The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary
Showing posts sorted by relevance for query Ալիկ. Sort by date Show all posts
Showing posts sorted by relevance for query Ալիկ. Sort by date Show all posts

Friday, 17 October 2025

Ալիկ Ասատրյան. «գրպանումս միշտ սերմեր ունեմ»: Ինչպես անօրինական այգին դարձավ օրինական

Քաղաքային աղմուկի ու փոշու մեջ, երբ երկինքը հաճախ փակում են բետոնե շենքերը, կան մարդիկ, որոնք կարողանում են հողի հետ  «լեզու գտնել»` վերադարձնել նրա շունչը։ Նրանցից մեկն է նկարիչ-արվեստաբան Ալիկ Ասատրյանը, որ առանձին սեր ունի բնության, կենդանիների բուսականության նկատմամբ: ՈՒր էլ լինի տանը թե դրսում նա բարի սերմնացան է: Մարդ, որի գեղարվեստական աշխարհայացքը չի սահմանափակվում կտավով։ Նա նկարում է նաև հողի վրա՝ ծաղիկներով, խոտով, բույսերով։ Նրա համար այգեգործությունը պարզապես հոբբի չէ, այլ՝ արվեստի շարունակություն։ 

Նրա սիրո ամենաբնական շարունակությունը դարձավ մի փոքրիկ այգի՝ քաղաքային տարածքի մոռացված մի անկյունում։ Ասենք այդպիսի  «անօրինական» այգի նա մի քանիսն ուներ, որը նրա ձեռքերով այն վերածվել էր մի վայրի, որտեղ ամեն ինչ առկա էր՝ թռչուններից մինչև անցորդների ժպիտները։  Այստեղ ամեն ինչ ուներ իր պատմությունը. ռեհանը՝ ամառվա բույրից, ուրցը՝ լեռների հնչյուններից, նանան՝ մանկության հիշողությունից։ Մարդիկ կանգ էին առնում՝ հիանալու այդ կանաչ անկյունով, որտեղ կյանքն իր իսկական պարզությամբ շնչում էր։ ՈՒ դա գիտեք ինչու, որովհետև Ալիկը հավատում է, որ բույսը նույնքան կենդանի է, որքան նկարը, և որ հողը նույնպես ունի գունային համադրություն, լույս ու ստվեր։ Այս համոզմամբ էլ նա չորս տարի առաջ ստեղծեց իր փոքրիկ Այգին, որն «անօրինական» էր՝ չգրանցված, չթույլատրված, բայց անչափ ազնիվ և խնամքով մշակված։

Չորս տարի այգին շնչում էր քաղաքի սրտում ու պատկերացրեք մի օր գալիս են  քաղաքապետարանից թե պետք է քանդենք, սա էլ որոշումը...

Պատճառը՝ ճարտարապետական վերակազմավորում։


Շատերի համար դա կլիներ վերջը, բայց Ալիկի համար հանդիսացավ՝ նոր սկիզբ։ Նա իր ֆեյսբուքյան էջում ընկերներին գրեց. 

«Չարանալու ձևը չգիտեմ։ Ինձ ոչ ոք թույլ չէր տվել այդտեղ այգի գցել։ Այգին անօրինական էր։ Միայն բույսերն էին մեղքս գալիս։ Բայց դե՝ այդքան էր նրանց կյանքը...»

Նա հավաքեց խակ պոմիդորները՝ տուն տարավ, թթու դնելու։  Գիտեր՝ սերմը չի մեռնում, պարզապես սպասում է նոր հողի։


Մի քանի օր անց զանգեցին քաղաքապետարանից։ Նրան հրավիրեցին հանդիպման՝ առանց մանրամասների։ Ալիկը կատակեց. «Կարո՞ղ է ինձ այդ թաղամասի այգեպան են նշանակում։ Դե տեսնում են՝ ինչպես եմ խնամում բույսերին»։

Եվ հենց այդպես էլ եղավ։ Քաղաքապետարանի աշխատակիցը՝ ժպտերես հոլանդացի երիտասարդ, սեղանին դրեց մի ծրար։ Ալիկը մտածեց՝ «Սերմեր են, երևի, բայց ինչու՞ այդքան տափակ»։
Սակայն ծրարում պայմանագիրն էր։
«Մենք նկատել ենք, թե ինչ սիրով ես խնամել քո այգին։ Քաղաքապետարանը որոշել է քեզ նշանակել այդ տարածքի այգեպանը՝ կամավոր հիմունքներով։ Այստեղ պայմանագիրն է։ Եթե համաձայն ես՝ ստորագրիր»,– ասաց նա։
Ալիկը հուզվեց։ «Ուզում էի տեղիցս վեր թռնել ու այդ մարդու ճակատը պաչել ուրախությունից, բայց ինձ զսպեցի»,– հիշում է նա ժպիտով։

Նա ստորագրեց։ Այսպիսով՝ քանդված այգին նոր ձև ստացած վերածվեց օրինական հողակտորի, որի այգեպանը լինելու էր Ալիկ Ասատրյանը։  Հեռու չէ օրը, որ  նորից սերմանվեն ռեհանը, ուրցն ու նանան, թարխունն ու այլ բանջարատեսակներ ու նորից կբուրի շրջապատը: Հողը, կարծես, ինքն էլ էր սպասում դրան։

Այս պատմությունը պարզապես մի այգու պատմություն չէ։ Սա արվեստի և բնության միաձուլման, համբերության ու հավատքի դաս է։ Ալիկը չի դադարել հավատալ, որ մարդը կարող է գեղեցկություն ստեղծել այնտեղ, որտեղ թվում է՝ ոչինչ չի աճի։  «Գրպաններումս միշտ սերմեր ունեմ։ Որտեղ անտեր հող եմ տեսնում՝ տնկում եմ»,– ասում է նա։  Այսօր նրա նոր այգին օրինական է, ու հավատում ենք, որ այն դառնալու է մի վայր, որտեղ անցորդները կանգ են կառնեն՝ հոտոտելու ռեհանի բույրը, տեսնելու մեղուների պարը և հասկանալու՝ ինչ է նշանակում սիրել բնությունը։

Ալիկը մեջբերել է լոռեցու կարծես թևավոր խոսքը` «Ա տեհաք, ինչ եղավվ...» Մենք էլ մեր հերթին երկու խոսք ունենք նրա մասին ավելացնելու․ «Ալիկ Ասատրյան. այգեպան նկարիչ, ով իր սիրով վերածեց հողը արվեստի»։  Նա մեզ հիշեցնում է, որ իսկական ստեղծագործողին հնարավոր չէ կանգնեցնել։ Եթե հողը վերցնես, այն կծլարձակի իր հոգում։ Եթե այգին քանդես, նա այն կստեղծի՝ ուրիշ անկյունում։

Նա այն մարդն է, ով հողին տալիս է գույն, բույսին՝ շունչ, իսկ քաղաքին՝ սեր։Իսկ գուցե հենց դա է ամենաբարձր կոչումը, որ կարող է ունենալ արվեստագետը՝  մարդ, ով գեղեցկություն է ցանում ամեն տեղ, որտեղ ոտք է դնում։ Այս պատմությունը ոչ միայն բնության, այլև հոգու այգեգործության մասին է։ Այն՝ հավատքի, համբերության և մարդկային պարզ բարիության մասին  է։ Ալիկ Ասատրյանը սովորեցնում է մեզ, որ բնությունը պատկանում է նրանց, ովքեր այն սիրում են։ Իսկ սերը երբեք անօրինական չէ։

Ալիկ Ասատրյանը դարձել է «բնության դեսպան»՝ առանց պաշտոնական կոչումների։ Եվ մնում է հարց տալ․ Ինչպե՞ս նրան չշնորհել «Այգեպան նկարիչ» պատվավոր կոչում։ Նա իսկապես գեղարվեստի այգեպան է՝ ով հողի վրա ստեղծում է բնության պատկերներ, իսկ կտավի վրա՝ հոգու այգիներ։

Նրա համար այգեգործությունը պարզապես հոբբի չէ, այլ՝ արվեստի շարունակություն։

 Ալիկ Ասատրյանի մասին

Ալիկ Ասատրյանը Նիդերլանդներում բնակվող նկարիչ-արվեստաբան է, ում ստեղծագործական գործունեությունը միահյուսված է բնությանը։ Նրա աշխատանքները համատեղում են գեղարվեստական և բնապահպանական մտածողությունը։ Բույսերի և հողի հանդեպ ունեցած սերը դարձել է նրա կյանքի փիլիսոփայությունը։ Ալիկը հաճախ ասում է․ «Բույսը ամենաթանկ նվերն է, որը մարդն կարող է ստանալ բնությունից։ Ես պարզապես խնամում եմ այդ նվերը»։



Sunday, 25 October 2020

ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ. Ալիկ Ասատրյան




Ալիկ Ասատրյան


«Հայեր ջան դե ձեզ տեսնեմ, էջիս դեռ շատ նկարներ կան որոնք դեռ վաճառված չեն, դժվարը 10.000 €  սահմանն էր, անցանք! գնում ենք դեպի 15 000 € կողմերը...»:

Այս  տողերը գրել է Նիդերլանդներում բնակվող արվեստաբան-նկարիչ Ալիկ Ասատրյանը, ով  ֆեյսբուքում տարիներ ի վեր  բազմապիսի նախագծերով ու նախաձեռնություններով միավորում է արվեստասեր հայ մարդկանց: Այս անգամ հրատապ կերպով, հենց Արցախյան հայրենականի առաջին օրվանից, մտահոգ հայի կեցվածքով  իմացավ, թե ինչպես կարող է դրամական օգնություն կատարել, ապա  իր առաջին փոխանցումը կատարելով ակտիվորեն ձեռնամուխ եղավ մի այլ նախաձեռնության` վաճառել այս  տարիներին արված, իրեն հոգեհարազատ ստեղծագործությունները:   Նկարները վաճառում է  արժեքից մի քանի անգամ էժան` պայմանով, որ գնորդը, որոնք մեծամասամբ ֆեյսբուքյան  նրա հետևորդներն են գումարը փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու ցույց տան կտրոնը, որից հետո ստանան իրենց նախընտրելի աշխատանքը: Առաքման ծախսերը ևս Ալիկն էր կատարում, բայց օրերի ընթացքում գնորդներն այնքան  շատացան, որ անհնար դարձավ ամսվա կտրվածքով առաքման վրա այդքան գումար ծախսելը, մանավանդ, որ աշխատավարձի 80%-ը Նիդերլանդներում գնում է սոցիալական ու կենցաղային մուծումների վրա,  իսկ մնածածը սննդին ու հագուստին հազիվ է բավարարում: Այնուամենայնիվ Ալիկի արվեստի երկրպագուներն էլ փորձում են համակարգել այս հարցերը, շատերը նախատեսվածից էլ ավելի գումար եմ մուծում հիմնադրամին ու  իրենց վրա վերցնում առաքման գումարը: Փոխըմբռնումն ու միասնականությունը առ հայրենիք ավելի է մոտեցրել ամենքին:

«Սիրելի ընկերներ,  մենք լավ ազգ ենք! և պետք է ավելի շատ սիրենք իրար, սա արդեն որերորդ դեպքն է, երբ նկար են գնում ինձնից մեր սիրելի ընկերները , հայրենակիցները, գումարը փոխանցում են հիմնադրամին և կտրոնը ինձ ուղարկում, նայում եմ ու տեսնում, որ նկարի գնից ավել են փոխանցել հիմնադրամին, քան նկարի գինն էր, հուզվում եմ և ուրախանում: Եկեք ավելի շատ սիրենք իրար,որ հաղթենք!»

Այսպես գրում է Ալիկ Ասատրյանը ու շտապեցնում բոլորին, հուշում, որ մեզ համար թանկ է յուրաքանչյուր րոպեն, մենք պետք արագ գործենք,  դրանով կյանքեր փրկենք: 

Շատ արվեստագետներ հետևում են  նրա քայլին, իրենց ստեղծագործությունները հանել են վաճառքի,  նրանցից մեկը նիդերլանդահայ շնորհալի քանդակագործ, նկարիչ  Eduard Broon Arutjnian-ը, ով վաճառում է իր հայտնի քանդակներից մեկը:

Ալիկի քայլին է հետևել նրա դուստրը` շնորհալի Սոնան, ով նոր է ավարտել գեղարվեստի ակադեմիան ու հրաշալի ստեղծագործում է:

Որպես գնահատական, մեջ բերենք Ալիկի մասին մեկ այլ արվեստագետի` պորտուգալահայ «Դելլալյան եռյակի» հիմնադիր Նարինե Դելլալյանի (Nariné Dellalian) խոսքը:

« Ջան, Ալիկ ջան, այս ինչ հրաշք գործ ես անում։ Մարդիկ Քեզ  շատ են սիրում ու դա այնքան էական է։ Այդ սերը նախորդ երկար տարիների ընթացքում Քո ամենօրյա լուռ ու մունջ, յուրաքանչյուր մարդու համար հոգ տանելու պտուղն է, ամեն օր, Քո կտոր պարտեզը ջրելով, մաքրելով, բոլորին սեր բաժանելով, խոսելով, բացատրելով,  սովորեցնելով... այսօր՝ այս դժվարին պահին արածդ գործի արդյունքներն ենք շոշափում։ Որքան աչքեր, սրտեր ու հոգիներ բացեցիր, մեր հրաշք Ալիկ... ու քանի մեր մեջ Քեզ պես բժիշկներ կան, մենք օրը օրի վրա ավելի լավն ենք դառնում, ավելի զգայուն ու բարի։ Ու անպայման Աստված մեզ կօգնի ու այս մղձավանջից, այս բարդ փորձությունից էլ դուրս կգանք միասին։

#ՀաղթելուԵնք




Tuesday, 5 February 2019

Ոտաբոբիկ նկարիչը պատմում է «կանաչ տորնադոյի» մասին․ զրույց Ալիկ Ասատրյանի հետ

Հոլանդահայ արվեստագետ Ալիկ Ասատրյանին  բազմիցս է անդրադարձել հայկական մամուլը` Այս անգամ  նրա մասին, մեզ հետ համագործակցող ՀԵՏՔՈՒՄ

Ալիկ Ասատրյանի  մասին մեր արխիվային  այլ նյութերն այստեղ


https://hetq.am/hy/article/100566



Անուշ Քոչարյան



10:39, 4 փտր 2019

Հոլանդաբնակ նկարիչ Ալիկ Ասատրյանը գործողություն եւ դադար բառերի միջեւ միշտ մեծ միջակետ դնող է․ սկսում է, շարունակ(վ)ում է օրեր շարունակ, հետեւողները շատ են, ինքն էլ անընդհատ կիսվում է։

«Կանաչ տորնադոյի» շրջանում Ալիկին ամրագրելու կարիք կար։ Այստեղ կտեսնեք իր բնորոշմամբ կարճատեւ «հողից պոկված» վիճակները, գույնի ազդեցությունը, սիմվոլիկայի փոխակերպումը, պերֆորմանսները, որոնց հետեւանքով հասցրել է տուգանվել ոստիկանության կողմից, որովհետեւ արվեստային ակտ իրականացնելու համար որեւէ մեկից թույլտվություն չի ստացել։

«Երկու կիլոգրամ նիհարել եմ, որովհետեւ գիշեր-ցերեկ աշխատում եմ ու օրը մեկ անգամ եմ սնվում, շատ արագ․․․ 24 ժամվա ընթացքում քնում եմ 2-3 ժամ։ Էներգիաս հազար է»,- գրում է Ալիկը՝ Հոլանդիայից։

Այդ ի՞նչ «մոգական» կանաչ է։ Ո՞նց պոկվեցիր հողից, հողագույնից։


Գույնն ինձ համար առեղծված է․ դեռ Հայաստանում երկար ժամանակ գունային հարաբերություններ էի փնտրում, համադրում դրանք, որպեսզի տեսնեմ, թե որ գույնը որի հետ է «երգում», որ գույնն է որի հետ հուզում, որն է որի հետ ձգում։ Այդպես խորացա գույների մեջ։ Երբ եկա Հոլանդիա, կյանքի առաջին 5 տարին սեւ եւ սպիտակի էտապ էր․ երեւի նկատել ես, որ բոլոր գույներս մուգ սեւին էին ձգտում։ Այդպես հետո ամեն գույն օգտագործում էի բացի կանաչից, որից մի տեսակ վախենում էի։

Գույնից վախենալու պատճառը ո՞րն է։


Կանաչի համադրությունն այլ գույների հետ բարդ է, եւ քիչ նկարիչներ են կարողացել անել դա։ Մեկը Վան Գոգն էր, մյուսը Գոգենը: 2002 թվականն էր, որոշեցի ուսումնասիրել կանաչ գույնը, կարդացի։ Սկսեցի ինքս խառնուրդներ պատրաստել եւ նաեւ գնեցի կանաչի տարբեր երանգները։ Սկզբից փորձարկում էի զգացողությունը, թղթի վրա դնում էի այդ կանաչը եւ ուրիշ գույներ։

Փաստորեն առաջին «կանաչ տորնադոն», ինչպես դու ես բնութագրում կանաչի հետ հարաբերությունը, դեռ 2002-ին էր։


Այո, մինչեւ ոսկորներս թաթախվեցի կանաչի մեջ, որովհետեւ խնդիր ունեի կանաչի հետ մեկ այլ գույնի մոգական համադրություն գտնելու։ Եվ գտա․․․ մանուշակագույնի հետ։  Հետո՝ սեւ-կանաչ, սպիտակ-կանաչ, ծիրանագույն-կանաչ․ սրանք բոլորը մոգական հարաբերություններ էին։

Տպավորությունս մեծ էր, երբ տեսա «մասուրե ականջօղով աղջկան կանաչ ամպերի մեջ»։


Հիմա դրա մասին կասեմ, բայց հերթով գամ, հասնեմ։ 2002 թվականին, երբ թաթախվեցի կանաչի մեջ, երկու տարի խրվեցի ու մնացի, ստեղծվեցին բազմաթիվ գործեր․․․ Կանաչ էր ու կանաչ։ Այնքան էի խորացել, որ տեղացի ընկերներս սկսեցին ինձ «կանաչ» անվանել։

Այդ աշխատանքները ցուցադրվեցին, ընկերներս հատուկ կանաչ հագնված եկան ցուցահանդեսին․․․Արդեն 2003 թվականն էր։

Երբ Հայաստանում էիր, դարչնագույնն ու շագանակագույնը գերակշռում էին․ տեղ-տեղ վառ կարմիր էլեմենտ էր մտնում։ 2017 թվականի սիմպոզիումի ժամանակ քո աշխատանքային տարածքն ու բակը լրիվ այդ երանգների մեջ էր․ պատկերացնում եմ, որ կանաչի ժամանակ շուրջդ լրիվ կանաչի ես վերափոխում։


Մի գիշեր, երբ մերոնք քնած էին, աչքս ընկավ աղջկաս կոշիկներին, պատկերացրի՝ կանաչ ինչ սիրուն կլինեն։ Վերցրեցի ու ներկեցի։ Առավոտյան աղջիկս տեսավ կոշիկները, չջոկեց, որ իր կոշիկներն են, ասեց՝ ինչ սիրուն են, համ էլ նման իր կոշիկներին․․․ Ասեցի՝ Սոնա ջան, հենց քո կոշիկներ են, որ կան։ Ջղայնացավ, որ առանց իրեն տեղյակ պահելու ներկել եմ ու այդպես էլ չհագավ այդ կոշիկները։ Կինս էլ զայրացավ այն աստիճանի, որ Սոնային ասաց․  «Էս տնից գնալ ա պետք, քանի մեզ էլ կանաչ չի ներկել»։

Կանաչն այդպիսի ուժ ունի․ կտրում է հողից ու տանում տիեզերք։ Երբ արդեն հասկացա, որ շատ եմ «բարձրացել» ու հոգեբանական վտանգ կա, որոշեցի «իջնել»։ Փափուկ վայրէջքի համար անցա կանաչի ուրիշ երանգներին՝ «խակի» կանաչին, «պաշտպանական» կանաչին։ Այդ վայրէջքի ժամանակ էլ ծնվեցին գործեր։ Մի խոսքով հաջող վայրէջք եղավ, հասկացա, որ հողագույնին անցնելու ժամանակն է, որ ամուր կանգնելու շանս լինի։ Եվ որոշումս ճիշտ էր։ Այդպես երկու տարի տեւեց հողն ու հողագույնը, հաջորդ երկու տարին՝ փիրուզագույնն էր (որն այլ մոգականություն ունի․ 80-ից ավելի գործ հենց այդ շրջանում եմ ստեղծել)։

Գունային ընտրությունը ոչ մի դեպքում պատահականություն չի, փաստորեն։


Չէ՜, չի կարող այդպես լինել․ համն եմ տեսնում, քսում եմ մարմնիս, ուղնուծուծով լրիվ զգում եմ, ուսումնասիրում եմ համադրությունն այլ գույնների հետ, խառնում եմ այնքան, մինչեւ մի գոյություն չունեցող բան դուրս գա։ Այդպես ինծ ծանոթ ներկերի կողքին հայտնվում են մինչ այդ ինձ անծանոթ նոր երանգներ։

Այսպես, որ խոսում ես լրիվ այլ աշխարհ է երեւում, բայց դու շատ ես հաղորդակցվում․ ես նկատում եմ՝ ինչպես են մարդիկ գրում իրենց մտահոգությունները, ինչպես են վերաբերում գործունեությանդ, երբեմն իրենց պատմությունները կապում քո փորձին։


Այո, ուշադիր հետեւում եմ՝ ինչ է կատարվում Հայաստանում եւ փորձում եմ միջամտել իմ լեզվով։ Այդպես Ֆեյսբուքի 5000 ընկերներիս միջեւ «ուշադիր» բաժանումներ եմ անցկացնում, չեմ հոգնում այդ «աշխատանքից», եւ ավելին՝ դա ինձ ուրախացնում է, որովհետեւ հաջողվում է մարդկանց գեղեցիկ զգացում պարգեւել։ Դեպքերը բազմաթիվ են։



Երբ 23 տարի դադարից հետո եկար Հայաստան, շուրջդ անընդհատ մարդիկ էին, ում համար դու եւ´ տարօրինակ, եւ´ անօրինակ էիր, բայց նաեւ բաց, ազատ։


Շատ են գրում ինձ եւ կանայք, եւ տղամարդիկ․․․ Գրում են իրենց վախերի մասին, գրում են իրենց պատմությունները։ Բոլորի համար ժամանակ եմ գտնում՝ թեկուզ իմ քնի հաշվին։

Հարցնու՞մ ես քեզ՝ ինչու։ Պատասխանատվությա՞ն հարց է, մարդուն սիրելու ձե՞ւն է։ Ի՞նչ է։


Կարճ, եթե ասեմ, հա, սիրում եմ մարդկանց։ Ուզում եմ՝ հնարավորինս քիչ հոգեկան ցավ ապրեն, ուզում եմ՝ երջանիկ լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել․ պապս այդպիսինն էր, տատս էլ, հերս էլ, մերս էլ․․․․ քույրս էլ, եղբայրս էլ։ Վազել եւ օգնել ուրիշին, եթե կարող ես․ ես դա եմ տեսել իմ ընտանիքում։

Այդքան զրուցել ենք, բայց այսօր շատ պատկերային է․ տեսնում եմ քեզ․․․ Մեղրին ու Ալիկը, Հոլանդիան ու Ալիկը, Ալիկն ու հայը, Ալիկն ու Ալիկը՝ իրենց արանքում փողոցներ, գույներ, «ցունամիներ», սերեր։


Հիմա շատ հուզական պրոցեսների մեջ եմ․ ամեն գեղեցիկ բանից եմ հուզվում։ Ամեն օր գրելու ու նկարելու նոր հեքիաթ է հայտնվում գլխումս։ Երբ մարդու միտքը լռում է, հրաշքները սկսում են ծնվել ինքնուրույն․ այդ առումով ես միայն կատարողը, թղթին հանձնողն եմ դառնում։

Երկու ամսվա ընթացքում վաթսունից ավելի նոր գործ եմ արել։ Այդ գործերը տանը սփռված են։ Լինում է այնպես, որ նույնիսկ մոռանում եմ ինչ-որ գործի մասին, հետո տեսնում, զարմանում եմ։ Քսանին մոտ աշխատանք էլ դեռ կիսատ է, քանի որ, դեռ մեկը չավարտած՝ ուրիշ պատկեր եմ տեսնում ու անցնում եմ նորին։ Այդպես չեմ կորցնում տեսածս պատկերը։

«Մասուրե ականջօղով աղջիկն» այդ պատկերների՞ց էր։


Գույնի հետ շատ սերտ շփումը տանում է նրան, որ սկսում ես հասկանալ իր լեզուն․ ինքն է քեզ սկսում շատ զարմանալի բաներ պատմել։ Հենց այդպես ծնվեց «Մասուրե ականջօղով աղջիկը» դիմանկարը։ Եվ շատ արագ ծնվեց, ամեն ինչ միանգամից է արված, միայն շրթունքների վրա եմ շատ աշխատել, որ թաքնված, իմ ուզած ժպիտը ստանամ։ Կարծես ստացվեց։ Մասուրի պես կարմիր է, մասուրի պես էլ ժպտում է․․․ Մասուրն էլ է ժպտում։


Հետաքրքիր է մասուրի ընտրության պատմությունը։


Մասուրը մաքուր բան է, նաեւ իմ մանկությունն է: Տանը շատ էինք օգտագործում․ եւ մայրս, եւ տատս սարերից ու դաշտերից վայրի մասուր էին հավաքում, ես էլ իրենց հետ։ Մասուրով ճաշ էին եփում, ու, երբ հիվանդանում էինք, հենց այդ ճաշն էր առողջացնողը։ Ու իրենք էին ասում՝ մասուրը մաքուր բան է։ Այդպես ինձ համար էլ այն մնաց մաքրության խորհրդանիշ։

Դադար


Կարծում եմ՝ կանաչ գույնը կտեւի մոտ մեկ ամիս եւ կիջնեմ գետնին։ Այս անգամ հաստատ երկու տարի չեմ ձգի, քանի որ տարիքի հետ ավելի զգայուն եմ դարձել եւ հուզվում եմ անգամ մի նոր կանաչ երանգ ստանալուց։ Մի տեսակ ալքիմիայի պես բան է․ նույնիսկ մեկ-մեկ գիշերն արթնանում եմ իմ ձայնից, որ կանաչ գույնի հետ եմ խոսում։ Առավոտյան արթնանում եմ, հասկանում եմ, որ գլխիս մեջ հեքիաթ կա։ Ոչ բոլոր հեքիաթներն եմ գրում, բայց երկուսը գոնե պետք է գրեմ նկարների հետ։ Կարճ ասած՝ ցնցուղի տակ, որ կանգնում ես, ջուրն ի՞նչ առատությամբ է լցվում գլխիդ, այդպես էլ մտքերն են լցվում գլխիս մեջ։ Ուղղակի գժվել կարելի է․ մեկ-մեկ ծորակն ուզում եմ փակել։ Ֆիզիկապես հնարավոր չէ դիմանալ այս փոթորիկին․ դրա համար կես կատակ, կես լուրջ ասում եմ՝ «ստեղծագործական տորնադո» է, որն ինձ վերցնում ու պտտում է օդում։

Տարիների ընթացքում դիմանկարները վերափոխվեցին վիճակների եւ իրավիճակների, Ալիկ։ Առաջ դիմանկարը գերակշռում էր․․․ Հիմա, եթե նույնիսկ դեմքը կա, իրականությունից ես կտրում, տանում ուրիշ տեղ։


Արվեստում կրկնվել չեմ սիրում․եւ եթե գիտությունը կրկնությունով է պայմանավորված, արվեստում հակառակն է․ կրկնությունը արվեստի մահն է։ Երկու-երեք տարին մեկ ինձ մոտ նոր էտապ է սկսվում։

Հնարավոր է՝ դիրք փոխվի, իրադրություն փոխվի, գետնին կպած լինես կամ ոչ, բայց, միևնույն է, վերադարձի գաղափարը տեսնում եմ։


Նկատի ունես Հայաստան վերադառնա՞լը։ Եթե այո, ապա որոշումս կայացրել եմ։

Դա նկատի չունեի, բայց հետաքրքիր է՝ ինչ ես որոշել։


Վերադառնալու եմ, միանշանակ։ Տեխնիկական խանգարող հարցեր կան, որոնք կլուծվեն երկու տարվա ընթացքում։ Իսկ արվեստում «վերադառնալը» լրիվ ուրիշ պատմություն է․ որքան էլ մոտենամ նախնական կետին, այն այլեւս նույնը չի լինելու․․․ Ուրեմն նույն տեղին չես վերադառնում։ Մղվելու եւ հետ գալու տատանումները դրա հետ կապ չունեն․ եթե ես իմանամ՝ ինչ է ինձ սպասվում ինչ-որ տեղ, այլեւս հետաքրքրություն չեմ ունենա։

Ստացվում է, որ Հայաստան վերադառնալն էլ կարելի է այս կոնտեքստում տեղավորել․ վերադառնու՞մ ես այլ Հայաստան։


Վերադառնալու որոշումս կայացրել եմ, երբ «Մաչանենց» սիմպոզիումին մասնակցեցի։



Ուզում էի անպայման հարցնել նաեւ «Ադամ եւ Եվա» ինստալյացիայի մասին, որ այդտեղ՝ փողոցում իրականացրիր՝ առանց թույլտվության։


Ոստիկանները ձերբակալեցին, տարան։ Մոտ հինգ հարյուր եվրոյի չափով տուգանվեցի հասարակական կարգը խանգարելու եւ փողոցը կեղտոտելու համար։

Ալիկ, ստեղծագործական տարիների, Հոլանդիայում երկարաժամկետ բնակություն հաստատելու փորձառությունն ինչի՞ է հանգեցրել, ի՞նչն ես արժեւորում հիմա։


Հենց կյանքն է, որ կա եւ ստեղծագործելու հնարավորությունն ու ժամանակը։ Երբ առավոտյան բացում եմ աչքերս, նախ զարմանում եմ, որ չեմ մեռել, քանի որ իմ կյանքով ապրող մարդը ամեն օր գուցե եւ մեռնի, հետո ուրախանում եմ, որ մեկ օր էլ ունեմ ստեղծագործելու համար եւ վազում եմ նկարելու։ Այդպես գնահատում ու սիրում եմ ինձ տրված ամեն րոպեն։

Հիմա ուզում եմ վերադառնալ իմ երկիր, հերի՛ք է։ Շատ բան ունեմ անելու Հայաստանում․ ուզում եմ տարիների փորձառությունը «իմոնց» տալ․ դա որոշ չափով հեռավորության վրա էլ փորձում եմ անել։ Ունեմ ֆիլմի գաղափար, ուզում եմ իրագործել Հայաստանում, եւ վերջին՝ կարեւոր երազանքս արվեստի կենտրոն ստեղծելն է։ Եթե սա էլ հաջողեցի, ուրեմն կյանքս ստացված է։

Չեմ վախենում ասել, որ ես ինձ զոհաբերում եմ արվեստի համար, որովհետեւ արվեստը ինձ համար միակ մաքուր բանն է երկրի վրա․․․Դրա համար արժե քեզ զոհաբերել, այդպես կապ ստեղծել ոչ երկրայինի հետ։

Հ․Գ․ լուսանկարները տրամադրել է Ալիկ Ասատրյանը

Monday, 14 November 2022

Նիդերլանդահայ նկարիչ Ալիկ Ասատրյանի աշխատանքները Հայաստանում

Հոկտեմբերի 21-ին, ժամը 17։00-ին SarGallery 'Yerevan -ում բացվեց Ալիկ Ասատրյանի «Մի քիչ ուրախ, մի քիչ տխուր հեքիաթ» խորագրով անհատական ցուցահանդեսը։
Մուտքն ազատ էր: Հոկտեմբերի 27-ի մեր ուղիղ նկարահանումը: Այս օրերին Ալիկ Ասատրյանը մասնակցում էր Մաչանենց տան կազմակերպած ամենամյա սիմպոզիումին:
Ի դեպ այստեղ եղանք երկու անգամ, երկրորդ անգամը մեր գործընկերների հետ Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանի և Նայմեխենի ՎԱՆ միության նախագահ Սվետա Աբրահամյանի հետ:
---------------------------------------------------  

Այսօր մեր բարեկամներն առաջարկեցին լինել Հայաստանի հոգևոր մայրաքաղաք #Էջմիածնում, որտեղ էլ կարճ շրջայցով եղանք Machanents House / Մաչանենց տուն : Թեև չհանդիպեցինք «Հայ միասնության խաչ» (ՀՄԽ) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյան ին, ով 2010 թվականին հիմնադրել է «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը, այնուամենայնիվ կարողացանք գտնել ու տեսնել հոլանդաբնակ մեր ընկերոջ՝ Alik Assatrian-ի սիմպոզիումի ժամանակ կատարած աշխատանքները։ Թե ինչպե՛ս դա եղավ, դիտեք ուղիղ նկարահանված տեսանյութը։ 

  Նիդերլանդահայ նկարիչ Ալիկ Ասատրյանի աշխատանքները Հայաստանում:






















Sunday, 25 October 2020

ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ.

 


 

Alik Assatrian

https://www.facebook.com/alik.assatrian

«Հայեր ջան դե ձեզ տեսնեմ, էջիս դեռ շատ նկարներ կան որոնք դեռ վաճառված չեն, դժվարը 10.000 €  սահմանն էր, անցանք! գնում ենք դեպի 15 000 € կողմերը...»:

Այս  տողերը գրել է Նիդերլանդներում բնակվող արվեստաբան-նկարիչ Ալիկ Ասատրյանը, ով  ֆեյսբուքում տարիներ ի վեր  բազմապիսի նախագծերով ու նախաձեռնություններով միավորում է արվեստասեր հայ մարդկանց: Այս անգամ հրատապ կերպով, հենց Արցախյան հայրենականի առաջին օրվանից, մտահոգ հայի կեցվածքով  իմացավ, թե ինչպես կարող է դրամական օգնություն կատարել, ապա  իր առաջին փոխանցումը կատարելով ակտիվորեն ձեռնամուխ եղավ մի այլ նախաձեռնության` վաճառել այս  տարիներին արված, իրեն հոգեհարազատ ստեղծագործությունները:   Նկարները վաճառում է  արժեքից մի քանի անգամ էժան` պայմանով, որ գնորդը, որոնք մեծամասամբ ֆեյսբուքյան  նրա հետևորդներն են գումարը փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու ցույց տան կտրոնը, որից հետո ստանան իրենց նախընտրելի աշխատանքը: Առաքման ծախսերը ևս Ալիկն էր կատարում, բայց օրերի ընթացքում գնորդներն այնքան  շատացան, որ անհնար դարձավ ամսվա կտրվածքով առաքման վրա այդքան գումար ծախսելը, մանավանդ, որ աշխատավարձի 80%-ը Նիդերլանդներում գնում է սոցիալական ու կենցաղային մուծումների վրա,  իսկ մնածածը սննդին ու հագուստին հազիվ է բավարարում: Այնուամենայնիվ Ալիկի արվեստի երկրպագուներն էլ փորձում են համակարգել այս հարցերը, շատերը նախատեսվածից էլ ավելի գումար եմ մուծում հիմնադրամին ու  իրենց վրա վերցնում առաքման գումարը: Փոխըմբռնումն ու միասնականությունը առ հայրենիք ավելի է մոտեցրել ամենքին:

«Սիրելի ընկերներ,  մենք լավ ազգ ենք! և պետք է ավելի շատ սիրենք իրար, սա արդեն որերորդ դեպքն է, երբ նկար են գնում ինձնից մեր սիրելի ընկերները , հայրենակիցները, գումարը փոխանցում են հիմնադրամին և կտրոնը ինձ ուղարկում, նայում եմ ու տեսնում, որ նկարի գնից ավել են փոխանցել հիմնադրամին, քան նկարի գինն էր, հուզվում եմ և ուրախանում: Եկեք ավելի շատ սիրենք իրար,որ հաղթենք!»

Այսպես գրում է Ալիկ Ասատրյանը ու շտապեցնում բոլորին, հուշում, որ մեզ համար թանկ է յուրաքանչյուր րոպեն, մենք պետք արագ գործենք,  դրանով կյանքեր փրկենք: 

Շատ արվեստագետներ հետևում են  նրա քայլին, իրենց ստեղծագործությունները հանել են վաճառքի,  նրանցից մեկը նիդերլանդահայ շնորհալի քանդակագործ, նկարիչ  Eduard Broon Arutjnian-ը, ով վաճառում է իր հայտնի քանդակներից մեկը:

Ալիկի քայլին է հետևել նրա դուստրը` շնորհալի Սոնան, ով նոր է ավարտել գեղարվեստի ակադեմիան ու հրաշալի ստեղծագործում է:

Ալիկի քայլին է հետևել նրա դուստրը` շնորհալի Սոնան, ով նոր է ավարտել գեղարվեստի ակադեմիան ու հրաշալի ստեղծագործում է:

Որպես գնահատական, մեջ  բերենք Ալիկի  մասին մեկ այլ արվեստագետի`  պորտուգալահայ «Դելլալյան եռյակի» հիմնադիր Նարինե Դելլալյանի  (Nariné Dellalian) խոսքը:

« Ջան, Ալիկ ջան, այս ինչ հրաշք գործ ես անում։ Մարդիկ Քեզ  շատ են սիրում ու դա այնքան


էական է։ Այդ սերը նախորդ երկար տարիների ընթացքում Քո ամենօրյա լուռ ու մունջ, յուրաքանչյուր մարդու համար հոգ տանելու պտուղն է, ամեն օր, Քո կտոր պարտեզը ջրելով, մաքրելով, բոլորին սեր բաժանելով, խոսելով, բացատրելով,  սովորեցնելով... այսօր՝ այս դժվարին պահին արածդ գործի արդյունքներն ենք շոշափում։ Որքան աչքեր, սրտեր ու հոգիներ բացեցիր, մեր հրաշք Ալիկ... ու քանի մեր մեջ Քեզ պես բժիշկներ կան, մենք օրը օրի վրա ավելի լավն ենք դառնում, ավելի զգայուն ու բարի։ Ու անպայման Աստված մեզ կօգնի ու այս մղձավանջից, այս բարդ փորձությունից էլ դուրս կգանք միասին։


Nid.oragir

--------------------------

https://www.armeniefonds.nl/doneer-nu/

 N.O. այնուհետև ձեր անունը

Saturday, 1 December 2018

Եկեղեցին մարդասիրությունն ավելի վեր է դասում

Լուսանկարները` Ալիկ Ասատրյանի: Այս եկեղեցում է պատսպարվել Թամրազյանների ընտանիքը:


Հաագայի Բեթել բողոքական եկեղեցին 24 ժամյա գրաֆիկով ՝ առանց դադարի հոկտեմբերի 26-ից մինչ  օրս կրոնական ծես ու պատարագ է մատուցում փրկելու համար 9 տարի նիդերլանդներում գտնվող փախստական  հայ ընտանիքին`  արտաքսումից: Մարդասիրական այս քայլն ամրագրված է օրենքի այն կետով, որ աղոթքի ու պատարագի ժամանակ ձերբակալություններն արգելվում են: Ստացվում է, որ  եկեղեցին օրենքով պայքարում է. մեկ այլ` արտաքսման օրենքի դեմ: Այսպիսով եկեղեցին մարդասիրությունն ավելի վեր է դասում:
Ալիկ Ասատրյանը Հաագայի Բեթել եկեղեցում

Իրոք դժվարությունների դեմ հանդիման են կանգնել Թամրազյանների ընտանիքի  հինգ անդամները, որոնց այս  պահին  մարդասիրական ու բարոյական  աջակցության կարիքն  ունեն: Այդ նպատակով նրանց հետ է փորձել հանդիպել , զրուցել Նիդերլանդական  օրագրի մեր թղթակից ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ: Նախքան  հանդիպումն իմացել էինք, որ ընտանիքի անդամները հրաժարվում են բոլոր տեսակի  հանդիպումներից, սակայն օգնություն , օժանդակություն հայտնելու  համար մեկ անգամ ևս փորձեցինք  լինել տեղում:  
Ալիկ Ասատրյանը պատմեց, որ ընտանիքի անդամները պարզապես չեն կարող դուրս գալ եկեղեցուց, քանի որ անմիջապես կձերբակալվեն: Նրան սիրով ընդունել են եկեղեցի, բայց ընտանիքի անդամներին հանդիպել չի հաջողվել: Եկեղեցու հովիվները զգուշավոր են և ելնելով
ապահովությունից ու ընտանիքի բարոյահոգեբանական վիճակից հրաժարվում են ամեն  տեսակի հանդիպումների` նրանց մասնակցությունից:
Հուսով ենք, որ Նիդերլանդական իշխանությունները մարդասիրաբար վերաբերվեն արդեն երկար տարիներ ինտեգրված հայ ընտանիքին:

Saturday, 12 April 2025

ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ. ՄԱՐԴ, ՈՐ ԾԱՌ ԷՐ, ԱՆՁՐԵՒ ԵՎ ԱՎԼՈՍ

 (էսսե)




Հեղինակ՝ Աննա Գիվարգիզյան,
«Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր
Լինում է, չի լինում՝ մի տղա է լինում:
Լեռնաշխարհի կրծքին կպած գյուղի մի տղա։ Տան սպիտակ պատը նրա համար էկրան էր, հին դույլը՝ կինոթատրոնի կարմիր նստարան։ «Ռեժիսոր» բառը չգիտեր, բայց արդեն ռեժիսոր էր ուզում դառնալ։
Այսպես է սկսվում Ալիկ Ասատրյանի պատմությունը։ Մի մարդու, որ հասկացավ, թե ինչպես կարելի է աշխարհը հյուսել հիշողության կտորներից, պատահական բառերից ու անանուն գույներից։

I. ԿԻՆՈ, ՈՐ ՉԿԱՐ

Մանուկ ժամանակ նրան ասացին.
— Ֆիլմերը կինոմեխանիկը չի նկարահանում։
— Ո՞վ է նկարահանում։
— Ռեժիսորը։

«Ռեժիսոր» բառը մնաց օդում կախված՝ ինչպես չբացված գաղտնագիր։ Հետո գլխի ընկավ. ռեժիսորը երազների որսորդ է. կինոխցիկով երազներին բռնում ու շարժման մեջ է դնում:
Ամեն ինչ սկսվեց ծխախոտի դատարկ տուփից, որի մեջ օրական երեսուն կոպեկ էր հավաքում: Երկու ամիս դպրոցում սոված էր մնում, որ հավաքված գումարով կինոխցիկ գնի։ Ծխախոտի տուփը մայրը պատահաբար նետում է աղբարկղ: Երազանքը մնում է:


II. ԳՈՒՅՆԵՐ, ՈՐ ԼՈւՅՍ ՉԵՆ ՏԵՍԵԼ

Կարող էր պարզապես նկարիչ դառնալ։ Բայց «պարզապես» բառը նրա բառարանում չկար։
Նրա նկարները կենդանի էին։ Սիրտ ունեին։ Երբ ցուցասրահում նրանց կողքով անցնում էին ու չէին նայում՝ շատ էին նեղվում։ Գիշերը վրդովված ինչ-որ բաներ էին շշնջում մեկմեկու ականջին։
Նկարում էր ավազով, ցեմենտով, գաջով։
Փնտրում էր մի գույն, որ դեռ չէր ծնվել։ Երբեմն թվում էր՝ նկարներ չէր ստեղծում, այլ հնագետի պես կորուստները հողից հանում ու հերթով շարում էր:

III. ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՑՆՈՐՔ ԵՆ

Նրա կինոն պատմություն չէր պատմում։ Նրա կինոն արթուն ցնորք էր։ «Ավլոս»։ «Օլեո»։ «Հորսիա»։ Բառեր, որ հնչում էին ինչպես պաղատանք. խոսում էին, բայց չէին բացատրում։
Մի օր հանդիպեց մի ծեր կնոջ, որ երեք պատերազմ էր տեսել։ Անունը Հորսիա էր։ Նկարահանեց։ Ստացվեց ֆիլմ: Որովհետև երբեմն մարդու անունն արդեն կենսագրություն է։

IV. ԵՍ-Ը, ՈՐ ԴԵՆ ՊԵՏՔ Է ՆԵՏԵԼ

Ասում էր.
— Երբ իսկապես ոչ ոք ես, ամեն ինչ ես։
Քար ես:
Ջուր ես:
Ծառ ես:
Անձրև ես:

Մարդկանց մեծ մասը մեռնում է՝ իր «ես»-ն աղբարկղ չնետած։ Նա նետեց։
Հիմա նրա նկարներն ամենուր գոռում են. «Ես գլուխգործոց եմ»։ Իսկ նա ծիծաղում է։ Որովհետև գիտի՝ ճիշտ են ասում:

V. ԱՐՎԵՍՏ, ՈՐ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ

Քսան տարի Նիդերլանդներում նկարչություն էր սովորեցնում նրանց, ում «ոչ այս աշխարհից» էին ասում։ Գիտեր, որ սյուրռեալիզմն ու դադաիզմը նրանց աչքերից է ծնվել։
— Երբ արվեստի բարեփոխումների մասին է խոսքը, հոգեկան հիվանդների աշխատանքները ավելի կարևոր են, քան աշխարհի բոլոր պատկերասրահների կտավները,— ասել է Պաուլ Կլեեն։
Ալիկ Ասատրյանը լուռ լսել ու գլխով է արել։

VI. ԳՈՐԳ, ՈՐ ՀԱՎԵՐԺ ՀՅՈՒՍՎՈՒՄ Է

Հավատում է, որ արվեստը գորգ է, ուր յուրաքանչյուր թել ինչ-որ մեկի կյանքն է։ Ապագայի նկարիչները հերթով իրենց հանգույցները կավելացնեն։ Բայց կարևոր է միշտ հիշել, թե ինչպես են հյուսվել առաջինները։

VII. ԽՐԱՏ

— Մի ձգտիր հայտնի դառնալ։ Արվեստը դրա հետ կապը չունի:

Եղիր քար:
Եղիր ջուր:
Եղիր ծառ:
Եղիր անձրև:
Զարմացրու ինքդ քեզ:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Եթե երբևէ հանդիպեք ինչ-որ ֆիլմի, ուր հերոսներ չկան, բայց կա հոգի, եթե նայեք ինչ-որ կտավի ու զգաք, որ նա էլ ձեզ է նայում, ուրեմն Ալիկ Ասատրյանի աշխատանքն է։
Մարդու, որ մի օր կինոմեխանիկին հարցրեց.
— Կսովորեցնե՞ս կինո նկարահանել։
Ու պատասխան չստացավ։
Փոխարենը ստացավ մի ողջ Տիեզերք: