The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 17 November 2018

Իլհան Աշքինի բողոքը քննվեց. Ադրբեջանում կարծում են՝ նա «պայքարում է Ղարաբաղի համար»

armtimes.com-ը «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքն է,  թերթը վերաբացվել է Նիկոլ Փաշինյանի ջանքերով, 1999թ. եւ գրեթե երկու տասնամյակ համարվում է ՀՀ առաջատար լրագրերից մեկը: Այժմ խմբագիրն է Աննա Հակոբյանը: Կայքն Հոկտեմբերի 25-ին անդրադրձել է թուրք ազգայնամոլ Աշկինի հոկտեմբերի 17-ի Զվոլեյում կայացած  դատավարության  նիստին, որի արդյունքներին մեր ընթերցողն արդեն ծանոթ է: Անկասկած  Վլադիմիր Մարտիրոսյանի «Իլհան Աշքինի բողոքը քննվեց. Ադրբեջանում կարծում են՝ նա պայքարում է Ղարաբաղի համար» վերնագրով հրապարակումը նույնպես հետաքրքիր է:   Հոդվածում   մեջբերումներ են արված նաև «Նիդերլանդական օրագրի»  այս թեմային առնչվող գրառումներից:

Վլադիմիր Մարտիրոսյան






Հոկտեմբերի 17-ին Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը քննել է Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության ղեկավար Իլհան Աշքինի բողոքը 2017 թ. մարտի 17-ին Ալմելոյի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: Ինչպես ադրբեջանական report.az կայքին տեղեկացրել է Աշքինը՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում փաստերը կվերանայվեն եւ հոկտեմբերի 31-ին կհրապարակվի վերջնական վճիռը:
2014 թ. հունիսի 1-ին Ալմելոյում տեղի էր ունեցել հանրահավաք, որին մասնակցում էին հիմնականում թուրքեր: Այն ուղղված էր նույն քաղաքում Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հանրահավաքի ընթացքում Աշքինը մի քանի անգամ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»:
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։ Ալմելոյի դատարանը Աշքինին մեղավոր էր ճանաչել հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես գալու մեջ եւ դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաեւ 120 ժամվա հարկադիր աշխատանքների: Ընդ որում՝ դատախազը պահանջել էր 80 ժամվա աշխատանքներ, սակայն դատարանն ավելի խիստ պատիժ էր սահմանել:
Սակայն պատժի չափն այնքան էլ էական չէ, կարեւորը հենց դատապարտման փաստն է, որն, ըստ էության, նշանակում է, որ ազգային հողի վրա արված վիրավորական կամ վտանգ պարունակող հայտարարությունները անպատիժ չեն մնալու:
Ադրբեջանական կողմի մոտեցումը, բնականաբար, տարբերվում է: Ադրբեջանական haqqin.az կայքը, ներկայացնելով հոկտեմբերի 17-ի նիստը, այն որակել էր մտահոգիչ:
«Մեր հայրենակիցներից Իլհան Աշքինին աջակցելու էին եկել միայն AzNed.nl կայքի ղեկավար Նարմինա Մարդանովան եւ ադրբեջանցի գործարար Ֆիզուլի Մամեդովը, որը հայտնի է նաեւ որպես Ֆրենք Էլկապոնի», - նշել էր կայքը:
Ի դեպ, գործարար Էլկապոնին՝ նույն ինքը Մամեդովը, բավականին սկանդալային կերպար է: Նրա հարստացումը սկսվել է Հեյդար Ալիեւի վերելքին զուգահեռ եւ մեծապես դրա շնորհիվ, սակայն, հետագայում Մամեդովը հայտնվել է ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում, որոնք նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել: Այդուհանդերձ, շուրջ երկու տարի անց Էլկապոնին արդարացվել է:
Ինչեւէ, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Աշքինը Նիդերլանդների հայերի նկատմամբ բռնության կոչ չի արել, այլ «իր վրդովմունքն է հայտնել հայկական զինված խմբավորումների կողմից ադրբեջանական տարածքները օկուպացնելու» հետ կապված: Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 17-ի նիստին՝ հարեւան երկրի մամուլում այն ներկայացված է որպես պարտություն, քանի որ նիստին ներկա էին «մի քանի թուրք եւ հայկական սփյուռքի մեծ թվով ներկայացուցիչներ», իսկ Ադրբեջանի սփյուռքի ներկայացուցիչներ կամ դիվանագետներ չկային: Աշքինը, ըստ ադրբեջանական կայքի, «պայքարում է Ղարաբաղի համար»:
Haqqin.az-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նաեւ Նարմինա Մարդանովան:
«Սա ղարաբաղյան թեման է՝ ազգային հարց, իսկ ներկաների թվում են միայն թուրքերը: Մերոնցից ոչ ոք չկա, բացի ինձանից եւ Ֆիզուլի Մամեդովից: Ես արդեն վստահ եմ դատավճռի հարցով, որն Իլհան Աշքինի օգտին չի լինելու», - գանգատվել է Մամեդովան, կարծես ադրբեջանցիների ներկայությունը կաշկանդելու էր դատավորին եւ նա այլ որոշում էր կայացնելու:
Նրան նաեւ մտահոգել էր Աշքինի փաստաբանը: Մամեդովայի կարծիքով «նա լավ մասնագետ է, սակայն ղարաբաղյան խնդիրը նրա թեման չէ»: Այդուհանդերձ, Աշքինի պաշտպանը դեռեւս 2016 թ. դեկտեմբերի 6-ի նիստի ընթացքում անդրադարձել էր ՄԱԿ-ի՝ միայն իրեն հայտնի տեսակետին՝ դատարանում հայտարարելով, որ իր պաշտպանյալն ընդամենը կրկնել է «նաեւ ՄԱԿ-ի տեսակետը. հայերն այնտեղից վաղ թե ուշ պետք է հեռանան»:
Իսկ Աշքինի փաստարկները, թե իր խոսքերը համատեքստից դուրս են ընկալվել, ընդհանրապես չեն դիմանում որեւէ քննադատության: Բանն այն է, որ դեկտեմբերի 6-ի վերոնշյալ նիստը հետաձգվեց Ալմելոյի դատարանի կողմից մինչեւ հաջորդ տարվա մարտ հատուկ այն նպատակով, որպեսզի ցույցի տեսագրությունն ուսումնասիրելուց հետո պատրաստվեն փորձագիտական եզրակացություններ՝ արված հայտարարությունների համատեքստը պարզելու համար:
Այսպիսով, ադրբեջանական մամուլում փորձեր են կատարվում հակամարտության հետ առաջին հայացքից կապ չունեցող գործը կապել Արցախի հետ: Մինչդեռ, եթե անգամ այստեղ կա ազգամիջյան խնդիր, ապա այն ավելի շատ հայ-թուրքական է: Թուրքիան մեծ աջակցություն է ցուցաբերել 2014 թ. հունիսի 1-ի չարաբաստիկ հանրահավաքին: Այդ մասին տեղեկացրել է «Նիդերլանդական օրագիր» տեղեկատվական կայքը, դեռեւս 2016թ.: Ըստ կայքի՝ հունիսի 1-ին Նիդերլանդների տարբեր բնակավայրերից թուրքական լոբբին ավտոբուսներով մոտ 3000 թուրքերի էր բերել Ալմելո:
Այս առիթով խորհրդարանական հինգ խմբակցությունների ներկայացուցիչներ հարցեր էին հղել արտաքին գործերի, սոցիալական հարցերի ու աշխատանքի եւ անվտանգության ու արդարադատության նախարարներին: Նրանց հետաքրքրում էր՝ տեղյա՞կ են արդյոք նախարարները, որ ցույցը կազմակերպվել էր Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Խորհրդարանականները նախարարների ուշադրությունն էին հրավիրել, մասնավորապես, այն փաստերի վրա, որ անվճար ավտոբուսները տրամադրվել էին Թուրքիայի կրոնական հարցերով վարչության կողմից, Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսը կոչ էր արել մասնակցելու հանրահավաքին, իսկ հակահայկական ցույցի կազմակերպման գործում մեծ ներդրում էր ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ջատագով «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD) կազմակերպությունը:
Այսպիսով, հայ-թուրքական՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում տեղային պարտություն կրած թուրքերի լռությունը մեր արեւելյան հարեւանները յուրովի են հասկացել: Նրանք որոշել են, որ այժմ իրենց պայքարի ժամանակն է եւ փորձում են դիտարկել Իլհան Աշքինի շուրջ ստեղծված իրավիճակը որպես «պայքար Ղարաբաղի համար»:

Այս թեմայով մեր հոդվածները.

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը


No comments:

Post a Comment