The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 18 June 2025

Տասնօրյա միջոցառումներ Նիդերլանդներում` նվիրված հայազգի Սուրբ Սերվատիուսին

15.06.25/Նիդ.օրագիր
Ի ուրախություն Մաստրիխտ քաղաքի ուխտավորների, հյուրերի և տարբեր ազգությունների հավատացյալների, 2025 թվականի հունիսի 12-ից 22-ը անց է կացվում հոլանդական ավանդական խոր արմատներով կրոնական տոն՝ ի պատիվ հայազգի հոգևորական Սուրբ Սերվատիուսի, որը թվով 56-րդ անգամն է ու կոչվում է «Heiligdomsvaart Maastricht»։ Այս տասօրյա սրբավայրային ուխտագնացությունը, որն այս ծավալով անցկացվում է յոթ տարին մեկ, համախմբել է տեղական և միջազգային ուխտավորների՝ միավորելով նրանց պատարագների, մասունքների ցուցադրությունների, մշակութային միջոցառումների շուրջ հոգևոր հարատև վերազարթոնքի սերը։
Տոնակատարության պաշտոնական բացումը տեղի ունեցավ հինգշաբթի երեկոյան, հունիսի 12-ին՝ Մաստրիխտի պարիսպներից եկած ուխտավորների աստղային երթով։ Քայլերթը սկսվեց քաղաքի տարբեր ծխական համայնքներից, որտեղ ուխտավորները, կրելով իրենց սրբազան պատկերներն ու մասունքները, քայլեցին դեպի Վրիժհոֆ՝ երաժշտախմբերի առաջնորդությամբ։ Այնտեղից երկար ու հուզիչ երթով բոլորը շարժվեցին դեպի Սուրբ Սերվասի բազիլիկ՝ մասնակցելու բացման պատարագին։ Բացման արարողությունը կատարվեց Սուրբ Սերվասի աղբյուրի ջրով օրհնությամբ՝ մատուցված Ռոերմոնդի եպիսկոպոս Մոնսենյոր Ռոն վան դեն Հութի կողմից։ Նույն երեկոյան ներկայացվեց նաև Մաստրիխտի քաղաքային գարեջրատան կողմից հատուկ եփված նոր խմիչք, հիշեցնելով ուխտագնացության ընթացքում՝ հավատքի և սիրո 750 տարվա համադաշնությունը։
Տասօրյա շրջափուլը հագեցած է լինելու կրոնական և մշակութային բազմազանությամբ։ Ամեն օր մատուցվելու են սուրբ պատարագներ՝ տարբեր լեզուներով, Սուրբ Սերվասի բազիլիկում կազմակերպվելու են մասունքների ցուցադրություններ , այցելություններ են լինելու մշակութային կենտրոններում ու ցուցահանդեսներում։ Այսօր` Հունիսի 14-ին, շաբաթ օրը, հայ առաքելական համայնքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսավոր Սուրբ Պատարագ՝ հենց Սուրբ Սերվասի բազիլիկում։ Պատարագիչներ էին Տեր Սերովբե քահանա Ալանջյանը, Բրյուսելի Սուրբ Մարիա Մագդաղենացի և Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սարկավագները։ Եկեղեցական երգչախմբերին միացան հայ համայնքի տաղանդավոր սոպրանոները՝ Տաթևիկ Աշուրյանը և Մելինե Կուրին, որոնց կատարումները ստեղծեցին հոգևոր բարձր մթնոլորտ։ Պատարագի ավարտից հետո բազիլիկի տաղավարում տեղի ունեցավ ջերմ ընդունելություն բոլոր ուխտավորների համար, բացի հոլանդական ավանդական գարեջրից հյուրընկալվողները հնարավորություն ունեցան համտեսել հայկական ավանդական գաթան, որը պարտաստվել էր Մաստրիխտի հայ համայնքի կամավորների կողմից։
Հայկական ներկայությունն ու մասնակցությունն այս տարի առանձնահատուկ ընդգծված է, ինչը հնարավոր դարձավ Սուրբ Կարապետ եկեղեցու հավատավոր գործակցությամբ և Ատենապետ Լևոն Սարգիսի հետևողական կազմակերպական ջանքերով։ Հայ համայնքի ներգրավվածությունը խորացրեց միջազգային քրիստոնեական եղբայրության և մշակութային բազմազանության զգացողությունը՝ արժանի տեղ հատկացնելով հայ ավանդույթներին և հոգևոր մշակույթին։
Հունիսի 15-ին՝ կիրակի առավոտյան, Սուրբ Սերվասի բազիլիկում մատուցվեց գլխավոր պոնտիֆիկալ պատարագը՝ եպիսկոպոս Ռոն վան դեն Հութի հանդիսապետությամբ։ Պատարագի ժամանակ, հյուրերի և բազմաթիվ ուխտավորների ներկայությամբ, Մաստրիխտի դեկան John Dautzenberg-ը ի թիվս այլ հյուրերի ջերմ ողջունեց Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու մշտական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին։ Այս հարգանքի արտահայտությունը կարևոր մի պատգամ էր՝ հոգևոր ուխտի միասնականության, միջեկեղեցական երկխոսության և փոխադարձ հարգանքի։
Նույն օրը՝ 14.00-17.00 ընկած ժամանակահատվածում, քաղաքի միջոցով անցավ «Առաջին մեծ ուխտավորների երթը»՝ մասունքների հանդիսավոր ցուցադրությամբ, ուղեկցվող RTV Maastricht-ի և L1-ի ուղիղ հեռարձակմամբ։ Ժամը 20:30-ին Քուփելքերխում սկսվեց «De Keizer van Maastricht» թատերական ներկայացումը՝ Մաստրիխտի Թոնելգրուփի մասնակցությամբ, Լիմբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ, Համույթը գլխավորում էր հոլանդացի ճանաչված արտիստ Ֆրանկ Լամերսը։
Տոնակատարությունները շարունակվելու են մինչև հունիսի 22-ը՝ ներառելով նոր ուխտավորների երթեր, ցուցադրություններ, համերգներ և միջեկեղեցական միջամշակութային փոխանակումներ։ Սուրբ Սերվատիուսի անունով իրականացվող Heiligdomsvaart-ը 2025-ին ոչ միայն հարգանքի տուրք էր վաղ քրիստոնեական հայազգի սրբի հիշատակին, այլև վառ ապացույց հավատքի և համերաշխության, որին մասնակցում են հավատացյալներ ողջ աշխարհից։
Աշոտ Կնյազյան
«Նիդերլանդական օրագրի» խմբագիր
Լուսանկարները` Heiligdomsvaart Maastricht էջից


























No comments:

Post a Comment