The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 28 June 2025

Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները վերջին մեկ օրում

 

28.06.2025/Ներքաղաքական/Նիդ.օրագիր

Երևանում, Գյումրիում և Էջմիածնում վերջին մեկ օրը ցույց տվեց, թե ինչպես կարող է քաղաքականությունը միախառնվել եկեղեցական կյանքին՝ ցավոտ և վտանգավոր հետևանքներով։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն երկու ամիս ազատազրկման մեջ կլինի՝ դատարանի որոշմամբ։ Նրան մեղադրում են հրապարակային կոչերի համար, որոնք ըստ իշխանությունների՝ ուղղված էին սահմանադրական կարգի տապալմանն ու իշխանության զավթմանը։ Հարցազրույցներից մեկը, որ նա տվել էր դեռ 2024-ին, դարձավ այս քրեական գործի հիմքը, սակայն սրբազանն ասում է՝ մեղադրանքը չի ընդունում։

Երեկ, երբ ուժայինները հայտնվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նրան ձերբակալելու, Վեհարանում մթնոլորտն էլ ավելի ծանրացավ։ Հոգևորականներն ու հավատացյալները ժամերով թույլ չէին տալիս նրան տանել, մինչև սրբազանը որոշեց ինքնակամ գնալ Քննչական կոմիտե։

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այսօր ցավով արձագանքեց կատարվածին։ Նրա խոսքերը հնչեցին ոչ թե որպես քաղաքական դիրքորոշում, այլ որպես հոր՝ որդիներին ուղղված ծանրախոհ հորդոր. «Չէինք կարծում, թե հարցը դրան կհասնի… Կացությունն անդառնալի վիճակի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել»։ Նա զգուշացրեց, որ եթե այս ճանապարհը շարունակվի, այն կտանի դեպի անդունդ։ Իսկ այդ անդունդը մեր բոլորի տակ է՝ անկախ նրանից՝ իշխանության կողմում ենք, ընդդիմության, թե պարզապես հավատացյալ, որ շաբաթ օրը մոմ է վառում ու փորձում հանգիստ ապրել։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն էլ բավական կոշտ արտահայտվեց, երբ Շիրակի թեմի առաջնորդի կալանավորումը անվանեց «դասական քաղաքական հետապնդում» և «եկեղեցահալած քաղաքականության հետևանք»՝ ընդգծելով, որ դատարանի որոշումը եղել է քաղաքական ճնշման արդյունք, և այն անվանեց «անհիմն և ապօրինի»։ Էջմիածնից պահանջեցին անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոսին՝ դատական համակարգին և իշխանություններին հիշեցնելով, որ առանց արդարության խաղաղություն չի լինում։

Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հանրային կոչով՝ առաջարկելով հուլիսի 1-ից հանրային և քաղաքական դաշտում դադարեցնել հայհոյախոսությունն ու հիբրիդային թիրախավորումը, անցնել քաղաքակիրթ և փաստարկված խոսքի։ Նա հայտնեց, որ մինչև հուլիսի 5-ը ինքը «վետո է դնում» իր կողմից ցանկացած «պարականոն» բառապաշարի վրա և այդ օրը կկիսվի, թե ինչպես արձագանքեց հանրությունը։

Իսկ մինչ այդ՝ Հայաստանով մեկ մարդիկ իրենց տներում, եկեղեցիներում, աշխատանքի վայրում, սրճարաններում շարունակում են քննարկել մեկ հարց. ո՞վ է իրավացի, ու՞ր է տանում այս ամենը։ Եկեղեցականներն ե՞ն աղոթքը թողած մտել քաղաքականության մեջ, թե իշխանավորներն են իրենց գործը թողած մտել եկեղեցու գործունեության մեջ։ Որքանո՞վ է երկուստեք նման պայքարը "սրբազան"։

No comments:

Post a Comment