17.09.2026/Նիդ.օրագիր
Հայաստանի և Նիդերլանդների երիտասարդների միջև երկխոսության և փորձի փոխանակման հերթական հանդիպումն անցկացվել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատանը։ Հանդիպման ընթացքում երիտասարդները քննարկել են իրենց հետաքրքրող հարցերը՝ մասնավորապես անդրադառնալով ժողովրդավարությանը, երիտասարդների մասնակցությանը և քաղաքացիական ներգրավվածությանը Հայաստանում և Նիդերլանդներում։
Հանդիպումն անցկացվել է ջերմ, բաց և ոչ պաշտոնական մթնոլորտում։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները, հարցեր ուղղելու, փոխանակելու գաղափարներ և քննարկելու այն խնդիրները, որոնք կարևոր են իրենց համար։
Հանդիպման մասնակիցների փոխանցմամբ՝ առանձնահատուկ տպավորություն է թողել Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի ջերմ ընդունելությունն ու երիտասարդների հետ անմիջական շփումը։ Դեսպանատանը տեղի ունեցած հանդիպումը դիտարկվել է որպես տարբեր երկրներից ժամանած երիտասարդների միջև փոխըմբռնման և երկխոսության խթանման հնարավորություն։
Միջոցառումն իրականացվել է Bright Future Foundation-ի «Մասնակցել և խթանել ժողովրդավարությունը» (Participate and Promote Democracy) ծրագրի շրջանակում։ Ծրագրի ֆինանսավորմանը մասնակցում է Եվրոպական միության Նիդերլանդների ազգային գործակալությունը։
Ծրագրի նպատակներից է երիտասարդներին հնարավորություն տալ ձեռք բերելու նոր գիտելիքներ, ծանոթանալու տարբեր տեսակետների, մասնակցելու քննարկումների և ավելի ակտիվորեն ներգրավվելու ժողովրդավարական գործընթացներում։
Հայաստանի և Նիդերլանդների երիտասարդների այսպիսի հանդիպումները միաժամանակ հնարավորություն են ստեղծում ոչ միայն ժողովրդավարության վերաբերյալ փորձի փոխանակման, այլև երկու երկրների երիտասարդների միջև անմիջական կապերի և համագործակցության ձևավորման համար։
Bright Future Foundation-ը երիտասարդներին հրավիրում է հետևելու իր առաջիկա ծրագրերին և միջոցառումներին, ինչպես նաև մասնակցելու նոր նախաձեռնություններին։



No comments:
Post a Comment