The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 29 September 2026

Ադրբեջանը պատերազմում է գորգերով ու եկեղեցիներով

Հաագայում ադրբեջանական գորգերի ցուցադրությունից մինչև Քաբիլ Աշիրովի հոդվածը․ գորգերի պատմական վերագրման հարցը փոխարինվում է հայկական եկեղեցիների, Արցախի և Հայաստանի պատմության մասին հարձակումներով

Երբ փաստերին փոխարինում են անձնական վիրավորանքները․  պատասխան Azernews-ի վերլուծաբան Քաբիլ Աշիրովին

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանությունը Հաագայի քաղաքապետարանի «Atrium City Hall» սրահում կազմակերպել էր «Ադրբեջանական գորգերի շքեղությունը․ ուսուցում արվեստի միջոցով» խորագրով ցուցահանդեսը, որը կայացավ 2025 թվականի մայիսի 15-ից հունիսի 20-ը։

Ցուցահանդեսում «Ղարաբաղի գորգեր» անվանմամբ ներկայացված գործերը ցուցադրվում էին որպես ադրբեջանական գորգագործական դպրոցի ժառանգություն։ Հենց այդ ներկայացումն էլ չէր կարող չարժանանալ «Նիդերլանդական օրագրի» ուշադրությանը։

2025 թվականի հունիսի 25-ին «Նիդերլանդական օրագիրը» հրապարակեց «Գորգերը որպես պատմական հիշողություն․ Ադրբեջանը յուրացնում է հարևանների մշակութային ժառանգությունը» հոդվածը՝  ներկայացնելով հակափաստարկներ և հարցադրումներ ցուցահանդեսում պատմական ու մշակութային ժառանգության ներկայացման վերաբերյալ (Անգլերեն Eng):

Հաջորդ օրը՝ հունիսի 26-ին, ադրբեջանական Azernews լրատվական կայքում վերլուծաբան Քաբիլ Աշիրովը (Qabil Ashirov) հրապարակեց «Armenian myth and media’s crusade against Azerbaijani culture» վերնագրով հոդվածը։

Հատկանշական է, որ Աշիրովը չի հղում «Նիդերլանդական օրագրի» հրապարակմանը և նույնիսկ չի հիշատակում լրատվամիջոցի անունը։ Փոխարենը՝ նրա հոդվածի հիմնական թիրախը դառնում է հրապարակման հեղինակ Վահան Ամատունին։

Թեև ուշացումով Վահան Ամատունին հարկ է համարել արձագանքել Աշիրովի հրապարակմանը՝ վերադառնալով այն հարցին, որն այդպես էլ մնացել էր անպատասխան՝ գորգերի պատմական և մշակութային վերագրմանը։

Երբ փաստերին փոխարինում են անձնական վիրավորանքները

Azernews-ում հրապարակված Քաբիլ Աշիրովի հոդվածը նախևառաջ մի հարց է առաջացնում․ արդյո՞ք այն իրականում անդրադառնում է իմ սկզբնական հրապարակման մեջ բարձրացված հարցերին։

Ցավոք՝ հիմնականում ոչ։

Իմ հոդվածը ադրբեջանական գորգագործության, ադրբեջանական մշակույթի կամ ադրբեջանցի ժողովրդի մշակութային ներդրման գոյությունն ու արժեքը ժխտելու փորձ չէր։ Իմ բարձրացրած հարցը շատ ավելի կոնկրետ էր՝ ինչպե՞ս են պատմական և տարածաշրջանային գորգագործական ավանդույթները ներկայացվել Հաագայում անցկացված ցուցահանդեսում։

Խնդիրն այն էր, թե արդյո՞ք բարդ, փոխկապակցված և պատմականորեն վիճարկվող ծագում ունեցող գորգերն ու գորգագործական ավանդույթները պետք է ներկայացվեն պարզապես և բացառապես որպես ժամանակակից ազգային պետության մշակութային ժառանգություն՝ առանց դրանց տարածաշրջանային, պատմական և էթնոմշակութային համատեքստի պատշաճ ներկայացման։

Սա պատմամշակութային հարց է։

Գորգի պատմությունը չի սկսվում ժամանակակից պետության ստեղծմամբ

Աշիրովը իմ փաստարկն այնպես է ներկայացնում, կարծես ես պնդել եմ, թե քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը ձևավորվել է 20-րդ դարում, ադրբեջանցիներն իրավունք չունեն ունենալու կամ ներկայացնելու հնագույն մշակութային ժառանգություն։

Ես նման բան չեմ գրել։

Ժողովուրդների մշակութային պատմությունը չի սկսվում ժամանակակից պետությունների ստեղծմամբ։ Բայց այդ սկզբունքը պետք է հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ։

Եթե ընդունելի է խոսել այն ժողովուրդների մշակութային ժառանգության մասին, որոնք դարեր շարունակ ապրել են ներկայիս Ադրբեջանի տարածքում, ապա նույնքան օրինաչափ է հարցնել.

Ո՞վ է պատրաստել տվյալ գորգը։ Որտե՞ղ է այն պատրաստվել։ Ո՞ր պատմական ժամանակաշրջանում։ Ո՞ր համայնքը կամ համայնքներն են մասնակցել դրա ստեղծմանը։ Եվ ի՞նչ առաջնային կամ գիտական աղբյուրներ են հաստատում այդ վերագրումը։

Սրանք մշակութային և արվեստի պատմության հարցեր են։ Դրանք տարածքային պահանջներ չեն։

Արցախ, Ղարաբաղ և տարածաշրջանի պատմությունը

Աշիրովը զգալի տեղ է հատկացնում «Արցախ» պատմական անվան օգտագործմանը և փորձում է այն ներկայացնել որպես քաղաքական պահանջի վկայություն։

Սակայն սա կրկին հեռացնում է քննարկումը բուն հարցից։

Գորգագործության պատմությունն ուսումնասիրելիս բավարար չէ դիտարկել միայն տվյալ տարածքի ներկայիս քաղաքական սահմանները։ Հետազոտողները պետք է հաշվի առնեն նաև պատմական բնակչության կազմը, տեղական արհեստագործական ավանդույթները, գրությունները, ոճական առանձնահատկությունները, արխիվային տվյալները և այն համայնքները, որոնք ստեղծել են տվյալ գորգերը։

Ղարաբաղի գորգագործության պատմությունն ինքնին ցույց է տալիս, որ տարածաշրջանը չի կարելի պարզապես ներկայացնել մեկ, քաղաքականապես հարմար մշակութային պատումի շրջանակում։

Encyclopaedia Iranica-ի՝ կովկասյան գորգերին նվիրված ուսումնասիրությունը, օրինակ, Շուշին ներկայացնում է որպես գորգագործության կարևոր կենտրոն և անդրադառնում է ինչպես հայկական, այնպես էլ մահմեդական/ադրբեջանական գորգագործական ավանդույթներին ավելի լայն Կովկասում։

Սա չի ջնջում ադրբեջանական գորգագործական մշակույթը, ինչպես նաև չի ջնջում հայկական ավանդույթները։ Ընդհակառակը՝ ցույց է տալիս, թե ինչու է այս թեման պահանջում պատմական նրբերանգներ։

Միևնույն աշխարհագրական տարածաշրջանում տարբեր ավանդույթների գոյությունը արտասովոր երևույթ չէ։ Դա Կովկասի մշակութային պատմության բնորոշ առանձնահատկություններից է։

Աղվանքի եկեղեցին չի պատասխանում գորգերի մասին հարցին

Աշիրովը անդրադառնում է Կովկասյան Աղվանքին, Աղուենի եկեղեցական ժողովին և Ղարաբաղում Աղվանքի եկեղեցու պատմությանը։

Սրանք, անկասկած, ինքնուրույն պատմական քննարկման արժանի թեմաներ են։ Սակայն դրանք չեն պատասխանում Հաագայի ցուցահանդեսում ներկայացված կոնկրետ գորգերի վերագրման վերաբերյալ իմ բարձրացրած հարցին։

Կովկասյան Աղվանքի գոյությունը, պատմությունը և դրա տարբեր մեկնաբանությունները ինքնին չեն կարող որոշել, թե դարեր անց Ղարաբաղում ստեղծված յուրաքանչյուր գորգ ինչ էթնիկ կամ մշակութային պատկանելություն ունի։

Նույն կերպ՝ 19-րդ դարում եկեղեցական գույքի փոխանցման պատմությունը չի կարող ինքնուրույն լուծել որևէ կոնկրետ գորգի ծագման հարցը։

Եթե քննարկումը գորգերի մասին է, ապա փաստարկները նույնպես պետք է վերաբերվեն գորգերին։

Հայկական գորգագործությունը չպետք է անհետանա «կովկասյան» անվան տակ

Ես երբեք չեմ պնդել, որ կովկասյան ամբողջ գորգագործությունը հայկական է։

Ընդհակառակը՝ Կովկասը բազմաթիվ ժողովուրդների և մշակութային ավանդույթների հանդիպման վայր է եղել։ Տարածաշրջանի հարուստ տեքստիլ ժառանգության ձևավորմանը մասնակցել են հայերը, ադրբեջանցիները, պարսիկները, վրացիները, քրդերը և այլ համայնքներ։

Սակայն մշակութային բազմազանության ճանաչումը չի նշանակում առանձին ավանդույթների ջնջում։

Ընդհանուր տարածաշրջանային ժառանգությունը պետք է ուսումնասիրվի որպես ընդհանուր ժառանգություն, բայց միաժամանակ պետք է ներկայացվի նաև առանձին համայնքների ներդրումը, երբ դա թույլ են տալիս պատմական փաստերը։

Հայկական գորգագործությունը, այդ թվում՝ Ղարաբաղի և պատմական հայկական մշակութային այլ կենտրոնների հետ կապված ավանդույթները, փաստագրված են մասնագիտական գրականության և հավաքածուների մեջ։

Այս տեսակետները կարելի է քննարկել, վիճարկել, համադրել այլ աղբյուրների հետ և ուսումնասիրել գիտական բանավեճի միջոցով։

Բայց որևէ մեկնաբանություն «առասպել» անվանելը պատմական հերքում չէ։

Տաբրիզի հարցը

Աշիրովն անդրադառնում է նաև Տաբրիզի և Արդաբիլի վերաբերյալ իմ դիտարկումներին։

Նրա պատասխանը հիմնականում կենտրոնանում է Տաբրիզի էթնիկ կազմի և այն պետությունների պատմության վրա, որոնց ղեկավարները կամ իշխող վերնախավերը թյուրքախոս են եղել։

Սակայն կրկին՝ դա այն հարցը չէ, որը ես բարձրացրել էի։

Տաբրիզն այսօր Իրանի տարածքում գտնվող քաղաք է, և տարածաշրջանն ունի ադրբեջանախոս մշակութային երկար ու կարևոր պատմություն։ Դրանցից ոչ մեկը չի վիճարկվում։

Բայց այն փաստը, որ տարածաշրջանն ունեցել է որոշակի էթնիկ կամ լեզվական կազմ, ինքնաբերաբար չի նշանակում, որ նրա ամբողջ մշակութային արտադրանքը կարող է առանց հստակեցման ներկայացվել որպես ժամանակակից հարևան պետության ազգային ժառանգություն։

Նույն սկզբունքը պետք է կիրառվի նաև հայկական ժառանգության նկատմամբ։

Պատմական մշակութային ինքնությունը հաճախ ավելի բարդ է, քան ժամանակակից քաղաքական սահմանները։

Անձնական վիրավորանքները պատմական ապացույց չեն

Աշիրովը իմ հոդվածը և դրա հեղինակին բնութագրում է այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են «thick-headed», «shameless», «empty» և «hostile»։

Նման բառապաշարը կարող է տեղ գտնել բանավիճային հոդվածում, բայց այն չի կարող փոխարինել փաստերին։

Ես պատրաստ եմ քննարկել իմ հոդվածի յուրաքանչյուր կոնկրետ պատմական պնդում՝ աղբյուր առ աղբյուր։

Եթե որևէ կոնկրետ պնդում սխալ է, ապա եկեք հստակ մատնանշենք այն.

Ո՞ր պնդումն է սխալ։
Ո՞ր առաջնային կամ գիտական աղբյուրն է հակասում դրան։
Ի՞նչ ապացույց է հաստատում այլ մեկնաբանությունը։

Այդ դեպքում արդեն կունենանք իրական պատմական քննարկում։

Հայաստանի բնակչության թվերը, արտագաղթի վիճակագրությունը, Հայաստանի ապագայի մասին կանխատեսումները կամ հայերի վերաբերյալ ընդհանրացումները չեն պատասխանում Հաագայում ցուցադրված գորգերի պատմական վերագրման հարցերին։

Հարցը մնում է նույնը

Ադրբեջանի դեսպանության պաշտոնական ներկայացմամբ՝ Հաագայի միջոցառումը ադրբեջանական գորգերի և գորգագործական ժառանգության ցուցահանդես էր։

Հենց այդ պատճառով էլ դրա պատմական ներկայացումը պետք է ենթարկվի քննության։

Իմ հարցը մնում է պարզ.

Արդյո՞ք յուրաքանչյուր գորգի և գորգագործական ավանդույթի պատմական, տարածաշրջանային և էթնոմշակութային նախապատմությունը ներկայացված էր բավարար չափով ամբողջական և հավասարակշռված։

Աշիրովի հոդվածը մանրամասն պատասխան չի տալիս այս հարցին։

Փոխարենը նա զգալի տեղ է հատկացնում Հայաստանին, Արցախին, Կովկասյան Աղվանքին, տարածքային պատմությանը, բանաստեղծներին, քաղաքական պատմությանը և ժողովրդագրական խնդիրներին։

Սրանք առանձին թեմաներ են։

Ես վերադառնում եմ գորգերին։

Գորգը քաղաքական զենք չէ։ Այն պատմական և մշակութային փաստաթուղթ է։

Եվ եթե մենք իսկապես ցանկանում ենք «սովորել արվեստի միջոցով», ինչպես հուշում էր Հաագայի ցուցահանդեսի անվանումը, ապա պետք է պատրաստ լինենք նաև ուսումնասիրելու այդ արվեստի պատմությունն իր ամբողջ բարդությամբ՝ ներառյալ այն տարբեր ժողովուրդներին, համայնքներին և մշակութային ավանդույթներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել դրա ձևավորման մեջ։

Հասկացողին՝ մեկ, չհասկացողին՝ հազար ու մեկ

Ինչպես Azernews-ի վերլուծաբան Քաբիլ Աշիրովը հոդվածը սկսել էր տրամաբանորեն չկապվող ասույթով, մենք էլ, որպես սթափության կոչ, ավարտենք ասույթով.

«Խփեցի սարին, կպավ Գասպարին»․ ես խոսում էի Հաագայում ցուցադրված գորգերի պատմական և մշակութային վերագրման մասին, իսկ Azernews-ի վերլուծաբանը պատասխանել է Հայաստանի, հայերի, արտագաղթի, Արցախի և Հայաստանի ապագայի մասին։

Մի ասույթ էլ կա՝ «Հասկացողին՝ մեկ, չհասկացողին՝ հազար ու մեկ»։

Ուստի հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք այսքան բացատրությունն ու ծախսված ժամանակը, երբ բարձրացված կոնկրետ հարցերին պատասխանելու փոխարեն քննարկումը տեղափոխվում է այլ թեմաների, իսկ պատմական և մշակութային արժեքների վերագրման խնդիրը մնում է նույն տեղում։

Պարոն Աշիրով, մի շեղվեք։ Մենք խոսում էինք գորգերի մասին՝ այն գորգերի, որոնք ցուցադրվել էին Հաագայում։

Վահան ԱՄԱՏՈՒՆԻ «Նիդերլանդական օրագիր»

No comments:

Post a Comment