The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 1 April 2024

Այսօր Ապրիլի մեկն է

Նոր սերունդը անմասն է մնացել հայկական ռադիոյի  հումորային ու սրամիտ պատմություններին, երբ հաճախ անհնարին իրավիճակներում ռադիոն կարողացել է  իրավիճակներից դուրս գալ ։ Ուրեմն այսպես. Հաղորդավարն ասում է` խոսում է Երևանը ու դրանից հետո ոչ մի խոսք ու ծպտուն, հավանաբար ինչ որ խափանում է լինում։ Լռության մեջ անցնում է մի հինգ րոպե,  հետո նույն ձայնը` դուք լսեցիք հաղորդում խուլերի ու համրերի համար ։
«Հայկական ռադիոն» բացահայտել է անբացահայտելին`
 «Կապիտալիզմի ժամանակ մարդն է շահագործում մարդուն, իսկ սոցիալիզմի ժամանակ՝ ընդհակառակը»:
Դրանից հետո ռադիոկայանը դառնում է բազմաթիվ անեկդոտների նյութ,  երբ Մոսկվայում Ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների համամիութենական խորհրդակցության ժամանակ հայտարարվում է՝ «խոսքը տրվում է հայկական ռադիոյի ներկայացուցչին», ողջ դահլիճը ծիծաղից պայթում է, զեկուցողը երկար ժամանակ չի կարողանում սկսել իր ելույթը: Իսկ երբ վերջապես դահլիճը խաղաղվում է, նա իր ելույթը սկսում է հետևյալ խոսքերով՝ «Մեզ հաճախ հարցնում են…»: Դրանից հետո նիստն այլևս անհնարին է դառնում շարունակել:
Եվ այսպես, Հայկական ռադիոյին հարցնում են.
– Ե՞րբ լավ կլինի:
- Արդեն եղել է:
*
– Ո՞ւմ հետ է սահմանակցում Խորհրդային Միությունը:
- Ում հետ ուզում է, նրա հետ էլ սահմանակցում է:
*
- Ճի՞շտ է, որ շախմատիստ Պետրոսյանը խաղարկությամբ տարել է 1000 ռուբլի:
- Ճիշտ է, ուղղակի ոչ թե շախմատիստ Պետրոսյանը, այլ «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյանը, և ոչ թե հազար, այլ տասը հազար, և ոչ թե խաղարկությանը, այլ քարտ խաղալիս, և ոչ թե տարել է, այլ տարվել:
*
 - Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը:
- Իհարկե, Երևանը:
- Իսկ ի՞նչ կլինի, եթե Երևանի վրա ատոմային ռումբ ընկնի:
- Բաքուն էլ է գեղեցիկ քաղաք:
*
-  Ո՞րն է աշխարհի ամենախելացի ազգը:
-  Շնորհակալություն հաճոյախոսության համար:
*
-  Հնարավո՞ր է, արդյոք, կոմունիզմը տեղափոխել Փարիզ:
- Հնարավոր է, բայց մեղք են:
*
- Ինչո՞ւ այլևս Հայկական ռադիոն չի գործում:
- Աշխատանքից ազատվել է այն հրեան, ով պատասխաններն էր գրում:
*
- Հնարավո՞ր է ապրել միայն աշխատավարձով:
- Չգիտենք, չենք փորձել:
*
- Ինչո՞ւ է աքաղաղն այդքան շատ երգում:
- Որովհետև ունի տասը կին և ոչ մի զոքանչ:
*
- Կարելի՞ է զոքանչին սրբիչով սպանել:
- Կարելի է, եթե սրբիչի մեջ արդուկ է փաթաթված:
*
- Ի՞նչ անել, եթե վագրը հարձակվել է զոքանչի վրա:
- Ինքն է հարձակվել, թող ինքն էլ պաշտպանվի:
*
- Ի՞նչ կլինի, եթե խաչասերեն փայտոջիլներին լուսատտիկների հետ:
- Էլեկտրաֆիկացման հաստ ցանց ողջ երկրով մեկ:
*
-  Ի՞նչ բան է դիետան:
- Դիետան այն է, երբ քաղցից մեռնում ես մի քիչ ավելի երկար ապրելու նպատակով:
*
- Կարելի՞ է բաց պատուհանով քնել:
 - Կարելի է, բայց լավ է կնոջ հետ:
*
- Կարելի՞ է ինքնաեռը դնել բարձի տակ:
- Իհարկ է կարելի է: Իմ իրն է, ուր կուզեմ, այնտեղ էլ կդնեմ:
*
- Ովքե՞ր են հեռու ազգականները:
- Դրանք ամենալավ ազգականներն են, և ինչքան հեռու, այնքան լավ:
*
 - Ինչո՞ւ միս չկա:
- Որովհետև խոզերը մարդ են դարձել, կովերը սպաների հետ են ամուսնացել, ոչխարները դիսերտացիա են պաշտպանել, իսկ հավերն էլ ծիծաղից սատկել են:
*
- Ո՞վ է դիվանագետը:
- Այն տղամարդը, ով կարող է համոզել կնոջը, որ մուշտակը նրան գիրացնում է:
*
- Ինչո՞ւ Ալեն Դալասը իր բոլոր գործակալներին հետախուզությունից քշեց:
-Որովհետև նրանք այդպես էլ չկարողացան իմանալ, թե որտե՞ղ է ապրում կուզկինի մայրը, ո՞ր հաճախականությամբ է հեռարձակվում հայկական ռադիոն և ինչո՞վ է զբաղվում ԴՈՍԱԱՖ-ը:
*
- Ճի՞շտ է, որ հանճարեղությունը հիվանդություն է:
- Այո, հիվանդություն է, սակայն շատ հազվադեպ հանդիպող է և բոլորովին վարակիչ չէ:
*
- Ի՞նչ անել, եթե ուզում ես աշխատել:
- Պառկիր և ամեն ինչ կանցնի:
*
-Ինչպե՞ս անել, որպեսզի հեռուստացույցով հեռարձակվող ռուսական լուրերը ոչնչով չտարբերվեն ուկրաինականից:
-Անջատե՛ք ձայնը:
*
-Ու՞մ կարելի է համարել իսկական ընկեր:
-Այն մարդուն, ում կարող ես թողնել քո տանը, մինչ դու մնացած հյուրերին ճանապարհում ես:
*
-Ի՞նչ նմանություն կա կանանց և կոկորդիլոսների միջև:
-Արցունքները:
-Իսկ ո՞րն է տարբերություը:
-Կանայք ավելի վտանգավոր են:
*
-Ե՞րբ աշխարհում կտիրի սով:
-Երբ չինացիները սկսեն պատառաքաղով ուտել:
*
-Ո՞ր ազգն է ամենախելացին:
-Շնորհակալություն հաճոյախոսության համար:
*
-Ի՞նչ է կրկեսը:
-Մի տեղ է, որտեղ կենդանիները իրենց մարդկանց պես են պահում, իսկ մարդիկ իրենց պահում են կապիկների պես:
*
-Կարո՞ղ է վեց վոլտանոց մարտկոցը սպանել մարդուն:
-Այո, եթե այն պահարանից ընկնի մարդու վրա:
*
Կիևից մի ունկնդիր մեզ հարցնում է՝ արդյո՞ք գիտենք, թե ինչպես ինքնասպան եղավ ռուս բանաստեղծ Մայակովսկին։ Մենք պատասխանում ենք, որ չգիտենք, բայց նրա վերջին խոսքերն էին. «Մի՛ կրակեք, ընկերնե՛ր»։
*
Հարց Ռադիո Երևանին.
Որո՞նք էին Յուրի Գագարինի առաջին խոսքերը, երբ վերադարձավ տիեզերքից։
Պատասխան.
Գագարինի առաջին խոսքերն էին. «Որտե՞ղ է այն հիմարը, որն ինձ խոստացել էր, թե սա դեպի Փարիզ տանող ինքնաթիռն է»։
*
Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ի՞նչ անի գեր կինը նիհարելու համար:
-Թող օղ պտտի իրանի շուրջը:
-Իսկ եթե այնքան գեր է, որ չի մտնում օղի մեջ:
Մեջ է մտնում թուրքական ռադիոն:
-Ձեր ցավը տանեմ գեղեցկությունը մի փչացրեք:
*
Հայկական ռադիոյին հարցնում են. - Թե բա ինչի՞ց եք անընդհատ դժգոհ։ Ամեն անգամ Ռուսաստանը ձեզ փրկում է: Հայկական ռադիոն պատասխանում է. - Կլինի՞ մի անգամ էլ այ տենց Ադրբեջանին փրկեն։ Թե չէ մեր տարածքներն արդեն վերջանում են 
*
Հայկական ռադիոյին հարցնում են.
- Էդ ճի՞շտ ա, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեքենա են տալիս:
Հայկական ռադիոն պատասխանում ա.
- Հա, բայց Մոսկվայում չի, Մինսկում ա, մեքենա չի, հեծանիվ ա, չեն տալիս, պիտի վերցնես:
*
Հայկական ռադիոյին հարցնում են.
-Հնարավո՞ր է կառուցել սոցիալիզմ մեկ առանձին երկրում:
Հայկական ռադիոն պատասխանում է.
-Հնարավոր է կառուցել սոցիալիզմ մի երկրում, բայց ստիպված կլինես ապրել մեկ ուրիշում:
*
հ-ռ ին հարցնում են. ի՞նչ անել երբ երազ ենք տեսնում օտար լեզվով, իսկ օտար լեզու չգիտենք պատասխանում է` պետք է քնել թարգմանչուհու հետ:
*
Մի առիթով էլ հ-ռ- ին
հարցնում են. Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը հրատարակել եք, բա ձեր հերոս Հունան Ավետիսյանի վերջին խոսքը որն է եղել:
-Դե որ շատ եք ուզում կպատասխանենք, ասել է` ես բռթողի մերը:



Առավել, քան լուրջ

Ապրիլի 1-ին Նիդերլանդական օրագրի բաժանորդների թիվը հատեց 36.000-ը, իսկ ընթերցողների բանակն անցնում է միլիոնից։ Բոլորիդ առողջություն, գարնանային տրամադրություն, մեր երկրին էլ խաղաղություն ու փայլուն ապագա։ Հատված Հանրապետության հրապարակից։ Գծանկար` Լևոն Լաճիկյանի

Sunday, 31 March 2024

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը. Զատիկ

 

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այս տարի այն նշվում է մարտի 31-ին։

Մեծ պահքը մեկնարկել է փետրվարի 12-ին։

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն։ Արարողություն  Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական Եկեղեցում (ուղիղ)։

Նիդերլանդների հայկական եկեղեցիներում նշվեց Ավագ Հինգշաբթին։ Երեկոյան եկեղեցիներում կատարվեց  Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո:

Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: Տասներկու մոմերը խորհրդանշում են Քրիստոսի տասներկու աշակերտներին, իսկ կենտրոնի մոմը՝ Հիսուս Քրիստոսին: Մոմերից տասնմեկը սպիտակ են ու վառված, տասներկուրորդը՝ սև և անվառ, որը խորհրդանշում է մատնիչ Հուդային: Արարողության մասնակիցները ունկնդրում են Ավետարանից յոթ ընթերցումներ, որոնք բովանդակում են Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը: Առաջին ընթերցումից հետո եկեղեցականներից մեկը մարում է միայն ձախ կողմի առաջին մոմը, իսկ զուգահեռ մյուս՝ Հուդայի սև մոմն անվառ է: Մյուս ընթերցումներից հետո հաջորդական կերպով մարում են մոմերը ձախ և աջ կողմերից: Վերջին ընթերցվածի ավարտին եկեղեցին մնում է մթության մեջ, մարում են եկեղեցու բոլոր լույսերը: Միայն Հիսուսին խորհրդանշող մոմն է շարունակվում վառվել: Այս արարողությունը խորհրդանշում է աշակերտների կողմից Տիրոջ լքելը և քահանայապետերի և դպիրների ձեռքը մատնվելը: Մթության մեջ հնչում է զղջման ու ապաշխարության «Տեր ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին: Երգից հետո քարոզ է ասվում, որին հաջորդում է «Փառք ի բարձունս»-ը, այնուհետև լույսերը վառվում են: Եկեղեցին լուսավորելը խորհրդանշում է, որ մեր Տիրոջ չարչարանքներն ու խաչելությունն մեր փրկության և լուսավորության համար էին:

Կազմեց` Կարինե Սուգիկյանը




Saturday, 30 March 2024

Հետաքրքիր հանդիպում Հաագայի «Աբովյան» մշակութային կենտրոնում

 



Ս.թ. մարտի 26-ին Հաագայի «Աբովյան» մշակութային միության կենտրոնում հյուրընկալվեցին 20-ից ավելի հայ երիտասարդ Հայաստանից, ինչպես նաև մի քանի երիտասարդ Նիդերլանդներից, որոնք հանդիպեցին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Վիկտոր Բիյագովի հետ։
Հայաստանից ժամանած այս խանդավառ երիտասարդները Նիդերլանդներում էին գտնվում հատուկ պատվիրակության կազմում մասնակցելու Էրազմուս+ Երիտասարդական փոխանակման ծրագրին, որը կազմակերպել էր Stitching Respect International – West-East Bridges հաստատությունը:
Մարտի 18-ից 27-ը նրանք գտնվում էին Հաագայում և կարողացան ծանոթանալ նիդերլանդների մշակութային և հասարակական կյանքի հետ։ Նրանք հանդիպեցին հոլանդացիների հետ իրականացնելոով փոխանակումներ և բովանդակալից երկխոսություն իրենց հոլանդացի հասակակիցների հետ՝ հիմք դնելով կայուն կապերի և փոխըմբռնման։
«Աբովյան» մշակութային կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ երիտասարդ մասնակիցների և դեսպան Բիյագովի միջև տեղի ունեցավ հետաքրքիր բուռն քննարկումներ և մտքերի արդյունավետ փոխանակում։


Exciting Exchange at Abovian Cultural Centre!
On March 26th, the Abovian Cultural Centre in The Hague was graced with the presence of more than 20 young individuals from Armenia, along with their peers from the Netherlands, who had the honor of meeting H.E. Mr. Viktor Biyagov, the Ambassador of Armenia in the Netherlands.
These enthusiastic youths, hailing from Armenia, were part of a special delegation participating in the Youth Exchange program of Erasmus+, expertly coordinated by the Stitching Respect International – West-East Bridges Foundation.
During their stay in The Hague from March 18th to March 27th, 2024, they immersed themselves in cultural exchanges and meaningful dialogues, laying the groundwork for lasting connections and understanding.
The meeting at Abovian Centre culminated in a fruitful exchange of views between the young participants and Ambassador Biyagov, enriching both parties with diverse perspectives and insights.

Mato HAKHVERDIAN

Tuesday, 26 March 2024

Ծխական խորհրդի ժողով և Ծաղկազարդի տոն Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում


Անցած շաբաթ,  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանն այցելեց Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցին։ 

—————

Սրբազան Հոր բարձր հովանու ներքո Ծխական Խորհրդի հետ կայացան երկու կարևոր ժողովներ, որոնց ընթացքին քննարկվեցին Ծխական կանոնադրության մշակման, եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աստվածատուր քհն. Սարգսյանի նշանակման և հետագա հովվական ծառայությանը Սուրբ Կարապետ եկեղեցում։ 

Ժողովներն սկսվեցին աղոթքով և ընթացան ջերմ և կառուցողական քննարկումների մթնոլորտում։ Ժողովների ավարտին Սրբազան Հայրը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ժողովականներին՝ մաղթելով հաջողություն ձեռնարկված կարևորագույն աշխատանքներին։ 

Հաջորդ օրը՝ Ծաղկազարդի տոնին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց եպիսկոպոսական Սուրբ Պատարագ, որի ընթացքին պատարագիչ Խաժակ Սրբազանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց Տեր Աստվածատուր քահանային, որպես Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ՝ վստահություն հայտնելով, որ հոգևոր հովվի հետ միասին եկեղեցու հավատավոր համայնքը պիտի զորանա և ծաղկի։

Պատարագի ավարտին՝ մանուկների օրհնության կարգով օրհնվեցին և Սրբազան Հոր կողմից փոքրիկ նվերներ ստացան եկեղեցում ներկա բոլոր մանուկները, ովքեր խոստում տվեցին, որ տարիներ անց՝ արդեն ծնողներ դարձած, իրենց զավակներին պիտի բերեն եկեղեցի՝ ստանալու Աստծո օրհնությունը։

Ի վերջո կատարվեց նաև Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ Դռնբացեքի կարգը, որի ընթացքին, որպես Երկնային Արքայության դռան խորհրդանիշ, բացվեց եկեղեցու վարագույրը՝ ազդարարելով մուտքը դեպի Ավագ Շաբաթ։


Տեր Աստվածատուր քահանա Սարգսյանը նշանակում է ստացել Մաստրիխտի Սբ Կարապետ եկեղեցում

Նորանշանակ հոգևոր հովիվը հետևյալ ուղերձն է հղել իր հավատարիմ հոտին։

«Ողջույն Մաստրիխտ,

Ես՝ Տեր Աստվածատուր քհն. Սարգսյանս, Աստծո կամոք և բարձր տնօրինությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արք. Պարսամյանի, նշանակված եմ հոգևոր ծառայությունս բերելու Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում, որպես Մաստրիխտի և Լիմբուրգի շրջանի հոգևոր հովիվ։ Լինելով քահանայի որդի և մանկուց ի վեր դպրական ծառայությունը բերելով Հայաստանում՝ Ջրվեժ և Առինջ գյուղերի եկեղեցիներում ի վերջո քայլերը ինձ տարան դեպի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ Ճեմարանում 6 տարի ուսանելով և 2016 թվականին այն ավարտելով, մոտ 3 տարի ծառայությունս եմ բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը։ Աստվածային նախախնամությամբ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Գերաշնորհ Տ. Առաքել արք. Քարամյանի ձեռամբ օծվեցի քահանա և անվանվեցի Տեր Աստվածատուր։ Նույն թվականին Նորին Սուրբ Օծություն Տ․ Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից նշանակում ստացա՝ ծառայելու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում՝ ընդ իշխանությամբ Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արք. Պարսամյանի։ Ի վերջո Եվրոպա մուտքի արտոնագիր ստանալուց հետո ահա սկսում եմ իմ ծառայությունը Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում՝ պատրաստակամ ծառայելու տեղի հայության հոգևոր և ազգային պետքերին։ Վստահ եմ, որ Աստծո կամոք և օրհնությամբ հայ համայնքի հետ միասին պիտի ընթանանք առաջ, որպես Հայ Ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ճշմարիտ զավակներ՝ զորացնելու և գալիք սերունդներին ավանդելու մեր մաքուր հավատքը և մեր գեղեցիկ մշակույթը։

Սիրով պիտի սպասեմ բոլորիդ՝ կիրակնօրյա Սուրբ Պատարագներին, ազգային-եկեղեցական տոնախմբություններին, առաջիկայում նախատեսվող տարատեսակ միջոցառումներին, ինչպես նաև անհատական հանդիպումներին»։

Եկեղեցու հասցեն է Potterieplein 50, Maastricht

Իմ հեռախոսահամարն է +31 6 27 866 299

-----

Նիդերլանդական օրագիրը հաջողություն և հոգևոր արգասաբեր գործունեություն  է մաղթում արժանապատիվ տեր հորը` նիդերլանդահայերին ծառայելու իր հաստատակամության համար։


Friday, 22 March 2024

Զարեհ Սինանյանը ներկայացրել է 2023 թ. գրասենյակի կատարած աշխատանքները

 

22.03.2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2023 թ. գրասենյակի կատարած աշխատանքները
2023 թվականի հունիսի 1-ից գրասենյակը Երեւանում բացել է Հայրենադարձության եւ ինտեգրման առաջին կենտրոնը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ծառայությունների լայն շրջանակ՝ իրականացնելով հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Մանրամասն ներկայացնելով 2023 թվականին կատարված աշխատանքները` ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում:
Զարեհ Սինանյանը նշել է, որ 2023 թվականի օգոստոսի 1-3-ը Երեւանում կազմակերպվել է Ազգային երիտասարդական համաժողով, որին մասնակցել է 600-ից ավելի երիտասարդ աշխարհի 50 երկրից եւ 100-ից ավելի բանախոս` 15 երկրից: Համաժողովի մասնակիցները տարբեր ձեւաչափերով քննարկել են հայրենադարձությանը, ազգային անվտանգությանը, կրթությանը, հայկական շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Հիմնական զեկուցողը կարեւորել է հոկտեմբերի 27-29-ը կայացած Հայ իրավաբանների համագումարը, որին մասնակցել է 250 հայ իրավաբան 30-ից ավելի երկրից: Քննարկվել են Սփյուռքի իրավաբանական համայնքի դերը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում հարցը, ԼՂ հիմնախնդիրը եւ հետպատերազմյան իրավական գործընթացները, հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրավական մեխանիզմները եւ հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ներկայացմամբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն 2023 թվականի օգոստոսի 5-19-ը Հայաստանում կազմակերպել է Համահայկական 8-րդ խաղերը, որոնց մասնակցել է 41 երկրի 181 քաղաքի 7.161 մարզիկ:
Խոսելով ««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» ծրագրի մասին՝ բանախոսը նշել է, որ միջոցառման շրջանակում 2022-2023 թվականներին 50 սփյուռքահայ մասնագետ ներգրավվել է ՀՀ պետական կառավարման համակարգի 23 կառույցում: Միջոցառման մասնակիցների մոտ 70 տոկոսը մնացել է Հայաստանում՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում եւ մասնավոր հատվածում: Իսկ «Քայլ դեպի տուն» ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում հունիս-օգոստոս ամիսներին կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված ուսումնաճանաչողական ծրագիր, որը ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ եւ այցեր: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Բյուրականում, որին 6 փուլով մասնակցել է 600 երեխա՝ 25 երկրից:
Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաեւ «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական, Վրաստանի հայալեզու լրատվամիջոցների ամենամյա ծրագրերը՝ ներկայացնելով կատարված աշխատանքները:
Ըստ հիմնական զեկուցողի՝ 2021 թվականին «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն օտարերկրյա պետություններում կարող է ունենալ Սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով: Պատրաստվել է պոտենցիալ թեկնածուների ցանկ` ըստ աշխարհագրական սփռվածության, որի հիման վրա 2024 թվականին նախատեսվում են մի քանի տասնյակ նշանակումներ: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրմամբ կընդլայնվեն գրասենյակի ցանցային կարողությունները:
Մշակվել են «Հայրենադարձության մասին» օրենքի եւ «Հայաստան-Սփյուռք գործակցության 2024-2030 թվականների ռազմավարության» նախագծերը:
Հաշվետու տարում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է 13 երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի 39 տարբեր քաղաքների հայ համայնքներ: Այցերի շրջանակում իրականացվել է ավելի քան 178 միջոցառում:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով արեւմտահայերենի պահպանմանը՝ որպես մշակույթի, ինքնության անբաժան մաս:

Saturday, 16 March 2024

Համերգ, որ խոր հետք թողեց հանդիսատեսի սրտում

Մեր ընթերցողներին տեղեկացրեցինք մարտի 9-ին կայանալիք գեղեցիկ ու հուզիչ այս համերգային ծրագրի մասին: 


Մարտի 9-ին Ամստերդամի Prinsengracht-ի De Duif եկեղեցական սրահում գեղեցիկ ու հուզիչ համերգային ծրագիր մատուցեցին մեր հայրենակիցները՝  հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը, խոստումնալից սոպրանո՝ Միլենա Բեգլարյանը և դաշնակահար՝ Աննա Եդիգարյանը: Համերգային ծրագրում տեղ էին գտել Բախի, Գյորգի Լիգետի, Տոմազո Ալբինոնի, Գասպար Կասադոի,Կոմիտասի, Աշոտ Սաթյանի ստեղծագործությունները, հնչեցին նաև շարականներ և ժողովրդական երգեր: Ամստերդյան այս համերգը նվիրված էր Արցախին ու նրա հերոսներին: Արցախ, որ 44 օր շարունակ հերոսական ոգով մարտնչեց անհավասար պատերազմում: Չնայած կորսված հայրենիքին Արցախն ու արցախցին ոգով ու հերոսությամբ մնացին անպարտ, մեր հազարավոր հայորդիներն անմահացան մարտի դաշտում: Արցախի այս ցավն ու տխրությունը, մեր հերոսների համառ ոգին ու անկոտրում կամքը արտացոլված էր երաժիշտների կատարումներում, այն մասին, թե ինչպես 120.000 մարդ դիմացավ սովին իննամսյա շրջափակման ընթացքում, ինչպես ի վերջո ստիպված եղան լքել իրենց երկիրը, ընդհանուր ուղերձն այն էր, որ չնայած անհաջողություններին, տուն վերադառնալու հավատը կա և մնում է:
 Գեղեցկությունն ու սարսափը բախվում են այս հուզիչ համերգին, որտեղ արտիստներն իրոք օգտագործեցին իրենց երաժշտական ​​տաղանդը՝   ներկայացնելով Արցախի պատմության և պայքարի մասին, որը հարգանքի տուրք է  նրա ժողովրդի տոկունությանը և խիզախությանը: Հարկ է հիշեցնել, որ տաղանդավոր Սևակ Ավանեսյանը իր հնամենի գործիքով 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի հրետակոծված Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը տարածվեց ամբողջ աշխարհում:
Ամստերդամյան այս բեմի համերգը ևս ստացվեց ու ծառայեց իր նպատակին: Հանդիսատեսը մաս դարձավ երաժիշտների հույզերին ու ապրումներին,  հոտնկայս երկար ծափահարությունները կատարված աշխատանքի գնահատանքն էր:
Համերգը կազմակերպել էր Hayinvicta  կազմակերպությունը Stichting Sint Grigor Narekatsi հիմնադրամի հետ համատեղ։

Համերգային ծրագրի բեմելից հետո, մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանը զրուցեց Սևակ Ավանեսյանի, Միլենա Բեգլարյանի և համերգի  կազմակերպիչներից մեկի, HayInvicta  կազմակերպության տնօրեն  Հայկ Ասլանյանի հետ:



 Սևակ Ավանեսյանի մասին

Սևակ Ավանեսյան, թավջութակ (Բելգիա)
Բեռնարդ Գրինհաուսի բնորոշմամբ` «Սևակ Ավանեսյանը արտակարգ վիրտուոզությամբ և ձայնային մեծ հզորությամբ օժտված երաժիշտ է», իսկ Յանոշ Շտարկերի կարծիքով՝ «Սևակը, անկասկած, իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է»:
Սևակը եղել է Բելգիայի Ազգային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերը, ինչպես նաև Իզայիի անվան մրցույթի, Triomphe de l’Art և ՀԲԸՄ-ի մրցույթների ժյուրիի մշտական անդամ:
Ս. Ավանեսյանը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է. “Young Soloists” (Լյուքսեմբուրգ, 1-ին մրցանակ), “Lions Club” European Competition (1-ին մրցանակ): Արժանացել է Բելգիայի երաժշտական մամուլի քննադատների “Golden Lable” մրցանակի, ինչպես և “Belgische Stichting Roeping” promotion և այլ մրցանակների:
Սևակի տաղանդը դրսևորվել է վաղ հասակում: Նա Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի ամենաերիտասարդ շրջանավարտն է: 19 տարեկանում, բարձր գնահատականներով, Սևակը ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան (Վիվիեն Սպանողեի դասարան), որից հետո կատարելագործվել է Բեռլինի Hans Eissler Musikhochschule-ում՝ Կլաուդիո Բոհորքեզի ղեկավարությամբ:
Մշտական դասընթացներից բացի, Սևակը արժեքավոր խորհուրդներ է ստացել անվանի երաժիշտներից. Յանոշ Շտարկեր, Բեռնարդ Գրինհաուս, Սթիվեն Իսերլիս, Միշա Մայսկի, Մարիա Քլիգել, Լյուիս Կլարե, Պետեր Բրունս, Գարրի Հոֆման, Վոլֆգանգ Բյոտխեր, Իգոր Օյստրախ, Արտեմիս կվարտետ, Գերհարդ Շուլց և շատ ուրիշներ:
Սևակ Ավանեսյանը մշտապես հանդես է գալիս հեղինակավոր համերգասրահներում. Փարիզի Salle Gaveau, Բրյուսելի Palais des Beaux-Arts, Տորոնտոյի Ford Hall և այլ սրահներ:
2017-ին Սևակը մասնակցել է Անտվերպենի Queen Elizabeth համերգասրահի բացման համերգին:
Սևակ Ավանեսյանը միջազգային հայտնի փառատոների մասնակից է. Մոնպելիեի Festival de Radio France, Juventus Festival, Menton Festival, Բրյուսելի Brahms Festival, Les Musicales de Cambrai և այլ փառատոներ:
Նա համագործակցել է անվանի դիրիժորներ Հանս Գրաֆի, Հյու Վոլֆի, Անդրեյ Բորեյկոյի և այլոց հետ:
Սևակ Ավանեսյանի՝ Բելգիայի Ազգային նվագախմբի հետ ելույթը Bozar համերգասրահում, Բելգիայի հեռուստատեսային քննադատների կողմից գնահատվեց որպես «համերգաշրջանի լավագույն համերգ»:
Որպես կամերային երաժիշտ, Ավանեսյանը ելույթներ է ունեցել Ագուստին Դումեյի, Ֆիլիպ Գրեֆինի, Պասկալ Դեվոյոնի, Պավել Գիլիլովի, Մաքսիմ Վենգերովի, Ալեքսեյ Մաշկովի, Յուրի Բաշմետի, Գիդոն Կրեմերի, Մարթա Արգերիխի, Միշա Մայսկու և այլ հայտնի երաժիշտների հետ:
2016-ին կայացել է Գոմս Շահբազյանի “Rhythm & Intervals” վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Սևակ Ավանեսյանի Բեռլինում անցկացրած ուսման տարիներին: Ֆիլմը մրցանակներ է շահել մի շարք փառատոներում և հեռարձակվել է ARTE հեռուստաալիքով:
Սևակը նվագում է Մաթեո Գոֆրիլլերի 1689-ին կերտած “The King” թավջութակով, որը նրան տրամադրել է Միշա Մայսկին:
2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի հրետակոծված Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը տարածվեց ամբողջ աշխարհում:
-----



Saturday, 9 March 2024

Այբուբենի օր Հաագայում

 

Այնքան վայելեցինք կիրակի օրը, մեր ամենափոքր ուսանողների կազմակերպած շնորհանդեսին:

 «Այբուբենի ՕՐԸ» նշեցինք, այն, որ արդեն նրանք կարդալ եւ գրել գիտեն հայոց տառերով: Դրա համար էլ Աբովյանի ասոցիացիայի կողմից ստացան գեղեցիկ հավաստագրեր։

Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից Վրեժ Մադոյանը եւ նրա ընտանիքը:

Ավելի փոքր, բայց նաեւ անհավանական երկար տեքստերը երեխաները անգիր գիտեին, արսասանում էին բանաստեղծություններ,  երգում էին, գեղեցիկ նկարում:

Նաեւ դաշնամուրի կատարումներում առաջընթաց կար:

Վերջապես ուրախ մթնոլորտին ուժ հաղորդելու համար բոլորը պարի հրավիրեցին։

Հավաստագրերի հանձնումից հետո ուսուցիչներին ևս գեղեցիկ ծաղկեփնջեր հասան։

Ավանդական այս արարողությունն ավարտվում է սրտից բխող գեղեցիկ «Էրեբունի-Երևան» երգի կատարումով:

Հարգանքի տուրք` երեխաներին

Հարգանքի տուրք` գերազանց ուսուցիչներին, առանց որոնց ոչինչ հնարավոր չէ!

Հարգանքի տուրք` այն ծնողներին, ովքեր հավատարմորեն իրենց երեխաներին ամեն շաբաթ բերում են դասերի:

Հարգանքի տուրք` նաեւ Աբովյանի կամավորներին, ովքեր ջերմ ընդունելություն են ցուցաբերում ակումբի յուրաքանչյուր այցին:

Ինգա Դրոստ

Wat hebben we zondag genoten, bij de presentatie van onze jongste leerlingen! We vierden op deze “ALFABET DAG”, dat zij het Armeense alfabet kenden en konden lezen en schrijven. Daarvoor kregen ze ook een mooi certificaat van de Vereniging Abovian. Vanuit de Armeense Ambassade woonden Vrezh Madoyan en zijn gezin het gebeuren bij. Kleinere, maar ook onwaarschijnlijk lange teksten kenden kinderen uit hun hoofd, tot onze trots. Zowel gedichten als liedjes, op de foto’s maar een kleine greep hieruit. Ook de vorderingen op de piano werden niet vergeten. Tenslotte werden we, om de blije sfeer kracht bij te zetten, ook nog op dans getrakteerd. Na de uitreiking van de certificaten werden de leerkrachten in het zonnetje gezet met een fraai boeket bloemen. Traditiegetrouw werd, de bijeenkomst spontaan afgesloten met samenzang, uit volle borst, van het prachtige Jerevan-Erebuni. Hulde aan de kinderen! Hulde aan de voortreffelijke leerkrachten, zonder wie er niets mogelijk is! Hulde aan de ouders, die trouw hun kinderen elke week naar de lessen brengen! Hulde ook aan de vrijwilligers van Abovian, die zorgen voor een warm welkom bij elk bezoek aan de club!














Friday, 8 March 2024

Նարեկ Մանուկյանը Մաստրիխտի համալսարանում պաշտպանեց բժշկագիտության դոկտորի թեզը

 Ուրախալի լուր

 Armeense Stichting Ani համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը ուրախալի լուր հայտնեց։ Համայնքի անդամ Նարեկ Մանուկյանը առողջապահության, բժշկության և կենսագիտության ոլորտում Մաստրիխտի համալսարանում  պաշտպանեց գիտական երկրորդ թեզը` կապված ուղեղի անոթների հիվանդություններին առնչվող խնդիրներին, ստանալով բժշկագիտության դոկտորի կոչում։ 

Նիդերլանդական օրագիրը շնորհավորում է Անի հայ համայնքին, անձամբ` Նարեկին նման բարձր հաջողության հասնելու համար։

Կեցցե՛ս Նարեկ



MAASTRICHT UNIVERSITY
Phd Defence Narek Manukjan,   
who will defend the thesis in the Faculty of Health, Medicine and Life-Sciences and as a Double Doctoral Degree University of Birmingham and Maastricht University, at Maastricht University, with the title:

Սեմինար-դասախոսություն ԵՊՀ-ում՝ ինքնության փոխակերպումների միտումները գլոբալ աշխարհում


2024թ․մարտի 6-ին ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 422 լսարանում տեղի ունեցավ սեմինար-դասախոսություն Tendencies Of Identity Transformations In The Global World Or Reinvention Of Persons Or Nations/ Ինքնության փոխակերպումների միտումները գլոբալ աշխարհում կամ անձի կամ ազգի վերակերտումը թեմայով՝ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ։
Սեմինար-դասախոսությունը վարում էր ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․, Նաիրա Գասպարյանը։
Միջոցառումը կազմակերվել էր ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ։ Մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմը, մագիստրոսները, բակալավրի ծրագրով սովորող ուսանողական խմբեր, հյուրեր այլ ֆակուլտետներից։
Տեխնիկական միջոցների կիրառմամբ ներկայացվեցին համահարթեցման արդի դարաշրջանում տեղի ունեցող արհավիրքների արդյունքում (թագաժահրի, պատերազմների, երբ առկա են հսկայական մարդկային կորուստներ, ունեցվածքի ամբողջական կամ մասնակի կորուստներ, ընտանիքի կազմի փոփոխություններ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած աղետներից հետո ու աշխատանքի փնտրուքի նպատակով բնակչության տեղաշարժերի հետևանքով առաջացած հետտրավմատիկ սթրեսային համախտանիշից տառապանք, որի բուժման համար ահռելի երկար ու կյանքի համար հանգիստ, առանց ծայրահեղ հուզական վիճակի պայմաններ են հարկավոր) առաջացել են միտումներ, որոնք տանում են անձի և ազգային ինքնության փոխակերպումների՝ հանգեցնելով նոր ինքնությունների ձևավորման։ Անցումները ցավոտ են և տեղի են ունենում փուլային մակարդակով։ Դասախոսության ընթացքում ներկայացվեցին և լուսաբանվեցին են այդ փոխակերպումներին առնչվող լեզվական բառամիավորները, որոնք հատուկ են փուլերից յուրաքանչյուրին, նաև այն նորաբանություն հանդիսացող և կայացման շրջանում գտնվող բառապաշարը, որոնք բնութագրական են ինքնությանը վերաբերող երևույթներին։ Քննարկվեցին այնպիսի եզրույթներ և դրանց հարաբերակցություններ, ինչպիսիք են՝ Global, European, Transnational, Posthuman Postmodern identities, Community trauma, Culture trauma, Common/shared trauma, Historic mourning, a new self recovery strategy, types and mechanisms of and approaches towards coping, resilience, molting self-restoration, self-reconstructing, clinging to losses, transition, re-incorporation – a new identity և այլն։ Հատուկ ուշադրություն դարձվեց այնպիսի հեղինակների ազգային ինքնությանն առնչվող ձևակերպումների, որոնք գլոբալ դարաշրջանում կրում են յուրահատուկ գլոբալ փիլիսոփայության հիմքը, եղան բառամիավորների և կոնցեպտների մեկնաբանություններ։ Լուսաբանվեցին եվրոպական ինքնության յուրահատկությունները ազգային և գլոբալ ինքնության տիրույթում, քննարկվեցին Ֆրենսիս Ֆոկույամայի ազգային ինքնության առաջընթացի կանգին վերաբերող դրույթներ, որի արդյունքում հնարավոր է ոչ միայն ազգի զարգացման ետընթաց այլև քաղաքացիական պատերազմ։ Լուսաբանման արժանացան ոչ միայն իբրև նորաբանություն ներկայացվող եզրույթներ ու կոնցեպտներ այլև սպառիչ բացատրություն և մեկնաբանություն ստացան դրանց միջոցով ներկայացվող արտալեզվական հիմք երևույթները՝ առանց որոնց հնարավոր չէ հասկանալ գլոբալ զարգացման միտումներն ու նոր ինքնությունների առաջացման մեխանիզմները։ Հստակեցվեցին դեմոգրաֆիկ փոփոխություններին, բնակչության տեղաշարժերին առնչվող արտալեզվական հիմքով պայմանավորված լեզվական միավորները։ Ուշադրություն հրավիրվեց նաև առկա ԳԵՆԴԵՐ և ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, ԳԵՆԴԵՌԱՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ /genderqueer, ԻՆՏԵՐՍԵՔՍ նորաստեղծ անգլերեն բառապաշարին, երբ առկա անձնական դերանուններն այլևս չեն բավարարում երևույթների բնութագրման համար և ստեղծվում են նոր դերանուններ, որոնց կիրառմամբ կարելի է խուսափել սեռի հիշատակումից, քանզի դրանք սեռատարբերակիչ չեն։ Նյութի քննարկումն ու առաջադրված հարցերի լուսաբանումը մասնակիցներին օգնեցին հասկանալ այն առանցքային լեզվական նոր խնդիրները, որոնց ուսումնասիրությունն անհնար է առանց արտալեզվական հիմքի հստակ ընկալման։ Նշենք, որ հատուկ ուշադրություն դարձվեց Էնթընի Սմիթի կողմից առաջ քաշված էթնիկ և ազգային մեկնաբանության խնդիրներին, լուսաբանվեց այն դրույթը, որ համահարթեցման և ՆՈՐ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ պարագայում արդիական են՝ օրինակ, երբ արտաքին մշակութային խթաններն ու շփումները թարմացնում են էթնիկական ինքնության զգացումը ընտրովի մշակութային յուրացման միջոցով, հարցեր, որոնց անդրադառնում է Սմիթը իր աշխատություններում։ Նշվեց նաև, որ ցանկության դեպքում, Սմիթի կարևորագույն աշխատություններին կարելի է ծանոթանալ ոչ միայն համացանցում այլև ԵՊՀ ֆոնդերում և ընթերցասրահներում։ ՆՈՐ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ առնչությամբ ներկայացվեց Եվրամիության դերը, երբ ՆՈՐ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ գաղափարի ներդրմամբ, ըստ ԵՄ փաստաթղթերի դրույթների, պետք է ապահովվեն ժողովրդավարության պրակտիկ դրսևորումներ և կայուն խաղաղություն՝ վերազգային զարգացումների հարցում։ Ուսանողների շրջանում հետաքրքրություն առաջացավ ՀԵՏՄԱՐԴԿԱՅԻՆ/posthuman, տեխնոլոգիաներից կախված, կամ դրանց սերտաճած ինքնության քննության հարցը, երբ սովորական պայմաններում ընդամենը 20 րոպեով սոցիալական ցանցերի անջատումը հասուն գիտակից մարդկանց շրջանում առաջացնում է խուճապ․․․ Մեծ զարմանք և հետաքրքրություն առաջացավ, երբ դասախոսողը անդրադարձավ Կառլո Լիվայսի ՀԱՅՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ/ paternalistic rule կանոնի մեկնաբանությանը։ Ունկնդրին ծանոթ էր paternity test բառակապակցությունը, սակայն ոչ ոք չէր պատկեացնում նման ՀԱՅՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ կանոնի գոյություն՝ երբ կարելի է միջամտել ազգի կամ պետության ազատությանը նրան օգնելու նպատակով, առաջնորդվելով՝ <<ձեր լավ լինելու համար>> մոտեցմամբ։ Հիշատակվեցին դեպքեր, երբ ազգաբնակչությունը, օրինակ, հարց է առաջ քաշում, թե ո՞րն է օտար պետության մեզ օգնելու նպատակը։ Դասախոսության ընթացքում հսկայական հետաքրքրություն դրսևորվեց, ոչ միայն թագաժահրի, քովիդի, պատերազմների, տարբեր աղետների հետևանքով բնակչության տեղաշարժերից առաջացած իրողությունների և այդ հիմքի վրա ստեղծված նորաբանությունների կամ եղած բառամիավորների նոր իմաստային ձեռքբերումների վերաբերյալ այլև այն բառային միավորների բազմության, որոնցով բնութագրվում են նոր ինքնության ստեղծման Ջեննեփի 1960 թ․ հին մոդելը և Ֆոլկմանի 1986 թ․ զարգացրած նոր մոդելը, որտեղ ավելացված ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ/ coping, ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ/ resilience, ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԵԼ / molting նոր կիրառում և բովանդակություն ձեռք բերած բառային միավոր եզրույթները լիովին բացահայտում են մոդելի իմաստը։ Առանցքային միավորը, որին ուղղված էր եզրութաբանության քննարկումը ՆՈՐ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՍՏԵՂԾՈՒՄ / re-incorporation ՝ նոր ինքնություն եզրույթն էր, որը նշված բազմաթիվ աղետաբեր երևույթների արդյունք նորի հիմքն է։
Այսպիսով՝ համահարթեցման դարաշրջանի փոփոխությունների համատեքստում աղետներն անխուսափելիորեն տանում են մի շրջանի ավարտի և մի այլ շրջանի սկզբի ազդարարման, որի մասին խոսել առանց բնութագրող եզրութաբանության հնարավոր չէ, ինչպես նաև հնարավոր չէ անտեսել ինքնության փոփոխակերպումների միտումները համահարթեցման իրողությունների շրջանակում, որը նշված եզրութաբանության արտալեզվական հիմքն է։

ԵՊՀ լրատվության համար նյութը ներկայացրեց ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյանը։
Ֆոտո նկարները՝ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ Մարիամ Խաժակյանի, գրասենյակի աշխատակից Տաթևիկ Ռաֆյանի։

Երգերի կատարումներ

 


«Ով սիրուն, սիրունը» Հայկ Կասպարովի և 17-ամյա շնորհաշատ Մարիա Պետրոսյանի կատարմամբ:




Armeense Stichting Ani համայնքից հայտնում են, որ
Emilie Sargsyan-ը Լիմբուրգի հայ համայնքից է : Սկսնակ երգչուհին  Յութուբյան իր ալիքով հանդես է եկել  «Կաս Դու Կամ Ես» երգով:




Wednesday, 6 March 2024

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը սեպտեմբերի 17-20-ին


Այս տարի՝ սեպտեմբերի 17-20-ը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը:

Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների:

Գագաթնաժողովի ուղղությունները

  1. Հայաստանի ազգային անվտանգությունը և սփյուռքի անվտանգային բաղադրիչները
  2. Հայրենիքի կայուն զարգացումը և սփյուռքի ներգրավվածությունը զարգացման բոլոր գործընթացներում
  3. Հայ համայնքների խնդիրների վերհանումը 
  4. Հայրենադարձությունը՝ որպես երկկողմ հնարավորություն

Հետադարձ հայացք Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2022 թվականին առաջին անգամ Երևանում անցկացրեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին մասնակցություն ունեցան 600-ից ավելի մասնակիցներ 50-ից ավելի երկրներից և 130 բանախոսներ 15 երկրներից:

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվեց համահայկական նշանակության հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում բարձրաձայնված առաջարկները և հարցադրումները հիմք հանդիսացան Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարարության մշակման համար:

Friday, 1 March 2024

Գովազդ «Նիդերլանդական Օրագրում»



ԳՈՎԱԶԴ ԵՎ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ

✍️Գովազդատուի կողմից պատրաստի նյութի տրամադրում և տեղադրում` 
1 անգամյա - 100 Euro
2 անգամ - 175 Euro
3 անգամ - 225 Euro
4 անգամ - 250 Euro
5 անգամ - 275 Euro (և այդպես +25-ական Եվրո)

🎥✍️Միջոցառումներ և հայտարարություններ

-Պատվիրատուն մեզ է տրամադրում միջոցառման լուսանկարներ, կամ տեսաերիզ, ինֆորմացիա դրանց մասին և մենք դա կազմում ենք 300 Euro
2 անգամյա` - 350 Euro
3 անգամ - 375 Euro (և այդպես +25-ական Եվրո)

-Նիդ.Օրագրի թղթակցի ներկայություն, լուսանկարում, տեսանկարահանում: Պատվիրատուին տրամադրում է լուսանկարներ, հրապարակվում է Նիդ.Օրագրի կայքում և ֆեյսբուքյան էջերում, հղումները տրամադրվում է պատվիրատուին - 400 Euro

🚩Գովազդային ցուցապաստառի ու ինֆորմացիայի տեղադրում Նիդ.օրագրի գլխամասում` հողմաղացների նկարի փոխարեն:
1 օր-  միայն ցուցապաստառով 250 Euro, ինֆորմացիայով` 300
2 օր- միայն ցուցապաստառով 400 Euro, ինֆորմացիայով`425 Euro
3 օր-500 Euro (հաջորդ օրերի համար +50-ական Եվրո`ոչ ավել քան յոթ օր)

🚩ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լրացուցիչ
Գովազդային նյութերի ամրացում առաջին էջի տեսանելի հատվածում` սկսած հաջորդ օրվանից +15-ական Եվրո:

Գովազդային նյութերի (հնարավոր է մեր կողմից մշակած տարբերակով) տեղադրում նաև կայքում +50 Եվրո:

Ծանուցում`
✅ «Նիդերլանդական Օրագիրը» ֆինանսապես գործում է Stichting Bright Future-ի ներքո։  Բոլոր փոխանցումներն արվում են վերջինիս հաշվեհամարին:
----
info@brightfuturenl.com