Niderlandakan Oragir

Niderlandakan Oragir
The Netherlands Diary

Saturday, 2 March 2019

Հայաստանում նշվում է Դիվանագետի օրը



Տարիներ  առաջ Մեդիամաքս լրատվական կայքը  հիշեցնելով, որ  Հայաստանում առաջին անգամ նշվում է Դիվանագետի օրը, հրապարակել էր  Տիգրան Բալայանի` «Արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը...»
վերնագրով հոդվածը, որտեղ կարդում ենք.


Տիգրան Բալայան:Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, քիմիական  զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ:

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության դիվանագետի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը» -համալրելով դիվանագիտական ծառայության շարքերը հենց այս բառերն են արդեն շուրջ տասը տարի արտասանում հայ դիվանագետները՝ իրենց առաջին դիվանագիտական աստիճանը ստանալիս։

Արտասանում են այս բառերը, որոնց իրական իմաստը շատ ավելի ուշ են հասկանալու, ու համալրում այն սակավ ընտրյալների շարքերը, որոնց վերապահված է լինել այս հայրենանվեր մասնագիտության կրողը: ՀՀ քաղաքացիներից ընդամենը շուրջ 500 անձի է բախտ վիճակվել կրել մեր երկրի դիվանագիտական գերատեսչության աշխատակցի բարձր ու պատասխանատու կոչումը, տարբեր հարթակներում եւ երկրներում ներկայացնել իրենց երկիրը, պաշտպանել նրա շահերը։

Մի քանի օր առաջ ականավոր պատմաբան եւ դիվանագետ Արման Կիրակոսյանը պատմում էր 1991թ. պատերազմող Հայաստանում ԱԳՆ ստեղծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին, երբ գրեթե ոչնչից ստեղծվում էր մի նոր համակարգ, ստեղծվում էր շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ երկիրը գտնվում էր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ցավոտ վերափոխումների ժամանակաշրջանում, իսկ ռազմաճակատում ստիպված էինք դիմակայել մարդկային ռեսուրսով եւ նյութական միջոցներով մի քանի անգամ մեզ գերազանցող հակառակորդին։ Այսօր պայմանները այդքան էլ չեն փոխվել, պարզապես ճակատը երկատվել է ու բացի բուն պետական սահմանից եւ շփման գծից կա նաեւ դիվանագիտական ճակատ, որտեղ հակադրությունը ոչ պակաս լարված է եւ պայթունավտանգ, երբ նավթին, գազին, խավիարին ու նավթադոլարներին հակառակվելիս կարող ես ապավինել միայն գիտելիքներիդ եւ մտքիդ ճկունությանը։

Երբ կրտսեր գործընկերներիս հետ զրուցում էինք Դիվանագետի օրվա խորհրդի մասին, նրանցից մեկի բառերը հատկապես տպավորվեցին. դարեր առաջ Իսրայել Օրին` հայոց պետականության ազատամարտիկը, երազել անգամ չէր կարող խոսել հայոց պետության անունից, տարիներ առաջ Դիանա Աբգարը չէր կարող պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության դրոշը մի օր կծածանվի հայկական դեսպանության շենքի առաջ: Բայց եկավ այդ օրը: Այսօր Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 157 երկրի հետ, դեսպանություններ եւ հյուպատոսություններ ունի ավելի քան 40 երկրում եւ տասնյակից ավելի ներկայացուցչություններ` միջազգային կազմակերպություններում:

Բնութագրելով դիվանագիտությունը, նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հրապարակված իր հոդվածում նշել է, որ դիվանագիտության արտաքին փայլի լույսերի տակ չի երեւում այն չարքաշ ու տքնաջան աշխատանքը, որը դիվանագետի կյանքի մասն է կազմում, կյանքի, որի ամեն վայրկյանը նվիրված է Հայրենիքին։ Այս բառերն հատուկ իմաստ ունեն հատկապես Հայաստանի պարագայում, որի դիվանագետների համար չկա ցերեկ եւ գիշեր, տոն եւ հանգստյան օր, արտերկրում աշխատանքի հարմարավետ ու  ապահով վայր։ Տո՞ն է արդյոք, որ հեռավոր երկրում երեխա ես ունենում, բայց կողքդ մի հարազատ էլ չկա, որ ուրախությունդ կիսես, իսկ հիվանդանոցից անմիջապես գնում ես հանդիպման, հետո դրա հաշվետվությունը գրելու, ու չգիտես էլ` երեկոյան կկարողանաս նորից գրկել նորածնիդ թե ոչ։ 

Հանգի՞ստ է արդյոք, երբ մի քանի շաբաթ առաջ ընտանիքի հետ ծրագրած կիրակի օրը հանկարծակի լուր ես ստանում հայրենակիցներիդ մասնակցությամբ մի վթարի կամ արտակարգ իրավիճակի մասին, եւ ոչ միայն այդ կիրակի, այլ մի քանի օր եւս տուն չես վերադառնում, ի վերջո, հանգի՞ստ է արդյոք Հալեպում կամ Բաղդադում աշխատելը։

Դիվանագիտությունը հնարավորի արվեստն է եւ այդ հնարավորությունները սահմանողը հենց դիվանագետն է իր մտքով, գիտելիքներով, երեւակայությամբ, ճկունությամբ եւ, իհարկե, կապերով։ Իմ շատ հարգելի դեսպան Վիգեն Չիտեչյանի առաջին դասը երիտասարդ դիվանագետներին հենց դրանում է կայանում. դիվանագիտության մեջ չկա անլուծելի խնդիր, կա խնդիր, որը պետք է լուծել։ Շատ առիթներ եմ ունեցել համոզվելու դրանում։

Դիվանագիտությունը նաեւ համբերելու արվեստ է. համբերելու, երբ բանից անտեղյակը քեզ հրապարկային դասեր է տալիս, համբերելու եւ քաղաքավարի շփվելու չափազանց ցինիկ եւ գոռոզ զրուցակցի հետ, համբերելու, երբ անհագուրդ ցանկություն ունես ընդհատելու դիմացինինդ եւ քո ճշմարտությունը բացատրելու, համբերելու, երբ երեխաներդ մեծանում են, սկսում են խոսել, հիվանդանում են, դպրոց են գնում, իսկ դու բացակա ես, եւ միայն կարող ես խոնարհվել ընտանիքիդ անդամների համբերության առջեւ եւ հույս տալ, թե լավ կլինի։

Ինձ համար այս օրվա խորհուրդն առաջին հերթին եւս մեկ առիթ է հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայելով, թե՛ Հայրենիքում, թե՛ Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու անքուն գիշերներ անցկացնելով, հաճախ վնասելով առողջությունը, իրենց նպաստն են բերում Հայաստանի հաջողությանն ու միջազգային հարթակում նրա դիրքերի ամրապնդմանն ու առաջընթացին։ 

Շնորհավոր»։  



Գիտնական-դիվանագետի խոսքերն այսօր էլ արդիական են, ու  նորովի են  հնչում:
«Մեդիամաքսը» այն  ժամանակ` հոդվածի վերջում, հավելել էր, որ Տիգրան Բալայանը պատմական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս:
Այսօր Տիգրան Բալայանը  Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է, քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը:  Ասենք, որ  թեև մի քանի ամիս է դեսպանն անցել է իր դժվարին, բայց պատվաբեր առաքելությանը , իրոք նա պատվով է հաղթահարել անցած բոլոր  դժվարությունները և հիմա մեծ պատասխանատվությամբ է կատարում  իր առջև դրված պարտավորություններն ու խնդիրները:  «Նիդերլանդական օրագիրն» անձամբ շնորհավորում է Տիգրան Բալայանին, դեսպանատան աշխատակազմին, մեր  բոլոր դիվանագիտական բնագավառի աշխատողներին` մասնագիտական տոնի կապակցությամբ և  հաջողություններ մաղթում մեր  պետությանը ծառայելու անձնազոհ ու անձնվեր գործում: Մեծ սիրով առանձնացրել ենք և մեր ընթերցողին ենք  ներկայացնում  Նոյեմբեր, դեկտեմբեր 1,2, հունվար, փետրվար ամիսների դեսպանության աշխատանքային հանդիպումների առանձին դրվագներ:

No comments:

Post a Comment