The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 7 November 2018

«Նարեկացիական ընթերցումներ» միջազգային 4-րդ գիտաժողովը Երևանում



Նոյեմբերի 7-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում, տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը: 

4-րդ միջազգային  ամենամյա գիտաժողովին բացման խոսք է ասել մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան տեր Ղևոնդյանը: Գիտաժողովին մասնակցել են միջազգային համբավ ունեցող այնպիսի նարեկացիագետներ, ինչպիսիք են Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա), Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա), Ռոբերտա Էրվինը (ԱՄՆ), Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ), Հայաստանից   Հենրիկ Բախչինյանը, Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը, Արուսյակ Թամրազյանը , Հրաչիկ Միրզոյանը:Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա) խոսել է Գրիգոր Նարեկացուն վերագրված «Կարգ եւ կանոն աղաւթից»-ը «Մատեան ողբերգութեան»-ի ուրվագծերի շարքում թեմայով: Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանն անդադարձել է «Անդամալույծի բժշկման պարականոն պատումը` Ս.Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանում» աշխատանքին: Ռոբերտա Էրվին խոսել է «Բան քո խնկեալ» Նարեկացու մաքրամաքուր աղոթքների մասին: Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա) դատողություններ է արել Գրիգոր Նարեկացու և Վարդան Անեցու միջև եղած առնչությունների մասին:

Ընդմիջումից հետո, երկրորդ նիստին  «Մատեան ողբերգութեան» տրամախոսական կառուցվածքի մասին է խոսել Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ):
Գրիգոր Նարեկացու տաղերի ու մեկնությունների խորհրդապատկերի կերտման որոշ առանձնահատկություններ վեր հանեց Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող  Արուսյակ Թամրազյանը: Գրականագետ Հենրիկ Բախչինյանը վերլուծեց Նարեկացու հիմնած բանաստեղծական ժանրերը, իսկ Հրաչիկ Միրզոյանը պատմեց, թե ինչ են խոսել Գրիգոր Նարեկացուց:
Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ երկու գրքի շնորհանդես: Առաջին գիրքը Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի հոլանդերեն թարգմանությունն է, որը կատարել է Օքսֆորդի պրոֆեսոր եւ միջնադարյան հայ գրականության առաջատար մասնագետ Թեո Վան Լինտը: Ի դեպ այս գործում աջակից է Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) կազմակերպությունը, որի ջանքերով ու նախաձեռնությամբ գիտաժողովի նախօրեին` առայժմ 500 օրինակ տպաքնակով,  տպագրվել է այս գիրքը:

Մյուսը` Գրիգոր Նարեկացու «Տաղեր» գրքույկն է, որտեղ զետեղված են տաղերի և շարականի նոտաները, ինչպես նաև ձայնասկավառակ՝ Գևորգ Հունանյանի և Աննա Մայիլյանի կատարումներով։ 

 Սեփ.լրատվություն
«Նիդերլանդական օրագիր»






No comments:

Post a Comment