մարտիրոսյանը «Նաիրի» միությանը ներկայացրեց ընդհանուր ցուցակն ու համատեղ որոշվեց իրականացնել արդեն ծրագրի երկրորդ փուլն, որի ժամանակ  բանկային տերմինալով կատարվել էին  բոլոր վճարումները, հրավիրվել էին շահառուներն և նրանց հանձնվել էին անդորրագրերի բնօրինակները՝ նշելով, թե ովքեր են բարերարները:
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում հանգանակությանը մասնակցած բոլոր հայորդիներին ու առանձին նամակով նաև իր երախտագիտությունն է հայտնել Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին ու նրա կամավորներին, ինչպես նաև ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին ու մասնավորաբար սոցիալական բաժնի ղեկավար՝ Լուսիկ Մուրադյանին և սոցիալական աշխատող՝ Հռիփսիմե Պետրոսյանին։

Ընդհանուր առմամբ Իսրայելահայերի հանգանակությունների հաշվին 4 տարվա ընթացքում Գյումրի քաղաքի տնակներում բնակվող ծայրահեղ աղքատ, բազմազավակ, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով 143 ընտանիք, ավելի քան 570 մարդ օժանդակություն է ստացել «Տաք Ձմեռ» ծրագրի շրջանակներում: Աջակցություն է ցուցաբերվել նաև Գյումրիի հաշմանդամ երեխաներին:

«Նաիրի» միությունն այժմ քննարկում է օգնության փոխարեն քաղաքում փոքր բիզնեսի աջակցության ծրագիր նաև սկսել, քանի որ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված աշխատանքներ է պետք տանել մարդկանց «Տնակային պահանջողական» հոգեբանության վերացման ու աշխատանք առաջարկելու կամ սկսնակ փոքրիկ բիզնեսին խրախաուսելու միջոցով՝ մարդկանց առօրյա աշխատանքին վերադարձնելու անհրաժեշտության հետ կապված:

Արտյոմ Չերնամորյան

«Իսրայելահայեր»
March 28, 2019


No comments:

Post a Comment