The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 18 June 2025

Նայմեխենի ՎԱՆ դպրոցը` 25 տարեկան

 

Անցան տարիներ… Բայց հիշողությունը մնաց լուսավոր ու ջերմ՝ ինչպես հայացքը մարդու, որ մի ժամանակ գրկեց օտարության մուտքը՝ իր մեջ պահելով հայրենիքի շունչը։ Այդպես էլ Նայմեխենում, Աբրահամյանների ընտանիքի համառ ջանքերով ծնվեց մի միություն՝ մի նոր օջախ, սրտում հայրենիքը, որը կոչվեց «Միացյալ Հայերը Հոլանդիայում»։ Այդ միությունից էլ ծնունդ առավ ՎԱՆ մեկօրյա դպրոցը՝ մի փոքրիկ հայկական կղզյակ օտար ծովում, որտեղ հայերեն խոսքն ու հոգին իրենց հաստատուն տեղն ունեցան։

Այսօր՝ քառորդ դար անց, դպրոցն արդեն 25 տարեկան է։ Անցած ժամանակը մի ակնթարթ էր, բայց իր հետ բերեց տասնյակ սերունդներ, որոնք մտքով, սրտով ու լեզվով շարունակեցին ապրել ու արարել հայերեն։ Հայապահպանության այս օջախը դարձավ համայնքի հենասյունը՝ կրթություն ու հավաքական ուժ պարգևելով հոլանդահայությանը։ Իսկ այս ամենի հիմքում կանգնած են մարդիկ, ովքեր հավատացին, սիրեցին ու ծառայեցին գաղափարին։

Հոբելյանական այս տարին հուշի, երախտագիտության ու շարունակականության տարիք էր։ Հունիսի 15-ին տեղի ունեցած ցերեկույթը՝ համեստությամբ լի, բայց խորը բովանդակությամբ, դարձավ ոչ միայն տոն, այլև հայեցի դաստիարակության շղթայի մի կարևոր օղակ։ Այս օրը ապրեց հուզիչ հիշողություններով՝ Գայանե Աբրահամյանի կողմից իրենց ընտանիքի անցած ուղու մասին պատմությամբ, հարգանքի տուրքով՝ երջանկահիշատակ Արա Աբրահամյանին, որի անհատական մասնակցությունը և նվիրումը համայնքի կայացման գործին մնում է անջնջելի։

Աստղիկ Հայրապետյանի՝ սիրով ու երախտագիտությամբ լի խոսքը հնչեց իբրև սրտի նվիրական պատարագ՝ ուղղված դպրոցին, ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ ջերմությամբ ու հավատով ամրացնում են հայապահպանության շենքը։

«Ծնունդդ շնորհավո'ր, դպրոց»… այդ խոսքերի հետ հնչեցին շնորհակալություն ու հիացում՝ Գայանե Աբրահամյանի, տիկին Սվետայի, ողջ ուսուցչական անձնակազմի ու միության հիմնադիրների հասցեին։ Հայ մայրիկի այս խոսքն էր՝ միաժամանակ օրհնանք ու պատգամ, որ ուսուցչի ձեռքն է ձևավորում հայի հոգին, և նրա առաքելությամբ է հայը հայ մնում, թեկուզ օտար երկրում։

Ցերեկույթը նաև եղավ անակնկալներով լի։ Տիկին Սվետա Աբրահամյանին անակնկալ մատուցեց իր թոռնուհին՝ Մանեն, որը կրկին համախմբեց տարիների զգացողությունները՝ ներկայացնելով այն նույն հայկական պարը, որը տարիներ առաջ՝ հինգ տարեկանում, առաջին անգամ էր պարել նույն երգի հնչյունների ներքո։

Շնորհավորանքներ հնչեցին նաև Հայաստանից։ Գևորգ Չիչյանը իր ուղերձում ընդգծեց տիկին Սվետայի և ողջ աշխատակազմի հոգատար առաքելությունը՝ հայրենիքից հեռու ազգային ինքնությունը պահպանելու գործում՝ մաղթելով անսպառ ուժ ու եռանդ՝ շարունակելու այդ աստվածահաճո ճանապարհը։

Այս օրը հիշեցրեց, որ հայրենիքը երբեք հեռու չէ, եթե այն ապրում է լեզվի մեջ, մանկան երգի մեջ, ուսուցչի լուռ նվիրումի մեջ։ ՎԱՆ դպրոցը 25 տարով ապացուցեց՝ հնարավոր է խոնարհությամբ, անդադար աշխատանքով ու սիրով կերտել մի հայրենիք՝ միլյակներ հեռու, բայց սրտի ամենամոտ հատվածում։

Այս 25 տարին դարձան պատահականությունների շղթա չէին։ Դրանք ընտրության, նվիրումի և երազանքի արդյունք էին։ Իսկ երբ կան երազողներ, ստեղծողները, պահողները՝ հույսը երբեք չի մարում։

Աշոտ Կնյազյան
Նիդ.օրագիր



Ծնողներից մեկի շնորհակալական ու շնորհավորական գեղեցիկ ու հուզիչ խոսքը


« Ծնունդդ շնորհավո'ր, դպրոց

25 տարի առաջ էր,երբ հայի ճակատագրին թևանցուկ,մի ընտանիք ևս հայտնվեց Նիդերլանդներում։ Չհաշտվելով,սակայն, հայրենիքից բաժանման ցավին,ընտանիքի դուստրը` Գայանե Աբրահամյանն այլ երիտասարդների հետ մեկտեղ, ստեղծեց «Միացյալ Հայերը Հոլանդիայում», երիտասարդական կազմակերպությունը։
Այն դարձավ հայապահպանության օրրան, մի նոր ու փոքրիկ հայրենիք։ Էլ ի՞նչ հայրենիք,առանց հայկական կրթական օջախի`դպրոցի։
Միության մշակութային ծրագրերով, հիմնականում, զբաղվում էր Գայանեն, իսկ մայրը`տիկին Սվետա Աբրահամյանը,շատ կարճ ժամանակահատվածում, կազմավորեց ՎԱՆ մեկօրյա տարրական դպրոցը,որտեղ հնչեց հայ խոսքը, երգը,պարը, մեսրոպյան գրերի ուսուցումը,պատմությունը...
Դպրոցը դարձավ հայերի համար նաև հավաքատեղին։
25 տարին անցավ մեկ ակնթարթում,բայց իր ետևից թողեց խորն ու անջնջելի,երկար ու չկտրվող հետագիծ`սերունդներ,որոնք խոսում,մտածում,սիրում են հայերեն,ապրում ու արարում են հայերեն,գրում ու կարդում են հայերեն...
Սա էր այն ուղին, որ պիտի անցներ հայը, ուսուցիչը, մանկավարժը,որ իր սերն ու կյանքը պիտի հանձներ անցյալ ու գալիք սերունդների դատին։ Այո', սա ենք մենք,մեր պատմությունը կերտած է, բայց ոչ ծեփված։ Հայի պատգամները ուսերին կրող մարդու այս տեսակն է իսկական հայը։ Շնորհակալությո'ւն, ուսուցի'չ։


Մեկ հատիկ այս բառն եմ ասում,պոկված շուրթերից բոլորի անձայն։
Ձեր անցած ուղու մի մեծ շտեմարան, Ձեր պատգամի մեջ և կյանք,և կարոտ,
Առաքելությամբ`լույսի մի փարոս,
Դաստիարակելու անսահման մեծ ուժ։
Ստեղծագործելու երազներ ու հույս։
Այն հույսը,որով դուք հայ եք կերտում,
Այն լույսը,որով մեր ինքնությունն եք մեր մեջ հնչեցնում,
Եվ այն հավատը,որ պիտ արարենք,ապրելով հաղթենք,
Եվ այս փոթորկվող,ցնորք աշխարհում,
Մեր անելիքը դեռ պիտի ասենք.
ԵՎ այստեղ է,որ հենց Ձեզանով է հայը հայ դառնում,
Ուսուցիչ, որի առաքելությամբ Դուք օտարի մեջ մեզ հայ եք պահում։
Շնորհակալությո'ւն։
Արմենի,Արամի ու Անիի մայրիկ` Աստղիկ Հայրապետյան»։























No comments:

Post a Comment