The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 8 November 2026

ՍՓՅՈՒՌՔԻ ՁԱՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ․ Գագաթնաժողովն ավարտեց իր աշխատանքները․ Օր 4-րդ

Օր 4-րդ. Ծրագրերից ու հայրենադարձությունից մինչև մշակույթ, տեխնոլոգիա և նոր տեսլական․ Երևանում ավարտվեց Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի վերջին՝ չորրորդ օրը, արդեն զգացվում էր ավարտի շունչը։ Չորս օր շարունակ Երևանում հավաքված Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչների առջև կանգնած էր նույն հիմնական հարցը՝ ինչպե՞ս խոսակցությունը վերածել համագործակցության, իսկ համագործակցությունը՝ երկարաժամկետ արդյունքի։

Գագաթնաժողովի վերջին օրը մեկնարկեց «ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ․ ծրագրեր, համագործակցության հնարավորություններ և հայրենադարձության աջակցություն» խորագրով թաուն հոլ քննարկմամբ։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին Գրասենյակի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանը, Սփյուռքի մասնագիտական և մարդկային ներուժի ներգրավմանը, հայրենադարձության խթանմանն ու հայրենադարձների ինտեգրմանը։

Անդրադարձ եղավ նաև համագործակցության առկա և նոր հնարավորություններին, պետական կառույցների ու Սփյուռքի ներկայացուցիչների միջև կապերի ընդլայնմանը, հայրենադարձության ճանապարհին առաջացող հարցերին և դրանց լուծմանն ուղղված աջակցության մեխանիզմներին։

Քննարկումը միայն ներկայացում չէր․ այն նաև հարցերի, առաջարկների և փոխադարձ խոսակցության հարթակ էր։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու Գրասենյակի գործունեությանը և քննարկելու Հայաստան–Սփյուռք համագործակցության զարգացման նոր ուղիներ։

Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «իԳործ» ծրագրի մասնակից Գայանե Բայաթյանը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» Արաքսյա Վարդանյանը, Սփյուռքի գործերի հանձնակատար Վահագն Մովսեսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Մշակույթը՝ որպես կապող ուժ

Օրվա հաջորդ կարևոր թեման հայկական մշակույթն էր։

«Հայկական մշակույթը Սփյուռքում․ պահպանում, զարգացում և հանրահռչակում» թեմայով պանելային քննարկումը նվիրված էր հայկական մշակութային ժառանգության պահպանմանը և ժամանակակից աշխարհում այն ներկայացնելու նոր հնարավորություններին։

Քննարկմանը մասնակցեցին «ԱՐՏԵՎԱ» ասոցիացիայի նախագահ Սերժ Ավեդիկյանը, «Լույս Մեդիա»-ի ղեկավար և Թուրքիայի նախագահի մշակույթի և արվեստի քաղաքականության խորհրդի անդամ Արամ Քուրանը, Ֆրանսիայում գործող «Saté-Âtre» թատերական միության հիմնադիր և ղեկավար, Հայաստանում անցկացվող «Théâtrons» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանը, ինչպես նաև Փարիզում գործող «Երազ» պարային դպրոցի և պարային համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և պարուսույց Քրիստինա Գալստյան-Ագուջյանը։

Քննարկումը վարեց Գլենդել քաղաքի արվեստի և մշակույթի հանձնաժողովի նախագահ, քաղաքական խորհրդատու և իրավաբան Սևանա Ցատուրյանը։

Այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սփյուռքի հետ կապը միայն քաղաքական կամ տնտեսական օրակարգ չէ։ Այն նաև լեզվի, մշակույթի, արվեստի, հիշողության և ինքնության պահպանման ու նոր սերունդներին փոխանցելու խնդիր է։

Բաց խոսափող՝ գաղափարներից դեպի հնարավոր համագործակցություն

Գագաթնաժողովի վերջին օրվա առանձնահատուկ ձևաչափերից էր «Սփյուռքյան նախաձեռնությունների շնորհանդեսը»։

Բաց խոսափողի ձևաչափով մասնակիցները ներկայացրին իրենց նախաձեռնությունները, ծրագրերն ու գաղափարները՝ պատմելով իրենց գործունեության, փորձի և առաջիկա ծրագրերի մասին։

Այստեղ գուցե ամենակարևորն այն էր, որ գաղափարները դուրս էին գալիս միայն լսարանի մակարդակից և հնարավորություն էին ստանում գտնելու նոր գործընկերներ։

Տարբեր երկրներից ժամանած մասնակիցները կիսվեցին փորձով, ներկայացրին իրենց նախաձեռնությունները և փորձեցին բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ Հայաստան–Սփյուռք կապերը ոչ միայն պահպանելու, այլև նոր համատեղ ծրագրերով զարգացնելու համար։

«Արագածից» մինչև Blackwell․ տեխնոլոգիաների ճանապարհը

Օրվա հատուկ բանախոսությամբ հանդես եկավ վենչուրային ներդրող, SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։

««Արագածից» մինչև Blackwell․ Հայաստան-Սփյուռք համագործակցության փորձը տեխնոլոգիաներում» թեմայով ելույթում անդրադարձ կատարվեց Հայաստանի նորարարական ներուժին, տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարներին և համաշխարհային հնարավորություններին։

Գագաթնաժողովի ամբողջ ընթացքում տեխնոլոգիաները եղել էին կարևոր թեմաներից մեկը, իսկ այս բանախոսությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստան–Սփյուռք համագործակցությունը կարող է ձևավորվել ոչ միայն ավանդական կառույցների ու ծրագրերի, այլև նորարարության, բարձր տեխնոլոգիաների և համաշխարհային մասնագիտական կապերի շուրջ։

Արհեստական բանականությունը մտավ նաև կինոյի աշխարհ

Վերջին օրվա ստեղծագործական և մասնագիտական քննարկումներից մեկը վերաբերում էր «Սցենարագրությունը արհեստական բանականության դարաշրջանում» թեմային։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արհեստական բանականության ազդեցությանը սցենարագրության և ժամանակակից կինոարտադրության վրա։

Քննարկմանը մասնակցեց ֆրանսահայ կինոռեժիսոր և սցենարիստ Ստեֆան Կազանջյանը, իսկ որպես մոդերատոր հանդես եկավ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը։

Այսպիսով, գագաթնաժողովի վերջին օրվա օրակարգում Սփյուռքի ավանդական հարցերի կողքին տեղ գտավ նաև այն աշխարհը, որն արդեն փոխում է ստեղծագործական աշխատանքի ձևերը։

Վերջնական խոսքը՝ նոր տեսլականի մասին

Եվ, ի վերջո, եկավ եզրափակիչ լիագումար նիստի պահը։

«Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր տեսլականը» թեմայով եզրափակիչ նիստը դարձավ չորս օրերի ընթացքում հնչած մտքերի, առաջարկների և քննարկումների ամփոփման հիմնական հարթակը։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփեց գագաթնաժողովի աշխատանքները և շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ կազմակերպմանն ու իրականացմանն աջակցելու, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Նա շնորհակալություն հայտնեց նաև մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության, ներկայացված առաջարկների և համահայկական օրակարգի շուրջ բովանդակալից քննարկումների համար։

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի ամփոփիչ օրն անցկացվել է «Սցենարագրությունը արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով զրույց-քննարկում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության ազդեցությանը սցենարագրության և ժամանակակից կինոարտադրության վրա։
Քննարկմանը մասնակցել է ֆրանսահայ կինոռեժիսոր և սցենարիստ Ստեֆան Կազանջյանը, իսկ որպես մոդերատոր հանդես է եկել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը։

Եզրափակիչ նիստում ընդգծվեց համահայկական ներուժի համախմբման, արդեն գոյություն ունեցող կապերի ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների միջոցով Հայաստան–Սփյուռք համագործակցության նոր հեռանկարներ ձևավորելու կարևորությունը։

Եվ հենց այստեղ էր, թերևս, գագաթնաժողովի չորսօրյա աշխատանքի ամենակարևոր հանգրվանը․ խոսքը միայն այն մասին չէր, թե ինչ քննարկվեց Երևանում, այլ նաև՝ ինչ պետք է տեղի ունենա Երևանից հետո։

Քենիայից՝ մի փոքրիկ, բայց հետաքրքիր հայկական աշխարհ

Գագաթնաժողովի չորս օրերի ընթացքում «Նիդերլանդական Օրագրի» թղթակից Նաիրա Գասպարյանը ոչ միայն հետևեց պաշտոնական քննարկումներին, այլև փորձեց գտնել մարդկանց՝ ելույթների և պաշտոնական ձևակերպումների հետևում։

Ընդմիջումների ընթացքում Նաիրան հանդիպեց գագաթնաժողովի մասնակից Ռութ Մվիիտու Վա Դավիդին (Ruth Mviitu Wa David) և նրա գործընկերներին, որոնք ժամանել էին Քենիայից։

Ռութը և նրա թիմը գագաթնաժողովում ներկայացնում էին Քենիայի արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունը՝ Ministry of Foreign and Diaspora Affairs of Kenya։ Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (Office of the High Commissioner for Diaspora Affairs) հետ փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Ռութն հիացմունքով նշեց, որ ինքը և իր գործընկերներն այս կարճ ժամանակահատվածում հասցրել են շատ բան իմանալ Հայաստանի, հայկական Սփյուռքի կառավարման մոդելի մասին և բարձր են գնահատում ձևավորված երկկողմ համագործակցությունը։

Հետաքրքիր փաստեր Քենիայի հայ համայնքի և հայկական հետքի մասին․ • Համայնքի աշխարհագրությունն ու կազմը. Քենիայում ապրում է հայկական փոքր համայնք (շուրջ 50–100 մարդ), որը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաք Նայրոբիում և նրա շրջակայքում: Թեև այն Աֆրիկայի ամենափոքր հայկական սփյուռքյան համայնքներից է (զգալիորեն փոքր, քան Եգիպտոսի կամ Եթովպիայի պատմական համայնքները), հայերը Քենիայում ապրում և աշխատում են տասնամյակներ շարունակ:

• Գործունեության ոլորտները. 20-րդ դարից սկսած՝ հայերը Քենիայում հաստատվել են որպես գործարարներ, ճարտարագետներ, ուսուցիչներ և դիվանագետներ: Այսօր էլ շատերը ներգրավված են միջազգային առևտրի, շինարարության, ոսկերչության և զբոսաշրջության (սաֆարի տուրիզմ) ոլորտներում:

• ՄԱԿ-ի և միջազգային կառույցների հայ մասնագետները. Նայրոբին հանդիսանում է ՄԱԿ-ի աֆրիկյան խոշորագույն կենտրոնատեղին (UNEP, UN-Habitat): Տարիներ շարունակ այստեղ ապրում և աշխատում են միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների և դիվանագիտական առաքելությունների հայազգի աշխատակիցներ, որոնք իրենց մասնագիտական ավանդն են բերում տարածաշրջանի զարգացմանը:

• Վայրի բնության լուսանկարչություն և կինո. Քենիահայ համայնքի վառ ներկայացուցիչներից է եղել ռեժիսոր և լուսանկարիչ Ժան Պապեզյանը, ով մեծ ավանդ է ունեցել Արևելյան Աֆրիկայի վայրի բնության լուսանկարչության, վավերագրական ֆիլմերի արտադրության և ազգային պարկերի ուսումնասիրության գործում:

• Համայնքային կապերը. Թեև Քենիայում չկան գործող հայկական եկեղեցի կամ դպրոց, համայնքի ներկայացուցիչները պահպանում են ազգային ինքնությունը, կապերը միմյանց հետ և պարբերաբար հավաքվում են ազգային ու տոնական օրերին: Հուսանք , որ համագործակցությունը կլինի շարունակական նաև այլ ոլորտներում։

Այսպիսի հանդիպումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ գագաթնաժողովի աշխարհագրությունը շատ ավելի լայն էր, քան միայն հայկական համայնքների քարտեզը։ Այստեղ տարբեր երկրներից եկած մարդիկ հանդիպում էին, ծանոթանում, փոխանակվում փորձով և փորձում հասկանալ՝ ինչ կարող են անել միասին։

Չորս օր

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովն ավարտվեց մշակութային ծրագրով՝ թողնելով ոչ միայն չորս օրերի բազմաթիվ քննարկումների ու հանդիպումների հիշողությունը, այլև նոր հարցեր, նոր սպասումներ և նոր հնարավորությունների ակնկալիք։

Գագաթնաժողովը պաշտոնապես փակվեց նոյեմբերի 8-ին՝ «Հայաստան–Սփյուռք համագործակցության նոր տեսլականը» եզրափակիչ քննարկմամբ և փակման ծրագրով։

Չորս օր շարունակ Երևանը դարձավ Հայաստան–Սփյուռք համահայկական երկխոսության կենտրոն։

Սակայն գագաթնաժողովի իրական շարունակությունը, հավանաբար, արդեն Երևանից դուրս է՝ տարբեր երկրներում, համայնքներում, կազմակերպություններում, մասնագիտական շրջանակներում և մարդկանց անձնական որոշումների մեջ։

Որովհետև Սփյուռքի ձայնը միայն դահլիճներում հնչող ելույթը չէ։

Այն նաև այն մարդկանց ձայնն է, ովքեր ապրում են հազարավոր կիլոմետրեր հեռու, բայց իրենց աշխատանքով, գիտելիքով, մշակույթով, նախաձեռնություններով ու Հայաստան–Սփյուռք կապերի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ շարունակում են մնալ այդ երկխոսության մաս։

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովն ավարտեց իր աշխատանքները։
ի՞նչ կտան այս չորս հագեցած օրերը :

Մինչև նոր հանդիպում։

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովից «Նիդերլանդական Օրագրի» չորսօրյա հոդվածները պատրաստեցին՝

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ — Հայաստան
Աշոտ ԿՆԻԱԶՅԱՆԸ — Նիդերլանդներ

«Նիդերլանդական Օրագիր» 

Տեսաերիզ՝ Արտյոմ ՉԵՐՆԱՄՈՐՅԱՆԻ










5.Օր 4-րդ: ՍՓՅՈՒՌՔԻ ՁԱՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ․ Գագաթնաժողովն ավարտեց իր աշխատանքները․ 

No comments:

Post a Comment