The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 14 November 2018

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը



Լուսանկարում` Աշկինն (աջից) իր փաստաբան Պլասմանի հետ, մարզային դատարանի նիստից հետո (3-ը մարտի 2017թ)
Լուսանկար` ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ

Նիդերլանդների  Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը այսօր`նոյեմբերի 14-ին անփոփոխ է թողել թուրք ազգայնամոլ, Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանի արձակած դատավճիռը: Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ որոշումը հրապարակվել է այսօր: Նիստին և դատավճռի հրապարակմանը ներկա է գտնվել «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի» նախագահ Մաթո Հախվերդյանը, որի հավաստմամբ Իլհան Աշկինը կրկին փորձել է քաղաքականացնել հարցը և այն ուղղորդել ադրբեջանա-հայկական հակամարտության շրջանակներ:
Ժամեր առաջ, երբ հայտնի չէր դատավճիռը Աշկինն իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել. «Եթե նույնիսկ դատարանը որոշի, որ ես ճիշտ եմ, այս պայքարը կշարունակվի: Եթե ​​մենք վախենայինք երկաթից,  չէինք նստի գնացք :  Կանգառ չունենք մինչև այն օրը, մինչև հայերը դուրս չգան գրաված հողերից... »
 Այդ կարծիքին չի եղել դատարանը և այն դիտարկել է ազգային անհանդուրժողականության  և բռնության կոչ:
Հիշեցնենք, որ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանը Ալմելոյում  2014 թվականին արտաբերած «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ  արձակեց դատավճիռ, որով նա դատապարտվեց մեկ ամսվա պայմանական բանտարկության՝  120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավումով: Դատախազն ավելի մեղմ պահանջ էր առաջադրել`80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք, պայմանական  երկշաբաթյա  բանտարկությամբ:
Ահա այս որոշումը Իլհան Աշկինը, Նիդերլանդներում հայտնի իր փաստաբան   Պլասմանի հետ բողոքարկել էր վերաքննիչ դատարանում: 
Հնարավոր է, որ այս գործընթացը երկարի, քանի որ Աշկինը իր ասածի համար չի զղջում և մտադիր է բողոքարկել գերագույն դատարան:

Նիդերլանդական օրագրի ընթերցողին ենք ներկայացնում թուրք ազգայնամոլի մասնակցությամբ ընթացած դատական մյուս նիստերի և այլ մանրամասների մասին մեր նախկին հրապարակումը:
https://niderlandakan.livejournal.com/191908.html


Առավել մանրամասը դեռ կանդրադառնանք





No comments:

Post a Comment