The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 27 September 2020

Վարչապետի ուղերձը, Արցախում պատերազմ է բռնկվել

 


Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն,

Քույրեր եւ եղբայրներ,


Այսօր վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային:


Ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:


Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետեւակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում պաշտպանության բանակի դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ:


Սիրելի ժողովուրդ,


Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության եւ արժանապատվության դեմ:


Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայկական քաղաքականության պատանդն է դարձել եւ այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին:


Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորն է: Եւ Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր եւ անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։


Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբեւէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը:


Մենք միասնական ենք ինչպես միշտ: Մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին: Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր եւ հաղթահարել բազում դժվարություններ: Մեր գործն արդար է եւ այս հանցավոր ոտնձգությունը եւս արժանի հակահարված կստանա:


Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար: Այս է պատճառը, որ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից եւ ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը:


Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից:


Սիրելի հայրենակիցներ,


Այսօր մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ: Իրավիճակը ավելի է բարդանում համավարակի պայմաններում: Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը: Մեր հաղթանակը կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական եւ մեր միասնական, հավաքական ջանքից եւ պահվածքից:


Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն եւ բարձր քաղաքացիական գիտակցություն: Եւ մենք կհաղթենք:


Եւ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, Ազատ եւ Երջանիկ Արցախում:

Փառք Հայոց բանակին:

Հավերժ փառք Հայ զինվորին:



No comments:

Post a Comment