Հայ հոգևոր երաժշտության հնչյունները Վենետիկի Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան Միաբանության 325-ամյակի առիթով
Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ի նախաձեռնած «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով մշակութային բացառիկ ծրագիրը։ Միջոցառումը կազմակերպվել էր Մխիթարյան Միաբանության հիմնադրման 325-ամյակի շրջանակում՝ ի նշան երախտագիտության և հարգանքի այն վանականների հանդեպ, որոնք երեք դար շարունակ պահպանում և տարածում են հայ հոգևոր մշակույթն ու գիտական ժառանգությունը։
Միջոցառմանը ներկա էին Պոլսոյ հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ և Մխիթարյան Միաբանության վանահայր Լևոն արքեպիսկոպոս Զէքիեանը, միաբանության հայրերը, ինչպես նաև Իտալիայի տարբեր քաղաքներից ժամանած հայ և իտալացի ուխտավորներ։
Երաժշտական երեկոյի ընթացքում արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանը, երգեհոնահար Զոյա Թուխմանովա Կարապետյանի նվագակցությամբ, հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու և Մխիթար Այրիվանեցու ստեղծագործություններ։ Ծրագրում հնչեց նաև եվրոպական հոգևոր երաժշտություն, որը ջերմորեն ընդունվեց ներկաների կողմից։
«ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը, շնորհավորելով Միաբանությանը հոբելյանի առթիվ, ընդգծեց նրանց անփոխարինելի դերը հայ հոգևոր արժեքների պահպանման և համաշխարհային մշակութային երկխոսության խթանման գործում.
«Մխիթարյան Միաբանությունը երեք դար շարունակ անխոնջ կերպով հայ հոգևոր մշակույթը պահպանում է, զարգացնում և արժանապատվորեն ներկայացնում համաշխարհային գիտական ու մշակութային հանրությանը։ Մենք խորապես երախտապարտ ենք այս ջերմ հյուրընկալության և համագործակցության համար»։
Իր խոսքում Լևոն արք. Զէքիեանը բարձր գնահատեց նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ հայկական դուդուկի մեղեդիները մի օր կդառնան Սուրբ Պատարագի անբաժան մասը։
Երեկոյի ավարտին Գագիկ Գասպարյանն ու Գևորգ Չիչյանը պարգևատրվեցին Մխիթարյան Միաբանության հուշամեդալով։ «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց Միաբանությանը, Մայրավանքի վանահայր Տեր Գևորգ վարդապետ Սարգսյանին և Զոյա Թուխմանովա Կարապետյանին։ Խորհրդանշական ժեստով Գագիկ Գասպարյանը դուդուկ նվիրեց Մխիթարյան Միաբանությանը՝ որպես մշակութային կապերի և հարգանքի նշան։
Այս համերգը ոչ միայն հարգանքի տուրք էր Մխիթարյան Միաբանության հարուստ ժառանգությանը, այլև նոր կամուրջ՝ հայկական և եվրոպական հոգևոր երաժշտությունների միջև՝ ընդգծելով մշակութային երկխոսության և միասնականության արժեքը։





No comments:
Post a Comment