The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 6 November 2018

Մի լուսանկարի պատմություն

Խոսքը երկրի ղեկավարների հետ Զարեհ Օհանեսի ներկայությամբ այս լուսանկարների մասին է:


Զարեհ Օհանեսը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ 

Զարեհ Օհանեսը Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներ Արմեն Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ 

Զարեհ Օհանեսը բժիշկ-հոգեբույժ է: Մասնագիտական կրթություն ձեռք է բերել Հայաստանում: Սիրիահայ պատանու հայրենասիրության ու ուսումնառության տենչը նրան Սիրիայի Ալ Հասակայից Հայաստան է բերում, որտեղ էլ ընդունվում, ապա և ավարտում է բժշկական ինստիտուտը: Հետո դժվարին ու պատերազմական ժամանակներ պետք է սկսվեին:
 Այդ տարիներից շատ ժամանակ է անցել: Զարեհը բնակության է հաստատվել Նիդերլանդներում և անմիջապես ներգրավվել Ամստերդամի հայկական կառույցներում: Եղել է «Արարատ» մշակութային միության վարչության անդամ, այնուհետև տեղի հայկական Եկեղեցու վարչության անդամը, ապա ատենապետը։

 Աշխատում է իր` բժիշկ-հոգեբույժի մասնագիտությամբ, ամուսնացել է մի գեղեցկուհի հայուհու` Սաթինեի հետ: ՈՒնեն հրաշք երեք զավակներ` Սևակ, Րաֆֆի, Մարիամ հայահունչ անուններով:  Զարեհն ու Սաթինեն նրանց դաստիարակում են հայկական ոգով ու ավանդություններով: Պուրմերենդում` Ամստերդամից ոչ հեռու, որտեղ բնակվում են նրանք, մի քանի տարի է հիմնել են «Կիլիկիա» հայկական մշակութային միությունը, այստեղ էլ ծավլում են իրենց հայանպաստ գործունեությունը: 

Օհանեսի ընտանիքի այս անգամ  Հայաստան մեկնելու առիթն այլ էր: Զարեհի ուսանողական ընկերները բուհն ավարտելուց 25 տարի անց պարզապես ցանկացել էին համակուրսեցիներով հանդիպել   նոր Հայաստանում , կիսվել ուսանողական տարիների հուշերն ու Հայաստանում ստեղծված նոր  իրադրության տպավորությունները: Հոկտեմբերյան այցի ժամանակը համընկավ ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք  անցկացվող միջոցառումների:
-Այս անգամ ես տեսա այլ Հայաստան, որտեղ մարդիկ բառացի իրենց ղեկավարի կողքին են,-ինձ հետ զրույցում ասաց Զարեհ Օհանեսը:- Սիրո ու հանդուրժողականության այս մթնոլորտը միայն դրական լիցքեր է հաղորդում բոլորիս ու ավելի ոգևորում հետագա գործունեության համար:
Հանդիպումը և լուսանկարը  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ սրտաբուխ ու անմիջական ստացվեց: Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 16-ին այցելել էր Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին, որը նվիրված էր Երևանի 2800-ամյակին: Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ Զարեհը մոտեցել է նրան և ջերմ խոսքեր փոխանակել: Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն ու բիզնես գործունեության համար ապահովել առավելագուն բարենպաստ պայմաններ: Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են եղել 50-ից ավելի սիրիահայերի  ներկայացրած արտադրանքը:
Զարեհ Օհանեսը հիշում է, թե ինչպես դեռ 2 տարի առաջ` նույն ամսին Նիդերլանդներում «Կիլիկիա» մշակութային իրենց միությունը հանդես եկավ Հալեպահայությանն օգնելու կոչով` կազմակերպելով դրամահավաք: 
-Հիմա արդեն առարկայական Հայաստան պետությունն է մեր սիրիահայ եղբայրներին օգնում ու նրանց կողքին է, և դա դեռ սկիզբն է,-ասում է Զարեհը:

Զարեհի Օհանեսը (աջից)և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

Նույն օրը Զարեհի հետ լուսանկարվել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:  Նոր, նոր մի քանի օր առաջ են նրանք ստացել սփյուռքի նախարարության կողմից Նիդերլանդներ ուղարկված արևմտահայերեն լեզվով դասագրքերը, որով էլ  պետք է ուսուցանվեն  «Կիլիկիա» միության դպրոց հաճախող երեխաները: Զարեհն ափսոսում է, որ այդ պահին չի հասցրել  իր շնորհակալությունը փոխանցել նախարարին` դասագրքերի ժամանակին արված առաքման համար: 

Մյուս լուսանկարը Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներ Արմեն Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ նույնքան անսպասելի ու հետաքրքիր է ստացվել:
- Ոչ մի անգամ չէր ստացվել Հայաստան այցելելուն զուգահեռ Արցախ էլ այցելել,-պատմում է Զարեհը.-այս անգամ երեխաներիս էլ խոսք էի տվել պատեհ առիթն ի նպաստ օգտագործել : Ի բարեբախտություն ընկերներիս հետ եղանք Արցախում:
Նա հյուրանոցի պատուհանից նկատում է, որ մեր երկու հանրապետությունների նախագահները զբոսնում, զրուցում են:
-Ասես մի բնական ու անկեղծ ուժ ինձ դուրս հանեց սենյակից և արդեն մեկ րոպեից ես ողջունում էի մեր նախագահներին: Ընկերներիցս մեկն էլ այդ պահը լուսանկարեց,-հիշում է Զարեհը և ավելացնում:-Ահա այսպես ազատ ու անկաշկանդ պետք է զգա  յուրաքանչյուր հայ  քաղաքացի ու ջերմ զգացմունքով կանգնի իր ղեկավարի կողքին: Քանզի հպարտ ու վստահ է, որ նրանք ծառայում են իրենց ժողովրդին ու հայրենիքին:  Սա հպարտության յուրահատուկ զգացում է: Հուսանք` հարատև:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»


No comments:

Post a Comment