The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 2 September 2025

Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին

Վանաձորում ոգեկոչվեց Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակը


31.08.2025/ Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ/Վանաձոր

Օգոստոսի 31-ին, ժամը 12:30-ին, Վանաձորում հայորդիները հավաքվել էին նշելու հայ և բուլղար ժողովուրդների ազգային հերոս, Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն»-ի շքանշանակիր Մեծն Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակի օրը։

Միջոցառումը վարեց  ասմունքող-դերասան Ջիվան Սարգսյանը։ Հիշատակի արարողությունը բացեց  և ուղերձով հանդես եկավ ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Իրենց սրտի խոսքն ասացին «Նիդերլանդականան Օրագրի խմբագիր» Ա.Կնյազյանը,  գրող, գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը ։ Միջոցառման ընթացքում հուշարձանին խոնարհվեցին ծաղկեպսակներ։

Ա․ Կնյազյանը իր խոսքում ընդգծեց, որ հավաքվածները եկել են խոնարհվելու ոչ միայն Զորավար Անդրանիկի անմահ հիշատակի առջև, այլև այն անսասան ուժի ու ոգու, որ նա թողեց որպես հավերժական ժառանգություն․

«Նա միայն զորավար չէր․ նա մեր ժողովրդի բաբախող սիրտն էր, այն ճառագայթող լույսը, որ փարոս դարձավ մեր ամենամութ օրերին։ Երբ վտանգված էր հայի գոյությունը, նա վեր էր բարձրանում անձնականից և դառնում մեր ամբողջ ժողովրդի զենքն ու վահանը։ Նա կռվեց ոչ թե փառքի կամ պատվի համար, այլ՝ հայի ազատության և արժանապատիվ ապագայի։ Այդ պատճառով էլ նրա անունը գրված չէ միայն պատմության էջերին․ այն ապրում է մեր հոգիներում ու մեր հավատքի մեջ»։

Նիդերլանդներից ժամանած հյուրը շեշտեց, որ Անդրանիկի կերպարը հայության ազգային ինքնության անբաժան մասն է, և նրա պատգամը սերունդ առ սերունդ պիտի շարունակվի։ «Որքան միասնական է հայությունը, այնքան անպարտելի է նրա ոգին»,– նշեց նա։

Իր հերթին Կարո Վարդանյանը հիշեցրեց, որ շատ թե քիչ Անդրանիկին պարբերաբար հիշում են Վանաձորում, մինչդեռ նա մեր ժողովրդի հիշողությունն է:

 Անգամ օտարները հիացմունքով են խոսել քաջարի զորավարի մասին։ Մասնավորապես՝ 1919 թ․ հոկտեմբերին բրիտանական Blackwoods Magazine-ում հրապարակված հոդվածում անգլիացի հազարապետ Վիլյամ Գիբոնը, որ 1918-ի ձմռանը Գորիսում հանդիպել էր Անդրանիկին, զորավարին նկարագրել է որպես խիստ, բայց խորապես մտազբաղ ու ժողովրդի ճակատագրով տարված մարդ։ Գիբոնը վկայում էր․

 «Ոտքի վրա կանգնած, ճակտի երակները ուռած, աչքերեն կրակ ցայտող, ցնցվող մարմնով նա կը պոռար իր անվստահությունը իր ցեղը խոշտանգողներու հասցեին»։

Վարդանյանը հավելեց, որ Անդրանիկի կերպարը միշտ կմնա ոգեշնչող, քանի որ նրա պայքարն ու վառ կերպարը դուրս էին անհատական շահերից և ուղղված էին բացառապես հայ ժողովրդի ազատությանը։

Հավաքվածները ևս մեկ անգամ հավաստեցին, որ Մեծն Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակն ու պատգամը հավերժ են և կմնան որպես հայության միասնականության ու արժանապատիվ ապագայի խորհրդանիշ։

Միջոցառումը, որին մասնակցում էին նաև արտերկրից ժամանած հյուրեր, կազմակերպել էր ԻՆՏԵՐԿԱՊ բարեգործական հասարակական կազմակերպությունը։


Վանաձորցիները որպես տոն նշեցին Զորավար Անդրանիկի հիշատակի օրը

Գագիկ Անտոնյան 

Նա վեր էր բարձրանում անձնականից և դառնում մեր ժողովրդի թե զենքը, թե վահանը

 Օգոստոսի 31, Վանաձոր, Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամաս, Հայ, Բուլղար և Ֆրանսիայի (,,Պատվո Լեգեոն,,-ի շքանշանակիր)  ժողովուրդների Ազգային Հերոս, Մեծն Զորավար, բուլղարական, ռուսական բանակների գեներալ  ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆԵԱՆԻն նվիրված աշխարհում առաջին բրոնզաձույլ հուշակոթողի մոտ վանաձորցիները նրա  անվանն ու փառքին վայել պատշաճավորությամբ նշեցին հայ ժողովրդի երախտավոր զավակին նվիրված ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ:

Անտեղի չի լինի հիշեցնել հուշակոթողի արարման պատմությունը. Նախաձեռնության հեղինակններն են  «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության հիմնադիր, նախագահ Նորայր Զուլոյանը և մի խումբ համախոհներ: Այն 7 տարի առաջ կյանքի կոչվեց համաժողովրդական հանգանակության միջոցով, որին մասնակցեցին տասնյակ հարյուրավոր ԱՆԴՐԱՆԻԿԱՍԵՐ ՄԱՐԴԻԿ: 

Արձանի հեղինակը երիտասարդ շնորհալի քանդակագործ Գեղամ Բեգջանյանն է:  Այդուհետ 7տարի անընդմեջ լոռեցիները Զորավարի  ծննդյան և հիշատակի օրերը միասնաբար նշելու իրենց արժանի տեղն ունեցան մի մեծ քարաբեկորից փոքր ինչ հեռու, որի վրա հեռավոր 1991թվականին մի խումբ ՀՀՇ-ականներ փորագրեցին իրենց խոստումը՝ «Այստեղ կտեղադրվի Զորավար Անդրանիկի արձանը», և անցած մնացյալ տարիներին...խոստմանը տեր չեղան: 

Ինչպես բոլոր նմանատիպ միջոցառումները, այս անգամ էլ կազմակերպիչները ինտերկապականներն էին և մարզի, Վանաձորի կամավորական միության անդամները: 

Երաժշտական խրոխտ  հնչյունների ներքո «Ինտերկապի», հոլանդահայ համայնքի և «Նիդերլանդական օրագիր» կայքի խմբագրակազմի կողմից, ամերիկահայ բարերար, հրապարակախոս Զարեհ Պալյանի  անունից ծաղկեպսակներ դրվեցին հուշակոթողի պատվանդանին:

Տոնավար, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Ասմունքի Վարպետ Ջիվան Սարգսյանը Զորավարին նվիրված հրաշալի բանաստեղծության ընթերցումից հետո ձայնը փոխանցեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Հակոբյանին, ում օրհնանքի ու մեծարանքի խոսքը ակնածանքով ընդունեցին ներկաները:  

Նրա համոզմամբ՝ Զորավարի կերպար, որին նախանձում, բայց և նրա մասին հարգանքով էին խոսում թշնամիք անգամ,   իր ողջ հմայքով մշտապես կերպավորվում է հայ մարդկանց, հայ ժողովրդի մտապատկերում: Մենք այսօր առավել, քան երբեք, նրա կարիքն ենք զգում, այսօր մեզ հարկավոր են ՆՈՐ ԱՆԴՐԱՆԻԿՆԵՐ, բայց դրա համար նրանք պիտի ծնվեն նախ մեր հոգիներում ու սրտերում: Ահա ինչու է հարկավոր Զորավարի խոսքն ու գործը հանուրին հասցնելը՝ մանկապարտեզից մինչև բուհեր, հիմնարկ ձեռնարկություններ ու կազմակերպություններ:


«Նիդերլանդական օրագիր» կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, վաստակաշատ լրագրող Աշոտ Կնյազյանի խոսքը հակիրճ ու ծանրակշիռ էր:

-Մենք հավաքվել ենք խոնարհվելու ոչ միայն Զորավարի անմահ հիշատակին, այլև այն անսասան ուժին ու անշեջ ոգուն, որ ՆԱ մեզ թողեց իբրև հավերժական ժառանգություն,-սկսեց նա,- Անդրանիկ Օզանյանը  միայն զորավար չէր, նա մեր ժողովրդի բաբախող սիրտն էր, ճառագայթող լույսը, որ փարոս դարձավ ամենամութ օրերին. Երբ վտանգված էր հայի գոյությունը, նա վեր էր բարձրանում անձնականից և դառնում մեր ժողովրդի թե զենքը, թե վահանը»: 


Վերջում Աշոտ Կնյազյանի կոչ արեց լինել միասնական՝ «Որքան միասնական ենք, այնքան անպարտ ենք»:    

-Անդրանիկը հավերժ է, մենք էլ նրա հետ ենք հավերժ:

Սա հավատամքն է մի մարդու, ով ապրում ու շնչում է Անդրանիկով,  խենթի պես նվիրված է Անպարտելի Զորավարին ու նրա ազգանվեր գործունեությանը: Նա՝ բանասիրական գիտությունների թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս,  ԱՆԴՐԱՆԻԿԱԳԵՏ Կարո Վարդանյանը ունկնդիրներին վաղուց իր ելույթներով համոզել է, որ գիտե Զորավարի կյանքի յուրաքանչյուր օրվա, անգամ ժամերի մասին: Ամեն անգամ  հենց միայն Վանաձորում Կարո Վարդանյանը մեզ է ներկայացնում Զորավարի կյանքից այնպիսի դրվագներ, որոնց մասին մինչ այդ անհայտ է եղել, կամ էլ՝ քչերին հայտնի: 

Այս անգամ նա համոզիչ փաստերով ներկայացրեց Անդրանիկ Զորավարի ունեցած վճռական դերի մասին  մեր Լեռնահայաստանը՝ Զանգեզուրը, թուրքական յաթաղանից ազատագրելու, այդպիսով ազգապահպանական վիթախարի նշանակության խնդիրը փառքուպատվով ավարտելով:  

Այդ նրա շնորհիվ է, որ արդեն 100-ից ավելի տարիներ հայոց պատմական այդ տարածքը  վերադարձվեց և դեռ պատկանում է մեզ: Նա իր կասկածների, Զանգեզուրի, նրա հարավային հատված միջանցքի առիթով վերջերս բուռն թափով ծավալվող և տարակարծությունների տեղիք տվող իրադարձությունների  մասին ևս խոսեց ու մատնանշեց մեզ սպասվող (կամ՝ ենթադրվող) վտանգները, հուսո մի շող մատնանշելով՝ Անդրանիկ, Նժդեհ ու այլ զորավոր նվիրյալներ ծնած ազգը չի հանդուրժի ոչ մի անարդար որոշում ու լուծում... 



Մենք պետք է, պարտավոր ենք ամեն օր տալ նրա անունը, ամեն օր պիտի հիշենք ու կրկնենք նրա  աներեր ՀԱՎԱՏԱՄՔԸ՝      

«Զենք ունես՝ ուժեղ ես, ուժեղ ես՝ արդար ու ազատ ես: Խաղաղություն ես մուրում, արհամարհանքի ես արժանանում, չի կարելի հավատալ թշնամու մարդասիրությանն ու խղճմտանքին»: 

Նա Հայոց զորական մտքի ու ուժի, աննկուն կամքի ու հավատամքի խորհրդանիշը դարձավ, ու որպես մեր Մեծերի մեջ Մեծագույն աստղ՝ նրա փառքն ու հմայքը շողշողալու են հավետ: 

Վերջում ցավալի մի փաստի մասին: 

Ելույթներում զարմանք- այպանանքով հնչեց, որ հանրապետության բնակավայրերում,  անգամ «առաջնորդող» քաղաքամայր Երևանում  այս օրը որպես տոն ոչ մի միջոցառմամբ չի նշվում, Մեծագույն Հային վայել  հարգանքի տուրք  չի մատուցվում... ոչ միայն պետականորեն: Հասկանու՞մ ենք՝ Անդրանիկին, մեր փառապանծ զորավարներին ու ֆիդայիներին, նրանց անունները փորձ է արվում մոռացության տալ, չհիշել, անգամ...վտանգավոր համարել հիշելն ու հարգանքի տուրք մատուցելը...

Եկեք այս էլ հիշենք՝ 

Զորավարի մահվան օրը մեծագույն ցնցում է ապրել մեր ժողովուրդը, շատերին անհավանական է թվացել նրա մահը՝ ախր նա հավերժական էր, չէ՞: 

Բայց   ցնծություն է եղել թուրքական աշխարհում, օրեր շարունակ Թուրքիան «տոնախմբում» էր այդ մահվան կապակցությամբ, թերթերը ողողված էին «աչքալուսանքային» հոդվածներով, ոչ մի տոն այնպիսի ցնծություն չի պատճառել, որքան իրենց «հոգեառ Անդրանիկ փաշայի» մահը: Իր վերաբերմունքը չի թաքցրել անգամ բազմաթիվ փաշաներ /զորահրամանատարներ/ ունեցող Աթաթուրքը, ով բազմիցս գեղջուկին  կռվել ու հաղթել սովորեցրած Անդրանիկից «դաղված» լինելով՝ մի առիթով իր զարմանքն է հայտնել՝ «Այս ի՞նչ զարմ են հայերը, որ Անդրանիկներ են ծնում»: Եվ նրա երազանքը,նրա գլխավորագույն խնդիրը եղել է՝ «Մեր գործն այն է լինելու, որ այս հողուն վրա Անդրանիկներ չծնվեն»: 




Այս երազանքը այսօր էլ կա և իշխում է հարևան երկրում: Այո, նրանց Անդրանիկներ պետք չեն: 

Մեզ է՞լ պետք չեն...

Բայց չէ՞ որ հենց այսօր էլ Զորավար Անդրանիկի  «թռիչքի» կարիքն ունենք:

Ահա ինչու իսկական հայրենասեր ու ազգասեր մարդիկ համոզված են՝  Անդրանիկը հավերժ է, մենք էլ նրա հետ ենք հավերժ:

Վանաձոր, Հատուկ ՕՐԵՐ-ի և ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ  համար










Այլ միջոցառումներ նվիրված Անդրանիկի հիշատակի օրվան

Գորիսում հարգանքի տուրք մատուցվեց Զորավար Անդրանիկին

Օգոստոսի 31-ին՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի մահվան տարելիցին, Գորիսում կայացավ հիշատակի միջոցառում՝ նվիրված մեր ժողովրդի մեծ զավակին։

Միջոցառումը մեկնարկեց Զորավար Անդրանիկի կիսանդրու մոտ, այն պատմական տան հարևանությամբ, որտեղ ժամանակին ապրել է մեծ զորավարը։ Տան պատշգամբից տարիներ առաջ հենց Անդրանիկն էր ոգեշնչող ելույթներով դիմում ժողովրդին՝ կոչ անելով պայքարել հանուն հայրենիքի ազատության և անկախության։

Հանդիսության մասնակիցները՝ քաղաքացիներ, երիտասարդներ և պաշտոնյաներ, ծաղիկներ խոնարհեցին կիսանդրու մոտ՝ արտահայտելով իրենց երախտագիտությունն ու հարգանքը։ Ելույթներում շեշտվեց Անդրանիկի անսասան կամքը, անձնվիրությունը և հայրենասիրական ոգին, որոնք օրինակ են ծառայում բոլոր սերունդներին։

Միջոցառումն ուղեկցվեց հայրենասիրական երգ ու պարով՝ խորացնելով ներկաների ազգային ոգին ու հպարտության զգացումը։

Գորիսի համայնքապետարանը ընդգծեց, որ այսպիսի միջոցառումները ոչ միայն հարգանքի տուրք են հերոսին, այլև կարևոր ուղերձ՝ շարունակելու նրա թողած ճանապարհը դեպի ուժեղ ու ազատ Հայաստան։


 Օշականում հիշեցին Զորավար Անդրանիկին

Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակի օրը նշվեց նաև Օշականում։ Բունիկ/Bounik ֆեյսբուքյան էջը հրապարակել էր պատմական մանրամասներ՝ կապված Անդրանիկի այցելությունների ու նրա կապի մասին գյուղի հետ։

Հայոց ցեղասպանությունից հետո Օշականում բացվել էր որբանոց, որտեղ ապաստան գտան բազմաթիվ որբեր։ Նրանց թվում էր նաև Նվեր Սաֆարյանը, ով հետագայում դարձավ Հայրենական մեծ պատերազմի հերոս, 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։

Զորավար Անդրանիկը հաճախ էր այցելում Օշական։ Նա հյուրընկալվել է Թադևոս և Վարսենիկ Շահնաբաթյանների տանը, որի մոտ էլ բազմիցս հավաքվել են գյուղացիները՝ սպասելով նրա ելույթներին։ Ասում են, որ օշականցիները անգամ իրենց գորգերն էին փռում նրա ոտքերի տակ՝ մեծարանքի նշանով։

Անդրանիկը, սակայն, միշտ հորդորել է գյուղացիներին՝ իրեն փառաբանելու փոխարեն հոգ տանել որբերի մասին։ Նրա մարդասիրական և հայրենասիրական կերպարը այսօր էլ օրինակ է սերունդների համար։

Այսօր, երբ նշում ենք զորավարի հիշատակի օրը, Օշականում ևս հնչում է նրա պատգամը՝ հայրենիքին ծառայելու և ժողովրդի ցավի կողքին կանգնելու մասին։


No comments:

Post a Comment