The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 15 January 2021

Նիկոլ Դումանի տուն-թանգարանը․ Արցախ, Ասկերանի շրջան գ. Ծաղկաշատ


 ԱՐՑԱԽՆ ԱՅՍՕՐ

Նիկոլ Դումանի տուն-թանգարանը․ Արցախ, Ասկերանի շրջան գ. Ծաղկաշատ

Լուսանկարները`  Հովիկ Ավանեսովի 


Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1867 թ.-ին Արցախի Ղշլաղ գյուղում: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887 թ.)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896 թթ.-ին` Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ 1894-1896 թթ. մասնակցել է Դերիկի կռիվներին։ Ի դեպ, իր «Դուման» մականունն էլ ստացել է հենց մարտերից մեկի՝ Բողազ-Քյոսանի մարտի ժամանակ. 1895 թ. հոկտեմբերին Նիկոլ Դումանը 50 հոգանոց խումբն առաջնորդում էր դեպի Վան-Վասպուրական: Հազիվ ոտք դրած Վասպուրական` հայդուկների խումբը պաշարվում է քրդական 1500-անոց հրոսակախմբի կողմից: Երկօրյա համառ մարտերից հետո, ընդամենը մեկ զոհ տալով, հայդուկներին հաջողվում է ճեղքել քրդերի շղթան ու ապաստանել հայկական Բողազ-Քյոսան գյուղում: Սակայն նրանց կրնկակոխ հետապնդող քրդերը պաշարում են նաև գյուղի այն մարագը, որտեղ ապաստանել էին հայ ազատամարտիկները: Քրդերը, չկարողանալով գրավել մարագը, որոշում են հրդեհել այն: Նրանք մարագի մոտ կուտակում են չոր փայտ ու խոտ: Անելանելի դրությունից ելք է գտնում խմբապետ Նիկոլը: Նրա հրամանով ֆիդայիները բացում են մարագի դռները և դիմահար կրակով առաջ շարժվելով ու տապալելով քրդերին` ճեղքում են շղթան ու դուրս գալիս շրջափակումից: Քրդերը մեծ կորուստներ են տալիս, որոնց թվում՝ երկու ցեղապետ:

«Սա մարդ չէ, սա դուման է» (փոթորիկ),- ասում են քրդերը:

1896 թ.-ին Նիկոլը հղանում է Խանասորի արշավանքի (1897 թ.) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Թեև գաղափարն իրենն էր, բայց արշավանքին մասնակցում է որպես հիսնապետ։ Դրանից հետո անցնելով Կովկաս` նա որոշ ժամանակ ապրում է Բաքվում, որտեղ էլ կազմակերպում է տեղի հայության ինքնապաշտպանությունը: 1904 թ.-ին փորձել է օգնության հասնել ապստամբ Սասունին, սակայն սահմանի վրա կռվի է բռնվել և տեղ չի հասել։ 1905 թ.-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող ուժերը, հմտորեն կազմակերպել է հայերի պաշտպանությունը: 1910 թ.-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Իրանում հեղափոխության ժամանակ ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում ու Պարսկաստանում։

«Բարձրահասակ, նիհար, ջղուտ ու ոսկրոտ, մեջքը փոքր-ինչ կորացած, սև, կայծկլտող աչքերով, ուժեղ, խուզարկու նայվածքով. պայծառ միտք, արագ ըմբռնող, ինքնավստահ ու կորովի, հանդուգն և ահեղ։ Հրամանատար մըն էր - սիրտը՝ պողպատ, խոսքը՝ կտրուկ, վճիռը՝ անդառնալի։ Երգեր հյուսեցին քյուրտերը անոր վարած կռիվներուն մասին - փայլուն ճակատամարտներու շարան մը։ Նիկոլ Դուման դաժան ու անխնա էր ամեն կարգի ոսոխներու դեմ, նաև՝ ներքին հակառակորդներու։ Խարազանն էր շանթաժիստներու, դասալիքներու, անկարգապահ զինվորներու»,- այսպես է նրան նկարագրել ՀՅԴ պատմագիր Միքայել Վարանդյանը: Հայ ազատամարտի պատմության մեջ հարձակողական մարտավարության հիմքը դրած գործչի ամբողջ կյանքը հայրենասիրության և հայրենապաշտության դաս է, իսկ նրա հայտնի խոսքերը տասնամյակներ շարունակ ուղենշային են եղել հայ ազատագրական պայքարի մարտիկների ու քաղաքական գործիչների համար. «Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ` քաղաքական ցնցումների վայրկյաններում»:

Ամբողջ կյանքը պայքարով ու մարտերում անցկացրած Դումանը կյանքի վերջում տառապում էր թոքախտով: Նույնիսկ այդ վիճակում էլ չէր հրաժարվում իր պայքարից: Սակայն տեսնելով, որ այլևս ի վիճակի չէ որևէ բան անելու, 1914 թ.-ի սեպտեմբերի 27-ին ինքնասպան եղավ՝ իր ատրճանակով կրակելով քունքին:

Սիրելի հերոսի բազմահազարանոց հուղարկավորությունը տեղի է ունեցել Թիֆլիսում՝ Խոջեվանքի պանթեոնում։ Նիկոլին թաղել են Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին:

Հ.Գ.: 1930-ական թթ. Խորհրդային Վրաստանի Կառավարությունը որոշեց քանդել Խոջեվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմաններով հանդերձ։

Ծովինար Կարապետյան






No comments:

Post a comment