The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 4 June 2025

Նոր գիրք առաջին հայ կին խմբագրի մասին

 


Նաիրա Համբարձումյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են հայ գրականության պատմությունը, ժամանակակից գրականության վերլուծությունն ու կին գրողների ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությունը։

Նաիրա Համբարձումյանը ակտիվորեն համագործակցում է «Նիդերլանդական Օրագիր» էլեկտրոնային պարբերականի հետ՝ հանդիսանալով «Գրական չորեքշաբթի» էջի նախաձեռնողն ու գաղափարական խորհրդատուն։ Այս հարթակում պարբերաբար ներկայացվում են ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական հայ գրողների ստեղծագործություններ՝ նպաստելով գրական հոսքերի աշխուժացմանը սփյուռքում։

Նա նաև համակարգում է «Արևմտահայ կին գրողները և ժամանակը» խորագրով նախագիծը, որը միավորում է «Նիդերլանդական Օրագիր»-ի և «Օրեր» եվրոպական ամսագրի ջանքերը՝ նպատակ ունենալով հանրությանը ծանոթացնել 19-րդ դարի արևմտահայ կին գրողների կյանքին, ստեղծագործական ճանապարհին և հասարակական դերակատարությանը։

Վերջերս լույս է տեսել Նաիրա Համբարձումյանի հերթական արժեքավոր գրական ժողովածուն՝ «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» վերնագրով։ Գիրքը նվիրված է 19-րդ դարի ուշագրավ գրական և հասարակական գործիչ Էլպիս Կեսարացյանի կյանքին ու ստեղծագործությանը՝ ներկայացնելով նրա ոչ միայն գրական ժառանգությունը, այլև անձնական նամակագրությունն ու հեղինակային դիտարկումները։ Հատորը ջերմորեն ընդունվել է գրական շրջանակներում և լայն արձագանք գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Մամուլում տեղ գտած գրախոսություններն ընդգծում են գրքի գիտական արժեքը, գրական մոտեցման թարմությունը և մոռացության մատնված անունների վերաիմաստավորման կարևորությունը։

Նաիրա Համբարձումյանի գործունեությունը նշանավորվում է գիտական խորությամբ, մշակութային նվիրվածությամբ և սփյուռքահայ համայնքի հետ սերտ համագործակցությամբ՝ դարձնելով նրան ժամանակակից հայ գրական միջավայրի կարևոր անհատականություններից մեկը։

📚 Նոր գիրք

Լույս է տեսել Նաիրա Համբարձումյանի կազմած, խմբագրած և ծանոթագրած «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը: Գիրքը բացառիկ ու հատկանշական երևույթ է հայ գրականագիտական և պատմագիտական դաշտում՝ որպես առաջին համակարգված ուսումնասիրություն ականավոր արևմտահայ գրող, խմբագիր, մտավորական և կանանց իրավունքների  պաշտպան Էլպիս Կեսարացյանի (1830–1913) կյանքի և ժառանգության մասին։

Գրքում ներկայացված են Կեսարացյանի գրական ու հրապարակախոսական գրեթե բոլոր գործերը՝ այդ թվում մինչև այժմ անտիպ կամ լայնորեն անհայտ բանաստեղծություններն ու նամակները։ Աշխատությունը ոչ միայն վերաիմաստավորում է Էլպիս Կեսարացյանի դերը 19-րդ դարի հայ հասարակական մտքի և կանանց շարժման մեջ, այլև իր հետազոտական մեթոդով կարևոր ներդրում է հայ կինագրության, ֆեմինիստական տեսության և մշակութային պատմության բնագավառում։

Համբարձումյանն օգտագործել է արխիվային աղբյուրներ, մամուլի հատորներ (հատկապես՝ «Կիթառ» հանդեսը, 1862–1863), ժամանակակիցների վկայություններ և համեմատական վերլուծություն՝ վեր հանելով Կեսարացյանի մտավոր գործունեության և հրապարակախոսության լայն ընդգրկույթը։ Մասնավորապես վերլուծվում է «Կիթառ» հանդեսը՝ որպես կանանց իրավունքներին նվիրված առաջին հայկական պարբերականը։ Հեղինակը ցույց է տալիս, որ այդ պարբերականը ոչ միայն արձագանքել է Օսմանյան կայսրությունում ընթացող բարեփոխումներին (Թանզիմաթ, 1839 և 1856 թթ., և Հայոց Ազգային Սահմանադրություն, 1863 թ.), այլև հանդես է եկել որպես կանանց հասարակական դերի արմատական վերաիմաստավորման հարթակ։

Գրքի կարևոր արժեքներից է նաև Կեսարացյանի տեքստերի համակարգված ներկայացումը՝ ըստ ժանրի և թեմատիկ միավորումների։ Ներկայացվում և վերլուծվում են ինչպես նրա էսսեները և բանաստեղծությունները, այնպես էլ նամակների ժողովածուն («Նամականի առ ընթերցասէր հայուհիս», 1879)՝ ժամանակի սոցիալ-քաղաքական համատեքստում։ Ընդ որում, հեղինակը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Կեսարացյանի՝ կանանց կրթության, աշխատանքի իրավունքի, հասարակական մասնակցության և ազգային ինքնության շուրջ ունեցած առաջադեմ գաղափարներին։

Հետաքրքրական և գիտական տեսանկյունից արժեքավոր է նաև գրքի համեմատական մեթոդաբանությունը. «Կիթառ» հանդեսը դիտարկվում է զուգահեռաբար Զմյուռնիայի «Հավերժահարս» հանդեսի (1862) հետ՝ եզրակացությամբ, որ Կեսարացյանի պարբերականն ունի հստակ գաղափարական ուղղվածություն և տեսական հիմնավորում՝ ի տարբերություն առավել ժամանցային բնույթ ունեցող «Հավերժահարսի»։ Այդ մոտեցումն ընդգծում է Էլպիս Կեսարացյանի գործունեության ռազմավարական ու գաղափարական բնույթը։

Առաջաբանում և մեկնաբանություններում Համբարձումյանը վերլուծում է նաև այն պայմանները, որոնցում գործել է Կեսարացյանը՝ Օսմանյան կայսրության գրաքննության, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների և հասարակական կարծրատիպերի պայմաններում։ Միևնույն ժամանակ ներկայացվում են նաև պատմական բարեփոխումների՝ մասնավորապես «Թանզիմաթի» և Սահմանադրության՝ կանանց ակտիվության համար ստեղծած հնարավորությունները։ Չնայած դրան, ինչպես հեղինակը փաստում է, Կեսարացյանի պարբերականի փակումը պայմանավորված է ֆինանսական ու գրաքննական ճնշումներով։

Գրքում կիրառված է ակադեմիական մաքուր և փաստարկված խոսք։ Համբարձումյանը խուսափում է գերարժևորումներից, հստակ տարանջատում է փաստերը ենթադրություններից և հղվում է արժանահավատ աղբյուրների՝ այդ թվում Վիեննայի Մխիթարյանների արխիվի, Թեոդիկի աշխատությունների և ժամանակակից մամուլի։ Խմբագրական և լեզվաոճական աշխատանքն աչքի է ընկնում գիտական հետևողականությամբ և մատչելի լեզվով ներկայացմամբ։

Կեսարացյանի անձնական կյանքի, մասնավորապես՝ ընտանիքի, կրթության, ինչպես նաև Ալեքսանդրիայում ապրած տարիների մասին տեղեկությունները գրքում սահմանափակ են՝  պայմանավորված համապատասխան աղբյուրների սղությամբ։  Այնուամենայնիվ, 19-րդ դարի արևմտահայ կին գրողների մասին այսքան համապարփակ ու խորը վերլուծված առաջին գիրքն է, սպասված ու գնահատելի  խորը հետազոտություն է, որը ոչ միայն լրացնում է հայ գրականության ու կանանց պատմության մի մեծ բաց, այլև ծառայում է որպես մեկնարկային կետ հետագա ուսումնասիրությունների համար։ Այն ունի արժեք և՛ պատմաբանների, գրականագետների, սեռային ու մշակութային հարցերով հետաքրքրվողների, և՛ ընդհանրապես կրթական ու գրասեր լայն հանրույթի համար։ Հատկապես արդիական է այն այսօր՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացումների և գենդերային հավասարության պայքարի համատեքստում։

Գիրքը հրապարակվել է Էդիթ-պրինտ հրատարակչությունում (2025թ, 272 էջ), լույս է տեսել բանասեր, գրականագետ-մատենագետ Յովսէփ և նրա տիկին Գարոլին Նալպանտեանների հովանաորչությամբ (Լոս Անջելըս – Սթուտիո Սիթի, ԱՄՆ): Գրքի գրախոսներ են՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Խառատյանն ու պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը։

Նաիրա Համբարձումյանի այս աշխատությունը նշանակալի քայլ է Էլպիս Կեսարացյանի վերարժևորման` նրա մտավոր, գրական ու հասարակական ժառանգության ճանաչման ուղղությամբ։ Այն առաջարկվում է ընդգրկել բուհական ծրագրերում՝ որպես աղբյուրային և տեսական բարձրարժեք ձեռնարկ հայ գրականության, կանանց պատմության և սեռագիտական հետազոտությունների ոլորտներում։

Աշոտ Կնյազյան
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր

Լույս է տեսել «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը

ԱՌԱՎՈՏ թերթ

Մայիս 25,2025 21:43


---------------------------

«Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ»

«Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ»

28.05.2025 | 19:35

Գրական կյանքում նշանակալի իրադարձություն է այս տարվա մայիսին լույս տեսած` Նաիրա Համբարձումյանի «Էլպիս Կեսարացյան. էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը:

Այն հայ գրականագիտության և պատմագրության մեջ նոր շրջան է բացում՝ նվիրված արևմտահայ մտավորական, առաջին կին խմբագիր և կանանց իրավունքների պայքարի նշանավոր դեմք Էլպիս Կեսարացյանի (1830–1913) կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը:

Սա առաջին գիրքն է արևմտահայ կին մտավորականի մասին, որ համակարգված կերպով վերլուծում է նրա գրական, հրապարակախոսական և հասարակական գործունեությունը՝ ներառելով գրողի անտիպ բանաստեղծությունները, նամակները և էսսեները։

Գրքի հեղինակը շարադրում է, թե ինչպես է Կեսարացյանը Օսմանյան կայսրության բռնապետական պայմաններում դարձել հայ կանանց ազատագրական շարժման սկզբնավորողը:

ԿԵՍԱՐԱՑՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Գրքում կարմիր թելով անցնում է Կեսարացյանի «Կիթառ» հանդեսի մասին խորը, համապարփակ վերլուծությունը (1862–1863): Այն համարվում է կանանց իրավունքներին նվիրված առաջին հայկական պարբերականը: Համբարձումյանը մանրամասն վերլուծում է հանդեսի բովանդակությունը՝ ցույց տալով, որ այն ոչ միայն արձագանքել է Թանզիմաթի բարեփոխումներին (1839, 1856) և Հայոց Ազգային Սահմանադրությանը (1863), այլև հանդես է եկել որպես կանանց հասարակական դերի վերաիմաստավորման հարթակ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Կեսարացյանի՝ կրթության, աշխատանքի իրավունքի և ազգային ինքնության շուրջ գաղափարներին։ Նրա հայտնի արտահայտությունը՝ «Կանայք նման են սոխակների, որոնք փոխանակ ինքնուրույն երգեն, թույլ են տալիս երգել և հպարտությունից փքվել ագռավ–տղամարդկանց», արտացոլում է ֆեմինիստական տեսակետների արմատականությունը։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Համբարձումյանը հիմնվել է արխիվային նյութերի, մամուլի հատորների (ներառյալ «Կիթառը»), ժամանակակիցների վկայությունների և համեմատական վերլուծության վրա:

«Կիթառը» զուգահեռաբար դիտարկվում է Զմյուռնիայի «Հավերժահարս» հանդեսի (1862) հետ։ Եթե վերջինս ունեցել է ժամանցային բնույթ, ապա «Կիթառը» տարբերվել է գաղափարական հստակ ուղղվածությամբ և կանանց կրթության ու հասարակական մասնակցության թեմաների խորությամբ: Գրքում հարուստ վավերագրական նյութեր է հավաքված, ներկայացված են Կեսարացյանի նամակների ժողովածուն («Նամականի առ ընթերցասէր հայուհիս», 1879), ինչպես նաև անհայտ բանաստեղծություններ՝ տեղադրված ժամանակի սոցիալ-քաղաքական համատեքստում:

Պատմական և ժամանակակից համատեքստում հեղինակը բացահայտում է Օսմանյան կայսրությունում հայ կանանց դեմ գործած ճնշումները, գրաքննությունը և հայրիշխանական կարծրատիպերը, որոնց դեմ պայքարել է Կեսարացյանը։

Միաժամանակ շեշտվում է, որ «Թանզիմաթի» բարեփոխումները ստեղծել են հնարավորություններ կանանց ակտիվության համար, սակայն «Կիթառի» փակումը պայմանավորված է եղել ֆինանսական և քաղաքական ճնշումներով: Գիրքը նաև ակնարկում է ժամանակակից Հայաստանում գենդերային հավասարության պայքարի կարևորությունը՝ Կեսարացյանի գաղափարները դիտարկելով որպես ժամանակակից հասարակության համար օրինակելի:

Գիրքը կառուցված է գիտական արժեքավոր հենքի վրա, առկա է ժանրային բազմազանություն, տեքստերը խմբավորված են ըստ ժանրի (էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ) և թեմատիկայի: Պահպանված է ակադեմիական կարգապահությունը: Հեղինակը հիմնվել է Վիեննայի Մխիթարյանների արխիվի, Թեոդիկի աշխատությունների և ժամանակակից մամուլի վրա՝ խուսափելով ենթադրություններից:

Գիրքը հրատարակել է «Էդիթ-պրինտ» հրատարակչությունը (272 էջ)՝ Յովսէփ և Գարոլին Նալպանտեանների հովանավորությամբ։

Գրախոսներն են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Խառատյանը և պատմաբան Գևորգ Ստեփանյանը:

Նաիրա Համբարձումյանի աշխատությունը ոչ միայն լրացնում է հայ գրականության և կանանց պատմության բացը, այլև հիմք է հանդիսանում հետագա ուսումնասիրությունների համար։

Էլպիս Կեսարացյանի ժառանգությունը, որը տասնամյակներ շարունակ մնացել է անտեսված, այսօր վերագնահատվում է՝ դառնալով հայ ֆեմինիզմի սկզբնավորման խորհրդանիշ:

Հայ ԱԶՅԱՆ

ԻՐԱՏԵՍ թերթ
28.05.2025
https://www.irates.am/hy/1748446663



No comments:

Post a Comment