Նոյեմբերի 20-ին Բելգիայի մայրաքաղաքում երաժշտությունն ու գրականությունը կհանդիպեն մեկ բեմում։
2026 թվականի նոյեմբերի 20-ին Բրյուսելում կկայանա ALATONE միջազգային մշակութային հիմնադրամի կազմակերպած միջազգային մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը։ Միջոցառմանը ելույթ կունենան մրցույթի դափնեկիրները՝ ներկայացնելով իրենց կատարողական արվեստը։
ALATONE-ը միջազգային մշակութային նախաձեռնություն է, որի շրջանակներում կազմակերպվում են երաժշտական և արվեստի մրցույթ-փառատոներ՝ տարբեր երկրների երիտասարդ և տաղանդավոր կատարողներին հնարավորություն տալով հանդես գալ միջազգային հարթակներում։ 2026 թվականի ծրագրերն ընդգրկել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Իտալիան, Կիպրոսը, Հայաստանը, Բելգիան և Նիդերլանդները։ Հունիսին փառատոնի միջոցառումներից մեկը տեղի ունեցավ նաև Նիդերլանդների Արնհեմ քաղաքում՝ համախմբելով ավելի քան տասը երկրների ներկայացուցիչների։
Բրյուսելյան երեկոյի առանձնահատուկ իրադարձություններից կլինի նաև բանաստեղծ, դաշնակահար, տնտեսական գիտությունների թեկնածու նիդերլանդաբնակ մեր հայրենակից Արայիկ Միրզոյանի «Սիրո ճամփով» գրքի շնորհանդեսը։
Արայիկ Միրզոյանը հայ համայնքի մշակութային կյանքին մասնակցող ստեղծագործողներից է։ Նրա գրական գործունեությունը զուգորդվում է երաժշտության հանդեպ սիրով։ «Սիրո ճամփով» ժողովածուն նրա երրորդ գիրքն է։ Հեղինակի ստեղծագործություններում տեղ են գտնում սերը, մարդկային հարաբերությունները, հոգևոր արժեքներն ու կյանքի մասին մտորումները։ Այս տարվա հունիսին գրքի շնորհանդեսն արդեն կայացել էր Արնհեմում՝ ALATONE-ի փառատոնային միջոցառման շրջանակում։
Բրյուսելյան համերգը ևս մեկ հնարավորություն կլինի միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիրներին ունկնդրելու, ինչպես նաև հայ գրականությունը ներկայացնելու եվրոպական մշակութային միջավայրում։
Միջոցառման մանրամասները
- Ամսաթիվ՝ 20 նոյեմբերի 2026 թ.
- Ժամը՝ 17:00
- Վայրը՝ Centre Culturel Arménien de Belgique
- Հասցե՝ Rue du Gaz 83, 1020 Bruxelles
- Մանրամասներ՝ [https://alatone2026.tilda.ws](https://alatone2026.tilda.ws)
«Նիդերլանդական Օրագիրը» մաղթում է հաջողություն կազմակերպիչներին, մրցույթի դափնեկիրներին և Արայիկ Միրզոյանին՝ նոր ստեղծագործական ձեռքբերումներ ու գրքի շնորհանդեսի ջերմ հանդիպումներ։


No comments:
Post a Comment