The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 5 September 2020

«Արմենիան» ավարտե՞ց իր առաքելությունը

 ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

05.09.2020 Սուրբ Ղազար կղզի/Գրիգոր Հովսեփյան/Նիդերլանդական օրագիր






Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելելով պարզեցինք, որ վաճառվել է «Արմենիա» հայտնի առագաստանավը: Այդ մասին ափսոսանքով մեզ հայտնեց Մխիթարյան միաբանության աշխատակիցներից մեկը` չցանկանալով հրապարակել անունը: Նա ասաց, որ նավը վաճառվել է մի ֆրանսիացու: Երբ մոտեցանք նավը դիտելու` մեզ մոտեցավ մի երիտասարդ, ով նույնպես չցանկացավ հայտնել անունը, բայց դրա փոխարեն ներկայացավ «Արմենիայի» նոր սեփականատեր և թույլատրեց նկարահանումներ կատարել: Նավի ետնամասը վնասվածքներ ուներ, իսկ տեսքը բավական անխնամ էր:


Շատերի հիշողության մեջ թարմ է «Արմենիա» առագաստանավի ճանապարհորդության մասին պատմությունները: 2009թ. մայիսի 28-ից իսպանական Վալենսիա նավահանգստից շուրջերկրյա ճանապարհորդություն սկսեց, այն ավարտվեց 2011թ․ օգոստոսի 5-ին՝ Միջերկրական ծովում և կայանվեց Մխիթարյան միաբանության մատույցներում:
«Արմենիա» առագաստանավը կտրել-անցել է 3 օվկիանոս, 5 մայրցամաք, կանգ է առել 23 պետությունում, անցել 42 հազար մղոն, 2 անգամ հատել է հասարակածը։
Տարօրինակ ենք համարում, որ նման պատմություն կերտած նավը նախ վաճառվել է, և վաճառվել է` օտարազգի գնորդի: Ինչու՞ ենք այդպես կարծում : Դեռ տարիներ առաջ հայկական մամուլում («Հրապարակ» թերթ) լուրեր էին շրջանառվում, որ Վենետիկի հայ գործարարները` ցանկացել են «Արմենիան» 1 մլն․ դոլարով գնել` հայկական դրոշն Ադրիատիկում-Վենետիկում` մնացյալ նավերի կողքին ծածանելու, նավարկելու, «հաճելին օգտակարի» հետ համակցելու խնդրանքով: Սակայն Զորի Հայկովիչը չի տվել իր համաձայնությունը: Ավելին, նա շուրջերկրյա ճանապարհորդությունը վերջացած չի համարել, քանի դեռ Սուրբ Ղազար կղզուց և Վիեննայից չեն բերել հայկական ամենամեծ մագաղաթե ձեռագրի՝ Մշո Ճառընտիրի (1200թ. ) 604 մագաղաթե թերթերից պակասող 18 թերթը, որից 17-ը գտնվում է Սուրբ Ղազար կղզում, իսկ մեկը՝ Վիեննայի թանգարանում։ նրա վաղեմի երազանքն էր, որ պատմական այս նավը Հայաստան տեղափոխվեր այս թերթերը իր հետ բերելով` Մատենադարանում ամբողջացնելու համար:

Ոչ, սա անփութության հետևանք չէ, այլ ուրիշ մի բան (նիդ.օրագիր)

Ասուլիսներից մեկի ժամանակ էլ նավը վաճառելու վերաբերյալ Զորի Բալայանը հետևյալն է ասել. «Նրանք կարող են առհասարակ այնպիսի մի բան անել, վերցնել նավը եւ չտալ, եթե մենք տեր չկանգնենք, բայց վաճառելու հարց չկա, առավել եւս՝ վաճառել եւ այդ գումարը գրպանը դնել։ Դա պետական է, թեև պետությունը ոչ մի կոպեկ չի տվել, դա նախագահ Սերժ Սարգսյանն էր կազմակերպել իր նախագահության առաջին տարում, եւ 3 հոգի էլ աջակցել էին՝ Գագիկ Ծառուկյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ Հրանտ Վարդանյանը։ Մենք պետությունից ոչ մի կոպեկ չենք վերցրել, եւ սա մերն է։ Հիմա պետք է բերենք ու դարձնենք պետությանը։ Այն պետք է լինի Սեւանում, նրա մասերը պողպատից են, ու այդ նավը հազար տարուց ավել ապրելու է, մանր-մունր բաները կարելի է ժամանակ առ ժամանակ փոխել, բայց իր բազան շատ լավն է ու ամուր»։
Այսքանից հետո մնում է տարակուսել` Վաճառվել է արդյո՞ք «Արմենիան»: Իսկ եթե վաճառվել է ինչու՞ օտարազգի գնորդի, որը կարող է նավը տնօրինել ըստ ցանկության, անգամ կարող է անվանափոխել:
Մնում է ենթադրել, որ այն ավելի թանկ է վաճառվել:
Իսկ խոստումները՞...
Հայրենասիրության պաթոսով ողողված խոսքերը՞...

Գրիգոր Հովսեփյան (Նիդ.օրագրի թղթ.)

«Արմենիան» նավարկության ժամանակ 2009-2011թթ
«Արմենիան» նավարկության ժամանակ (2009-2011թթ)

No comments:

Post a Comment