«Մենք ծնվել ենք ապրելու, սիրելու և ծաղկեցնելու համար»⚜️ ասել է Կարինե Քլյանը «PRESTIGE» ամսագրին ունեցած հարցազրույցի ժամանակ։ Այն զետեղված է հանդեսի N 22֊ում։
Կարինեն Նիդերլանդների Թագավորության Դը Բիլդ քաղաքապետարանի խորհրդի անդամ է, ավագանի։ Նիդ.օրագիրը Կարինե Քլյանի հետ ունեցած հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ։
------------------
Ինչպես Հայաստանի վարչապետն է ասել` «Որտեղ հաց, այնտեղ կաց», ես ավելացնում եմ՝ նաև սեր։
Ես առաջնորդվում եմ աստվածաշնչյան ոսկե կանոնով` ըստ որի` մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում ենք` իրենք մեզ վերաբերվեն:
Ինձ համար կարևոր է կամուրջ հանդիսանալ այս երկու ժողովուրդների մշակույթի տարածման համար։
Ամեն բան անում եմ եվրոպայում հայկական մշակույթը ապրեցնելու և ավելի զարգացնելու համար:
Սփյուռքում ամենքս «քայլող փիառ ենք» և պետք է տարածենք մեր ազգի պատմությունը:
Իմ երազանքն է ունենալ թեկուզ փոքր, բայց հստակ գծված սահմաններով, գրագետ մոտեցմամբ և զարգացած տնտեսությամբ հայրենիք, պետություն:
«Պրեստիժ» ամսագրի զրուցակիցն է Նիդերլանդների Թագավորությունում հասարակական-քաղաքական գործիչ, Նիդերլանդների Թագավորության Դը Բիլդ քաղաքի ավագանի Կարինե Քլյանը:
Տիկին Քլայն, ուրախ ենք Ձեզ հետ զրույցի համար:
-Տիկին Քլյան, մինչ Ձեր ծավալած գործունեությունից խոսելը` կխնդրեմ որպես նախաբան ներկայացնել Ձեր անցած ուղին և արտերկրում բնակություն հաստատելու սկզբնական տարիները:
-Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանում, ապրել եմ Երևանի հենց սրտում և ավարտել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը (այն ժամանակ` ինստիտուտ)` ստանալով ինդուստրիալ-մանկավարժի որակավորում: Ուսանողական պրակտիկան անցել եմ Մոսկվայում, իսկ Հայաստան վերադառնալուց հետո կրկին մեկնել եմ` այս անգամ Նիդերլանդների Թագավորություն: Ինչպես Հայաստանի վարչապետն է ասել` «Որտեղ հաց, այնտեղ կաց», ես ավելացնում եմ` նաև սեր:
Ինձ սերը տարավ Նիդերլանդների Թագավիրություն. իմ ամուսինը հոլանդացի էր և 1990-ական թվականներին աշխատում էր Հայաստանում` «Նոյան տապան» խմբագրությունում: Այդ տարիներին մենք ծանոթացել ենք, սիրահարվել, ինչին հետևել է ամուսնությունն ու Նիդերլանդների Թագավորություն տեղափոխվելը, որտեղ բնակվում եմ արդեն մոտ 30 տարի: Ինձ համար շատ ծանր էր սկզբնական տարիները, քանի որ, ցավոք, շատ կարճ ժամանակ կարողացանք ապրել ամուսնուս հետ, ես մենակ մնացի երկու երեխաներիս հետ:
Հասնելով Նիդերլանդների Թագավորություն ես անմիջապես կապ եմ հաստատել մեր հայկական համայնքների հետ: Ըստ իս` յուրաքանչյուր երկիր գնալիս ամենակարևորներից է լեզուն սովորելը, վարորդական իրավունք ստանալը, և նոր մասնագիտություն ձեռք բերելը։ Բոլորն էլ ինձ մոտ շատ արագ ստացվեց: Ի ուրախություն ինձ, վեց ամսվա ընթացքում կարողացա սովորել և ավարտել լեզվի դասընթացները, այնուհետև անմիջապես անցնել աշխատանքի` որպես դատական թարգմանիչ` հայերեն, ռուսերեն և հոլանդերեն լեզուներով: Երեխաներս արդեն մի փոքր ավելի մեծ էին և իրենց դպրոց տանել-բերելու անհրաժեշտություն էր առաջանում, իսկ իմ աշխատանքը թույլ չէր տալիս նրանց շատ ժամանակ տրամադրել, այդ իսկ պատճառով` հինգ-վեց տարի աշխատելուց հետո` փոխեցի մասնագիտությունս:
Սովորեցի Ուտրեխտ քաղաճի համալսարանի Սոցիալ-Իրավագիտության բաժնում, որի կրթական ծրագիրը, թեպետ, չորս տարով էր, բայց կարողանալով արագ սովորել` ինձ մոտ ստացվեց համալսարանն ավարտել երկու տարում և անմիջապես ընդունվել աշխատանքի Դը Բիլդ քաղաքի քաղաքապետարանում` որպես սոցիալ-իրավագետ:
Այդ տարիներին ես շատ էի օգնում մեր հայ համայնքին, կամավորական հիմունքներով թարգմանում էի իրենց անհրաժեշտ փաստաթղթերը, տարբեր ուղղություններով կապեր էի հաստատում և միջոցառումներ կազմակերպում:
-Դուք նաև միջոցառումների հմուտ կազմակերպիչ եք, որոնցով Եվրոպայում տարածում եք հայկական մշակույթը:
-Արդեն 2012թ. իմ աշխատանքի հետ զուգահեռ սկիզբ դրեցի իմ փոքր բիզնեսին, որը կազմակերպում էր ինտերնացիոնալ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, նաև հայկական թատրոններ։ Նաև անցկացնում եմ Զագսի արարողություններ` չորս լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, հոլանդերեն:
Մարդկանց շատ ցանկության դեպքում ժամանակ եմ գտնում նաև հանդես գալ որպես հանդիսավար երկու լեզուներով` հայերեն և հոլանդերեն, քանի որ ինձ համար շատ կարևոր է կամուրջ հանդիսանալ այս երկու ժողովուրդների մշակույթի տարածման համար:
Կազմակերպում եմ նաև մշակութաին միջոցառումներ, արվեստի երեկոներ, Հայաստանից անվանի ու սիրված դերասաններ Նարեկ Դուրյանին, Հրանտ Թոխատյանին, Լուիզա Ներսիսյանին ենք հրավիրել Նիդերլանդների Թագավիրություն` բեմադրություններով ներկայանալու Սփյուռքի մեր հայրենակիցներին: Ամեն բան անում եմ եվրոպայում հայկական մշակույթը ապրեցնելու և ավելի զարգացնելու համար:
-Վերջին տարիներին Դուք հանդես եք գալիս նաև որպես քաղաքական գործիչ: Ի՞նչը Ձեզ տարավ դեպի քաղաքականություն:
-Աշխատելով Դը Բիլդ քաղաքում, լավ տիրապետելով լեզուներին և հատկապես ունենալով լավ խոսք և դիվանագիտական մոտեցում, ես կարողանում եմ տարբեր հարցերով օգնել տեղացիներին` հոգեբանական, իրավագիտական, ինչու ոչ` մարդկային հարցերով: Ես առաջնորդվում եմ աստվածաշնչյան ոսկե կանոնով` ըստ որի` մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում ենք` իրենք մեզ վերաբերվեն: Խնդիրների բարձրաձայնման, դրանց գրագետ լուծման և շատ մարդկանց օգնելու իմ բանաձևը դիմացինին հարգելն ու նրան հասկանալն է: Մինչև պաշտոն ունենալը մենք մարդ ենք, ովքեր պետք է լսեն, հարգեն և կարեկցեն միմանց: Իմ այդքան ակտիվ գործունեությունը հանգեցրեց նրան, որ արդեն 2022թ. 5000-ից ավելի ձայներ հավաքելով` ես ընտրվեցի Նիդերլանդների Թագավորության Դը Բիլդ քաղաքի ավագանի։
-Որպես քաղաքական գործիչ` ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս իրավիճակը: Ներդնելով նաև Սփյուռքի ներուժը ինչպիսի՞ զարգացումներ կունենանք երկրի զարգացման հեռանկարների, ինչպես նաև ներքին և միջազգային քաղաքականության ուղղությամբ:
-Այժմյան Հայաստանը բավականին փոփոխված է և գնում է դեպի դեմոկրատիան: Իհարկե, դեռ կարծրատիպեր կան, բայց քաղաքական, մշակութային, ինչպես նաև ռազմական ուղղություններով թափանցիկություն եմ տեսնում, որը չեմ տեսել մինչ 2018 թվականը: Գործիչները շատ թեմաների շուրջ ազատ խոսք են արտահայտում, բոլորին խրախուսում են աշխատանք կատարել:
Ինքս Նիդերլանդների Թագավորությունում միշտ լսելի եմ դարձնում հայկական հարցերը` քննարկելով թե պատգամավորների հետ, թե ժողովրդի, չէ որ սփյուռքում ամենքս «քայլող փիառ ենք» և պետք է տարածենք մեր ազգի պատմությունը: Կարծում եմ՝ հրաշալի կլինի, որ սփյուռքում տարբեր մասնագետների կողմից միահամուռ ծրագրեր մշակվեն, ուղարկվեն այստեղ և քննարկման հանվեն: Ամենակարևորը ուսումնական զարգացումն է, քանի որ այսօրվա լավ կրթությունն ապագայում մեզ հնարավորություն է տալու ճիշտ օգտագործել ռեսուրսները:
-Դուք հրավիրված էիք Հայաստանում անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվում են Հայաստանի և սփյուռքի առաջ ծառացած արդի մարտահրավերներն ու խնդիրները։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ քայլեր պետք է արվեն ուղղված երկրի կայուն զարգացմանն ու խնդիրների լուծմանը, ինչպես նաև այս գագաթնաժողովը ինչպիսի՞ հաջողություն կբերի մեր երկրին:
-Համաշխարհային հայկական գագաթնաժողովը շատ կարևոր միջոցառում է մեր երկրի համար: Կարծում եմ` սա պարտադիր անցկացվող գագաթնաժողով է, որը շատ գեղեցիկ կամուրջ է հանդիսանում սփյուռքի և մեր հայրենիքի միջև: Այս հանդիպումների ընթացքում ժամանակն ու տարածությունը չեզոքանում են, միանում է մարդկային ընդհանուր գիտակցությունը, և բոլորս աշխատում ենք մեր հայրենիքի ու ապագայի համար:
Կարևոր եմ համարում սփյուռքի հայ մասնագետների ներգրավումն ու համախմբումը: Մենք մեր փորձը, գիտելիքները և բոլոր ռեսուրսները պետք է ներդնենք հայրենիքում: Ճիշտ համագործացության դեպքում մենք շատ բանի կհասնենք, քանի որ ունենք աշխարհով սփռված հայ հանճարներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուղղությամբ կարող է շատ օգտակար լինել մեր երկրի համար:
-Դուք որպես ճանապարհ անցած, ուժեղ և կայացած կին` ինչ եք կարծում` ո՞րն է կնոջ դերը հասարակության, պետության կայացման և հզորացման գործում:
-Ինչպես ընտանիքի, այնպես էլ պետության համար կինը ամրություն և սյուն է: Կանայք ավելի խաղաղսեր են․ հատկապես կառավարման ոլորտում` ինչքան շատ կանայք լինեն, այնքան ավելի հավասարակշռված կլինի ամեն բան, աշխարհն ավելի ճիշտ կղեկավարվի: Կինը մայր է, ով հոգում է ընտանիքի ապահովության և ճիշտ զարգացման համար, պետության կառավարման դեպքում` առավել ևս, կնոջ դերը առաջնային է:
-Դուք կին եք, ով այդքան դժվարություններ հաղթահարելով, օտար հողի վրա կարողացել է նաև հայեցի և հայկական արժեքներով մեծացնել երեխաներին: Խոսենք Ձեր զավակների մասին:
-Մեկ տարի հետո մենակ մնալով Նիդերլանդների Թագավորությունում ես մտածում էի հետ վերադարձի մասին, բայց կամքի ուժը և հետագայում ընտանիքիս ու հայրենիքիս համար կարևոր լինելու նպատակը ինձ ոգևորեց՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Բացի դա, ես չէի կարող երեխաներիս պետությունից պետություն տեղափոխել, փառք Աստծո, երեխաները մեծացել են և այսօր արդեն իրենք ունեն ընտրության հնարավորություն: Ես իրենց մեջ սերմանել եմ մեծ սեր հայրենիքի, հայ ժողովրդի և մայրենի լեզվի նկատմամբ: Ի դեպ, բոլորն իմ շրջապատում զարմանում են, զավակներիս լավ և գրագետ հայերեն խոսքի վրա, քանի որ շատ բարդ է այնտեղ լեզուն պահպանելը` անգամ ինձ համար:
Դուստրս 33 տարեկան է, որդիս`27, երկուսն էլ շատ կապված են Հայաստանի հետ: Աղջիկս ընտրել է մանկավարժ-հոգեբանի մասնագիտությունը, աշխատում է լուրջ տրավմաներ տարած և յուրահատուկ երեխաների հետ: Իսկ որդիս սովորել է որպես անվտանգության մասնագետ: Նրանք հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, սերտ կապերի մեջ են մեր հայաստանաբնակ հարազատների հետ, ունեն ընկերներ և մոտավորապես երեք տարին մեկ ժամանում են Հայաստան:
Ամենակարևոր արժեքները, որոնք ես փոխանցել եմ իմ երեխաներին, անշուշտ, հայերնասիրությունն ու մարդ մնալն է: Թեպետ չեմ սիրում խոսել օգնությունների մասին, քանի որ դա անում ենք ոչ թե բարձրաձայնելու, այլ հենց անելու համար, բայց նշեմ, որ հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իմ զավակներն անմիջականորեն մասնակցել, աջակցել և ստեղծել են օգնություն ուղարկելու մեծ հնարավորություններ:
-Որո՞նք են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եք և երբեք չեք դավաճանում:
-Ինձ համար կարևոր սկզբունքներ են ազնվությունը, հավատարմությունը և նվիրվածությունը: Պետք է լսել ու հարգել դիմացինին, բայց հավատարիմ մնալ ինքդ քեզ և արդյունքում անել այն, ինչ ինքդ ես ճիշտ գտնում: Մենք բոլորս մարդ ենք, բոլորս ծնվել ենք սիրելու, ապրելու և ծաղկեցնելու համար:
-Ի՞նչ կցանկանայիք փոխել Հայաստանում, և ի՞նչ խորհուրդ-ուղերձ ունեք մեր ժողովրդին:
-Հայաստանում ես արդեն տեսնում եմ գլոբալ փոփոխություններ, շատ ցանկանում եմ, որ ինչպես մեր ՀՀ վարչապետն ասում` «Մեր պետությունը դառնա մի ամբողջ ընտանիք», գա այդ օրը, որ սփյուռքի ողջ հայությունը կարողանա հետ վերադառնալ, թեկուզ մի փոքր դժվարություններով, բայց միասին ձգտենք մեր երկրի բարգավաճմանը: Իմ երազանքն է ունենալ թեկուզ փոքր, բայց հստակ գծված սահմաններով, գրագետ մոտեցմամբ և զարգացած տնտեսությամբ պետություն: Նման պետությունները քիչ չեն աշխարհում, որ փոքր լինելով հանդերձ` տնտեսապես շատ լավ զարգացած և ապահով երկրներ են:
Մեր ժողովրդին ես մաղթում եմ միաբանություն, համախմբվածություն: Մի բան հստակ է, որ մենք աշխարհում առաջիններից ենք և հոյակապ ազգ ենք, պետք է չմոռանանք մեր գեները:
«Պրեստիժ» ամսագիր, հմ.22
No comments:
Post a Comment