The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 4 July 2025

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձեւավորվում է միայն եւ միայն համապետական ընտրությունների միջոցով:

Հարգելի հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետության գոյապայքարի եւ ինքնիշխանության ու անկախության ամենավճռական այս պահին հայաստանաբնակ եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել հակապետական ու դավադիր ուժերի սադրանքներին, չհավատալ կեղծ, ստահոտ ու շինծու լուրերին եւ միակամ դիմակայել բռնի, ահաբեկչության միջոցով իշխանությունը զավթել ցանկացողների եւ նրանց ետեւում կանգնած արտաքին գույնզգույն ուժերի դավադիր գործողություններին:

Սիրելի հայրենակիցներ, հինգերորդ շարասյունը քոչարյանա-սերժական կլանի ղեկավարությամբ իրենց շուրջ հավաքած բոլոր հեռու եւ մոտիկ դավադիր խմբավորումներին եւ անհատներին, օտարերկրյա ուժերի բացահայտ ու թաքուն հովանավորությամբ նորից եւ նորից հրապարակ են իջել՝ բռնի զավթելու իշխանությունը եւ սկուտեղու վրա այն հանձնելու իրենց օտարերկրյա տերերին: Նրանք կեղծ հայրենասիրական լոզունգներով՝ ազգայինի քողի տակ, չարաշահելով ժողովրդի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ անսահման սերն ու նվիրվածությունը, այս անգամ առաջ են մղել իրենց կրոնական ուխտը դրժած եւ քաղաքականության դաշտ մտած անհատ մի քանի բարձրաստիճան  հոգեւորականների: 

Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Հայաստանում եւ Սփյուռքում դատապարտելով այս ուժերի ահաբեկչական, հակապետական գործողությունները ի չիք է դարձնում «սրբազան» կոչված անսուրբ եւ էլի մի քանի նման բեւեռացված ահաբեկչական «շարժումները»:

Եվրոպայի հայերի համագումարը լավատեղյակ լինելով սփյուռքի կառուցվածքին եւ սփյուռքահայության մոտ իշխող հոգեբանությանը, ցավոք ականատես է լինում նաեւ այս ու այն կողմից լսվող բարի ու հայրենասերի համաբավ ունեցող շատ հայրենակիցների ձայներ, որոնք լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներ, ճիշտն ու սխալը չհասկանալով, իշխանությունների օրինական գործողությունները եկեղեցու դեմ արշավ համարելով՝ կանգնում են Հայաստանը տասնյակ տարիներ թալանած եւ օտար պետությունների եւ ուժերի ասպատակության ենթարկած՝ հակապետական, ահաբեկչական ուժերի կողքին:

Իշխանություններին կարելի է եւ անհրաժեշտություն է քննադատել, թերությունները վեր հանել եւ անել կառուցողական առաջարկություններ: Յուրաքանչյուր քաղաքական կամ հասարակական կազմակերպությույն ստեղծվում է հասարակական բազմազան հարցեր քննարկելու, ճիշտն ու սխալը վեր հանելու եւ  լուծումների առաջարկություններ անելու համար, այլ ոչ թե իրականությունից կտրված՝ իրենց կույր ատելությանը հագուրդ տալու համար, ինքնաոչնչացման գնով, իրենց նման չմտածողներին անվանել «թուրք» ու «դավաճան» եւ թշնամու ջրաղացին ջուր լցնելով ակամայից կանգնել նրանց կողքին:

Խոսում են ազգությունից ու մշակույթից, բայց չգիտեն, որ մշակույթի բարձրագույն դրսեւորումը սեփական պետականություն ունենալը եւ այդ պետությունը համակողմանիորեն զարգացնելն է:

Մեր հասարակության մեջ ցավոք անպատժելիությունը հանգեցրել է անհանդուժողականության, որը այսօր ամենուր հակապետական ուժերի կողմից դրսեւորվում է քայքայիչ գործողություններով, իսկ հասարակության մոտ՝ հայհոյանքներով:  Հայհոյանքը մեր լեզվի եւ մշակույթի մեջ օտարածին երեւույթ է եւ ներմուծվել է թուրք-թաթարական խուժանների, ինչպես նաեւ ռուսական եւ այլ տիրակալությունների հանգամանքներում: Հայհոյանքը քաղաքական մտքի բացակայության արդյունք է եւ ոխակալության ու վրեժխնդրության զգացումի լիցքաթափման վայրկյանական ազդեցությամբ՝ թմրանյութ:

Եվրոպայի հայերի համագումարը խստիվ դատապարտելով ամեն մի բռնի, անօրինական եւ հակապետական նախաձեռնություն շեշտում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձեւավորվում է միայն եւ միայն համապետական ընտրությունների միջոցով: Հակառակ անցյալի՝ այսօր ազատ խոսքի եւ կարծիք հայտնելու, կազմակերպվելու եւ օրինական գործունեություն ծավալելու համար առկա են բոլոր հնարավորությունները, ուստի  անընդունելի, դատապարտելի եւ պատժի են արժանի իշխանությունը զավթելու բոլոր կոչերը՝ լինեն հեղինակները նախկին պաշտոնյաներ, Հայաստանյան կամ օտարերկրյա մեծահարուստներ կամ դիրք ու աստիճան ունեցող հոգեւորականի հագուստ կրողներ:

Մենք կարեւորում ենք Հայաստան-Սփյուռք առողջ եւ ուժեղ կապերը: Սփյուռքը իր իրավասությունների սահմաններում կարող է խթանել, քաջալերել, քննադատել իշխանություններին, բայց ո'չ միջամտելու ներքին քաղաքականությանը եւ կանգնելու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու գործին լծված ուժերի կողքին:

Հայաստանի իշխանությունները այսօր վարում են արտաքին կշռադատված քաղաքականություն եւ ձգտում են հնարավորինս բարիդրացիական եւ բնական հարաբերություններ ստեղծել բոլոր հարեւանների հետ եւ  նվազեցնել պատերազմի վտանգը եւ տնտեսական, քաղաքական, մշակութային եւ ռազմական կախվածությունը ուրիշներից: 

Մենք բոլորով միասին ամենայն խոհեմությամբ եւ համբերատարությամբ  պիտի լծվենք թուրք-ադրբեջանական անմիջական վտանգը չեզոքացնելու եւ կասեցնելու գործին: Մեր անվտանգության անկաշառ երաշխիքը միայն մենք կարող ենք լինել:

Մեր հայրենակիցներին կոչ ենք անում աչալուրջ լինել եւ չհավատալ համացանցը ողողած ծախու լրատվամիջոցների կեղծ եւ շինծու լուրերին:

Միասին մենք ուժեղ ենք եւ կարող ենք հաղթահարել մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած ամեն մի դժվարություն եւ արհավիրք:

Կեցցե' ինքնիշխան եւ անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Եվրոպայի հայերի համագումար 

 Շվեդիա Ուփսալա 

3 Հուլիս  2025


No comments:

Post a Comment