Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ
Երևան – Գյումրի
Ի հեճուկս Հայաստանի ներքաղաքական տարուբերումներին՝ մշակութային կյանքը երկրի տարբեր քաղաքներում շարունակում է պարգևել գեղեցիկ ու անմոռանալի պահեր արվեստասերներին։ Հունիսի 23-ին, Գյումրիում՝ «Հայաստանի մշակութային մայրաքաղաքում», կայացավ «Արվեստի լույսը» խորագրով յուրահատուկ համերգ–ներկայացում, նվիրված տեղի «Վարդուհի» արվեստի դպրոցի հիմնադրման 10-րդ տարեդարձին։
Հոբելյանական միջոցառումը, որը տեղի ունեցավ Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում, եռաբաղադրիչ էր։ Նախ, հանդիսատեսն այցելեց դպրոցի սաների և շրջանավարտների գեղանկարչական ու քանդակային աշխատանքների ցուցադրությունը թատրոնի ճեմասրահում։ Այնուհետև բեմում ներկայացվեցին երաժշտական ու պարային համահունչ կատարումներ, որոնցից հատկապես տպավորեցին բալետային համարները՝ պլաստիկ նրբագեղությամբ և ոգեշունչ կատարմամբ։
Համերգից հետո հայտնի արվեստագետները «խենթացնող», «ֆանտաստիկ» և նմանատիպ մակդիրներով բնութագրեցին ներկայացումը՝ ընդգծելով այն որպես բարձր պրոֆեսիոնալիզմի և մանկավարժական նվիրվածության արդյունք։ Այդ նվիրյալ մասնագետների թվում էր նաև «Նիդերլանդական Օրագրի» ընթերցողին քաջ հայտնի արվեստագետ, ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Լևոն Լաճիկյանը։ Վերջինս մեր ունեցած հարցազրույցում նշեց.
«Արվեստի ցանկացած կրթօջախի համար մեկ տասնամյակը ոչ մեծ, բայց և բավարար ժամանակամիջոց է կայացման ու ստեղծագործական ձեռքբերումների համար։ Այդ առումով 2015-ին ամերիկաբնակ պոլսահայ բարերար Ջոն (Հովհաննես) Օյունջյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ կառուցված այս կրթօջախն արդեն հասցրել է լուսավոր կետ դառնալ Գյումրու և ոչ միայն Գյումրու կրթամշակութային քարտեզի վրա՝ փոխելով կյանքեր ու կերտելով ճակատագրեր, ինչպես նաև ձևավորելով բարենպաստ գեղարվեստական միջավայր»։
Շնորհավորում ենք ընդամենը 10-ամյա «Վարդուհի» արվեստի դպրոցին և մաղթում ստեղծագործական նոր բարձունքներ՝ հանուն գյումրեցու հոգու գեղեցկության ու ազգային արվեստի հարատևության։
Ի վկայություն այդ գեղարվեստական հրավառության՝ լուսանկարիչ Էդվարդ Հովհաննիսյանի տեսախցիկով ֆիքսված հիշարժան պահերն են, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
No comments:
Post a Comment