The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 26 April 2019

Հիշում ենք և պահանջում

 Հայոց Ցեղասպանության 104-ամյակի թեմայով մանուկների կատարած այս Երգը միանգամից սիրվեց մեծերի և երեխաների կողմից:
Երգի նրանց այս հուզիչ կատարումը արժե հավանել ու տարածել մեր բոլորի կողմից:
Այն հնչում է ամենուր`տներում, դպրոցներում, տարբեր միջոցառումների ժամանակ ու...Մարդկանց սրտերում:
Երգի հեղինակն է ուսուցիչ, «Մանուկների Մոլորակ» կենտրոնի ղեկավար, մանկական երգերի հեղինակ Զառա Սարիբեկյանը: «Հիշում ենք և պահանջում» երգը ստեղծվել է Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ: Այդ տարի որոշվեց, որ որպես խորհրդանիշ պետք է լինի անմոռուկը: Այդ պատճառով էլ երգի հիմնական գաղափարը կառուցվել է հենց այդ խորհրդանշի շուրջ: Երգը կատարում են «Մանուկների Մոլորակ»- ի սաները: Երգի հիմնական ասելիքն այն է, որ հայը պետք է դադարի լաց լինլուց ու սգալուց: Հայն այլևս վերածնվել է ու հենց այս սերունդն է, որ ստիպելու է ու պահանջելու է հատուցում:
ՈՒշադիր լսեք կրկներգը, որտեղ ասվում է` «Բայց մենք կանք` մի նոր կյանք, ու չենք նահանջում: Մենք ենք տերը մեր երկրի , հիշում ենք ու պահանջում»:
 Զառա Սարիբեկյան- Մանուկների Մոլորակ



Երգը տեղադրված է նաև Յութուբում և մեկ օրում 10.000-ից ավելի մարդ է դիտել.
https://www.youtube.com/watch?v=XsGYVXopDIM


Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Բալայանը այցելել է Մաաստրիխտ

Ապրիլի 25-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Մաաստրիխտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Անմարի Պեն-տե Ստրակեի (Annemarie Penn-te Strake) հետ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ԱԳ նախարարության և դեսպանության կայքերը:  Ավելի վաղ`  դեսպան Տիգրան  Բալայանի ֆեյսբուքյան էջին հղում կատարելով, այդ մասին հակիրճ հայտնել էր «Նիդերլանդական օրագիրը»:



 Դեսպան Բալայանը քաղաքապետ Պեն-տե-Ստրակեին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։

Մաաստրիխտի քաղաքապետը նշեց, որ իր ղեկավարած քաղաքը պատմականորեն կապված է Հայաստանի և հայ ժողովրդի հետ, քանի որ քաղաքի հովանավորն է համարվում հայազգի Սուրբ Սերվանտիուսը, ում անունն է կրում քաղաքի գլխավոր վանքերից մեկը։ Անմարի Պեն-տե Ստրակեն բարձր գնահատեց Մաաստրիխտի հայ համայնքի կարևոր ներգրավվածությունը և օրինակելի դերակատարությունը քաղաքի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում։ Այս համատեքստում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ մշտական ուշադրության, նրանց ազգային ինքնության պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծման և նրանց նախաձեռնություններին աջակցության համար։



Այնուհետև դեսպան Բալայանը հանդիպեց Մաաստրիխտի համալսարանի ռեկտոր Ռիան Լետշերտի (Rianne Letschert) հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին գիտակրթական բնագավառում Մաաստրիխտի համալսարանի և հայաստանյան բուհերի միջև համագործակցության ուղիների շուրջ։ Հայաստանի դեսպանն ու Մաաստրիխտի համալսարանի ռեկտորն անդրադարձան ցեղասպանագիտության ոլորտում փոխգործակցության հաստատմանը։ Այս առումով Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն հանդիսացող կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ գործադրվող ջանքերը, միջազգային ասպարեզում առաջնորդող դերակատարությունը։

ՀՀ դեսպանը Մաաստրիխտի համալսարանի գրադարանին նվիրեց շուրջ երկու տասնյակ գրքեր՝ Հայաստանի պատմության, հայկական մշակութային ժառանգության մասին։
Ինչպես  Մաստրիխտից հայ  համայնքից Նիդերլանդական օրագրին տեղեկացրեցին, նույն օրը Տիգրան Բալայանը Մաաստրիխտի Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցում կարճ ժամանակով հանդիպեց քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


ԱՆԻ  հայ  համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը դեսպանին է հանձնել Մաստրիխտում լույս  տեսած  2017-2018 թթ նշանավոր իրադարձությունների Տարեգիրքը:  Նման տարեգիրքը Լիմբուրգի նահանգում հրատարակվում է արդեն 62 տարի և վստահություն է վայելում ընթերցողների  շրջանում: Այս տարվա տարեգրքում, որ  աչքի է ընկնում մշակութային թեմատիկայով, ընդգրկված են հայ համայնքին  ու եկեղեցուն նվիրված հոդվածներ:
Հիշեցնենք, որ նախորդ օրը դեսպանը եղել էր Նիդերլանդների  մի շարք բնակավայրերում և մասնակցել Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին:
Նույն օրը դեսպանը մեկնել է  նստավայր` Դեն Հաագ:


Thursday, 25 April 2019

Նիդերլանդների տարբեր քաղաքներում հարգանքի տուրք է մատուցվել Ցեղասպանության անմեղ զոհերին


 Ալմելո
Շարունակում ենք  Հայոց Ցեղասպանության միջոցառումներին նվիրված տեղեկություններ  ստանալ Նիդերլանդների  տարբեր  բնակավայրերից:
Մաստրիխտում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունն սկսվեց երեկոյան ժամը 18-ին: Թեև անձրևին Սուրբ Կարապետ եկեղեցուց (Potterieplein 50, 6216 VB Maastricht) տեղի ունեցավ քայլերթ դեպի Սուրբ Սերվանտիուսի տաճարի մոտ տեղադրված հայկական խաչքար: Աղոթքից և լռության րոպեից հետո հայկական դրոշը  խոնարհվեց  անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրվեցին խաչքարի պատվանդանին:

 Մաստրիխտ
Մինչև ամսվա վերջ շարունակվելու են ոգեկոչման արարողությունները, մասնավորապես երիտասարդական կազմակերպությունը քաղաքի փողոցներով ջահերով երթ է անելու, կինոթատրոններում ցուցադրվելու են ցեղասպանության թեմաներով ֆիլմեր,  անց են կացվելու ցերեկույթներ:


Ալմելո
Հայաշատ ամենամեծ քաղաքում Ալմելոյում ևս բուն միջոցառումը երեկոյան է տեղի ունեցել: Մեծ թվով մարդիկ էին եկել իրենց խոնարհումի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի Եվրոպայում ամենամեծ հուշհամալիր, որոնց թվում Ալմելոյի քաղաքապետ  Eugène Van Mierlo-ն, Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (ի դեպ դեսպանը մասնակցել է նաև Ամստերդամում և Ասենում տեղի ունեցած ոգեկոչման արարողություններին), Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, գերաշնորհ Խաժակ Պարսամյանը, քույր եկեղեցիների առաջնորդներ, Նահանգային ու տեղական խորհրդի պատգամավորներ,այլ հյուրեր: Նախօրեին Ալմելոյի փողոցներով հայ երիտասարդները ջահերով երթ էին  կազմակերպել:


 Ամստերդամ

Արդեն  իսկ անդրադարձել ենք Ամստերդամում և Ասենում տեղի  ունեցած ոգեկոչման արարողություններին: Տեղական մամուլը մեծ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ առաջին անգամ այս տարի հայ,թուրք, արամեացի, ասորի և քուրդ երիտասարդները միասին ծաղիկներ են խոնարհել  Նիդերլանդներում տեղադրված ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձաններին:




Ասեն 


Երիտասարդ թուրք պատմաբանը հակառակ իր սպասածի ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակին:


Տայֆուն Բալչիկը
Մասնավորապես Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների (SAO) նախաձեռնությամբ Ասենում՝  տեղի ունեցած Նիդերլանդներում առաջին Հայոց ցեղասպանության խաչքար-հուշարձան է այցելել և իր հայ ու քուրդ ընկերների հետ ծաղկեպսակ է զետեղել երիտասարդ նիդերլանդացի թուրք պատմաբան Տայֆուն Բալչիկը: Նրա  գիտական թեզը` գրված դեռ տաս տարի առաջ, նվիրված է եղել  Հայոց ցեղասպանությանը: Այդ թեզը «բացել են նրա աչքերը»: Նա թուրքական ազգայնական միջավայրից էր և կարծում էր, որ իր թեզով պատմելու է   ցեղասպանության ժխտման մասին պատմությունը:
 Բայց, երբ Բալչիկը խորը ուսումնասիրություններ է կատարել` փոխվել է նրա դիրքորոշումը: «Ես կարդացի ավելի ու ավելի շատ աղբյուրներ, և արդյունքում հակառակ պատկեր  ստացա, քանի որ ես շատ ազգայնական ձեւով եմ մեծացել,  ինձ համար ինքնության ճանաչման ճգնաժամ ստեղծվեց, բայց ճշմարտությունն ավելին էր ու հանկարծ սկսեցի պաշտպանել թշնամու պատմությունը»-ասել է նա:

Ասեն 
«Նիդերլանդական օրագրին» տված հարցազրույցում, պատմաբանը բացատրեց, որԹուրքիան այսօր  ցեղասպանություն բառը իր հասցեին սադրանք է ընդունում: Թուրքական կառավարության պաշտոնական տեսակետը նա է, որ տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ և շատերն են  զոհվել, այդ պատճառով առանձնացնել հայ քրիստոնյաներին`նրանց համար ընտրողական տեսակետ է:
Նիդերլանդների հանրային հեռուստատեսության ծրագրերից մեկին էլ տված հարցազրույցում Բալչիկն ասել է. «Հայոց ցեղասպանության ժխտումը կոլեկտիվ թուրքական ինքնության մի մասն է, որը շատ քիչ տեղ է թողնում  այն թուրքերին, որոնք  ցանկանում են ճանաչել Ցեղասպանությունը, բայց չեն ուզում դավաճանել իրենց ընտանիքին»:
 «Ծաղկեպսակ դնելը առաջին քայլն է, մենք իսկապես երկխոսության սկզբին ենք»- գտնում է երիտասարդ թուրք պատմաբանը և ավելացնում.
«Կան բազմաթիվ թուրք հոլանդացիներ, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, բայց  դեռեւս չեն համարձակվում դա անել հասարակության մեջ: Այլևս չպետք է լինի կոլեկտիվ ժխտում, այլ կոլեկտիվ ճանաչում»:



Նիդերլանդների պատգամավորը Ցեղասպանության թեմայով շապիկ է կրել ու այն մեկնաբանել են



Մեկ այլ Հետաքրքիր նախաձեռնություն են հանդես բերել Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներից` Բարեփոխված քաղաքական կուսակցության (SGP) ղեկավար, խորհրդարանական խմբակցության նախագահ Կես վան դեր Ստայը (Kees van der Staaij)և նախկին դատախազ, ներկայումս արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող Ազատություն կուսակցությունից Ռայմոնդ դը Ռունը ((Raymond de Roon (PVV) : Վերջինս Հայոց Ցեղասպանության թեման արտացոլող շապիկ էր հագել և միասին մեկնաբանում էին 1915թ. իրադարձությունները`ճանաչելով ու դատապարտելով ոճրագործությունը: Կադրերում երևում են` թե ինչպես Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու խաչքարին ծաղկեպսակ են դնում Գրիգոր Նարեկացի հիմնադրամի անդամներն  ու Հայաստանի Հանրապետության դեսպանը : Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանը երկու անգամ (վերջինը`2018թ) ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Տեսաերիզը տեղադրել է tpo.nl կայքը , մեկնաբանելով, որ չորեքշաբթի միջազգային մակարդակով նշվել է հայերի ցեղասպանությունը (1915 թ.): Այն անցյալ տարի չի ճանաչել ազգությամբ թուրք պատգամավորներ ունեցող ԴԵՆԿ կուսակցությունը,  իսկ կառավարությունը նախընտրում է օգտագործել «Հայոց ցեղասպանության հարցի» եզրույթը: Ցեղասպանության ճանաչումը դեռեւս զգայուն է թուրքերի հետ,-գրել է կայքը:

Nid.Oragir




-----------------------------------------------------------------

Նիդերլանդներում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Նիդերլանդների տարբեր բնակավայրերում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ։
Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ առաքելական եկեղեցու մոտ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցած արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Նիդերլանդների օրենսդիր մարմնում ներկայացված տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ Սադեթ Քարաբուլութը (Sadet Karabulut), Ջոել Վորդևինդը (Joel Voordewind), Կեես վան դեր Ստայը (Kees van der Staaij), Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ։
Ասենում կայացած հիշատակի արարողությանը հայ, թուրք և քուրդ երիտասարդները համատեղ ծաղկեպսակ զետեղեցին Եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։ Այնուհետև, սգո հավաքին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը (Inge Drost), Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, Ասենի քաղաքային վարչության անդամ տիկին Յաննա Բոյ-Վենակամպը (Janna Booij-Venekamp) և Հայոց ցեղասպանության պատմության հետազոտող-ուսուցիչ Դիրք Ռոդզանտը (Dirk Roodzant)։
Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կայացած ոգեկոչման արարողությանը նախորդեց Արևմտյան Եվրոպայում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից մատուցված Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը, որին ներկա էին դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը (Arjen Gerritsen) Օվերայսելի նահանգային և Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամներ, ասորական և ղպտիական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Այնուհետև, Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ Նիդերլանդների և Հայաստանի օրհներգերի կատարումից հետո, տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու միջոցառումների սրահում կայացած ոգեկոչման երեկոյին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը, եկեղեցական խորհրդի նախագահ Օնիկ Գելիջյանը, հայկական մշակույթը ներկայացնող կատարումներով հանդես եկան եկեղեցուն կից գործող մշակութային խմբակները։

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են հոլանդական մամուլում։

Tuesday, 23 April 2019

Հոլանդահայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել է Նիդերլանդների կառավարությանը


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի կենտրոնական հրապարակում` խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել է հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ից, հանրահավաքին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդերլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։




Ցուցարարները Հայոց ցեղասպանության ճանաչման հանրագիր են հանձնել Նիդերլանդների կառավարությանը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ 2018-ին համարյա միաձայն ընդունել է խորհրդարանը։
Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն՝ հանգարկելով ցեղասպանության ճանաչման մասին։ Դեսպանատան մոտ ցուցարարների ներկայացուցիչները Թուրքիայի դեսպանին հասցեագրված նամակ են նետել դեսպանատան փոստարկղի մեջ։ Նամակում ասված է, որ Թուրքիան չպետք է թաքցնի իր պատմության սև էջերը և պետք է համարձակություն ունենա ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը կնպաստի նոր սերնդի առողջ դաստիարակմանը և հայերի հետ հաշտեցմանը և, վերջապես, մերձեցմանը։

Ապրիլի 24-ին Ասեն քաղաքում տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ Ոգեկոչման արարողության ժամանակ Մեծ Եղեռնի հուշարձանին միասնական ծաղկեպսակ կդնեն հայ, թուրք և քուրդ երիտասարդները։ Հոլանդական լրատվական գործակալությունը (ANP) մամուլի հաղորդագրություն է տարածել այս միջոցառումների մասին




Մեր թղթ.DarioCrameri -ի հարցերին պատասխանում են Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին


Թումանյանական ու կոմիտասյան տարի է  2019թվականը: Շատերը գիտեն, որ մեծն ու անմահ Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյարներն են: Այն ներառվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում:  Քչերն են սակայն ճանաչում նրաց ժամանակակցին ու համախոհին` Վարդապետ Սահակ Ամատունուն, ում դին հանգչում է հանրահայտ Օշական գյուղում: Հունվարի 22-ին արդեն իսկ լրացել է հմուտ մանկավարժի ու բանասերի` Սահակ Ամատունու ծննդյան 163-րդ ամյակը:
Երկու մեծերի Թումանյանի և Կոմիտասի հետ անմիջական ջերմ հարաբերություններ է ունեցել Սահակ Ամատունին: Եթե Թումանյանի հետ հայտնի է նրանց անկեղծ ու ջերմ շնչով գրված նամակները, գրական հարցերի շուրջ քննարկումները, ապա Կոմիտասին անձամբ է դասավանդել Սահակ Ամատունին: Ապագա մեծ երգահանը 1885-86թթ նստել է Սահակ Ամատունու դասարանում: Կոմիտասի հետագա ծավալած գործունեությունը` Սահակ Վարդապետի թողած գործի անմիջական աշխատանքի շարունակությունն է եղել:

Մեծն Հովհաննես Թումանյանի ուշադրությունից չի վրիպել Սահակ Ամատունու նոր աշխատությունը: 1912թ. հունիսի 28-ի նամակում ահա թե ինչպես է նա արձագանքել.
«Բարձրապատիվ Սահակ հայր սուրբ, ինձ են հասել Ձեր ուղարկած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» գիրքը և Ձեր խնդակցությունը իմ ազատվելու առթիվ: Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր բարեկամական ազնիվ զգացմունքի համար և շատ եմ ուրախանում, տեսնելով Ձեր նորանոր գեղեցիկ գրական աշխատությունները, անհամբեր սպասում եմ «Բառ ու բանին»: Էջմիածինը որքան կարևոր լինի իր վարչական նշանակությամբ, ավելի սիրելի է դառնալու երբ գրական ու գիտական գործերը ճոխանան ու հաճախանան նրա պարիսպների մեջ, և ինձ համար էդ տեսակի գործերն ու գործիչները միշտ մնալու են ավելի թանկ ու սիրելի, քան ամեն տեսակի պաշտոնյաներ: Ցանկանալով հաջողություն առողջություն ջերմ բարևներով մնամ միշտ Ձեր բարեկամը Հովհ.Թումանյան»:

Առավել բարձր գնահատական է տվել ամենայն հայոց բանաստեղծը 1912 թ Սահակ Ամատունու հրապարակած «Հայոց բառ ու բան» աշխատությանը, Թումանյանը գրել է. «Սահակ հայր սուրբ, ստացել եմ Ձեր «Բառ ու բան» գեղեցիկ աշխատությունը և շնորհակալ եմ, որքան իբրև մի բարեկամ՝ հազար անգամ ավելի իբրև գրական մարդ: Առանց էդ տեսակ աշխատանքների անկարելի է ստեղծել մեր գրական լեզուն: Նոր կյանքի ու նոր ազդեցությունների պատճառով շատ արագ կերպով կորչում են էդ ամեն բառ ու բաները, և ով նրանց փրկի կորուստից ու մահից, նրանց հետ միասին կանմահացնի իրեն: Դուք սրանով անմահացնում եք ձեզ...»:
Ավելի վաղ Թումանյանը իր ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔ հոդվածում այս գրքի մասին հետևյալն է հայտնել.

Սահակ վարդապետ Ամատունին արդեն տպագրում է (Ղուկասյան ֆոնդի հաշվով) իր «Բառ ու բան» խոշոր աշխատությունը, որի մեջ հավաքված են մեր կենդանի բարբառներից ու գրականությունից այն բոլոր ոճերն ու բառերը, որ չկան Հայկազյան բառարանում։

Ավելի ուշ` եղեռնի տարիներին Թումանյանը գործունեություն է ծավալել ոչ միայն Սահակ Ամատունու հետ, այլ նաև հասարակական գործիչ Գրիգոր Վարդանյանի (հետագայում ՀՕԿ-ի նախագահ), Վարդգես Ահարոնյանի, Էջմիածնի դիվանապետ, Փախստականներին օգնող կենտրոնական կոմիտեի Էջմիածնի ներկայացուցիչ Բագրատ վարդապետ Վարդազարյանի, Թումանյանի՝ Ներսիսյան դպրոցի դասընկերներից, Էջմիածնի միաբաններից Արսեն Ղլտճյանի, Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի, միաբաններ Գալուստ Տեր-Մկրտչյանի, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի, Աշոտ Աթանասյանի, Նիկողայոս Ադոնցի և այլոց հետ։

Սահակ Ամատունու մասին` Ամատունիներին նվիրված նախագծի շրջանակներում, բացառիկ ու հետաքրքիր նյութն ամբողջությամբ կարող եք գտնել` այստեղ
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html

_________________


Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝  «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում


«Նիդերլանդական օրագրի» Ամատունիների իշխանական տոհմի մասին  նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել Նիկոդիմոս Ամատունու* մասին (Աստղանիշերով բառերի բացատրությունը դիտել ներքևում,-ծանոթ.`Նիդ.Օրագիր): Նրա ծննդյան 160-ամյակը լրանում է այս  տարվա մայիսի երեքին:Գրեթե անհնար է  ընդգրկել այն դիապազոնը, որտեղ հասցրել է լինել,  շփվել  ու  մտերիմ հարաբերություններ  հաստատել Նիկոդիմոս Ամատունին:  ՈՒսանողական ու աշխատանքային տարիներին նա հասցնում է ծանոթանալ ու մտերմանալ իր շրջապատի  ակնառու գրեթե բոլոր մտավորականներին, պետական ու քաղաքական գործիչներին՝  որոնց թվում բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի, իրավաբան, ակադեմիկոս Անատոլի Կոնիի, գրողներ Մաքսիմ Գորկու, Լև Տոլստոյի, Ի.Ս. Տուրգենևի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ն.Ա. Նեկրասովի, Վ.Գ. Կորոլենկոյի, Վլադիմիր Սոլովյովի,պատմաբան, ճանապարհորդ, ազգագրագետ Պավել Ռովինսկու ու էլի  շատերի հետ: Հասարակական, քաղաքական, մշակութային շատ գործիչներ` ինչպիսիք են ակադեմիկոս Վերնադսկին, ռազմական գործիչ Վրանգելը, իշխանուհի Մարիա  Տենիշևան, գրող արվեստաբան Օլգա Բազանկուրը և շատերն իրենց հուշերում և օրագրերում  բավական դրական կերպով են հիշատակել  իրենց ժամանակակցի` Նիկոդիմոս Ամատունու անունը: Առաջիկայում կանդրադառնանք Նիկոդիմոս Ամատունու Հայաստանի հետ ունեցած կապի  մասին, իսկ այժմ` Ամատունին, հայտնի  նկարիչ Բենուայի (Алекса́ндр Никола́евич Бенуа́) հիշողություններում:



Ի համալրումը Բենուայի** կենսագրության, պակաս արժեքավոր չէ նրա «իմ հիշողությունները» ինքնակենսագրականը: Այն 2 հատորով, ըստ երևույթին առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականին Նյու-Յորքում՝ «Նկարչի կյանքը: Հիշողություններ» (Жизнь художника. Воспоминания) վերնագրով: Արդեն «Իմ հիշողությունները» վերնագրով, ավելի ուշ այն լույս է տեսել Ռուսաստանում: Սա Բենուայի մասին մի ամբողջական ինքնակենսագրական է ՝ սկսած նրա մանկությունից ու պատանեկությունից մինչև  մարդ-արվեստագետ ձևավորվելը:
Այս ինքնակենսագրականում մեզ անշուշտ հետաքրքիր է այն պատահական դիպվածը, թե ինչպես է Բենուան հանդիպել և իշխան Նիկոդիմոս Ամատունուց խնդրել ստորագրություն դնել գերմանական Մայնինգենի հանրահայտ թատրոնի կոլեկտիվին նվիրաբերվող հուշաթղթի տակ: Այդ մասին Բենուան պատմում է «Իմ հիշողությունները» գրքի 2-րդ հատորի 19-րդ գլխում ՝ «Գիմնազիան ավարտելը» վերնագրի ներքո:

Դեպքերը վերաբերվում են կոնկրետ 1889 և 1890 թվականներին: Բենուան Ամատունուն հանդիպել է 1890 թվականի մարտին, Պետրոգրադի Ալեքսանդրինյան թատրոնում,
 երբ Ռուսաստան 2-րդ անգամ հյուրախաղերի էր եկել այն ժամանակների հանրահայտ գերմանական Մայնինգենյան դրամատիկական թատրոնի խումբը: Այս թատրոնն ստեղծվել է 1831թ. Սակսեն-Մայնինգենի դքսության մայրաքաղաք Մայնինգենում: Թատրոնով, մասնավորապես գեղարվեստական ձևավորմամբ անձամբ զբաղվել է հերցոգ Գեորգ 2-րդը: Գերմանական կայսերության մեջ այս դքսությունը գրեթե պետություն էր՝ պետության մեջ: 19-րդ դարի վերջերին, ծաղկում ապրող թատրոնը կանոնավոր հյուրախաղերի է եղել հարևան Ավստրո-Հունգարիայում, Լեհաստանում, սկանդինավյան երկրներում, Բելգիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում (1885 և 1890թթ) ։ ՈՒներ կայուն խաղացանկ՝ 40-ից ավելի ներկայացումներով: Բեմադրվել են Գ. է. Լեսինգի, Ֆ. Գրիլպարցերի, Մոլիերի, Ջ. Բայրոնի, Գյոթեի, Հ. Իբսենի պիեսները: Հաջողված բեմադրված գործերից են Շեքսպիրի «Հուլիոս Կեսարը», «Համլետը», «Վենետիկի վաճառականը», «Մակբեթը»,
 Շիլլերի ստեղծագործություններից ՝ «Օռլեանի կույսը», «Մարի Ստյուարտը», «Ավազակները», «Վալենշտայնի ճամբարը» բեմադրությունները:

Կարճ ժամանակում թատրոնի փառքը համաշխարհային ճանաչում ունեցավ: Այդ ժամանակ 30 տարին լրացած Ամատունին աշխատում էր կառավարությանն առընթեր սենատի քրեական վարչությունում, կոլեգիալ քարտուղար էր, 10-րդ դասի պետական պաշտոնյա և ներկայացվել էր պետական տիտուլյար խորհրդականի կարգավիճակի, իսկ 19-ամյա Բենուան պետք է նոր ավարտեր 1856 թվականին Կարլ Մայի հիմնադրած Պետերբուրգի մասնավոր գիմնազիան և մտներ մեծ կյանք: Հենց կյանք մտնելու և կարիերա կերտելու այս խաչմերուկում Բենուան, իր համար պաշտելի թատրոնում, զգում է Ամատունու  աջակցության կարիքը, որն այն ժամանակ շատ կարևոր է թվացել ապագա մեծ նկարիչի ու թատերական գործիչի համար:
Այժմ դառնանք Բենուայի հուշագրությանը և տեսնենք թե ինչ դիպվածով և հանգամանքներում են նրանք միմյանց  հանդիպում:

Մինչ 1890 թվականի  նրանց  հանդիպումը, դեպքերը հետևյալ կերպ են զարգանում:
Բենուան գրում է, որ գիմնազիան իր ընկեր Վալեչկայի*** հետ պետք է ավարտեր դեռ մեկ տարի առաջ՝ 1889թվականին: Դա տեղի չի ունենում, միայն այն պատճառով, որ երկու ընկերներ աչքաթող են անում բուն դասերը: Արվեստնը  նրաց այնպիսի ուժով է ձգում և հմայում, որ վերջիններս հայտնվում են արտադպրոցական հետաքրքրասիրությունների կախարդական շրջապտույտում, երբ դասերից բացի բավականին այլ պատվելի նախասիրություններ ու  հետաքրքրություններ կան` ինչպես շատերիս հետ է պատահել:
Պետերբուրգյան այն ժամանակվա բուռը մշակութային ստեղծագործական կյանքը ամբողջովին իրեն է կլանում նրանով տարված ու նվիրված երիտասարդներին: Մշակութային կյանքի նկատմամբ այս ծարավը պատճառ է հանդիսանում, որ նրանք անտարբերության մատնեն ուսումնառությունը և աչքաթող անեն դասերը: Չնայած մի քանի դասատուների մոտ ունեցած առաջադիմությանը՝ Բլունբերգ, Մալխին, նրանք այնուամենայնիվ չեն վաստակում քննություններին մասնակցելու և գիմնազիան ավարտելու իրավունքը:

Բենուան գրում է, որ դեռ 1889թ. Զատիկի տոներից շատ առաջ խոսակցություն էր գնացել, որ իրենց երկուսին չեն թողնելու մասնակցեն ավարտական քննություններին, այդ պատճառով նա այնքան էլ չի զարմացել, երբ մարտի 25-ին դաշնամուրով նվագելիս է եղել, գիմնազիայի հիմնադիր-տնօրեն Կարլ Իվանի Մայը անսպասելի դեմ հանդիման է դուրս եկել վարժարան եկած Բենուայի մորը և «նրբանկատորեն» ակնարկել.

-Այսօր Ավետման օր է, բայց ես Ձեզ մոտ՝ Քամիլա Ալբերտովնա, Բարի լուրով չեմ եկել: Ձեր որդին` ծայրահեղ ափսոսանքով եմ հայտնում, չի կարող քննություններ հանձնել այս տարի, նա չափից դուրս է բաց թողել դասերը:

Որոշ ժամանակ անց, այս լուրը գրեթե նույն բառերով, բայց գերմաներենով (Նուվելի մայրը գերմանուհի էր) Կարլ Մայը հայտնում է Բենուայի ընկերոջ ՝ Նուվելի մայրիկին:
Բենուան գրում է, որ լուրը շատ տխրեցնում է ծնողներին, հատկապես հորը, որը մտածում էր, որ «տղային լրիվ աչքաթող է արել»:
«Ընդհակառակը, ես ու Վալեչկան այս «ոչ» բարի լուրը գրեթե ցնցությամբ ընդունեցինք, -իր հուշերում գրում է Բենուան, որովհետև մեր առջև բացվում էր գարունը, զերծ այդ ժամանակվան հատուկ քննական դժվարություններից, նաև աչքից հեռու էին լինելու ատելի գրքերն ու տետրերը»:
Այսպիսով 1889թվականին Բենուան մնում է գիմնազիայի նույն՝ ավարտական դասարանում: Առջևում 1990 թվականն էր:
2-րդ անգամ 8-րդ դասարանում նստելը՝ մասամբ հեշտացնում է քննական դժվարություններին դիմակայելը և գիմնազիան ի վերջո ավարտելը: Այնուամենայնիվ, գարնանային ավարտական քննություններից առաջ, Բենուան ընկերների հետ նոր փորձությունների է ենթարկվում: Սերը դեպի թատերական արվեստը, ինչպես ինքն է նշում «թաթերամանիան» նոր ուժով է դրսևորվում:

 Մեծ պահքի օրերին, 5-ամյա ընդմիջումից հետո, կրկին Պետրոգրադ հյուրախաղերի է գալիս գերմանական հանրահայտ թագավորական մայնինգենյան թատրոնը: Առաջին հյուրախաղերից հետո մնացած վառ տպավորությունները նորովի շունչ ու կերպարանք են ստանում մայնինգենցիների հետ 2-րդ հանդիպման ընթացքում: Բենուայի հոգեկան աշխարհում անակնկալ ու անասելի փոփոխություններ են տեղի ունենում: Այն, որ անխտիր բոլոր ներկայացումներին նա ներկա էր՝ բավարար չէր, փորձում էր կապ հաստատել թատրոնի արտիստների հետ, մեծ ցանկություն ուներ ընդունվել թատերախումբ: Իր ընկեր Նուվելի միջոցով ծանոթացել էր բոլոր գլխավոր դերակատարներին, անգամ սիրահարվել էր թատերախմբի ամենաերիտասարդ աղջկան՝ Կլարա Մարկվարտին, ում ընդամենը մի անգամ օգնել էր նստել կառք: Ներկայացումներից հետո հաճախ են Մալոյե Սադավոյե փողոցի փոքրիկ ռեստորանում ճաշել հյուրախաղերի եկած արտիստների հետ: Ճաշկերույթներից մեկի ժամանակ էլ Բենուան թատերախումբ ընդունվելու իր առաջարկն է արել Հուլիոս Կեսարի դերակատարին՝ Պաուլ Ռիխարդին, անգամ բեմադրություններից արտասանություններ արել նրա համար: Այդ օրը Բենուան իրեն արտիստական տեսք տալու համար հրաժեշտ է տվել իր  սիրելի բեղ ու մորուքին: Ռիխարդն իր պարտքն է համարել, ինչպես Բենուան է գրել . «արթնացնել իրեն»: Մերժել է առաջարկը՝ Բենուայի գերմաներենի ոչ ճիշտ առոգանության, թատերախմբի դրսում շատ հյուրախաղեր ունենալու, քիչ վարձատրվելու և այլ դժվարությունների պատճառաբանություններով:

Այս մտքի հետ Բենուան համակերպվում է, սրանից Մայնինգենյան թատրոնի հանդեպ նրա սերը բնավ չի նվազում : Երկրպագության վերջնական դրսևորումը այն է լինում, որ թատերախմբին հրաժեշտ տալուց առաջ նրանց է մատուցում թղթին՝ հին գերմանական ոճով գեղեցիկ ձևավորված թատրոնի հասցեն: Բենուան այն զարդարել էր իր նկարներով , նաև ավելացրել էր գերմանական ամենհայտնի արձակ ստեղծագործություններից 20 տող: Մնում էր այն լրացնել մաղթանքներով ու մեծարգո մարդկանց ստորագրություններով, և հանձնել թատրոնի խմբին: «Սա թեև տղայական, բայց սրտառուչ քայլ էր,- գրում է Բենուան և ավելացնում, երբ ես, Նուվելը և Ֆիլոսոֆովը# զետեղեցինք մեր խոշորատառ ստորագրությունները, դժվարությունների հանդիպեցինք այլ ստորագրություններ հավաքելու հարցում»:
Վիճակն ավելի է ծանրանում, երբ հիշյալ ներկայացմանը մասնակից Բենուայի քեռին՝ Միշա Կավոսը, կտրուկ հրաժարվում է նկարի տակ իր մակագրությունը թողնելուց, թեև այս թատրոնի երկրպագուն էր:
 Մյուս բարեկամը՝ Սերյոժա Զարուդնին, թեև ստորագրել է, բայց դա արել է մեծ դժվարությամբ, Բենուայի նախաձեռնությունը քննադատելուց և նրան մի լավ ծաղրելուց հետո:
Այս իրավիճակում մեծ նվեր էր Բենուային և նրա ընկերներին՝  ներկայացմանը Նիկոդիմոս Ամատունուն տեսնելն ու նրա ստորագրությունը «ձեռքը գցելը»:
«Դրա փոխարեն մեզ հաջողվեց կեռկապել մի տիտղոսակրի,-անթաքույց հպարտությամբ իր հուշերում գրում է Բենուան,- հենց իրեն՝ իշխան Ամատունուն, որն իմ մտերիմ Միտյա Պիպինի## մտերիմն է: Մայնինգենցիների վերջին ներկայացմանը Ամատունին պատահական էր եկել, լինելով սիրալիր մարդ նա չհակառակվեց մեր խնդրանքին»,-Ամատունու մասին իր այս տեղեկությունը եզրափակում է Բենուան , անմիջապես ափսոսանք ու մտավախություն արտահայտելով, որ իրենց ջանքերը կարող են ապարդյուն լինել. «Հազիվ թե իրենք ՝ Մայնինգենցիներն անհրաժեշ ուշադրութուն դարձնեին մեր այս նվիրաբերությանը. նույնիսկ հնարավոր է Լինկին հանձնված մեր մագաղաթյա թուղթը հայտնված լիներ թղթերի համար նախատեսված զամբյուղում»:
Պաուլ Լինկը, թատրոնի կոմիկ դերասաններից էր, ում նկատմամբ այնքան էլ համակրանք ու վստահություն չուներ Բենուան:

Բենուայի տողերը, որ « Ամատունուն պատահական է տեսնում թատրոնում»՝ Մանինգենցիների վերջին ներկայացմանը: Սա չպետք է ուղիղ իմաստով հասկանալ: Պատահականությունը՝ պատահականություն, բայց հայտնի է, որ Ամատունին լինելով հարուստ աշխարհայացքի ու մտահորիզոնի տեր մարդ մշտապես կապված էր  թատրոնին, անձամբ նրա ազգականները (hայտնի թատերական գործիչ Նապոլեոն Ամատունին նրա  աներն էր)  մեծ ավանդ ու ներդրում են ունեցել Թիֆլիսի հայկական թատրոնի կյանքում: Թիֆլիսում սովորած տարիներին Նիկոդիմոսը անձնական մտերիմ հարաբերությունների մեջ է եղել հայ մեծ դերասան , բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ Պետրոս Ադամյանի հետ: Ռուսաստանում եղած տարիներին էլ աննախադեպ են Ամատունու արվեստի նկատմամբ դրսևորած նախասիրությունները: Այնպես որ, հաստատապես է, որ պատահականությունը վերաբերում է ընդամենը Մայնինգենյան թատրոնի հյուրախաղերի վերջին օրվա ներկայացմանը Ամատունու այնտեղ լինելուն, երբ Բենուան տեսնում է նրան և իր համար այդքան անհրաժեշտ ստորագրությունն է նրանից խնդրում:
Որպես ապացույց, հաջորդ նախադասությունը հուշում է, որ նրանք հնարավոր է վաղուցվա ծանոթներ լինեն: Ինչպես ինքը՝ Բենուան , Ամատունին ևս ռուս հայտնի ակադեմիկոս, ազգագրագետ, գրականագետ Ալեքսանդր Պիպինի մտերիմն ու բարեկամն էր՝ ընդ որում վաղուցվա, ինչն էլ հիշատակում է Բենուան:
Պետրոգրադի Ալեքսանդրինյան թատրոնի շենքը:
Ենթադրվում է լուսանկարն արվել է 1890-1905թթ հատվածում:

Այսպիսով հստակ է, որ Պետրոգրադի Ալեքսանդրինյան թատրոնում Բենուայի համար է այս հանդիպումը անակնկալ եղել, բայց ոչ բոլորովին պատահական ՝ Ամատունու հանդիպումը թատրոնի հետ:
Ամատունու ստորագրությունն ունենալուց հետո, մեծ նկարիչը նույնիսկ ափսոսանք է հայտնել՝  հնարավոր այն տարբերակի համար, որ կարող էր իրենց նվիրաբերած հուշաթուղթը չարժանանար թատրոնի կոլեկտիվի ուշադրությանը :

Բացի այդ, Բենուա արվեստագետի հիշողությունների ինքնակենսագրական գիրքը լույս է տեսել բավական ուշ՝ 1955 թվականին Նյու-Յորքում, եթե այն ավելի վաղ էլ գրված լիներ,
Ամատունու հետ կապված այս դրվագը ամուր է մնացել, չի ջնջվել մեծ նկարիչի հիշողությունից, որն էլ առիթ է ենթադրելու, որ վերջիններս միմյանց ճանաչել ու շփվել են հետագայում ևս: Բենուան, ինչպես նաև նրա ընկեր Վալտեր Նուվելը, նաև Ամատունին մահացել են Փարիզում: Նույնիսկ վերջին երկուսը թաղված են Փարիզին մոտ Ժենևև Դե Բուա քաղաքի համանուն գերեզմանատանը:
Չի բացառվում, որ կենդանության օրոք նրանք Փարիզում  հաճախ հանդիպած լինեն, կիսված լինեն իրենց հիշողություններով:

Վահան Ամատունի
Լրագրող
____________________________
____________________________

*- Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ռուս.՝ Аматуни Никодим Исаевич, մայիսի 3, 1859, Օշական, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1946, Փարիզ, Ֆրանսիա) Իշխան,  պետական, քաղաքական, հասարակական գործիչ,
Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), Ռուսական կայսրության 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է Ռուսասկան կայսրության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության պատասխանատու պաշտոններ, եղել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:1920 թվականին Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության (1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը (1935), եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:
Գործուն մասնակցություն է ունեցել ցարական Ռուսաստանի քաղաքականության մեջ հայկական խնդիրների ուշադրություն սևեռելուն (մասնավորապես`հայրենի գյուղում 1914թ. հայկական դպրոցի հիմնում, թուրքերի դեմ պատերազմում հայկական հողերի վերագրավում: Ցավոք հոկտեմբերյան հեղափոխության ու բոլշևիզմի իշխանության գալուց հետո, բազմաթիվ ծրագրեր անկատար մնացին):

  Սերվում է Ամատունիների ազնվական տոհմից, նրա տոհմակիցների իշխանական տիտղոսը ևս մեկ անգամ վերահաստատվել է 1784 թՎականին Վրաց Հերակլ II թագավորի հրովարտակով, ապա 1826 թվականին Ռուսաստանի Նիկոլայ I ցարի հրամանով։


**-Ալեքսանդր Նիկոլաեւիչ Բենուա, ծնվել է 1870 թվականի ապրիլի 21-ին՝ (3-ը մայիսի) Սանկտ Պետերբուրգում, ճարտարապետության պրոֆեսոր Նիկոլայ Լեոնտևիչի ընտանիքում, մահացել է՝ 1960 թ. Փետրվարի 9-ին, Փարիզում: ռուս գեղանկարիչ, պատմաբան-արվեստագետ, թատերական քննադատ, ռուս և արտասահմանցի արվեստագետների ստեղծագործությունները լուսաբանող բազմաթիվ գրական աշխատությունների հեղինակ,
Մոսկվայի և Պետերբուրգի, ինչպես նաև Եվրոպայի և Ամերիկայի շատ քաղաքների թատրոնների փայլուն բեմանկարիչն ու դեկորատորը: «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորման ու նույնանուն հանդեսի հիմնադիրն ու գլխավոր գաղափարախոսն է:
Որոշ ժամանակ ուսանել է գեղարվեստի ակադեմիայում:
Գիմնազիան ավարտելուց հետո (1885-90թթ) սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1890-1894):
1896թ. ընկերների հետ եղել է Փարիզում, ստեղծել հայտնի «Վերսալյան շարքի» նկարները:
Եղել է Պետերբուրգի ռուսական թանգարանի առաջատար մասնագետ: 1918-ին Բենուան գլխավորել է Էրմիտաժի արվեստի պատկերասրահը, հրատարակել է պատկերասրահի նոր տեղեկատուն:
1916-1917թթ. Նա նկարազարդել է Պուշկինի «Պղնձե հեծյալը» պոեմը,
միառժամանակ աշխատելով որպես գրքի եւ թատրոնի նկարիչ եւ ռեժիսոր, աշխատել է Պետրոգրադի Մեծ դրամատիկական թատրոնի ձևավորող և բեմադրիչ: 1925 թվականին մասնակցել է ժամանակակակից արդյունաբերական դեկորատիվ արվեստի Փարիզի միջազգային ցուցահանդեսին: 1926թ արտագաղթել է Ֆրանսիա: Աշխատանքի է անցել Փարիզում, որպես բեմադրող նկարիչ:

20-րդ դարի ռուսական մշակույթի պատմության մեջ մեծ ներդրում ունեցած, կերպարվեստի յուրօրինակ վարպետ-գեղանկարիչը, որը նաև թատրոնի և կինոյի ակտիվ գործիչ էր, Եվրոպայի և Ամերիկայի շատ քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսների ակտիվ կազմակերպիչը ՝ նաև գեղարվեստի արժեքի բացառիկ քարոզիչն էր:
Հայտնի նկարիչ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուայի 1899-1902թթ գրած «XIX դարի ռուսական գեղանկարչության պատմություն» աշխատությունը դարձավ ոչ միայն 19-րդ դարի ռուսական գեղանկարչության զարգացման համապարփակ ամփոփագիրը, այլև ռուսական արվեստի մշակույթի արծաթյա դարաշրջանի հիանալի հուշակոթողը: Բենուան արվեստի այն գիտակներից է, որի հետ արժեր հաշվի նստել:
Բենուայի արվեստի վարպետներին տրված եզակի ու անկրկնելի, վառ բնութագրումները, սուր զգացողության ընկալումն ու այլոց
«գեղեցկության գաղտնիքը» փոխանցելը՝ Ա.Ն.Բենուայի աշխատանքին տալիս է կենդանի հատուկ հետաքրքրություն: Նրա այս արժեքավոր գիրքը հրատարակվել է 1902 թվականին, այնուհետև այն մի քանի անգամ վերահրատարակվել է:
Նրա հետաքրքիր գործերից են 1904թ. Պետերբուրգում լույս է տեսած «Այբուբենը նկարներում» և «Ռուսական գեղանկարչության դպրոցը» և այլ արժեքավոր գրքերը, որոնք ևս վերահրատարակվել են ռուսերեն:
Ի համալրումը Բենուայի կենսագրության, պակաս արժեքավոր չէ նրա «իմ հիշողությունները» ինքնակենսագրականը: Այն 2 հատորով, ըստ երևույթին առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականին Նյու-Յորքում՝ «Նկարչի կյանքը: Հիշողություններ» (Жизнь художника. Воспоминания) վերնագրով: Արդեն «Իմ հիշողությունները» վերնագրով, այն լույս է տեսել Ռուսաստանում: Սա Բենուայի մասին մի ամբողջական ինքնակենսագրական է ՝ սկսած նրա մանկությունից ու պատանեկությունից մինչև նրա իսկական մարդ-արվեստագետ ձևավորվելը:

***- Վալեչկա,  Վալտեր Նուվել (1871—1949) «Արվեստի աշխարհ» ասոսացիայի համահիմնադիրներից, համանուն ամսագրի երաժշտական բաժնի խմբագիր, երաժշտական
երեկոների կազմակերպիչ: Ծառայել է միապետական պալատի նախարարական գրասենյակում, որպես հատուկ հանձնարարությունների պաշտոնյա: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆրանսիա: Ինչպես Ամատունին, Թաղված է Փարիզի մերձակա Սենտ Ժենևև Դե Բուա քաղաքի համանուն գերեզմանատանը):






# -  Դմիտրի Ֆիլասոֆով: Ռուս գրող, արվեստաբան, գրականագետ, կրոնական, հասարակական և քաղաքական գործիչ: Ծնվել է 1872թ. մարտի 26-ին (ապրիլի 7) Սանկտ Պետերբուրգում: Մահացել է 1940 թվականի օգոստոսի 4-ին Օտվոցկում (Օտվոդսկ), Լեհաստան: Ֆիլասոֆոֆները սերում են հին ազնվական տոհմից: Հայրը՝ Վ.Դ. Ֆիլոսոֆովը (1820—1894) եղել է ռուսական բանակի բարեփոխումներ իրականացրած զինվորական նախարար Դ.Ա. Միլյուտինի ամենամոտ օգնականը: 1861-1881թթ. գլխավոր ռազմական դատախազ և ռազմական դատական դեպարտամենտի ղեկավար, 1881 թվականից` Պետրոգրադի Պետական խորհրդի անդամ:Մայրը` Աննա Պավլովա Ֆիլասոֆովան (Դյագիլևա) գրականագետ, Ռուսաստանի կանանց շարժման հայտնի գործիչ, կանանց բարձրագույն ուսումնական հաստատությունների հիմնադիրներից մեկը:
Դմիտրի Ֆիլոսոֆովը ավարտել է Կ.Մայի մասնավոր գիմնազիան 1890 թվականին: Արվեստի նկատմամբ հետաքրքրությունը և ինքնակրթության ցանկությունը նրան մոտեցրեցին Ա.Ն. Բենուային, Կ.Ա. Սոմովին, Վ.Ֆ. Նուվելին, ովքեր մտերիմ ընկերներ էին: 1895-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ավարտից հետո
վերապատրաստվել է Հեյդելբերգի համալսարանում:Այնուհետեւ ծառայել է Պետական խորհրդի կարգավորման (կոդիֆիկացիոն) բաժնում, 1898 թ.-ից `Սանկտ Պետերբուրգի կայսերական հանրային գրադարանում (այժմ Ռուսաստանի ազգային գրադարան) 1897 թվականից նա սկսեց զբաղվել ժուռնալիստական գործունեությամբ, տպագրվել է «Հյուսիսային տեղեկագիր («Северный вестник»), «Կրթություն», («Образование»), «Աշխատանքային օգնություն», («Трудовая помощь»), «Արդարադատության նախարարության հանդես», («Журнале Министерства юстиции») ամսագրերում: Ֆիլասոֆովը «Արվեստի աշխարհ» ամսագրի (1898—1904), .գեղարվեստական բաժի խմբագիրն էր , ավելի ուշ զբաղեցրել է գրական քննադատություն բաժնի ղեկավարի պաշտոնը: «Նոր ուղի» («Новый путь», 1903—1904) ամսագրի համահիմնադիրներից է, եղել է վերջին տարվա խմբագիրը: !906-08թթ. ապրել է Փարիզում: Վերադարձել և կրկին աշխատակցել է մամուլին, խմբագրել ու հիմնել հանդեսներ, միաժամանակ Պետերբուրգի Կրոնական-փիլիսոփայական ընկերությունում վարել է մի շարք պաշտոններ , եղել է քարտուղար (1908), այնուհետև նախագահ(1909—1917) : Բոլշևիկների իշխանության գալուց հետո 1918—1919 թվականներին Դ. Վ. Ֆիլասոֆովը  աշխատել է հանրային գրադարանում:1919թվականի դեկտեմբերին իր մի քանի ընկերների հետ կարմիր բանակի զորամասեր գործուղման քողի տակ արտագաղթել է Լեհաստան, պայքարել բոլշևիզմի դեմ: Ակտիվ գործունեություն է ծավալել մինչև 1936 թվականը, մահացել է 1940թվականին: Նա թաղվել է Վարշավայում գտնվող Ուղղափառ գերեզմանոցում:


##-  Ալեքսանդր Նիկոլայի Պիպին. ծնվել է 1833թվ. մարտի 25-ին (ապրիլի 6) Ռուսաստանի կայսերության Սարատով քաղաքում: Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսն էր (1898) , 1904թ ԳԱ փոխնախագահը, ռուս ազգագրագետ, գրականագետ, իսկական պետական խորհրդական: Մայրական շառավիղով (Պիպինի մորաքրոջ տղան) եղել է ռուս փիլիսոփա, ուտոպիական սոցիալիզմի տեսաբան , գրող, քննադատ, հրապարակախոս Նիկոլայ Չերնիշևսկու (1828- 1889) զարմիկը:

1849 թ. Կազանի համալսարանից տեղափոխվում է Սանկ Պետերբուրգի համալսարան և 1853 թվ. ավարտում է այն:1857 թվականին գիտական թեզը պաշտպանելուց հետո 1860 թվականից Սանկտ Պետերբուրգի համալսարանի Պատմության եւ բանասիրական ֆակուլտետի գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր:

1891 թ. ընտրվել է ռուսաց լեզվի և գրականության բաժնի թղթակից- անդամ, իսկ 1898 թ., Գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ:
Բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի հետ խմբագրել է ԳԱ «Известия» ОРЯС ամսագիրը, համագործակցել, այնուհետև խմբագրել է «Современник» ամսագրին, նաև այլ թերթերի ու հանդեսների:
Մահացել է 1904 թ. Նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում : Թաղվել է Նովոդեվիչի գերեզմանատանը :

Ծանոթությունները` Hay Azian-ի



Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝  «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)