The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 31 July 2025

Մամուլի վիճակը Հայաստանում. ամայացում՝ առանց արձագանքի

 


31.07.2025թ/Նիդ.օրագիր

Երեք տասնամյակ առաջ Հայաստանում մամուլը հռչակվում էր որպես ազատության խորհրդանիշ։ Տպագիր մամուլը վերածնվում էր՝ կրելով պետական բյուրոկրատիայից ազատված խոսքի մշակույթը, պլյուրալիզմի գաղափարն ու հանրային վերահսկողության գործիքը։ Սակայն այսօր այդ մամուլից գրեթե ոչինչ չի մնացել։ Տպագիր թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին։ Նույնիսկ պետական հովանավորչությամբ գործող պաշտոնաթերթը՝ «Հայաստանի Հանրապետություն»-ը, դադարեց տպագրվել։ Նրա օրինակով փակվեցին նաև բազմաթիվ այլ հայտնի և վաստակաշատ պարբերականներ, որոնք ժամանակին լրատվական դաշտի առանցքային դերակատարներ էին։ Այս փլուզումը պայմանավորված չէ միայն տնտեսական ճնշումներով, այլև մշակութային և ինստիտուցիոնալ անտարբերությամբ։
Տպագիր մամուլի կտրուկ անկումը, մի կողմից, սրվում է ընթերցողների թվի նվազմամբ, բայց մյուս կողմից՝ նաև ինստիտուցիոնալ հիմքերի քանդմամբ։ Դեռ 1994 թվականից սկսած՝ բազմաթիվ խմբագրություններ, այդ թվում՝ «Առավոտը», գործել են մամուլի շենքում, որը հատուկ կառուցվել էր հենց լրատվամիջոցների համար։ Ինչպես նշում է Աննա Իսրայելյանը, մամուլի շենքը կառուցվել է հենց լրատվամիջոցների համար, սակայն այսօր այդ նպատակը կորցրել է։ Շատ խմբագրություններ դուրս են եկել կամ հանվել են այդ տարածքից:
Դա խորհրդանշական տարածք էր, որտեղ մամուլը պիտի ապրեր, զարգանար, շփվեր, մրցեր, բայց այդ շենքը ևս զրկվել է իր գաղափարական հիմքից։ Վերջին տարիներին խմբագրությունները փաստացի դուրս են մղվել այդ տարածքից։ Դրանց մի մասը հեռացվել է՝ պաշտոնապես կամ անուղղակի ճնշումներով, իսկ տարածքների մի զգալի հատվածներն այսօր ծառայում են այլ նպատակների՝ առևտրային, բիզնես կամ վարչական։
Այդ նույն ճակատագրին է արժանացել նաև Ժուռնալիստների միության շենքը, որը գտնվում է Երևանի սրտում՝ Պուշկինի փողոցում։ Խորհրդային տարիներին այն կառուցվել էր՝ որպես ժուռնալիստիկայի ստեղծագործական տուն, սակայն այսօր գրեթե ոչ մի աղերս չունի լրագրողների համայնքի հետ։ Ըստ բազմաթիվ լրագրողների վկայությունների՝ շենքը բառացիորեն խլվել է մամուլից և ծառայում է ամեն ինչի՝ բացառությամբ իր բուն առաքելության։ Այն դարձել է հարթակ բիզնեսների, ժամանցային միջոցառումների, տարբեր այլ ծառայությունների համար, իսկ ժուռնալիստները փաստացի դուրս են մնացել իրենց իսկ մշակույթի ու մասնագիտական ինքնության խորհրդանիշ տարածքից։ Այսօրվա էլ ժուռնալիստների միության անունն է մնացել:
Այս ամենը տեղի է ունենում մեդիայի թվայնացման պայմաններում, երբ գրեթե բոլոր լրատվամիջոցներն անցել են առցանց հարթակների։ Թվային անցումը, որը կարող էր նոր հնարավորությունների դարպաս բացել, վերածվել է գոյատևման պայքարի։ Լրատվամիջոցները հայտնվել են առևտրային ալգորիթմների և ընթերցողների անվճար սպառման մշակույթի թակարդում։ Որակյալ բովանդակությունն այլևս արժեվորված չէ, քանի որ հանրությունը սովորել է ամեն բան ստանալ անվճար։ Այս ֆոնին լրատվամիջոցները ֆինանսապես դառնում են խոցելի, իսկ քաղաքական շրջանակներն ավելի հեշտությամբ են ներգրավվում մեդիա միջավայրում՝ սեփական շահերին ծառայող տեղեկատվական մանիպուլյացիաներով։
Հասարակության մեջ ձևավորվել է նաև թերահավատություն մամուլի հանդեպ, որը խորանում է քաղաքականացված բովանդակությամբ, քարոզչությամբ, ինչպես նաև լրագրության որակի անկմամբ։ Արդյունքում՝ մամուլի՝ որպես հանրային վերահսկողության գործառույթ իրականացնող ինստիտուտի դերը ոչ միայն նվազում է, այլ վերանում է։ Իշխանությունների համար մամուլն ավելի շատ խանգարող գործոն է, քան գործընկեր։ Իսկ երբ չկա պետական ռազմավարություն՝ մամուլի ինստիտուցիոնալ պաշտպանության, տարածքների պահպանման և ֆինանսավորման հարցերում, մեդիան վերածվում է միայնակ կղզու՝ գոյատևող, բայց չլսվող ու անարդյունավետ։
Տպագիր մամուլի խեղդամահ լինելու փաստը, մամուլի շենքի և ժուռնալիստների միության տան չգոյությունը կամ օտարացումը միայն տեխնիկական խնդիր չէ։ Դա հարված է ժողովրդավարական մշակույթին, հանրային քննարկման որակին, փաստերի և հստակության արժեքներին։ Լրագրությունը Հայաստանի Հանրապետության մեջ դառնում է ոչ թե արժեհամակարգային հենասյուն, այլ մոռացված մասնագիտություն։ Այս ամենին չեն նպաստում ոչ անկախ լրատվամիջոցների առկայությունը, որոնք ոչ թե առաքելություն են կատարում, այլ արատավորում են լրագրողի անունն ու մասնագիտությունը: Վերջիններս իրականացնում են կողմնակալ, կանխակալ գործունեություն:
Հայաստանում տպագիր մամուլը գրեթե մահացած է։ Լրատվության հիմնական հարթակը դարձել է թվային միջավայրը։ Այդուհանդերձ, այս անցումը չի ուղեկցվում համակարգված պետական քաղաքականությամբ կամ լրագրողների համար համարժեք աջակցությամբ, ինչի հետևանքով մամուլի դերը ժողովրդավարության մեջ թուլանում է։
Լրագրությունը ինքնություն է, մշակույթ, ինստիտուտ, որը պահանջում է պաշտպանություն՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև պետական ռազմավարության, մշակութային հարգանքի և հանրային գիտակցվածության մակարդակներում։
Եվ այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ոչ թե պարզապես վերլուծել պատճառները, այլ ձևավորել մշակութային վերանայում։ Մամուլը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տեղեկատվություն արտադրող ոլորտ, այլ որպես ինքնություն։ Պետությունը պարտավոր է մշակել քաղաքականություն՝ նպաստելու խմբագրությունների վերադարձին իրենց տարածքներ, նոր մեխանիզմներով աջակցի անկախ մեդիայի կայունությանը, և վերջապես՝ պաշտպանի լրագրողների մշակութային և մասնագիտական դերը հանրային կյանքում։ Այլապես Հայաստանը կշարունակի ապրել առանց ճշմարտախոս ու իրական մամուլի, և դրանից կշահեն միայն նրանք, ում ձեռնտու է լռությունը։
Վահան Ամատունի
«Նիդերլանդական օրագիր»
Նկարներում` 70-ական թվականների վերջին կառուցված Ժուռնալիստների միության տունը և մամուլի շենքը Երևանում


No comments:

Post a Comment