The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 26 February 2021

Փաստերը գլխիվայր շուռ տված Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին՝ մտորելու համար


Նիդերլանդներում Ադրբեջանի արտակարգ և Լիազոր դեսպան Ֆիքրատ Ախունդովն այս անգամ փետրվարի 11-ին հոդված էր հրապարակել  նիդերլանդական «EW magazine»  շաբաթաթերթի կայքում`մեղադրելով Նիդերլանդացի  խորհրդարանականներին ու այս երկրի հայ համայնքին: Հոդվածին   ..խոսուն,, վերնագիր է  դրել`  «Հայաստանը վտանգում է խաղաղությունը Հարավային Կովկասում»:  Աբսուրդը սկսվում  է հենց վերնագրից, այդ ինչպես կարող է Հայաստանը վտանգել խաղաղությունը, երբ անցյալ տարի սեպտեմբերի 27-ին` անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի (The OSCE Minsk Group)  արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը` Թուրքիայի օգնությամբ ու վարձկանների մասնակցությամբ  հե՛նց Ադրբեջանն է լայնածավալ պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ` սրանով էլ վտանգելով «խաղաղությունը Հարավային Կովկասում»:

Միջազգային հանրության համար սա անթաքույց փաստ է, բայց Ադրբեջանի դեսպանը նրբորեն շրջանցել է պատերազմի նախահարձակին ու ինչպես միշտ մեղադրանքը շրջել  Հայաստանի կողմ: 2020 թվականի նոյեմբերի 10-ի` եռակողմ պայմանավորվածության  զինադադարից հետո չէր կարող Հայաստանը  ձեռնարկել քայլեր, որոնք վնասեին խաղաղությանը՝ այն դեպքում, երբ Հայաստանը պատերազմի արդյունքում  զիջեց  շահեկան դիրքերն ու իրեն ոչ ձեռնտու պայմաններով գնաց խաղաղության: Ակնհայտ հասարակությանը մոլորեցնող սխալ մեկնաբանություն: Սա միայն վերնագրի մասով:

https://www.ewmagazine.nl/opinie/opinie/2021/02/armenie-brengt-de-vrede-op-de-zuidelijke-kaukasus-in-gevaar-804387/?

Հոդվածն ինչու՞  հենց  EWmagazin-ում

ewmagazin-ի թղթակիցը  ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին վեց հարց էր ուղղել Ադրբեջանի հետ վերջին պատերազմի վերաբերյալ: Պատասխանները հրապարակվեցին  հունվարի 28-ին «Եվրոպան փակում է աչքերը»  վերնագրով:

https://www.ewmagazine.nl/buitenland/achtergrond/2021/01/balayan-europa-sluit-de-ogen-223118w/

Հայ դեսպանի ներկայացրած թվերն ու անհերքելի փաստերը պատմում էին ծանր, պատերազմական հանցագործությունների վիճակագրության մասին:

Սա էլ հիմք հանդիսացավ Ադրբեջանի դեսպանին իր հոդվածը հենց EW  բերել: Ճիշտ է թերթային տարբերակով  այն չտպագրվեց, բայց տեղ գտավ կայքում՝  վերտառությամբ, որ ներկայացված դիրքորոշումը պարտադիր չէ  համընկնի EW-ի կարծիքին: Այլ խոսքով շաբաթաթերթը վերապահում է ունեցել և ճիշտ էլ մոտեցել խնդրին, քանի որ, ինչպես ցույց են տալիս նաև հոդվածի ներքևի մասում գտնվող մեկնաբանությունները` փաստերի ճշմարտացիությունը խնդրահարույց են ու դրանք կրկնվում են Ադրբեջանի տարբեր քաղաքական գործիչների մոտ` ասես շտամպով թողարկված ադրբեջանական արտադրանք:  Որքանո՞վ ռեալ  կլինեն փաստերը,  դա պարոն Ախունդովի համար էական էլ  չէ: Կարևորը` ասել, մեղադրել ու անցնել առաջ:  Անտեղյակ լսարանի ականջին հնարավոր է այն ընդունելի լինի: Այս փորձը 2020 թվականի փետրվար ամսից Նիդերլանդների Թագավորությունում իր առաքելությունը սկսած մեծարգո դեսպան  Ախունդովն արդեն ունի: Երբ դիվանագետների «Diplomat Magazine» մամուլի հարթակը Հայաստանի մշակութային կյանքի, ֆրանկաֆոն երկրների համագործակցության ու  կորոնավիրուսի պայմաններում Հայաստանում ընթացող ժողովրդական գործընթացների մասին նյութեր հրապարակեց, դրան  Ադրբեջանի դեսպանը պատասխանեց հենց այս նույն կայքում՝ հանդուրժողականության, կրոնական ու էթնիկ միասնության իրենց «փայլուն» մոդելի մասին պատմող հոդվածով  (Azerbaijan is a model of multiculturalism and tolerance, April 5, 2020, Diplomat Magazine): Այն գովերգում ու պատմում էր հուշարձանների խնամքի ու պահպանման մասին, ինչպես են «Հրո երկրում» տարբեր ազգեր, այդ թվում հայերը, միասին համերաշխ ապրում:  Աղերս չունեցող ճշմարտությունը` գոնե հայերին վերաբերվող մասով  եկել «բախվել» էր Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների համատարած ոչնչացմանը, քրիստոնեական խաչերի գլխատմանն ու ու խաչքար-հուշարձանների ավերմանը: Ճշմարիտ պատկերն ու Ախունդովի այս հոդվածի պատասխանն արտացոլված է The Netherlands Diary կայքում: («Azerbaijan As A Brilliant Model of A Unity of Tolerance, Religion, Ethnicity! Serious or a Joke?». Friday, 26 June 2020) այստեղ:

https://www.nidoragir.com/2020/06/azerbaijan-as-brilliant-model-of-unity.html

https://www.facebook.com/DiplomatMagazineTheHague/posts/2890863284326927

Այս երկու հոդվածները  համեմատելով ընթերցողը անզեն աչքով  պարզ կտեսնի կեղծիքն ու ճշմարտությունը:

Մեր  պատասխանը երկար ժամանակ տեղադրված էր  նույն Diplomat Magazine-ի ֆեյսբուքյան էջում: 


Երեսփոխանների հետ երես առ երես հանդիպումներում դեսպան Ֆիքրատ Ախունդովն ասելիք չունեցավ


Նիդերլանդական մամուլին զգայուն կերպով հետևող ու այսչափ հետևողական արձագանքող Ադրբեջանի հարգարժան դեսպանը,  պրակտիկ հանդիպումներից, որտեղ  կարող է  բարձրաձայն բղավել  ադրբեջանական «ճշմարտության»  մասին, խուսափում է: էլ որտե՞ղ, եթե ոչ երկրի խորհրդարանի բարձր ամբիոնից կարելի էր խոսել: Նա  այդպես էլ  չմասնակցեց Հաագայում, փետրվարի 4-ին, Նիդերլանդների խորհրդարանի հրավիրված արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին,  որտեղ ի դեպ հրավիրված  Հայաստանի դեսպանը ելույթ ունեցավ:  Հանդուրժողականության ու ժողովրդավարության մասին դասեր տվող Ադրբեջանի դեսպանը հանդիպման հրաժարվելը նույնացրեց հայ գործընկերոջ ներկայության փաստով, ոչինչ որ արտաքին գործերի հանձնաժողովը, որպես փոխզիջում առաջարկել էր Հայաստանի դեսպանի հետ միաժամանակ ներկա չլինել հանձնաժողովի նիստին, կամ մի այլ օր մասնակցել: Այս տարբերակից էլ Ադրբեջանի դեսպանը հրաժարվել էր` սրանով մերժելով ադրբեջանական կողմի հանդիպումը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:

Փոխարենն անպակաս են խորհրդարանականների հասցեին արված լուտանքները մամուլի էջերից 

Այսպիսով Պարոն Ախունդովը թողած  Նիդերլանդների պես ժողովրդավարական երկրի խորհրդարանական ամբիոնը, օգտագործելով (ավելի ճիշտ կլինի ասել չարաշահելով) մամուլում իր պատասխան խոսքի ընձեռնված հնարավորությունը  EWmagazin-ի համացանցային էջից ուղիղ մեղադրանք է հնչեցնում այն երկրի խորհրդարանականների հասցեին, որտեղ հավատարմագրված է ինքը: Նրա բնորոշմամբ նիդերլանդական «պոպուլիստական ​​կուսակցությունների որոշ խորհրդարանականների» ազդեցության տակ ընդունվել են «Ադրբեջանի դեմ 11 աննախադեպ բանաձևերը»: 

Նա սա վերագրում է Հայկական լոբբիի ազդեցությանը՝ իբր Նիդերլանդների 2021 թվականի մարտի խորհրդարանական ընտրություններում հայ ընտրողների ձայները ստանալու համար: 

Իրականում այս խմբակցություններին  պոպուլիստական  որակավորում տալը՝  մեղմ ասած, կամ անտեղյակության, կամ էլ անգրագիտության արդյունք է, խորհրդարանում այն ընդունվել է մեծամասնության կողմից, իսկ թե ինչպիսի ժողովրդավարական համակարգ ունի Նիդերլանդները  արդեն մոտ 30 տարի իշխող Ալիևյան կլանի ներկայացուցիչ դիվանագետին չէ, որ պետք է գնահատականներ հնչեցնի:

Բայց ոչ, դեսպանն ավելի առաջ է գնում, որոշ նիդերլանդացի խորհրդականների էլ մեղադրում է Ադրբեջանի դեմ ռասիստական, ազգայնական և շովինիստական ​​զգացմունքներ տարածելու մեջ: 

Դեսպանը զուր է յուր բարկության մաղձը թափում Նիդերլանդացի դեպուտատների ու հայ համայնքի վրա: Ադրբեջանաթուրքական ագրեսիան միայն Նիդերլանդների խորհրդարանի կողմից  չի դատապարտվել, նմանատիպ բանաձևեր են ընդունվել Բելգիայում, Ֆրանսիայում, Լյուքսենբուրգում, այլ երկրների խորհրդարանականների ու կազմակերպությունների, առաջադեմ մարդկության կողմից: Սա էլ դեսպանը վերագրում է  խոսքի ազատությունը չարաշահած հայկական սփյուռքի ազդեցությանը, որը «չի մտածում իրենց հայրենիքի մասին, այլ ավելի շատ գործում է Ադրբեջանի դեմ»:

Նիդերլանդներում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆիքրատ Ախունդովը
Լուսանկարը`  EWmagazine  կայքից


Անխնա քննադատությանն արժանացած նիդերլանդների հայ համայնքը 

Հետաքրքիրն ու արտառոցը նա է, որ նավթադոլարներով գնված ահռելի քանակի զենքերով ու վարձկաններով Արցախի վրա արշաված ու այն պաշարած երկրի դեսպանն է հատկապես Բենելյուքսի երկրների հայկական սփյուռքին մեղադրում Ադրբեջանի դեմ` իր խոսքերով «կեղտոտ արշավ» կազմակերպելու, Եվրոպական արժեքները, խոսքի ազատությունը ոտնահարելու մեջ: Մի դրվագում էլ՝  Խաղաղությունը խաթարած, պատերազմով հարց լուծած երկրի դիվանագետը, քննադատում ու մեղադրում է՝  այս անգամ ոչ թե «պոպուլիստական հայացք» ունեցող առանձին կուսակցություններին, այլ ուղիղ Նիդերլանդների խորհրդարանին, որն անարդարացի է վարվել ու մի բանաձևով էլ  չի դատապարտել ադրբեջանի ռմբահարումներին պատասխանած հայկական կողմին:  Ախունդովը արդարացի է համարում, որ նման մի բանաձևով էլ  նշվեր ադրբեջանցի զոհերի, պատմական հուշարձաների ու մշակութային կոթողների ոչնչացման մասին: Սա այն դեպքն է, երբ զոհի վրա հարձակվողը բողոքում է, որ վնասվել է այն ատամը, որով կառչել է զոհից:

Նիդերլանդների հայ համայնքը Նիդերլանդների հասարակության ինտեգրված մի հատվածն է, որը գործուն մասնակցությունն ունի երկրի ժողովրդավարության, դեմոկրատիայի կայացմանն ու կերտմանը, մասնակցում է երկրի բազմազգ մշակութային կյանքում կազմակերպվող միջոցառումներում, սերտ ու բարեկամական կապերի մեջ է մյուս համայնքների հետ :

Հանդուրժողականությյունից խոսել սիրող դեսպանը պետք է  լավ իմանա, որ Նիդերլանդներում  համարյա նույնքան թվով հայեր են բնակվում, քան իր արդեն տարբեր հոդվածներում մատնանշած հայերի թիվն է Ադրբեջանում: Նրա խոսքերով` Արցախի հայերից բացի,  ,,հանդուրժողական,, Ադրբեջանում բնակվում են 30 հազար հայեր: Հիմա դեսպանին մտորելու համար պարզ ու տրամաբանական հարց: Այդ ինչպե՞ս է, որ նման քանակությամբ հայեր բնակվելով Ադրբեջանում չկան հայկական դպրոցներ, թերթեր, մշակութային օջախներ, Բաքվի միակ եկեղեցին էլ զրկվել է գմբեթի խաչից, իսկ ավելի քիչ թվով հայեր Նիդերլանդներում ունեն մի քանի հայկական եկեղեցի, մշակութային օջախներ, բազմաթիվ  կիրակնօրյա հայկական դպրոցներ, թերթ և այլը: Այն դեպքում, երբ նախկինում դրանց պակասը չի եղել: Այդ ինչպե՞ս է, որ Նիդերլանդներում պահպանվել են հայկական մշակութային արժեքներն ու կոթողները, փողոցների, կամուրջների, եղեղեցիների, այլ օբեկտների  հայկական անվանումներ, իսկ Ադրբեջանի տարածքում դրանք համարյա իսպառ բացակայում են, այն դեպքում, երբ ժամանակին տարածքն հայտնի է եղել հայկական մշակութային բազմազան հարուստ ժառանգությամբ: Այս հստակ հարցին դժվար էլ ի վիճակի լինի պատասխանել  դեսպանը, քանի որ անցնող տարիներին Ադրբեջանում հետևողական պայքար է մղվել հայկականության դեմ, անգամ հայատառ անառիկ միջնադարյան վանքերը վերագրվել են այլ մշակույթի: Ադրբեջանի հակահայ քարոզչությունը ցավոք սահմաններ չճանաչեց:

Քննադատելով հայ համայնքին Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը  ցավոք չի ,,նկատում,,  որ հայերի նկատմամբ Ադրբեջանի ատելության, անհանդուրժողականության խոսքը տեղափոխվել է Նիդերլանդներ,  դա  արտացոլվեց Նիդերլանդներում գործող թուրք-ադրբեջանական բարեկամության ընկերության նախագահ Իլհան Աշկինի խոսքերում, երբ հնչեցրեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» ազգայնամոլական արտահայտությունը։  Բազմազգ ու բազմամշակույթ Նիդերլանդներում  նա այդպես էլ չգիտակցեց, որ խախտել է Նիդերլանդական համակեցության օրենքները, թեև Նիդերլանդների արդարադատության վերին ատյանները ատելություն, բռնություն քարոզող խոսքի համար նրան  դատապարտեցին։

https://www.ad.nl/almelo/hoge-raad-oproep-tot-geweld-tegen-armeniers-in-almelo-bewezen~a6f4485f/

 Իսկ Ադրբեջանում իշխանամետ շատ թերթեր ու կայքեր կարծեցին «Հոլանդիան պատժում է ադրբեջանցուն Հայաստանին քննադատելու համար» (իշխանամետ կայքերից մեկի վերնագիրը

 Գուցե մենք պետք է հասկանա՞նք Ախունդովին, նրա երկիրը  չի գտնվում ժողովրդավարական երկրների առաջին տասնյակում, ընդհակառակը այն եզրափակողների ցուցակում է, որտեղ կան բանտարկված լրագրողները և ամենօրյա խախտվում են մարդու իրավունքները:

Դեռ թարմ է դեպքը ինչպես  2020 թ. Հուլիսին, դեսպանատան պատշգամբից, երբ ամբոխը  հավաքվել էր դեսպանատան շենքի «անձեռնամխելի» տարածքում, նա հրահրեց  քարեր նետել հայ ցուցարարնեի վրա, որոնց հավաքն արտոնված էր պաշտոնապես: Հասկանալի է, որ նա լավ տեղեկացված չէ միջազգային իրավունքի, նույնիսկ իր սեփական դիրքորոշմանը ներկայացվող պահանջների մասին:  

Ահա թե ինչին  պետք է   հետևեր դեսպանը։  Դեսպանն իհարկե աշխատում է, բայց հակառակ ուղղությամբ։  Ադրբեջանում  այդպես էլ չհասկացան Աշկինի խոսքերի իմաստը, քանի որ հենց նրանք անմիջական այս հանցագործության իրագործողները դարձան 2020թ. սեպտեմբերի 27-ին` սկսելով մահ սփռող պատերազմ: Աշկինի արարքը (ինչպես նաև մարդասպան Սաֆարովի) Ադրբեջանում խրախուսվում է ու այս պատկերը քաջ ծանոթ է Ադրբեջանի դիվանագետին։

Իսկ Փաստերն այլ բան են ասում

Ադրբեջանի դեսպանը քողարկվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ոչ միանշանակ Ադրբեջանի օգտին արված, բայց այդպես ներկայացվող չորս բանաձևերի (822, 853, 874 և 884) հետևում, արդարացնում է ռազմական ուժի կիրառումը, որի արդյունքում երկու կողմերից խլվեցին մարդկային հազարավոր կյանքեր,  Հայաստանի կառավարությանն է մեղադրում բոլոր եղած ու չեղած մեղքերում: 

Շատ հետ չգնանք, թվարկենք պատերազմի արդյունքում առաջացած իրադրությունը, որը զուտ մարդասիրական է:

Անտեղյակ լսարանին, իրոք կարող է դեսպանը համոզել, բայց անհերքելին այն է, որ այս ու մյուս անգամները  Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը սկսել է հենց Ադրբեջանը: Գրավվել է Հադրութի շրջանը, այլ տարածքներ, որ պատկանել է Արցախին, որտեղ բնակվել են բացառապես հայեր: Վերջին Պատերազմի ընթացքում Ադրբեջանը 3 անգամ վիժեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների առաջին դեմքերի հրադադարի առաջարկները,  խախտում է ռազմագերիներին` բոլորը բոլորի դիմաց հանձնելու պայմանավորվածությունները,  ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու  ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելական այցը...

Անհասկանալի է, որ հրադադարից անցել է մոտ երեք ամիս, բայց Ադրբեջանը իր մոտ է պահում հարյուրավոր գերեվարված հայերի, որոնց մի մասին տանջում ու սպանում է, անտեսում է Եվրամիության նրանց ազատելու կոչերը, ավելին սպառնում է խզել ԵՄ-ի հետ հարաբերությունները:

« …Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է կատարել իր պարտավորությունները»- այսպես գրում է Ախունդովը  EW-ին:

Միայն այս պնդումից հայտնի չէ , թե էլ ինչ պարտավորությունների կատարում նկատի ունի Ադրբեջանի դեսպանը:

Հոդվածում անրադարձել ենք միմիայն պարոն դեսպանի Նիդերլանդացի պատգամավորների ու հայ համայնքի հասցեին արված մեղադրանքներին: Մյուս թեմաներով նրա ասված խոսքերն այնքան անտրամաբանական , ծիծաղելի, անիրական ու հակասական են, որ հարկ չկա ուշադրության արժանացնել: Եղածն էլ բավական է պատկերացում կազմելու այսօրվա Ադրբեջանում ընթացող հակաժողովրդական գործընթացների ու Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: 

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»  կայքի խմբագիր


Հ.Գ- Հիշյալ հոդվածը թարգմանվել է անգլերեն (թարգ.Ն.Գասպարյան)և հոլանդերեն (թարգ.Փ.Կնիազիան,Ն.Ռոմաշուկ)

Հոլանդերեն տարբերակն ուղարկվել է EWmagazine հանդեսին

No comments:

Post a Comment