The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 6 March 2019

Թումանյանը, Կոմիտասը և Սահակ Ամատունին

Թումանյանական ու կոմիտասյան տարի է  2019թվականը: Շատերը գիտեն, որ մեծն ու անմահ Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյարներն են: Այն ներառվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում:  Քչերն են սակայն ճանաչում նրաց ժամանակակցին ու համախոհին` Վարդապետ Սահակ Ամատունուն, ում դին հանգչում է հանրահայտ Օշական գյուղում: Հունվարի 22-ին արդեն իսկ լրացել է հմուտ մանկավարժի ու բանասերի` Սահակ Ամատունու ծննդյան 163-րդ ամյակը:
Երկու մեծերի Թումանյանի և Կոմիտասի հետ անմիջական ջերմ հարաբերություններ է ունեցել Սահակ Ամատունին: Եթե Թումանյանի հետ հայտնի է նրանց անկեղծ ու ջերմ շնչով գրված նամակները, գրական հարցերի շուրջ քննարկումները, ապա Կոմիտասին անձամբ է դասավանդել Սահակ Ամատունին: Ապագա մեծ երգահանը 1885-86թթ նստել է Սահակ Ամատունու դասարանում: Կոմիտասի հետագա ծավալած գործունեությունը` Սահակ Վարդապետի թողած գործի անմիջական աշխատանքի շարունակությունն է եղել:

Մեծն Հովհաննես Թումանյանի ուշադրությունից չի վրիպել Սահակ Ամատունու նոր աշխատությունը: 1912թ. հունիսի 28-ի նամակում ահա թե ինչպես է նա արձագանքել.
«Բարձրապատիվ Սահակ հայր սուրբ, ինձ են հասել Ձեր ուղարկած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» գիրքը և Ձեր խնդակցությունը իմ ազատվելու առթիվ: Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր բարեկամական ազնիվ զգացմունքի համար և շատ եմ ուրախանում, տեսնելով Ձեր նորանոր գեղեցիկ գրական աշխատությունները, անհամբեր սպասում եմ «Բառ ու բանին»: Էջմիածինը որքան կարևոր լինի իր վարչական նշանակությամբ, ավելի սիրելի է դառնալու երբ գրական ու գիտական գործերը ճոխանան ու հաճախանան նրա պարիսպների մեջ, և ինձ համար էդ տեսակի գործերն ու գործիչները միշտ մնալու են ավելի թանկ ու սիրելի, քան ամեն տեսակի պաշտոնյաներ: Ցանկանալով հաջողություն առողջություն ջերմ բարևներով մնամ միշտ Ձեր բարեկամը Հովհ.Թումանյան»:

Առավել բարձր գնահատական է տվել ամենայն հայոց բանաստեղծը 1912 թ Սահակ Ամատունու հրապարակած «Հայոց բառ ու բան» աշխատությանը, Թումանյանը գրել է. «Սահակ հայր սուրբ, ստացել եմ Ձեր «Բառ ու բան» գեղեցիկ աշխատությունը և շնորհակալ եմ, որքան իբրև մի բարեկամ՝ հազար անգամ ավելի իբրև գրական մարդ: Առանց էդ տեսակ աշխատանքների անկարելի է ստեղծել մեր գրական լեզուն: Նոր կյանքի ու նոր ազդեցությունների պատճառով շատ արագ կերպով կորչում են էդ ամեն բառ ու բաները, և ով նրանց փրկի կորուստից ու մահից, նրանց հետ միասին կանմահացնի իրեն: Դուք սրանով անմահացնում եք ձեզ...»:
Ավելի վաղ Թումանյանը իր ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔ հոդվածում այս գրքի մասին հետևյալն է հայտնել.

Սահակ վարդապետ Ամատունին արդեն տպագրում է (Ղուկասյան ֆոնդի հաշվով) իր «Բառ ու բան» խոշոր աշխատությունը, որի մեջ հավաքված են մեր կենդանի բարբառներից ու գրականությունից այն բոլոր ոճերն ու բառերը, որ չկան Հայկազյան բառարանում։

Ավելի ուշ` եղեռնի տարիներին Թումանյանը գործունեություն է ծավալել ոչ միայն Սահակ Ամատունու հետ, այլ նաև հասարակական գործիչ Գրիգոր Վարդանյանի (հետագայում ՀՕԿ-ի նախագահ), Վարդգես Ահարոնյանի, Էջմիածնի դիվանապետ, Փախստականներին օգնող կենտրոնական կոմիտեի Էջմիածնի ներկայացուցիչ Բագրատ վարդապետ Վարդազարյանի, Թումանյանի՝ Ներսիսյան դպրոցի դասընկերներից, Էջմիածնի միաբաններից Արսեն Ղլտճյանի, Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի, միաբաններ Գալուստ Տեր-Մկրտչյանի, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի, Աշոտ Աթանասյանի, Նիկողայոս Ադոնցի և այլոց հետ։

Սահակ Ամատունու մասին` Ամատունիներին նվիրված նախագծի շրջանակներում, բացառիկ ու հետաքրքիր նյութն ամբողջությամբ կարող եք գտնել` այստեղ
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html


Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները
https://www.nidoragir.com/2018/12/blog-post_49.html

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում
https://www.nidoragir.com/2019/04/blog-post_22.html

Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից
https://www.nidoragir.com/2018/09/blog-post_21.html

No comments:

Post a Comment