The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 16 August 2024

Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: ՍԻՊԻԼ

 

ՍԻՊԻԼ
Զապել Հովհաննեսի Խանճյան
1863-1934

Գրող, մանկավարժ, հրապարակախոս և հասարակական գործիչ Զապել Խանջյան-Ասատուրը(1) (գրական կեղծանունը՝ Սիպիլ(2), այն սակավաթիվ կանանցից է, որ իր կենդանության օրոք գնահատվեց ըստ արժանվույն: Նա ծնվել է 1863 թվականի հուլիսի 23-ին՝ Սկյուտարում՝ Խանջյանների բարեկեցիկ ընտանիքում: Զապել Ասատուրը իր ուրույն տեղն ունի 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի կրթության և կանանց հասարակական գործունեության մեջ։

Նախնական կրթությունը Զապելը ստացել է տանը՝ մասնավոր ուսուցիչների խնամքի ներքո։ Հայերենից բացի, տիրապետել է նաև ֆրանսերենին։ Հաճախել է Սուրբ Խաչ վարժարանը, ապա՝ Սկյուտարի Ճեմարանը, որտեղ նրա ուսուցիչներն էին Խաչատուր Միսաքյանը և Սիմոն Ֆելէկյանը, որոնց շնորհիվ նա սովորել է հայոց լեզուն, ուսումնասիրել է հայ գրականությունն ու մշակույթը: 1879 թվականին Զապելը ավարտում է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը, որից հետո որոշում է մեկնել Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու:

Սակայն այդ ժամանակահատվածում կողմնակի մի գործոն ազդում է նրա կայացրած որոշումների վրա և մեծ դերակատարություն է ունենում Զապելի կյանքում:

Նրանց տան նախկին ծառան՝ Հակոբ աղբարը, մեկնում է իր ծննդավայր՝ Քղի և որոշ ժամանակ անց, վերադառնում է անճանաչելիորեն փոխված ու ցնցոտիների մեջ: Նա Զապելին է պատմում իր համագյուղացիների ծայրահեղ չքավորության, տգիտության ու անօգնականության մասին՝ «…Աչքիս առաջեն չի հեռանար թափորը թշվառ տղոց՝ բոկոտն, անլվա, գիսախռիվ, գունատ, հիվանդ, անխնամ,- գրում է Զապելը իր նամակներից մեկում այդ պատմության տպավորության տակ: – Քանի-քանի անգամներ երգած եմ իմ հոգիիս բոլոր թափովը Եփրատի ծաղկավետ ափերը, Շավարշանի բուրումնագեղ շուշանները իմ սկսնակի ձախավեր տաղերուս մեջ, և սակայն երբեք չեմ խորհած հոն ապրող տարաբախտ ժողովուրդին վրա: Մեզի սովորեցուցած են շատ մը քաջերու անունները, անոնց պատկերները եթերաճեմ ճաճանչի մը մեջ ամպածրար՝ հայրենիքի սուրբ իդեալն է մեզի համար անմատույց, պաշտելի…: Իսկ Հակոբ աղբարնե՞րը, որոնք հողին վրա կապրին և ոտանավոր ուղերձներե ավելի լուրջ և հիմնավոր դաստիարակության մը պետք ունին իբրև մարդ ապրելու համար: Մենք ոչինչ գիտենք անոնց մասին»(3): Այս դեպքից հետո Զապել Խանջյանը հրավիրում է իր դասընկերուհիներին և նրանց հայտնում է «Ազգանվեր հայուհյաց ընկերություն» ստեղծելու իր մտադրության մասին: Ընկերության նպատակը Օսմանյան կայսրության հայաշատ նահանգներում օրիորդաց դպրոցներ բացելն էր։ Ստեղծումից հետո մոտ քսան տարի այդ ընկերութունը բարձունքի վրա մնաց՝ հոգալով հայ չքավոր ընտանիքների աղջիկների բարձրագույն ուսումնառության կրթաթոշակը։

«…Աշխատիմք, որպեսզի պարտավոր չմնամք ազգին և մարդկության, աշխատիմք, որպեսզի մեր գավառացի քույրերը լույս առնուն, աշխատիմք, որպեսզի իգական սեռը մարդկության մեջ տեղ մի բռնե…Շատեր կըսեն և պիտի ըսեն, թե չեք կրնար հաջողիլ, սակայն ո՞ր մեծ գործ առաջին փորձով հաջողած է. եթե մեք չհաջողիմք, գեթ հիմը դրած կըլլամք և ուրիշ մը կկատարելագործե զայն…»(4),- ասել է 16-ամյա Զապել Խանջյանը «Ազգանվեր հայուհյաց ընկերության» երկրորդ նիստում:

Հայոց ցեղասպանությունից հետո «Ազգանվեր հայուհյաց ընկերությունը» ծնողազուրկ որբերի համար կատարել է բարեխնամ առաքելություն։

Առաջին ամուսնությունը: 1881 թվականին, 19 տարեկանում, Սիպիլը ամուսնանում է փաստաբան Կարապետ Տոնելյանի հետ և միասին մեկնում են կայսրության հայկական գավառները՝ տեղում ծանոթանալու աղջկանց վարժարանների ստեղծման, ինչպես նաև ընդունակ հայ օրիորդներին կրթաթոշակով ապահովելու աշխատանքներին։

 Զապելը նաև ժամանակի ակտիվ հասարակական գործիչներից էր: Նա պայքարում էր կանանց իրավունքների, ազգապահպանության, սոցիալական հավասարության համար:

Սիպիլը մանկավարժական գործունեություն է ծավալել, հայոց լեզու, հայոց պատմություն ու մշակույթ է դասավանդել (երբեմն՝ թաքուն) Կ.Պոլսի և Օսմանյան կայսրության հեռավոր հայաբնակ գավառների դպրոցներում ու վարժարաններում(5):

Այս ամենին զուգընթաց զբաղվել է գրականությամբ: Ապրելով թուրքական միջավայրում և պարբերական կոտորածների ականատեսը դառնալով՝ նա շատ լավ հասկանում էր, որ հայը իրեն պահպանել կարող է միայն իր արմատներին կառչելով: Նրա գրական ժառանգությունն ամբողջությամբ հայերեն է: Նշենք, որ Սիպիլը գրել է բացառապես հայերեն:

Պոլսում նա հայոց լեզու և գրականություն է դասավանդում և նրա սաների թվում են ճանաչված գիտնական Սիրարփի Տեր-Ներսիսյանը, «Ծաղիկ» և «Հայ կին» հանդեսների խմբագիր, հրապարակախոս Հայկանուշ Մառքը, դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը, դերասաններ Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, թարգմանչուհի Սիրվարդ Կլուլպենկյանը, մանկագիր Ադրինե Տատրյանը և այլք: «Պոլսո մեջ ոչ մեկ ուսուցիչ կրնա պարծենալ, որ իր անձին ու գործին օրինակով կաղապարած է սերունդ մը կամ դարձած է տեսակ մը իդեալ»:

 «Սիպիլի մեջ մանկավարժն ու տեսաբանը, հոգեբանն ու մեթոդիստը միահյուսված էին: Նա շարքային դասուսույց չէր… Նա անընդհատ որոնում էր նորը, թարմն ու օգտակարը և դրանով էլ տարբերվում էր նախորդ և ժամանակակից շատ մանկավարժներից»:

Ակնարկելով Սիպիլի դերակատարությունը հասարակական և գրական կյանքում հայտնի դերասան Վահրամ Փափազյանը գրում է՝ «…Այնքան ձգողական մի զորություն ուներ նա, որպես կին և բանաստեղծուհի, այնքան կանացի հրապույրներով էր պարուրված նրա թեև կարճ, բայց փարթամ անձը, նրա թեև անբարբառ, սակայն ամեն ինչ խոսող աչքերը այնքան լեզվանի էին և գաղտնախորհուրդ կանացիությամբ լի, որին ինչպես բարձրագույն իմացականության մի կծիկի, քանդել փորձողն անմիջապես կխճճվեր այդ կապանքների մեջ` առաջին իսկ փորձից…Այնքան ժամանակ, որ ճանաչել եմ նրան, նրա պատկերը միշտ անփոփոխ է մնացել իմ հիշողության մեջ: Տարիները կարծես թավալվում էին նրա վրայով, ձմեռ չունեին, և անվերջանալի արևոտ ամառների երկար մի շարան եղավ բանաստեղծուհու կյանքը»(6): Գրական-հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան բռնապետության տարիներին(7):

Զապելը միաժամանակ օգնում էր հայ որբերին և կարիքավորներին՝ կրթության և դաստիարակության, նաև՝ կանանց սոցիալ-հասարակական դերակատարության աշխուժացման ու զարգացման գործում։

Երկրորդ ամուսնությունը: 1900 թվականին Զապելը կորցնում է իր առաջին ամուսնուն, սակայն 1901 թվականին ամուսնանում է երկրորդ անգամ՝ գրող, բանասեր և լրագրող Հրանտ Ասատուրի հետ, որին, բացի ամուսնական կապերը, միավորում էր նաև գրական ու ազգային-հասարակական երկարամյա գործունեությունը։

Հրանտ Ասատուրը բարոյական մեծ օգնություն է ցույց տալիս կնոջը հասարակական,գրական-ստեղծագործական ու մանկավարժական բոլոր գործերում:

Ասատուր ամուսինների միացյալ աշխատանքի արդյունքներից էին հայերեն լեզվի, քերականության գրքերը, գրական ընթերցանության «Թանգարան»(8) խորագրով դասագրքերի շարքը, որոնք քառորդ դար ծառայեցին երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը։

Զապել և Հրանտ Ասատուրները գործակցեցին նաև Գրիգոր Զոհրապի հետ՝ իրականություն դարձնելով «Մասիս» թերթի հրատարակության երկրորդ շրջանը: «Կինը, որ Սիպիլ կստորագրե, պարծանքն է իր սեռին»(9),- գրում է Գրիգոր Զոհրապը, ով հայտնի էր որպես կնոջ և տղամարդու հավասարության ու կանանց կրթության հակառակորդ:

Սիպիլի հրապարակախոսության առանցքը ազգապահպանությունն է, երիտասարդ սերնդի, հատկապես աղջիկների կրթությունն ու դաստիարակությունը և կանանց հարցերը` սկսած խոհանոցից ու նորաձևությունից մինչև քաղաքական իրավունքները: «Մեր երեքեն կազմված խմբագրական մարմնին մեջ մեծ ուժ մըն էր Սիպիլ, որ իր տաղանդին ամենեն առույգ ու կորովի շրջանին հասած էր այն ատեն: Միշտ պատրաստ էր հոդված մը, քերթված մը, նորավեպ մը գրելու: Դասերը, դասագիրքերու պատրաստությունը մեկ կողմեն, գրականությունը մյուս կողմեն, տան հոգերն ալ ասոնց ամենուն վրա:

Բայց հոգնիլ չէր գիտեր, միշտ ժպիտ մը ուներ դեմքին վրա, միշտ զվարթ էր, միշտ անձնվեր, միշտ բարյացակամ ամենուն հանդեպ: …Օրվան կինն էր Սիպիլ գրականության մեջ, ու բանաստեղծ կնոջ քով հրապարակագիր կինը ի հայտ կու գար»,- հիշում է Հ. Ասատուրը:1898 թվականին «Մասիս» պարբերականի էջերում տպագրվում է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը` նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Սրբուհի Տյուսաբին, Արշակուհի Թեոդիկին, Գայանե Հովհաննիսյան-Մատակյանին, Հայկանուշ Մառքին, Եղիա Տեմիրճիպաշյանին, Գրիգոր Չիլինկիրյանին, Ռեթեոս Պերպերյանին և այլոց։ Այդ շարքը հետագայում զետեղվել է 1921 թվականին Հրանտ և Զապել Ասատուր ամուսինների կազմած «Դիմաստվերներ»(10) գրքում։ Գրական շրջանակներին Զապել Ասատուրը հայտնի է դարձել 1880-ական թվականների վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրապարակած չափածո և արձակ գործերով։

«Աղջկան մը սիրտը» վեպը և բանաստեղծական ժողովածուները

1891 թվականին Զապել Ասատուրը առավել մեծ ճանաչում է ձեռք բերում, երբ հրատարակվում նրա «Աղջկան մը սիրտը» վեպը՝ օրիորդ Ալիս հեղինակային կեղծանունով: Այն թեև վիպագրական արվեստի դիտանկյունից մեծ արժեք չի ներկայացնում, սակայն իր շոշափած սոցիալ-հասարակական, և հատկապես, հայ կնոջ ազատագրությանը առնչվող հարցերով նորույթ էր պոլսահայ գրականության մեջ։ Վեպը, ինչպես նաև Սիպիլի մյուս գրական երկերը հասարակական լայն արձագանք են գտնում:

Նշենք, որ Սիպիլից առաջ Սրբուհի Տյուսաբը արդեն բացել էր վիպագրության ուղին հայ գրականության մեջ։ Թե՛ Տյուսաբը, թե՛ Սիպիլը գեղարվեստականացրեցին հայ կնոջ իրավունքները և սկզբնավորեցին ազատագրության պաշտպանության շարժումը՝ հիմնադրելով գրական դպրոց։ Նրանք պայքարում էին կանանց իրավունքների, ազգապահպանության, սոցիալական հավասարության համար: Հարկ է նշել, որ Սիպիլը դարձավ նաև արևմտահայ գրականության մեջ վիպապաշտ (ռոմանտիկ), իրապաշտ և գեղապաշտ երեք սերունդները մավորող կամուրջը։

Նույնքան թարմաշունչ էր Սիպիլի մուտքը հայ բանաստեղծության տիրույթ: 1902 թվականին նա տպագրեց բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ցոլքեր»11-ը արդեն Սիպիլ կեղծանունով։ Այնուհետև, ամբողջ երեսուն տարի, Սիպիլը շարունակեց մամուլում տպագրել իր բանաստեղծությունները, որոնք հետմահու ամփոփվեցին 1940 թվականին տպագրված «Քերթուածներ»12 ժողովածուի մեջ։

Նրա բանաստեղծությունների մշակվածությունը և ոճը դիպուկ է բնութագրել գրող Հակոբ Օշականը՝ «Սիպիլի բանաստեղծութիւնը անթերի ձեւերու, մետաքսէ ոլորներու, ծիրանի ու փրփրուտ ժանեակներու, ոսկի դանակներու, թռչող բայրերու եւ աչք առնող գոյներու զարմանալի խառնուրդ մըն է. մեր զգայարանքներուն վրայ հմայք կը լեցնեն, բայց երեւոյթի մը պէս կը թռին անոնք ու մենք մեր աչքերուն վայրկեանի թովչանքէն ազատելէն վերջ կը մոռնանք զանոնք»(13):

 Սիպիլը գրել է սիրո, հայրենիքի, մարդկային նուրբ զգացմունքների մասին։

Նա շարունակել է արևմտահայ ռոմանտիկ գրականության ավանդույթները, որոնք ներհյուսվել են նոր ժամանակների իրապաշտական մտածողության հետ։ Այս հիմքով էլ նրա ստեղծագործությունը հայ գրականության պատմության մեջ բնութագրվել է որպես անցման շրջանի երևույթ(14):Նա շարունակել է արևմտահայ կին հեղինակների ռոմանտիկ ավանդույթները։ Սիպիլի երկերի համար հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունները, կնոջական քնքշությունն ու նրբությունը, մշակված լեզուն։ Սիպիլը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, մանկավարժական, կրթական-մեթոդական հոդվածներ:

1879 թվականին կազմել է «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի»(15) դասագիրքը, որը որպես ձեռնարկ օգտագործվել է դասավանդման նպատակով: Այն հետագայում բարեփոխվել է Հրանտ Ասատուրի աշխատակցությամբ և բազմիցս վերահրատարակվել է «Թանգարան հատընտիր հատվածներու» (16) ընթերցարանների հետ(17):

Սիպիլը կարևոր նշանակություն էր տալիս նաև օտարալեզու գրականության թարգմանությանը` հատկապես ֆրանսիական պոեզիա և պոետներ՝ Պոլ Վեռլեն, Լըկոնտ դը Լիլ, Լամարթին, Անատոլ Ֆրանս և այլքն(18): Նա հատուկ աշխատանք է տարել իր աշակերտների շրջանում՝ թարգմանիչների նոր սերունդ պատրաստելու ուղղությամբ:

Սիպիլը նաև նկարում էր: Նա պատկերել է բազմաթիվ հայ նշանավոր գրական գործիչների դիմանկարներ: Նշենք, որ Զապել և Հրանտ Ասատուրների միացյալ աշխատանքի արգասիքը եղավ հայերեն լեզվի, քերականության և գրական ընթերցումների «Թանգարան» անունով դասագրքերի շարքը, որը ամբողջ քառորդ դար նպաստեց նորահաս սերնդի հայեցի դաստիարակությանը։ Սիպիլը հեղինակ է նաև «Կնոջ հոգիներ»19, «Կորտոն հրամանատարը»(20) և այլ երկերի: Հայոց ցեղասպանությունից 1915 հետո նույնպես հեղինակը չի կտրվել հասարակական կյանքից։ Ուշադրությամբ հետևել և արձագանքել է Խորհրդային Հայաստանում գրական-մշակութային կյանքին(21):

Սիպիլը մինչև մահ, մինչև 1934 թվականի հունիսի 19-ը, մնաց Կ. Պոլսում՝ ստեղծագործելով և կրթության մշակի իր առաքելությունը շարունակելով։ Սակայն վերջին տարիներին կաթվածը գամեց նրան անկողնուն, և նա իր մահկանացուն կնքեց 1934 թվականին՝ Կոստանդնուպոլսում:

----------

Ծանոթագրություններ, աղբյուրներ:
1 Նաև՝ Տոնելեան, առաջին ամուսնու ազգանունով:
2 Հետազոտությունը իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային «Կանանց հիմնախնդիրները 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ կին հեղինակների գրականության մեջ» թեմատիկ ծրագրի շրջանակներում: Ծածկագիր՝ 2IT-6B118:
3 Հարությունյան Ա., Երևելի տիկնանց դարը, Ե., 2005, 160 էջ:
4 Պողոսեան Եփրեմ վարդապետ, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Վիեննա, 1957, Մխիթարեան տպ., 802 էջ:
5 Սիպիլը բարեկեցիկ ընտանիքի աղջիկ էր, պետք է ուսումը շարունակեր Փարիզում, բայց արձակուրդից վերադարձած իրենց աղախնից իմանում է, թե որքան վատ են ապրում մարդիկ գավառներում, ինչ խեղճ ու անկիրթ են: Այդ դիպվածով էլ սկսվում է նրա հասարակական գործունեությունը, որի հիմքում կրթությունն էր: Սիպիլի գործունեությունը կարելի է առավել քան հաջողված համարել, որովհետև նրա աշակերտներից, հասարակական գործընկերներից շատերը ապագայում ազդեցիկ մարդիկ դարձան տարբեր ոլորտներում: Այդպիսին են Սիրարփի Տեր-Ներսեսյանը, որը նշանավոր բյուզանդագետ, միջնադարագետ, արվեստաբան և հայագետ էր աշխարհի մասշտաբով, ինչպես նաև՝ Վահրամ Փափազյանը, որը հռչակավոր դերասան էր ու նրա տաղանդով հիանում էին բոլորը:
6 Երկերի ժողովածու: Հետադարձ հայացք, հ. 1 գիրք 1, Ե., 1979, 460 էջ։
7 Հայկական Սովետական Հանրագիտարան, Ե., 1982, Հանրագիտ. հրատ., 720 էջ:
8Ասատուր Հրանտ, Ասատուր Զապել, Թանգարան հատընտիր հատվածներու, Թանգարան հատընտիր հատվածներու, Կ․ Պոլիս։ տպ․ Կիւթէմպէրկ Կ․Ն․ Մագասճեան, Տարի Գ․ Միջին դասընթացք, 1933, Զ+247 էջ:
9 «Կինը, որ Սիպիլ կստորագրե, պարծանքն է իր սեռին»: Արխիվացված է օրիգինալից 2018 թ. մարտի 3-ին. Վերցված է 2015 թ. հոկտեմբերի 21-ին:
10 Ասատուր Հրանտ, Ասատուր Զապել, Դիմաստվերներ, Կ. Պոլիս, 1921, 280 էջ:
11 Սիպիլ, Ցոլքեր, Կ. Պոլիս, 1902, 94 էջ։
12 Սիպիլ, Քերթուածներ, Ե., 1935, 132 էջ։
13 Օշական Հ., Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հ. 1, Երուսաղեմ, 1945, 368 էջ։
14 Մինասյան Ա.Մ., Սիպիլ։ Զապել Ասատուր (կյանքը և գրական գործունեությունը), Ե., 1980:
15 Ասատուր Զապել, Գործնական քերականություն արդի աշխարհաբարի, Գիրք Գ, Մաս Ա, Կ. Պոլիս, Տպ. Յ. Մատթէոսեան, 1911, 210 էջ:
16 Ասատուր Հրանտ, Ասատուր Զապել, Թանգարան հատընտիր հատվածներու, Կ․ Պոլիս տպ․ Կիւթէմպէրկ Կ․ Ն․ Մագասճեան, Տարի Գ․ Միջին դասընթացք, 1933, Զ+247 էջ:
17 Երկեր. Քերթվածներ, Ե., 1935։ Երկեր, Ե., 1965։
18 Տե՛ս Ֆրանսիական պոեզիա, թարգմ. Զապել Ասատուրի, Ե., ԵՊՀ հրատ., 1984, 480 էջ:
19 Սիպիլ, Կնոջ հոգիներ: Պատմուածքներ, Կ. Պոլիս, 1925, 194 էջ։
20 Սիպիլ, Կորտօն հրամանատարը, Կ. Պոլիս, 1890։
21 Ազատեան Թորոս, Ժամանակակից դէմքեր: Ա, Զապէլ եւ Հրանտ Ասատուր, «Մշակոյթ»
Գրատուն, 1937, 75 էջ:


Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

բ.գ.թ, դոցենտ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրակ. ինստիտուտ

«Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագիրը համատեղ  գրական նոր նախագիծը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի ՏյուսաբՍիպիլ (Զապել Խանջյան)Հայկանուշ Մառք (Թոփուզյան)Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք: Նախագծի խորագիրն է՝  «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»: 
Սույն նախագծի նպատակը 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած հայ մտավորական կանանց՝ գրող-հրապարակախոսներին, խմբագիր-հրատարակիչներին, բանաստեղծուհիներին, արձակագիրներին, նրանց ամփոփ կենսագրություններն ու գործունեությունները, ընթերցողին հասանելի դարձնելն է, ինչը կարևոր է հայ գրականության պատմության ընթացականության և զարգացման տեսանկյուններից: Այն կարևոր է նաև համացանցի, սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով տարբեր տարիքի ընթերցողներին գիտելիքների և արժեքավոր նյութերի փոխանցման տեսանկյունից: Նախագծի խնդիրը փաստական և վավերագրական նյութերի հիման վրա արևմտահայ կին հեղինակների բարեգործական, հովանավորչական, կրթական և գրական-մշակութային գործունեության վրա լույս սփռելն է: Նախագծի շրջանակներում կընդգրկվեն նաև հետաքրքիր դեպքեր կանանց կյանքից: Պատմության համատեքստը նկատի առնելով՝ կտրվեն նաև նրանց գործունեությանը բնորոշ ուշագրավ առանձնահատկություններ, մամուլում դեռևս չտպագրված այլ արժեքավոր տեղեկություններ: Նախագիծը վարում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանը
Սույն հոդվածը նվիրված է Սիպիլին (Զապել Հովհաննեսի Խանճյան`1863-1934):
-----------------
* Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսական
աջակցությամբ 2IT-6B118 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։
----------------

Զապէլ Հ. Ասատուր (Սիպիլ)
Բանաստեղծություններ «Ցոլքեր» ժողովածուից

Կապույտ աղջիկը

Նոր յելած էր սուգեն, կապույտ կը հագներ.
Գըլուխն ուներ ծավի բեհեզ մը սիրուն,
Վորուն վետ վետ ծալքերուն նուրբ ծըփանքներ
Կ'ոլորվեյին շուրջն իր վոսկի մազերուն:

Միշտ լուսեղեն ծիծաղ մ'ուներ իր բերան,
Հընչուն, անույշ, յերգի մը պես սիրարծարծ,
Յեվ խըռովիչ նայվածքին մեջ անոր լայն
Ծովն իրեն գույն, յերկինք իր շողն եր դըրած:

Սիրած չեր դեռ, վո՛հ, զայն կ’ըսեր իր ճակատ.
Չըքնաղ յերազ մ'եր լոկ իր կյանքն ըսպիտակ,
Անուրջ մ’անծիր, ուր կույս հոգին խանդակաթ
Կը ծածաներ ջերմ իղձերու բոցին տակ:

Բընության մեջ ծովն եր իր տենչն առանձին.
Ծաղիկներուն, դաշտին համար սեր չուներ.
Ամեն առտու կարմիր արևն այգածին՝
Իր մակույկով ծովուն մեջ զայն կ'ողջուներ:

Չեյինք գիտեր, պըչրա՞նք եր թե պարզ ճաշակ
Այդ մակույկն ալ կահված գույնով միշտ ծովուն,
«Կապույտ աղջիկ», կ'անվանեյինք կամ «խաժակ»,
Յերբ կը նավեր փոթորկին դեմ և հովուն:

Չեր վորսար ան, և վոչ ալ գիրք կը կարդար,
Անհունին մեջ մըխըրճելով իր հոգին՝
Կ’ուզեր բաժնել շողերուն հետ անդադար
Գաղտնիքները, զոր կուտա ծովն յերկինքին:

Հովին, վիհին, ալիքներուն բարեկամ,
Հորձանքներեն, ամպեն, շանթեն չուներ վախ,
Այդ անկայուն տարրերուն մեջ շատ անգամ
Կըռված, հաղթած եր ամպրոպին ալեբախ:

Բայց գիշեր մը մոտեցավ կուր մը փութով
Սուր ճեղքելով ծալ ծալ ծըփանքն ընդարձակ.
Իր առջևեն տեսիլքի պես հոգեթով
Լույս ճակատ մը անցավ գեղով համարձակ:

Լուսնին տարտամ նըշույլներուն ներքև ձյուն
Սև ու ծավի աչքեր զիրար հասկըցան,
Յեվ սյուգն աշխույժ անոնց շունչին մեղմ հըծծյունն
Արձագանքեց սիրո բառով մ'աղվաձայն:

Խոժոռեցավ իսկույն ծովուն ջինջ յերես,
Մըրրիկ մ’ելավ, մարեց լույսեր, կայծ ու բոց,
Լեռներու պես վեր բարձրացան փըրփրադեզ
Կոհակներու անսանձ ամպերն հողմակոծ:

Ա՛լ հորիզոն չկար, քաոս մ'եր յեթեր՝
Ճիվաղներու հանդես մը սև ու մըռայլ,
Յերկինք անդուլ սուր փայլակներ կը նետեր,
Շանթ կը տեղար հընոցներեն իր շըռայլ:

Նախանձոտ ծովն հանկարծ թոթվեց իր ուսեր,
Բացավ թևերն առավ աղջիկն հեշտագին,
Անոր կյանքին հետ հրապույրներն ալ ու սեր
Չուզեց թողուլ կիրքերու մեծ վըտանգին:

Ամպը

Ամպ լուսեղեն, ուր յերազներս ապրեցան,
-Յերկինքին մեջ, լուսնին աշխարհն արծաթի,-
Ու քեզի հետ փըշրած կ’իյնան ցիր ու ցան.
Այդ փըշրանքեն տաք տաք արցունք կը կաթի:

Բաժնըվելով քու շողերեդ մըտերիմ,
Հովերու բիրտ հարվածին տակ կը փըրթիս.
Կյանք յերկինքն եր. հողը կըլլա քեզ շիրիմ,
Ուր թաղվեցան հուր տենչանքներն իմ սըրտիս:

Յեվ կը ժպտին վերեն արևն ու յեթեր
Մեր վիշտերուն անկարեկիր ու անփույթ,
Փայփայելով թևերնուն մեջ նոր ամպեր,
Նոր սարսուռներ ու յերազներ ջինջ կապույտ.

Մինչ մենք զոհեր սիրո անհուն պապակին՝
Անձրև կուլաս դուն, յես՝ արցունք ցավագին:

Լուսին

Վողջույն կուտամ անհուն սիրով քեզի, լուսնա՛կ,
Ո՛վ մըտերիմ տըխուր հոգվույս իմ միայնակ,
Թե չըլլայիր դուն, և շողերդ այդ փայփայուն
Չըշոեյին սըլացքն հոգվույս յերազներուն,
Փոս մը կ'ըլլար կյանքս, թափուր և ամայի
Փոս մ'որ մըռայլ դամբաններու լոկ կը նայի,
Վորուն յեզերքն ա՛լ չի փըթթեր ծաղիկ և բույս,
Ուր կը մոռնա ցողալ արևն իր արշալույս:
Ու կ’անցնեյի ըստվերի պես կյանքին մեջեն
Քըշվելով հոն ուր կը հեծեն, կը հառաչեն,
Կամ նըվաղած կանթեղի պես շիջելափառ
Կը կըքեյի ամեն հովի յես անբարբառ:
Բայց դուն, լուսնա՛կ, քանի վերեն ինծի ժըպտիս
Մըտքիս թըռիչք, ավյուն և հուրք կուտաս սըրտիս.
Քանի թողած շողերու հույլն եթերաճեմ
Պատուհանիս առջին կուգաս յերբ կ'աղաչեմ,
Քու ըզգայուն, սիրող անուշ սըրտիդ վըրա
Տաք արցունքով լեցված՝ հոգիս կը գուրգուրա:
Վո՛հ, վո՛րքան բարձր ես, վորքա՜ն սուրբ և ի՛նչ վըսեմ,
Նըշույլներուդ ներքև Աստվածն յես կ'երազեմ:
Տիեզերգի վոգի՛ն ես դուն, թե վոչ հայլին:
Վորուն մեջեն սըրբություններ կ’արտափայլին:
Գըթությո՞ւնն ես կամ դիցուհի՞ն դուն Աթենաս,
Վոր խըրճիթին ու դամբանին կը մոտենաս,
Յեվ յերբեմն ալ նոճիներուն մըշտագիշեր,
Վորոնք տըրտում են, ինչպես մահն ու իր հուշեր:
Դուն չես սիրեր վոսկեպաճույճ ճոխ ապարանք,
Վոչ թավիշե սըրահակներ, ամո՛ւլ պատրանք.
Քու քըմայքդ են անտառն ու դաշտ, սարերն արձակ
Ուր կը թողուն վանկ մը հովը, թըռչունն ու ձագ:
Վիշտը հրապույր մ’ե քեզ համար, և փոսն ու փուլ
Շողերուդ տակ կը փալփըլին ինչպես սըմբուլ:
Սիրտ մըն ես դուն, վո՛հ, զայն կըզգամ, սիրտ քերթողի,
Յերազներով, հըմայքներով ու խանդով լի,
Կամ մայրիկիդ գիրկեն խըլված աղջիկ մը կույս,
Վոր քողի տակ կը պարուրես սարսուռդ ու հույզ,
Դուն չես խոսիր բընավ, լուսնա՛կ, բայց կը դիտեմ
Թե շատ լալեդ կը տըժգունիս առտըվան դեմ,
Տըխուր նայվածքդ ինձ կը պատմե առատապես
Թե լոկ լույս մը չես դուն ուրիշ գունտերու պես:
Քեզի նման յես ալ ցավեր ունիմ, լուսի՛ն,
Չեն հըմայեր զիս այլ կյանքի փառքերն վոսին.
Հոգիս թև մը միայն կ'ուզե, կապո՜ւյտ փետուր.
Ճառագայթ մը քեզմե բեկբեկ նըշույլ մը տո՛ւր,
Վորուն կառչած վերաթևեմ իբրև պարիկ
Մինչև բյուրեղ քու ապարանքդ ոդապարիկ:
Յես քեզի ձոն տամ իմ հոգիս անոր փոխան,
Պատմե՛ իրեն խորհըրդավոր իղձերդ համայն.
Թո՛ղ գունտե գունտ սավառնելով մինչև հեռուն,
Արցունքդ ամբողջ տանի ցըրվե հովուն, ծովուն,
Յեվ դարերուն վըրա կեցած միշտ անխափան՝
Ըլլա հավետ անմահ սիրույդ քու յերգաբան:

Մանկիկին քունը
(Հետևություն)

Նիրհե՛, մանկիկս իմ սիրուն,
Անույշ քունով նիրհե՛ դուն,
Որրանիդ քով յեկան հյուր
Արևն, արծիվն ու զեփյուռ,
Թողած ծովերն, ամպն ու սար,
Համբույր բերել քեզ հազար:

Բացավ արծիվն իր թևեր
Գըլխուդ վերև վոսկեհեր,
Շըրթունքներուդ վըրա նուռ
Սըրսկեց արփին վարդ և հուր,
Յեվ փայփայեց քամին զով
Այտերդ իր նուրբ բեհեզով:

Նիրհե՛, մանկիկս իմ սիրուն,
Անույշ քունով նիրհե՛ դուն:
Բույնը դարձավ գոռ արծվին.
Մարը մտավ լույս արփին.
Թըռավ գընաց իր մոր քով
Զեփյուռն անհո՜ւն նազանքով:

Սյուգին դարձին անձկալիր՝
Մայրիկն հարցուց. «Ո՞ւր եյիր,
Դևերու հե՞տ կըռվեցար,
Հուզեցիր ծո՞վ ու ու մացառ»:
Իսկ համբույրով մը ջերմին
Պատասխանեց խոլ քամին.

«Յես ծառ ու ծով չեմ հուզեր,
Դև հալածել չեմ ուզեր.
Մանկիկին քով ամեն որ
Ըսե յերգեր ու որոր.
-Նիրհե՛, մանկիկս իմ սիրուն,
Անույշ քունով նիրհե՛ դուն»:

Աչքերդ

Ծով մը կապույտ կը ծավալի
Աչքերուդ մեջ, ուր չըկա սեր,
Ծով մը հանդարտ, ըզմայլելի,
Ուր կը ցոլան ցայտուն լույսեր.
Բայց ըզգացումն հոն կը հալի
Ինչպես տաքին՝ պատառ մը սեր:

Յերբեմն անկե կ'անցնին բարակ
Ճառագայթներ պայծառ ու ջինջ,
Ջըղուտ հոգվույդ ցոլքեր կըրակ
Յերևույթով մ'աղվոր, անջինջ.
Բայց կը մարին անոնք արագ,
Ինչպես հովին դեմ կայծ մ’ ոչինչ:

Մերթ ծաղիկներ կ'ըլլան փափուկ
Գորշ կապույտով մանուշակին,
Այնքան նըրբին և խուսափուկ
Վոր չունին գույն վորոշակի,
Բայց կը թափին ինչպես հափուկ
Դաժան շունչին դեմ խորշակի:

Որ մ’ալ տեսնես շատ են հոգներ
Մեծ թախիծի խոհով մ'անանց,
Արցունքներու տակ կայլակներ
Թարթիչներեդ կը մաղվին թաց,
Վոր կը թըվին սև ժանյակներ
Գոհարներու շարքով բանված:

Աշխարհներ են աչքերդ անհուն,
Ուր կան լույսեր, հույզեր հըսկա.
Սառույց, հըրդեհ, բոցեր փայլուն,
Ժըպիտն ու հույս չեն բացակա.
Կուգան, կ'անցնին անկե սահուն
Գութն ու արցունք. լոկ սեր չըկա:

Դարավերջիկ հիվանդը

Արևն հասած եր սենյակին խորշերուն
Թափանցելով վարագույրին ճեղքն ի վար,
Մինչ կանթեղին յետին նշույլըն յերերուն
Դեռ հիվանդին մահճին վըրա կը հևար:

Ծըփանուտ ծով մը վարսերու, մե՜ծ հեղեղ,
Բարձին վըրա կը թափթըփեր իր վոսկին,
Վորուն ծուփքը՝ գանգուր թելեր՝ զերթ բաղեղ
Գալարվելով կ’իյնան վոր հոն սողոսկին:

Չըքնաղ ձեռքին վարդ մատներուն տակ ճապուկ,
Կը պահվըտի դեմք մ’ անորոշ, բոլորշի,
Ինչպես ծաղիկ մ' որ սըրահին խուսափուկ
Ըստվերին մեջ ծըլած՝ լույսեն կը խորշի:

Յեվ կը նիրհե. շունչը սյուգի պես բարակ
Մեղմ ու անույշ բուրվառում մ'ե բուրմունքի.
Յերազային սիրո ցոլքեր նուրբ, արագ
Յելևեջներ կուտան լանջքին հուզմունքի:

Ամսե մ’ի վեր տառապեցավ, հե՛ք աղջիկ,
Ծաղկախտին սև բոցերուն մեջ հըրախանձ,
Ձայն կը լըլկեր տենդը փակած զերթ ջըղջիկ
Իր լույս մարմնույն, վոր կ'ազդեր տենչ ու նախանձ:

Մահն ալ անցավ որ մ' իր քովեն, սև՜, խավա՜ր...
Ցուրտ սարսուռ մը թափանցեց ներս իր սըրտեն,
Յեվ նվաղած աչքերուն մեջ հոգեվար
Նայվածքի բոցն անհուն մարած եր արդեն:

Բայց կյանքի սերն հաղթեց հանկարծ իր ախտին.
«-Ապրի՛լ կ’ուզեմ, գոչեց, ծաղիկն եմ գարնան.
«Յես չեմ վախնար հարվածներեն չար բախտին.
«Ի զո՜ւր շանթեր գըլխուս վըրա կը դառնան:

«Դեռ շատ կըրակ ունին աչքերս իմ ծավի,
«Մեղրով լեցուն են շըրթունքներս հեշտաբույր,
«Սիրտս ըզգացման մեծ բեռան տակ կը ցավի,
«Յեվ այտերես՝ կ’առնեն վարդերն իրենց թույր»:

Իր բողբոջուն գեղովն այսպես յերջանիկ՝
Փըշրեց վոտքին տակ, ջախջախեց մահն հըզոր.
Հիմակ անույշ ցընորքներու խաղալիկ՝
Քունին մեջ ույժ, աշխույժ կ'առնե որե որ:
***
Արևն հասած եր սենյակին խորշերուն
Թափանցելով վարագույրին ճեղքն ի վար,
Մինչ կանթեղին հետին նըշույլն յերերուն
Դեռ հիվանդին մահճին վըրա կը հևար:

Արշալույսեն շող մը փըրթավ շեշտակի,
Յեկավ համբույր մ’ առնել ճակտեն այդ հըստակ,
Յեվ բացվեցան աղվոր աչքեր հրեշտակի
Այդ լուսեղեն փայփայանքին ներքև տաք:

Նայվածքն հածեց մատղաշ աղջիկն հեշտորեն
Ճոխ բարձերուն ու վերմակին սընդուսե,
Վորոնց վըրա իր փալփըլուն մազերեն
Զանակներու հորդ անձրև մը կը հոսե:

Ժըպիտ մ' ուղղեց ցայգազգեստին պըչրասեր,
Վոր փոթթըված վեր քաշվելով ուսերեն,
Ծալ ծալ ձյունե լայն քողեքներ կը հյուսեր
Իր թևերուն վորոնք ծաղիկ կը բուրեն:

Հետո յելավ, վըրան ձըգեց վերարկուն,
Մոտենալով դարաններուն ծանրագին,
Վորոնց վըրա հըսկա հայլին կար կանգուն
Ավանդապահ շընորհքներու հըմայքին:

Բայց… նազելի, ջինջ պատկերին տեղ, ավա՜ղ,
Ծակ ծակ փորված դիմակ մ' ելավ իր առջին,
Ճըճիներե կերված կըմախք մը ճիվաղ,
Ուր մեծ վորդ մը կըրծած եր փոսն իր վերջին:

Հարվածն ահեղ իջավ սըրտին իբրև լախտ.
Ճիչ մ' արձակեց սուր, ցավագին, աղեխարշ.
Հայելվույն դեմ զարկավ գըլուխն իր դըժբախտ,
Արյունթաթավ ինկավ անշունչ գետնաքարշ:

Ու վազեցին յեկան փութով նաժիշտներ,
Արտասվալից մայրիկն հասավ անխափան,
Ամեն կողմե բյուր ոգնություն կը հասներ.
Յեվ տեղացին, բըժիշկներ, դեղ ու դարման:

Խեղճ աղջիկը բացավ աչքերն արդեն մութ,
Դողդըղալով չոր տերևի պես տըկար,
«Ա՛լ չեմ սիրեր, մըրմընջեց, կյանքն այս անգութ,
«Ու, ա՛լ մահվան մըռայլ փոսեն չեմ սոսկար:

«Ա՛լ թողե՛ք զիս, թողե՛ք վոր շունչըս հատնի,
«Զի գերեզմանն ե վայր անել ու անաց,
«Ուր հեք դեմքըս պիտի պահեմ միշտ գաղտնի
«Սև հողերուն վերմակին տակ անթափանց»:

Մահը վոր հոն դարանամուտ կը սպասեր,
Տակավ յեկավ անոր հոգվույն քով տըրտում.
«-Ծաղկախտն առավ մըրմընջեց գեղդ ու հույսեր՝
Պիտի տանիմ յես ալ ցավերդ անպատում»:

Ու անոր գիրկն ինկավ աղջիկն հոգեվար,
Հոն իր բախտին վըրա լացավ ու լացավ,
Յեվ համբույրով մ’ երկայն, խորունկ, խանդավառ,
Այդ թախծության հեշտանքին մեջ հալեցավ:

Արևն հասած եր սենյակին խորշերուն
Թափանցելով վարագույրին ճեղքն ի վար,
Դեռ կանթեղին հետին նըշույլն յերերուն
Հեք մեռելին մահճին վըրա կը հևար:

Ապրի՜լ...

Ինչո՞ւ գրել, խոսիլ, խոկալ,
Հարցում ուղղել չորս հովերուն, տիեզերքին,
Յերբ հարցումներդ, գոչյուններդ ալ
Պիտի մարին, պիտի հալին, պիտի ցնդին
Ալքերուն մեջ մեծ անդունդին:

Ինչո՞ւ խորհիլ, տքնիլ ինչո՞ւ,
Յերբ անկարող ես թափանցել, հպանցիլ գեթ
Կյանքն ըսպառող գաղտնիքներու,
Յերբ խեղճ մտքիդ բոլոր ճիգերն, ավյունն ումպեա
Անեանա պիտի հավետ:

Ինչո՞ւ յերկնիլ, ինչո՞ւ տալ կյանք
Սրտիդ հըրուտ հուզումներուն, թե ցիրուցան
Ժամանակին ճիրանին տակ
Որ մը անոնք բըզիկ բըզիկ պիտի ըլլան
Մոռացության դարձած ճարակ:

Ինչո՞ւ հեծել, ինչո՞ւ հևալ,
Յերբ վոգեսպառ աղաղակովդ անհուն, անծայր
Դուն չես կարող պահ մը վերջ տալ
Թշվառության հորդ հեղեղին ամպրոպավար,
Վոր կ'ողողե համայն աշխարհ:

Ինչո՞ւ սիրել սիրտ, խանդակաթ,
Թե չես կարող պահել գրկեդ հար անբաժան
Հոգե, ցավե, վերքե ազատ,
Յեվ կը թողուս վոր մահն անգութ դա խըլե զայն
Զոր սիրեցիր հոգիեդ շատ:

Ինչո՞ւ ապրիլ, թափել արցունք,
Յերբ չես կարող ըսել դժբախտ եակներուն
Զորս կը տանջե քաղցն ու պասուք.
«Մի՛ զրկըվիք, ահա՛ մարմինս, ահա՛ արյուն,
Առե՛ք, կերե՛ք, ապրեցե՛ք դուք»:

Կյանքը

Յերազել, յերազե՜լ վարդերուն քով թառամած,
Յերազել և հուսալ սև յերկինքեն ամպամած,
Աստղերեն անգորով և ամպրոպեն, շանթեն ալ
Գութ մուրալ:
Հավատալ, հավատա՜լ տիեզերքին բարության,
Զինաթափ, անձնատուր բախտի սուրին՝ անվարան
Կեղեքվիլ, արյունիլ, սակայն չըլլալ սրտաբեկ
Վոչ յերբեք:
Տառապիլ, գալարվիլ, այլ ապրիլ միշտ յերազով,
Բոցին մեջ գեհենին, հովանիներ տեսնել զով,
Յեվ ժպտիլ անվրդով արյուն հոսի յերբ սրտեդ
Վետ առ վետ:
Յերազել, յերազե՜լ մինչև իղձերդ արփանուշ
Փըշրվին ու մարին, հոգիդ պատե քար ու փուշ,
Յեվ թաղվի յերազդ ալ, մոխիր կտրած հողին տակ
Անհատակ:

 Բանաստեղծությունները բնագրից հավաքեց` ՍԻՐԱՆՈՒՇ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ
 ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրակ. ինստ. ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող



Thursday, 15 August 2024

Մերոնք Ֆրանսիայում: Օլիմպիական խաղեր

 

Լուսանկարում Ֆրանսիայի Օրլեան քաղաքի զբոսայգու մուտքի ձևավորումը։ Լուս` Նիդ.օրագրի

Փարիզի 33-րդ օլիմպական խաղերը բացման իսկ օրվանից հայտնվեց սկանդալային կիզակետում

ՄԱՄՈւԼ։

Դիվանագիտական հրաձգություն

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին, անդրադառնալով Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի գրառմանը, վերջինիս հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների՝ այդ թվում իրենց հայրենիք վերառանալու իրավունքի կրողներ են, իսկ Դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նման հայտարարություն է արել X-ի իր միկրոբլոգում կատարված գրառումներում։ «Պարոն դեսպան, իրավաբանորեն «լավ տղաներ» չկան, ինչպես Դուք եք ասում։ Լեռնային Ղարաբաղի հայերն Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների կրողներ են՝ սկսած վերադարձի իրավունքից։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են», – նշել է Ֆրանսիայի դեսպանն՝ ի պատասխան ադրբեջանցի դեսպանի այն գրառման, որտեղ նա նշել էր, թե Լեռնային Ղարաբաղը ոչ թե անկում է ապրել, այլ ներկայում ապրում է «վերածննդի» ժամանակաշրջան՝ ստանալով զարգացման հեռանկարներ, և եթե հայերը «լավ տղաներ» լինեն, ապա կկարողանան օգտվել այդ հեռանկարներից»։

Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը նման գրառում էր կատարել՝ մեկնաբանելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի X-ի միկրոբլոգում կատարած մեկ այլ գրառում, որում տեղադրված տեսանյութում Փարիզում Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, ներկայացնելով Խաղերին մասնակցող Հայաստանի թիմին, ֆրանսիացի լրագրող Լորան Դելաուսը France 2 հեռուստաալիքի եթերում ասել էր․

«Հայաստան, մեր հայ բարեկամներն են, ֆրանսիացիների սրտերին պատմականորեն մոտ երկիր։ Մի տարի, որը հայ ժողովրդի համար նշանավորվեց Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական բանակի ձեռքերում հայտնվելով», – ասել էր Դելաուսը։

Մերոնք` Փարիզի օլիմպիադայում

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից մասնակցելու է Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը։
Օգոստոսի 6-ից պայքարի մեջ կմտնեն ըմբիշները։ Այդ օրը մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Այս քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 7-ին։ Նույն օրը ելույթը կսկսի հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ): Հաջողության դեպքում Գալստյանը մեդալի համար կպայքարի հաջորդ օրը։
Օգոստոսի 7-ին է նախատեսված նաև աթլետիկայում Հայաստանի միակ պատվիրակ Երվանդ Մկրտչյանի ելույթը։ Գյումրեցի վազորդն ուժերը կչափի 800 մետր վազքի որակավորման փուլում։
Օգոստոսի 8-ին պայքարը կսկսի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Այդ քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կկայանան հաջորդ օրը։
Օգոստոսի 9-ին մրցահարթակ դուրս կգա ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։
Օգոստոսի 10-ին մեդալային պայքարին կմիջամտեն ծանրորդներ Գարիկ Կարապետյանը (102 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (+102 կգ)։
Օգոստոսի 10-ին պայքարը կսկսի ըմբշամարտում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Այս քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կանցկացվեն օգոստոսի 11-ին՝ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության օրը։
Փարիզ-2024-ում կվիճարկվի մեդալների 329 հավաքածու՝ 10-ով քիչ, քան Տոկիոյում կայացած նախորդ Օլիմպիական խաղերում։ 
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ին Հայաստանը մասնակցել էր 17 մարզիկով, նվաճել էր երկուական արծաթե ու բրոնզե մեդալ և 69-րդ տեղը գրավել մեդալային հաշվարկում։ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական մեդալներին ավելացրել էր նաև արծաթը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ անգամ դարձել էր օլիմպիական փոխչեմպիոն, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն արժանացել էին բրոնզե մեդալի։
Այս օլիմպիադային ևս մեր մարզիկներին մաղթենք հաջողություններ ու շատ մեդալներ։

Իտալուհի բռնցքամարտիկ Անժելա  Չարինին մի քանի վայրկյան անց հրաժարվել է շարունակել մարտը՝ ալժիրցի մարզիկի դեմ


4 օգոստոս

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի օլիմպիադայում նվաճեց Հայաստանի հավաքականի առաջին մեդալը` արժանանալով արծաթե պարգևի

 Հեռուստատեսության առջև

Վահագն Դավթյանի ելույթի կապակցությամբ անգլիացի մեկնաբանն ասաց, թե իր առաջին օլիմպիասմդան էր՝ 35 տարեկանում ու շատ գնահատելի է, ելույթը շատ մաքուր էր, բայց մյուսների համեմատ փոքր ինչ պարզ էր, ոչ այնքան դժվար:
Արթուր Դավթյանից առաջ, հաշված առաջին երեքն արդեն տոնում էին հաղթանակը, բայց երբ մեր մարզիկը կատարեց երկրորդ ցատկն ու հաղորդավարը ասաց՝ հաստստ մեդալ է, բայց չգիտեմ ինչ գույնի...😘😗😊 լուսատախտակին գրանցվեց երկրորդ...տեսնել էր պետք անգլիացու հիասթափությունը, տխրությունը...ու մեր տան բաց դռնից հաստատ չեխերին վախեցնող գոռուն գոչյունը...
Բռավո, Արթուր ջան, միլիոնավոր հայերիս երջանկացրիր աշխարհի տարբեր անկյուններում...
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Արծաթ ու բրոնզ
Մալխաս Ամոյանը կատարեց օրվա առավելագույն առաջադրանքը` նվաճեց օլիմպիադայի բրոնզե մեդալը։ 77 կգ քաշային կարգում մեր մարզիկը հաղթեց 6։5 հաշվով Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին։
Արթուր Ալեքսանյանը այլ առաջադրանք ուներ` նվաճել ոսկե մեդալ։ Սպասենք...
Ցավոք, օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն այս անգամ պարտվեց մենամարտում ու բավարարվեց արծաթե մեդալով:
Ինչպես ասում են արծաթն էլ ազնիվ մետաղ է։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին այսօրվա ձեռքբերումների համար ։





ԵՎՍ ՄԵԿ ԱՐԾԱԹ
 Օլիմպիական մրցահարթակում  գերծանր քաշային Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե մեդալ (467կգ)։Բրոնզե մեդալի արժանացավ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (461 կգ): Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լաշա Տալախաձեն (Վրաստան, 470 կգ):
102կգ քաշային  կարգում Գարիկ Կարապետյանը ցույց տվեց 4֊րդ արդյունքը։ 21֊ամյա մարզիկի համար սա լավ արդյունք է։


Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ։
▫️Արթուր Դավթյան (մարմնամարզություն) 🥈
▫️Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ) 🥈
▫️Վարազդատ Լալայան (ծանրամարտ) 🥈
▫️Մալխաս Ամոյան (ըմբշամարտ) 🥉
-----
Թիմային հաշվարկով Հայաստանը ազգային թիմերի մեջ զբաղեցրեց 66-րդ տեղը: 40-ական ոսկե մեդալներով առաջին երկու տեղերը զբաղեցրեցին ԱՄՆ ու Չինաստանը, 3-րդը` Ճապոնիան, 20 ոսկե , 12 արծաթե ու 13 բրոնզե մեդալներով:
Նիդերլանդների հավաքականը գրավեց է 6֊րդ տեղը` նվաճելով 34 մեդալ, որից 15֊ը ոսկի,  7֊ը արծաթ, 12 բրոնզ ։



Wednesday, 14 August 2024

Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմերի մասին

 



«Վերածնվածը» ֆիլմի առաջընթացը
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի չորրորդ խաղարկային «Վերածնվածը» ֆիլմի արտադրական փուլը հաջողությամբ ավարտվեց:

Նկարահանումները իրականացվեցին Հայաստանում՝ 2023 թվականի օգոստոսին և Կիպրոսում՝ 2024 թվականի հունիսին՝ կիպրացի համարտադրող, Caretta Films ընկերության ներկայացուցիչ Կոնստանտինոս Նիկիֆորուի հետ միասին։ «Վերածնվածը» ֆիլմը այժմ հետարտադրական փուլում է։

Ջիվան Ավետիսյանը նշում է, - «Մենք խորապես շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են։ Շնորհակալություն ձեր առատաձեռն նվիրաբերությունների համար։ Աջակցության և օգնության յուրաքանչյուր տարբերակ անչափ կարևոր և արժեքավոր է եղել: Ձեր վստահությունը մեզ համար մեծ նշանակություն ունի: Ձեր շնորհիվ մենք կարողացանք կարևոր քայլեր ձեռնարկել և հաղթահարել մեր առաջ եղած մարտահրավերները, նույնիսկ ամենածանր ժամանակներում: Մենք անհամբեր սպասում ենք այն պահին, երբ կկարողանանք ձեզ ներկայացնել ֆիլմի վերջնական տարբերակը»։

«Վերածնվածը» ֆիլմի դերասանական կազմ
Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերասանական կազմը ներառում է տաղանդավոր և ճանաչված դերասաններ Հայաստանից և արտերկրից։

Արմանդ Ասանտեն՝ Ժան Պերբոստի դերում (հրեա պրոֆեսոր)․ բացառիկ դերասան, ով հայտնի է «Գոտտի» (Gotti, 1996), «Ոդիսական» (The Odyssey, 1997թ.) և «Մամբոյի արքաները» (The Mambo Kings, 1992թ.) ֆիլմերով։ Նրա դերակատարությունը «Վերածնվածը» ֆիլմում մեծ կարևորություն ուներ։
 
Մայա Մորգենշտերնը՝ Արաքսի Առաքելեանի դերում (գլխավոր հերոսի՝ Մյուրատի մայր)․ հրաշալի դերասանուհի, ով հայտնի է իր դերով Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» (The Passion of the Christ, 2004) ֆիլմում։ Նա «Վերածնվածը» ֆիլմի առանցքային կերպարներից է։
 
Հայնո Ֆերչը՝ Մարկ Բրուքների դերում (Պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրառական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան)՝ գերմանացի ամենաճանաչված դերասաններից է։ Նա կարևոր դեր է խաղում «Վերածնվածը» ֆիլմում: Հայտնի է «Անկում» (Downfall, 2004), «Թունել» (The Tunnel, 2001), «Գետտո» (Getto , 2005) և «Սերմը» (Die Saat/The Seed, Սերիալ, 2023) ֆիլմերով։
 
Երիտասարդ և հավակնոտ ֆրանսահայ դերասան Ռոբին Հայրաբեանը մարմնավորում է Մյուրատ Առաքելեանի կերպարը (գլխավոր հերոս), իսկ երիտասարդ տաղանդավոր ֆրանսիացի դերասանուհի Քլեմենս Բոդուենը՝ Իզաբել Մորելին (Մյուրատի ընկերուհի): Երկուսն էլ Փարիզի Théâtre-Libre-ի դերասաններ են:


Հայաստանի դերասանական կազմում ընդգրկված են մի շարք ակնառու գործիչներ, այդ թվում Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Վարդան Մկրտչյանը, Արթուր Կարապետյանը, Մարինե Գաբրիելյանը, Սամսոն Ստեփանյանը և այլ տաղանդավոր դերասաններ և դերասանուհիններ։

Հիշարժան ձեռքբերումներ
Ջիվան Ավետիսյանը 2024 թվականի մայիսի 9-ին պատիվ է ունեցել ընտրվել որպես Եվրոպական ամենահեղինակավոր հաստատություններից մեկի՝ Եվրոպայի Կինոակադեմիայի անդամ։

Ավելին, կինոռեժիսորը նաև 15 մասնակիցներից մեկն է՝ Սարաևոյի կինոփառատոնի բարձր մրցակցայնություն ունեցող CineLink Producers' Lab-ում, որը կանցակցվի 2024 թվականի օգոստոսի 17 - 20։


«20 20-ի Հրեշտակները» ֆիլմի մասին
Զուգահեռ Ջիվան Ավետիսյանի ստեղծագործական խումբը աշխատում է նաև նոր «20 20-ի Հրեշտակները» խաղարկային ֆիլմի վրա։ Ֆիլմը իրական պատմությունն է՝ հիմնված ավելի քան քառասուն բժիշկների հիշողությունների և անձնական վկայությունների վրա: Այն Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից բժշիկներին ուղղված երախտիքի խոսք է իրենց կատարած անձնազոհ և հերոսական աշխատանքի համար։

«20 20-ի Հրեշտակները» ֆիլմի աշխատանքները սկսվել են 2021 թվականին, երբ Ջիվան Ավետիսյանը և իր ստեղծագործական խումբը սկսել է անկեղծ հարցազրույցներ անկցկացնել 44-օրյա պատերազմի մասնակից բժիշկների հետ և նրանց պատմած հուզիչ ու ապշեցնող պատմությունների հիման վրա կառուցել ֆիլմի սցենարը, որի հեղինակը Աննա Մարգարյանն է։

Ֆիլմի անվանումը պատահական չէ ընտրված՝ «20 20-ի Հրեշտակները», քանի որ յուրաքանչյուր բժիշկ պատերազմի օրերին որևիցե զինվորի, որևիցե անձի համար եղել է հրեշտակ երկրի վրա։

Դրամահավաք արշավ reArmenia հարթակում
Ֆիլմի սցենարը զարգացնելու հետ մեկտեղ ստեղծագործական խումբը նաև աշխատում է ֆիլմի համար անհրաժեշտ գումարը գոյացնելու ուղղությամբ։ Օգոստոսի 8-ին մեկնարկվեց ֆիլմի դրամահավաքի արշավը reArmenia հարթակում, ինչը էական քայլ էր ֆիլմի ստեղծման ճանապարհին լրացնելու հայկական բյուջեյի մի մասը։

Ջիվան Ավետիսյանը նշում է, - «Մենք իրապես կարիք ունենք երևելի հայորդիների, այն մեծ փիլիսոփայությունը կրող, պայքարող մարդկանց, հայի տեսակի, որը կարող է սատար կանգնել և օգնել, որպեսզի այս ֆիլմը իրականություն դառնա։ Մենք հավատում ենք, որ շատերը կմիանան մեզ այս կարևոր առաքելությունը իրականացնելու համար»։

Լուսանկարների հեղինակներ․ Ալեքս Թերզիկյան՝ Հայաստանում, Բոյանա Լոիզու` Կիպրոսում։

Wednesday, 7 August 2024

ԿՐԿԻՆ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԱՍԻՆ

 

7.08.2024
Այսօր երեկոյան համերաշխության երթ է հայ Միքայելի համար, բայց նախարարը անհողդոդ է մնում որոշմանը։
Այսօր երեկոյան Ամստերդամի ընկերները, հարևանները և հայտնի հոլանդացիները կմասնակցեն «Հանուն Միքայելի համերաշխության երթին»: Պետխորհուրդն անցած շաբաթ որոշում է կայացրել, որ 11-ամյա հոլանդացի տղային և նրա մորը՝ Գոհարին (56) կացության թույլտվություն պետք չէ տալ, ինչը նշանակում է, որ նրանք կարտաքսվեն Հայաստան։
Չնայած վճռին, ընտանիքը և երթին ներգրավվածները հույս ունեն, որ լուծումը դեռ կգտնվի։ Նրանց հայացքներն ուղղված են նաև ապաստանի և միգրացիայի նախարար Մարժոլեն Ֆաբերին (PVV):
Բայց այսօր նախարարը կրկին ասաց, որ ոչինչ չի կարող անել նրանց համար։ «Բարձրագույն դատարանը սա որոշել է, և մենք դրանից շեղվելու պատճառ չենք տեսնում։ Ըստ Ֆաբերի՝ պատասխանատուն մայր Գոհարն է. «Նա նրան դրել է այս վիճակի մեջ՝ տասնչորս տարի անընդմեջ պրոցեդուրաների միջոցով։ «Ես հասկանում եմ, որ դա նյարդայնացնող է, բայց այդպեսին է ժողովրդավարական սահմանադրական պետության օրենքները»։
«Փոքր հնարավորություն»
Լեյդենի համալսարանի տնտեսական և սոցիալական պատմության պրոֆեսոր Մարլու Շրովերն ասում է, որ նախարարը, անշուշտ, կարող էր ինչ-որ բան անել։ «Նախարարը դեռ կարող է օգտագործել ինչ-որ մեկին կացության թույլտվություն տալու տարբերակը»։
Մինչև 2019 թվականը նախարարներն ու պետքարտուղարներն ունեին, այսպես կոչված, հայեցողական լիազորություն։ Դա նրանց թույլ է տվել կացության թույլտվություն տրամադրել բացառիկ դեպքերում՝ «ծանր հանգամանքների դեպքում»։
Վան դեր Բուրգի նախորդ Մարկ Հարբերսը որոշել է վերջ դնել այդ լիազորություններին 2019թ. Նա դա արեց Լիլիին ու Հովիկին Հայաստան չարտաքսելու դիմաց, որոնց թույլ տվեցին մնալ Նիդեռլանդներում՝ լրատվամիջոցների մեծ ուշադրությունից և քաղաքական մեծ ճնշումներից հետո։
Այնուամենայնիվ այս քայլը կրկնելու հավանականությունը փոքր է: Ֆաբերը կրկին շատ պարզ է ասում այս մասին. Schrover-ը կարծում է, որ դա կարող է նախադեպ դառնալ այլ երեխաների համար, ովքեր նման վիճակում են: «Եթե նախարարը որոշի, որ Միքայելը և նրա մայրը կարող են մնալ Նիդեռլանդներում, դա, իհարկե, անարդար կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր պարզապես լքել են Նիդերլանդները»:
Ռադբուդի համալսարանի միգրացիոն իրավունքի հետազոտող Նայմեգեն Կարոլուս Գրյութերսը կարծում է, որ նախարարը դեռ պետք է Միքայելին կացության թույլտվություն տրամադրի։ «Վերջին տարիներին նման դեպքեր եղել են, և այդ երեխաներին թույլ են տվել մնալ»,- ասում է նա։
«Այն սխեման, որի համար նախարարն իրավասու էր, այլևս գոյություն չունի, և երեխաների խումբը, որը դեռ այն ժամանակվանից ծանր կացության մեջենփոքրաթիվ են ու չպետք է վախենալ նախադեպ ստեղծելուց»:
Տեսադաշտից դուրս
2010 թվականին Գոհարը եկել է Նիդեռլանդներ, սակայն ապաստանի դիմումը մերժվել է։ Այնուամենայնիվ, նա մնաց: Միքայելը ծնվել է Ամստերդամում 2012 թվականին և, հետևաբար, բնակության թույլտվություն չի ունեցել։ Մնալու համար նա դիմում է ներկայացրել՝ երեխաների ներման իրավահաջորդ, այսպես կոչված, Փակման կանոնակարգի հիման վրա։
Դիմումն ի սկզբանե մերժվել էր այն ժամանակվա պետքարտուղար Էրիկ վան դեն Բուրգի կողմից, քանի որ մայր ու որդի չափազանց երկար ժամանակով դուրս են մնացել իշխանությունների տեսադաշտից։ Միքայելի մոր խոսքով՝ դա այդպես չի եղել. Նա պարզապես դպրոց էր գնում, և այդ պատճառով կառավարությունը կարող էր իմանալ, թե որտեղ է նա, ասում է Գոհարը:
Միքայելը և նրա մայրը դիմել են դատարան՝ վիճարկելու պետքարտուղարի որոշումը։ 2021 թվականի սեպտեմբերին դատավորը վճիռ է կայացրել հօգուտ նրանց, բայց պետքարտուղարը բողոքարկել է այդ որոշումը, և Պետխորհուրդը՝ բարձրագույն վարչական դատարանը, անցյալ շաբաթ վճռել է, որ Միքայելն ու նրա մայրը պետք է գնան Հայաստան։
Այնուհանդերձ նիդերլանդական հասարակությունը գտնում է, որ անարդար է այս որոշումը ։
Նիդերլանդական մամուլից

Monday, 22 July 2024

Մանուէլին Հայկական Տուները

Մանուէլ Չէքէմեան ծնած է Մալաթիա, Թուրքիա: Մալաթիայէն եկած է Պոլիս եւ ուսում ստացած Հայոց դպրեվանքին մէջ: Պոլիսը` սկսելով դպրեվանքէն, եղած է իր կեանքին մէկ մասը: Եւ յստակ է, թէ կեանքի այդ «մէկ մասը» Մանուէլին համար եղած է երազային, ուր ան վայելած է Պոսֆորի գեղեցիկ Պոլիսը ու անոր հայկական կեանքը:
Ես Մանուէլին հանդիպեցայ Նետըրլանտներու Ռոթերտամ քաղաքին մէջ` յունիս 2024-ին:
Վահէն` տղաս, լաւ ճանչցած է զիս: Գիտէ իմ հետաքրքրութիւններս եւ մանաւանդ անոնց հայկական բնոյթը:
«Պա՛պ, այսօր քեզի հայու մը պիտի ծանօթացնեմ»,  ըսաւ ան:
Ուրեմն Ռոթերտամի մէջ ալ հայ կայ, տղուս կողքին` նաեւ ուրիշներ: Թէեւ հատ ու կենտ, բայց անոնք  հայեր են, որոնք կ՛ապրին, կը գործեն եւ կը ստեղծագործեն այս քաղաքին մէջ:
Նետըրլանտները հռչակ ունին իրենց պանիրի արտադրութեամբ: Ինչպէս չունենան, երբ ամբողջ երկրի տարածքին կան կանաչ մարգագետիններ, ուր անդադար արջառներ կ՛արածին: Մանուէլ հասկցած է երկրին ու անոր բնութեան հարստութիւնը եւ լծուած է աշխատանքի:
Քաղաքի շատ բանուկ եւ կեդրոնական մասին մէջ մտանք Մանուէլին վաճառատունը`«De Kaashoeve» անունով: Կարելի չէ չզմայլիլ վաճառատան մէջ տեղ գտած պանիրներու տարբեր տեսակները տեսնելով: Երեւի վաճառատունէ աւելի պէտք էր ան թանգարան ըլլար: Մանուէլին տիկնոջ` Թագուհի Սէքէմի բոլոր յատկանիշերը ցոյց կու տան, թէ ան ոչ միայն աշխատասէր հայ կին մըն է, այլ նոյնքան ալ` բանիմաց եւ վարչական-կազմակերպչական յատուկ կարողութիւններով օժտուած:
Վաճառատունը խճողուած էր յաճախորդներով: «Ամէն օր այս է վիճակը», ըսաւ Վահէն` շարունակելով. «Շատ լաւ անուն վաստկած են: Ամէն մարդ հոս կու գայ պանիր գնելու համար»:
Հայկական ջերմութիւնը, սակայն, զգլխեց ու շրջանցեց խճողուած յաճախորդներուն կարգը: Թագուհին գեղեցիկ եւ հաղորդական ժպիտով մը մօտեցաւ մեզի եւ ողջունեց բոլորս:
«Մալաթիա ծնայ եւ մեծցայ, հոն կարելիութիւն չունէինք հայերէն սորվելու», ըսաւ Թագուհի անգլերէն լեզուով: Բայց Թագուհին` իր անունին եւ անոր կոչումին յենելով, դուրս հանեց իր հայկական հաղորդական նկարագիրը եւ պատուեց մեզ պանիրներու հիւրասիրութեամբ:
Չուշացաւ Մանուէլի ժամանումը: Անոր դէմքին վրայ կար մեծ ժպիտ մը, որուն մէջէն կ՛արտացոլային հայկական հաղորդականութիւնն ու ջերմութիւնը: Եւ Մանուէլ սկսաւ պատմել իր պատմութիւնը:
«Մալաթիայէն Պոլիս տեղափոխուեցայ եւ հոն աշակերտեցի հայոց դպրեվանքին», ըսաւ Մանուէլ:
Սկզբնական խօսակցութենէն արդէն յստակ էր, թէ ան լաւապէս տիրապետած էր մայրենիին: «Դպրեվանքը, անոր ուսուցմունքը եւ հոգեւոր մթնոլորտը մեծ ազդեցութիւն ձգած են իմ վրաս», շարունակեց ան:
Բայց Մանուէլի ոգեւորութիւնը շատ աւելի մեծ եղաւ, երբ իրեն իմացուցի, թէ յաճախ Պոլիս կը գտնուիմ եւ քաջածանօթ եմ հայկական մեր իրականութիւններուն:
Մանուէլ կարծէք գտած էր ոչ միայն հայ մը, այլ նաեւ երեւի մէկը «իր երկրէն ու քաղաքէն»,  որուն հետ պիտի թարմացնէր իր անցած կեանքի անուշ յուշերը:
Այսպէս ալ, ան սկսաւ քակել այդ յուշերու ծրարը եւ հոն պահուած պատմութիւնները:
«Կեդրոնական վարժարանի մէջ թուաբանութեան ուսուցիչ եղած եմ քանի մը տարիներ», ըսաւ Մանուէլ: Բայց թուաբանութենէ անդին, Մանուէլի համար Կեդրոնականի հայկական շունչն է, որ ան տակաւին ամուր բռնած ու պահած է: Մանուէլի դէմքի վրայ ժպիտը աւելիով ընդլայնեցաւ:
Ու շարունակեցինք կիսել մեր ծանօթութիւններու շարքը:
«Արազ հրատարակչատունն է ալ գիտես՞», հարց տուաւ ան:
«Անշուշտ գիտեմ», եղաւ  արագ պատասխանս:
Այնպէս կ՛երեւէր, որ Մանուէլ «Արազ»-ի սեփականատէր Թովմասեան ընտանիքին հետ լաւ ծանօթութիւն ունէր: Ու երթը շարունակեցինք` «Ակօս», «Ժամանակ», «Նոր Մարմարա» ու տակաւին:
Ճիշդ է, որ Մանուէլ կը խօսէր ինծի հետ, բայց ան շատ աւելիով կ՛ապրէր իր տունը` Պոլիսը եւ Մալաթիան: Յիշատակները մէկ-մէկ կը տողանցէին իր երեւակայութեան մէջ` մերթ հետս խօսելով եւ մերթ` իր ինքնութեան հետ:  Մանուէլի հայկական տուներն էին, ուր ան ապրած է կեանք մը`անկախ թէ քառասուն տարիներէ ի վեր հաստատուած է Ռոթերտամ, ուր եւս շինած է հայկական տուն: Այդ հայկական տան մէջէն Թագուհին եւ ինք դարձած են շատ յաջող գործարարներ, եւ իրենց մասին խօսիլ կու տան:
Մանուէլ նաեւ ապրած է  հայուն «ցաւը»: Ան տեղացիներուն հետ կը խօսի հայուն եւ անոր ցաւին մասին:
Անցեալի յուշերէն եւ հոն ապրուած օրերէն պէտք է վերադառնայինք մեր ներկայ հանդիպումին: Մանուէլ նայեցաւ ինծի ու ըսաւ. «Հաճիս վարկեան մը սպասէ»: Ան գնաց վաճառատան պահեստի բաժինը եւ վերադարձաւ իրեն հետ բերելով  «Հին Արենի» հայաստանեան գինիի շիշ մը:
«Այս ալ խմէ` մեր հանդիպումը յիշելով», ըսաւ Մանուէլ:
Կրնա՞մ ըսել, որ յուզուած չէի: Անշուշտ յուզուեցայ: Ինչքան դիպուկ է Ուիլիըմ Սարոյեանի հետեւեալ խօսքը, թէ` երբ երկու հայեր աշխարհի որեւէ տեղ հանդիպին, անոնք կը ստեղծեն նոր Հայաստան մը»:
Մանուէլ ու ես այդ օր Ռոթերտամի մէջ ստեղծեցինք «նոր Հայաստան» մը: Եթէ ոչ աշխարհագրականօրէն, բայց անպայման հոգիով, լեզուով, մշակոյթով, կենցաղով ու շատ աւելին: Վերջապէս Հայաստանը շատ աւելին է, քան աշխարհագրական տարածք: Ան հայուն համար կեանք է` ապրող եւ ապրեցնող: Ան տուն է` հայկական տուն, որուն ճամբով իւրաքանչիւր հայ կ՛ապրի իր ինքնութիւնը եւ իտէալը անկախ անկէ, թէ ֆիզիքապէս ո՛ւր կը գտնուի:
Պէտք էր հրաժեշտ առնէի Մանուէլէն: «Յաջորդ Պոլիս երթալուդ հաճիս իմ կողմէս բարեւէ բոլորին», ըսաւ Մանուէլ` իբրեւ հրաժեշտի խօսք մեր հանդիպումին:
Եւ ինչպէս չբարեւել Մանուէլի հայկական տան անդամներուն, բարեկամներուն եւ ընտանիքին:
Ու դարձեալ սփիւռքահայ մեր իրականութիւնները: Եւ քիչ մը ամէն տեղ` Ռոթերտամ ու այլուր:
Բոլորս տարածուած ենք աշխարհի տարբեր կողմերը: Այդ տարբեր կողմերը կերտած ենք հայկական տուներ: Հիանալի է, որ այս հայկական տուներուն մէջ ինչքան ՈՒԺ կայ: Այս ուժը միայն նիւթական չէ: Անիկա մարդուժի, մասնագիտութեան, փորձառութեան, գործարարական ու տակաւին շատ մը այլ բնագաւառներու մէջի ուժն է: Մանուէլը եւ Թագուհին մէկ օրինակն են այս ուժ-մարդուժին, արդարեւ, անոնք իրենց մասին խօսիլ կու տան` իբրեւ շատ յաջող գործարարներ:
Եթէ այս ՈՒԺԵՐԸ համադրենք, կրնանք «լեռներ շարժել»: «Լեռները շարժելը»` աստուածաշնչական բացատրութեամբ, ուր կրնանք ընկալել իբրեւ մեր կեանքերը շարժել: Հայուն կեանքերը: Հայուն տուները: Հայուն հայրենիքը:
Այս հայկական տուներու մէջ մեր հայկական ուժերը եթէ համադրենք եւ ներմուծենք մեր համահայկական ու հայաստանեան-սփիւռքեան շատ մը օրակարգերուն մէջ, նոր Հայաստաններ եւ նոր սփիւռքներ կրնանք կառուցել:
Մինչ այդ…
Մանուէլ կ՛ապրի իր հայկական տան ու տուներուն մէջ: Ես եւ իւրաքանչիւր հայ նաեւ կ՛ապրիմ-կ՛ապրինք իմ- մեր հայկական տան-տուներու մէջ: Բայց բոլորս մեր հայկական տուներու մէջէն կրնանք շատ բան ընել ու յաջողցնել:
Եթէ միայն հաւատանք մեր հայկական տուն-տուներու եւ անոնց ստեղծած ՈՒԺԵՐՈՒՆ:
Մանուէլին հայկական տունը:
Իմ եւ իւրաքանչիւր հայուն հայկական տունը:
Բոլորս ու միասին` հաւաքաբար: Պիտի շինենք ու ամուր պահենք մեր հայկական տուները` Հայաստանի եւ սփիւռքի մէջ:
ԴՈԿՏ. ՀՐԱՅՐ ՃԷՊԷՃԵԱՆ
Քուէյթ, 26 յունիս 2024
22 հուլիսի 3024 ՀՀ թերթ


Saturday, 20 July 2024

Կարո Հակոբյանը դիմել է հայրենակիցներին

 

18.07.2024: Կարո Հակոբյանը որպես Շվեդիայում սփյուռքի գործերի հանձնակատար դիմել է հայրենակիցներին

På Armeniska och svenska

Սիրելի հայրենակիցներ,

Նախ ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունները եւ գոհունակությունը բոլոր ընկերներին, ծանոթ ու անծանոթ հայրենակիցներին, հարազատներին, գործընկերներին, ովքեր  ”Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար»-ի  իմ նշանակման վերաբերյալ իրենց շնորհավորանքներով եւ քաջալերական խոսքերով ջերմությամբ լցրեցին իմ հոգին: Այդպիսով դուք ինձ ներշնչեցիք առավել ուժ եւ եռանդ՝ կատարելու այս պատասխանատու պարտականությունը:

---  

Դեռեւս ամառային արձակուրդները չեն ավարտվել եւ հանգստանալու դեռ մի քիչ էլ ժամանակ կա, որպեսզի կազդուրվելով եւ ուժ հավաքելով՝  միասինականությամբ ավելի աշխուժ աղխատենք մեր հայրենիքի ու Սփյուռքի մեր համայնքների՝ հատկապես Շվեդիայի մեր համայնքի միասնության եւ զարգացման համար: 

Ամեն ինչից վեր,մենք պիտի կարողանանք, միասին մտածել ու ծրագրել, միասին կազմակերպվել՝ զարգացնելու մեր գիտելիքները, միավորելու մեր կարողությունները եւ ամրապնդելու մեր կապը հայրենիքի հետ: Իհարկե,  ես կաշխատեմ իմ ամբողջ ուժով, սակայն դա մի մարդու գործ չէ, եւ բնականաբար, մենք բոլորս մեր կարողությունների սահմաններում պիտի մասնակից լինենք այդ աշխատանքին: Սրտանց ցանկանում եմ կապ հաստատել բոլոր միությունների, կազմակերպությունների, խորհուրդների եւ անհատ հայրենակիցների հետ, հանդիպել եւ շփվել, սակայն ամբողջությամբ չունեմ նրանց տվյալները, ուստի իմ խնդրանքն է ինձ հետ կապվել հեռախոսով, մեյլով կամ սոցիալական այլ միջոցներով: Սիրով կլսեմ Ձեր խորհուրդներն ու առաջարկությունները, կտեղեկանամ Ձեր պահանջների ու կարելիությունների մասին:

Ցանկալի է կապը բոլոր քաղաքների հետ ուր հայեր են ապրում:

Հարգանքով՝

Կարո Հակոբյան

Kära landsmän, kära vänner!

 Först och främst vill jag passa på att tacka för alla gratulationer jag fick gällande min nya tjänst som  ”Kommissionär för Diaspora frågor”. Jag är tacksam för Ert stöd och uppmuntran. De  var verkligen inspirerande och ger mig styrka och energi att uppfylla denna ansvarsfulla plikt…

Sommarlovet är inte över än och det finns fortfarande lite tid att vila och samla  kraft för att sedan kunna  arbeta tillsammans energiskt för vårt samhälle och för utvecklingen av hemlandet.

Framför allt bör vi kunna tänka, planera och organisera oss tillsammans för att  fördjupa våra kunskaper, utöka våra förmågor och stärka bandet till fosterlandet. 

Självklart kommer jag att arbeta med all min kraft, men ensam är det omöjligt. Naturligtvis bör vi alla på något sätt delta i detta arbete. Jag vill ta gärna kontakt med  alla föreningar, organisationer, råd och enskilda landsmän och personer i hela landet som är beredda att samarbeta.

Tyvärr har jag inte alla de nödvändiga kontakter, så min begäran är att kontakta mig via telefon, e-post eller andra sociala medel och meddela mig. Jag lyssnar gärna på Ert råd och förslag, vad ni själva tänker och tycker, vilka krav ställer man till hemlandet och vad kan man göra själva för Armenien. Jag ville att ni sprider detta och föregående information till andra landsmän och intresserade personer.

Hälsningar

Garo Hakopian

Uppsala

Email adress : hakopiangaro@gmail.com

֊֊֊֊

Նիդերլանդական օրագիրը ևս մեկ անգամ շնորհավորում է իր գործընկերոջը` Կարո Հակոբյանին նոր նշանակման համար։ Մաղթում ենք ուժ, եռանդ և նորանոր ձեռքբերումներ հայ համայնքի աշխատանքներում։


Thursday, 18 July 2024

ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ԱՄԱՌԸ

 2024  ՓԻ ԱՐ    ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ

Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ Դոցենտ
Հատուկ ՆիդՕրագրի համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից


Երևանում ամենաշոգ ամառներից մեկն է, սակայն դա ամենևին չի խանգարում , որ մայրաքաղաքը աշխատանքային լուրջ հաջողություններ ապրի։ Հայկական PR ասոցիացիայի գիտահետազոտական կենտրոնը, գիտահետազոտական խմբի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթության և գիտության ոլորտի միջազգային խորհրդատու և փորձագետ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյան, 2016 թվականից իրականացնում է հսկայածավալ անաչառ գիտահետազոտական աշխատանք,  որի ամփոփիչ արդյունքները ներկայացվում են մրցանակաբաշխության միջոցով։ 

Ասոցիացիայի ուշադրությունն ուղղված է այն ծրագրերին, նախաձեռնություններին  պետական հաստատությունների կողմից վարվող հաղորդակցային քաղաքականությանը, հանրային կապերի մասնագետների աշխատանքին, զանգվածային լրատվության միջոցների և հանրային կապերի մասնագետների փոխհարաբերություններին՝ այն ամենին ինչը գտնվում է հանրության ուշադրության կիզակետում։ 

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, PR խորհրդատու  Զաքսոնիայի թագավորական ընտանիքի Սբ. Հայնրիհ Ուխտի ասպետ,  դոկտոր Վազրիկ Բազիլն է, ով այսօր աշխատում է տարբեր երկրների ներկայացուցիչ անդամների հետ։ Մանրամասները Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am):

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, Հայկական PR դպրոցի հիմնադիր, Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ հաղորդակցությունը սեփական թիրախային լսարանների հետ, նրանց հետ հեղինակություն ձևավորելու ու պահպանելու համար իրենց, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու համարանգնահատելի է ռազմավարական հաղորդակցությունը։ Հայաստանում, հանրային կապերի ոլորտի զարգացումը  նշանավորվում է արհեստավարժ PR մասնագետների առկայությամբ, որոնք ձգտում են նորարարական լուծումներով ներկայանալ հանրույթին՝ կիրառելով առաջադեմ մեթոդներ և տեխնոլոգիաներ, որտեղ էական նշանակություն ունի  հետադարձ կապը։ Հաջողության համար, ինչպես նշեց Աստղիկ Ավետիսյանը «․․․ վստահորեն կարող ենք ասել, որ եկել է ղեկավարների կրթման ժամանակը, այն ղեկավարների, որոնք անտեսում են հասարակության հետ հաղորդակցումը։ Հանրային կապերի ոլորտում հաջողությունը կախված է ռազմավարական և ստեղծարար մտածողությունից, ճկունությունից և գաղափարներ առաջխաղացնելու պատրաստակամությունից»։ 

Թեև ՓՐ 2024 մրցանակաբաշխությունն այս առումով նորություն չէր, սակայն այն յուրահատուկ իմաստ ուներ այս տարի՝ պայմանավորված հանրության հետաքրքրությամբ՝ երկրում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական, գիտա-մշակութային բուռն գործնթացներով։ Տվյալների մշակման նկատմամբ կիրառելով հատուկ քաղաքացիական պատասխանատվություն՝ առաջնորդվելով արդարացիության սկզբունքով ընտրյալների ցուցակում տարբեր նոմինացիաներում ներառվածների մեջ են Արտակ Ապիտոնյանը, Ավետիք Չալաբյանը, Ռուբեն Վարդանյանը, բարեգործական ՀԲԸՄ/AGBU կազմակերպությունը։  Ըստ գրանցված տեղեկատվության արդյունքների ամփոփումը և հաղթողների ցուցակը հասանելի է Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am)։

2024 PR AWARDS

THE BRIGHTEST SUMMER PART OF ASTGHIK AVETISYAN'S ACTIVITY

Naira Gasparyan, PhD, YSU Associate Professor
For NidOragir
From Yerevan, the capital of Armenia

We are having one of the hottest summers in Yerevan which, anyhow, this does not prevent the capital from running successful work-experiences. The Armenian PR Association scientific research center, with its head Atom Mkhitaryan, candidate of physical sciences, Associate Professor, international consultant and expert in the field of education and science, dean of the international scientific and educational center of the National Academy of Sciences of Armenia, has been carrying out a large-scale impartial scientific research work since 2016 the summarizing results of which are annually presented through an award ceremony. 

The attention of the association is focused on the programs, initiatives, communication policy conducted by state institutions, the work of public relations specialists, the relationship between mass media and public relations specialists - everything that is in the center of public interest and attention. 

The chairman of the professional board of the Armenian PR award ceremony is a well-known German communication specialist, speech writer and lecturer, PR consultant of the royal family of Saxony, Dr. Vazrik Basil, who works today with members of the board representing various countries. See details about the board member in Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am):

President of the Armenian PR Association, founder of the Armenian PR School, member of the jury of the Eventiada international PR awards, Associate Professor of the Faculty of Journalism of YSU, Ph.D. Astghik Avetisyan states that strategic communication is invaluable in communication with one’s own target audiences, in order to form and maintain a reputation with them, as well as for quick response to critical situations. In Armenia, the development of the field of public relations is marked by the presence of professional PR specialists who strive to face the public with innovative solutions, applying advanced methods and technologies, where FEEDBACK is the most essential component. To succeed, as Astghik Avetisyan mentioned,  "... we can confidently say that the time has come to educate leaders, those leaders who ignore communication with society. Success in the field of public relations depends on strategic and creative thinking, flexibility and the willingness to promote ideas.”

Although the PR 2024 award ceremony was not new in this respect, it had a special meaning this year due to the public interest, due to the intense socio-political, scientific and cultural events taking place in the country. The board applying special civil responsibility to data processing, guided by the principle of justice   involved Artak Apitonyan, Avetik Chalabyan, Ruben Vardanyan, the benevolent organization AGBU in the list of the chosen ones in various nominations. The summary of the results and the winners list according to the registered information is available in Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am):