The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 1 July 2025

Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա վարժարանի տարևերջյան հիասքանչ հանդեսը՝ նվիրված դպրոցի 10-ամյակին


Կիրակի, հունիսի 29-ին, տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա վարժարանի 2024-2025 ուստարվա ավարտական հանդեսը, որն այս տարի յուրահատուկ էր՝ նվիրված դպրոցի հիմնադրման 10-ամյակին:

Ինչպես միշտ, անվերապահ նվիրումով աշխատող ուսուցիչների թիմը ցուցաբերեց պրոֆեսիոնալ կազմակերպվածություն՝ պատրաստելով աշակերտներին գեղեցիկ, հուզիչ և ոգեշնչող ելույթների համար։ Տարբեր տարիքի սաները մեկը մյուսի հետևից հպարտությամբ բեմ բարձրացան՝ իրենց հայրենասիրական երգերով, պարերով, հայոց լեզվի արտասանություններով հմայելով հանդիսատեսին՝ ծնողներին, տատիկներին, պապիկներին և հյուրերին: Ներկայացման ընթացքում բեմի ետնապատին հայտնվեց Հայաստանն իր ողջ հմայքով, իսկ մայրաքաղաք Երևանի տեսարաններն ու շնորհավորանքները առանձնահատուկ տրամադրություն պարգևեցին միջոցառմանը։ Էկրանից ողջունեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ինչպես նաև հանրահայտ ռեժիսոր և անիմատոր Դավիթ Սահակյանցը՝ իրենց ջերմ խոսքերով հորդորելով աշակերտներին պահպանել հայ ինքնությունն ու լեզուն:



Հանդիսությանը ներկա էր նաև Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, ով իր օրհնությամբ և քաջալերանքի խոսքով ոգեշնչեց թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցչական անձնակազմին՝ ընդգծելով, որ դպրոցը հզոր սյուն է հայապահպանության և հայեցի դաստիարակության գործում: Այս ամենը արդյունք է Գրիգոր Նարեկացի հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանի հետևողական և սիրով լեցուն կազմակերպչական աշխատանքի։ Վերջինս տարիներ շարունակ անհոգնադիր ջանք է ներդնում, որպեսզի Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա վարժարանը դառնա հայապահպանության լույսի տաճար՝ սերնդեսերունդ փոխանցելով մայրենի լեզուն, եկեղեցական ավանդույթները, հայկական երգն ու պարը: Այս տոնական օրը ոչ միայն դպրոցի, այլ ամբողջ հայ համայնքի հաղթանակն էր. մեկ անգամ ևս երաշխավորվեց, որ մեր փոքրիկները իրենց սրտերում կմեծացնեն հայրենիքի հանդեպ սերը՝ դառնալով մեր ազգի մշակույթի և հավատքի արժանի կրողներ: Սիրով առաջարկում ենք դիտել կցված լուսանկարներն ու տեսաերիզները՝ որպես վառ վկայություն 2024-2025 ուստարվա այս հիշարժան և հպարտալի օրը։
01.07.2025/Nid.oragir






















 



No comments:

Post a Comment