22.07.2025/Օշական Նիդ.օրագիր
Օշականը պատմական և հոգևոր կարևորությամբ գյուղ է, որտեղ հայ ինքնության և կրթամշակութային գործունեության նոր նախաձեռնությունները շարունակում են ամրապնդել համայնքային կյանքը։ Այդ նախաձեռնություններից առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Արի Օշական» և «Միավորող կամուրջ» կազմակերպությունները, որոնց նպատակն է սփյուռքահայ և Հայաստանի երիտասարդների կրթական, հոգևոր և մշակութային կապերի խորացումը։
«Արի Օշական» կրթամշակութային կենտրոնը արդեն տարիներ շարունակ իրականացնում է տարաբնույթ ծրագրեր՝ ներառելով հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի դասընթացներ և առաջնորդության զարգացում։ Այստեղ իրականացվող դասընթացներն ու ճամբարները կարևոր հնարավորություն են ոչ միայն համայնքի երիտասարդների, այլև սփյուռքից ժամանած հայ երիտասարդների համար՝ վերագտնելու իրենց ինքնությունը և սերտացնելու կապը հայրենիքի հետ։
«Միավորող կամուրջ» կազմակերպությունն իր հերթին նպատակ ունի ստեղծել իրական կամուրջ՝ տարբեր համայնքներում ապրող հայ երիտասարդների միջև՝ կազմակերպելով հանդիպումներ, սեմինարներ, առաջնորդության ծրագրեր, հոգևոր դասեր և հայրենագիտական ճամփորդություններ։ Կազմակերպության ծրագրերը միտված են ամրապնդելու ազգային ինքնագիտակցությունը, արժեքային համակարգը և հայ երիտասարդների հոգևոր ու բարոյական դաստիարակությունը։
Այս կազմակերպությունների համակարգողներից է Ռազմիկ Մնացականյանը, որը մեծ նվիրումով առաջնորդում է կրթական և հոգևոր ուղղություններով աշխատանքները։ Նրա խոսքերով՝
«Մեր նպատակն է ոչ միայն կրթել, այլև դաստիարակել այնպիսի սերունդ, որը կկրի իր մեջ հայ լինելու պատասխանատվությունն ու կկարողանա այդ արժեքներն արժևորել իր ողջ կյանքում՝ լինի Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում»։
Նրա համակարգմամբ կազմակերպվում են կրթական ճամբարներ, քննարկումներ, մշակութային միջոցառումներ և առաջնորդական դասընթացներ, որտեղ երեխաներն ու երիտասարդները սովորում են աշխատել թիմում, ճանաչել սեփական տաղանդներն ու ծառայել հայրենիքին։
Օշականում գործող այս կենտրոնները դարձել են ոչ միայն կրթության, այլև հոգևոր և ազգային ինքնության պահպանման կարևոր հենարան։ «Արի Օշական» և «Միավորող կամուրջ» կազմակերպությունների ջանքերով այսօր Օշականը կրկին հաստատվում է որպես հայ մշակույթի և ազգային արժեքների պահպանման ու փոխանցման կենսական կենտրոն։

No comments:
Post a Comment