The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 21 May 2019

Ջերմ ընդունելություն Հայաստանում, հետո նաև` Նիդերլանդներում


Հայաստանյան հաջող հյուրախաղերից հետո Նիդերլանդների «Slavuj» երգչախմբի և «Zwarte zee» քառյակի կոլեկտիվների անդամները ժամանեցին Նիդերլանդներ: Այստեղ` Հաագայում, մշակութային խմբերի ղեկավարներին ընդունեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա ջերմ զրույցի ընթացքում շնորհակալություն հայտնեց
«Slavuj» և «Zwarte zee» խմբերի ղեկավարությանը` շնորհավորելով Հայաստանում նրանց ունեցած փայլուն ելույթները ։ 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։

Tuesday, 14 May 2019

Հայաստանը մասնակցեց Հաագայի գինու փառատոնին




Մայիսի 13-ին Հաագայի Crown Plaza Promenade հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Dimplomat Magazine-ի կողմից կազմակերպված ամենամյա Diplomats Wine Extravaganza փառատոնը, որին առաջին անգամ ներկայացված էր Հայաստանը՝ ի դեմս Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի և օղու լայն տեսականու։

Գինու փառատոնին մասնակցեց Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով շնորհակալություն հայտնեց Royal Beverages Group-ի ղեկավարությանը՝ հայկական տաղավարը լավագույնս կահավորելու և հայկական արտադրանքի լայն տեսականին հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Դեսպան Բալայանի բնորոշմամբ Diplomats Wine Extravaganza փառատոնին առաջին անգամ Հայաստանի՝ նման ներկայանալի կերպով մասնակցությունը դեսպանության և հայ համայնքի համագործակցության օրինակելի դրսևորումներից է։

Փառատոնի այցելուները դրական գնահատեցին հայկական ալկոհոլային արտադրանքը՝ ընդգծելով, որ ներկայացված երկրներից Հայաստանն առանձնանում էր իր հարուստ տեսականիով, բարձր մակարդակի պատրաստվածությամբ և յուրօրինակ դիզայնով։

Diplomats Wine Extravaganza փառատոնին մասնակցում էին ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող մի շարք ընկերություններ, սոմելիեներ, հյուրանոցային և ռեստորանային ցանցերի ներկայացուցիչներ։

Երբ վտանգվում է փոքրիկի առողջությունը

Այս անգամ Նիդերլանդներում բնակվող, լրագրող,  մեր թղթ. Marisha Shik-ին անհանգստացրել է ներհայաստանյան կյանքի ամենացավոտ հարցերից մեկը` առողջապահության մանկաբուժության ոլորտը: Նա սեփական հետաքննություն է անցկացրել այն դեպքից հետո, երբ Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի պատասխանատվության տակ գտնվող «Մուրացան» հիվանդանոցային համալիրում  վտանգել  են փոքրիկի առողջությունը: Թերևս խնդրին չանրադառնայինք, եթե այն կապված չլիներ երեխաների առողջությանը, կամ  կրեր եզակի բնույթ : Նման մի  ահազանգ  էլ ստացել էինք տարիներ առաջ, երբ Նիդերլանդներից Հայաստան մեկնած փոքրիկին ճառագայթային նկարահանումից հետո` այս անգամ «Աստղիկ»  բժշկական կենտրոնում, ոչինչ գտնելով,  չգիտես ինչու հակաբիոտիկներ  էին նշանակել: Բանից պարզվում է` անտեղի, Նիդերլանդներում, երբ բժիշկները հետազոտել են փոքրիկին, առողջությանը վնասող ոչինչ չգտնելով տարակուսել են:
Այժմ  նույնությամբ`առանց փոփոխության, ներկայացնում ենք ՄԱՐԻՇԱ ՇԻԿԻ`  հետաքննական հոդվածը, պատրաստ  նաև լսելու հակադարձ կարծիքներ:

Մուրացանի հիվանդանոցում 1 տարեկան երեխային վարակել են ինֆեկցիայով, դուրս գրել` «թոքաբորբ» սխալ էպիկրիզով



Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի պատասխանատվության տակ գտնվող «Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ բարձր ջերմությամբ ժամանած 1 տարեկան երեխային  երակային կաթետերի միջոցով վարակել են ինֆեկցիայով, ինչի արդյունքում նա այս պահին հակաբիոտիկներ է ընդունում և, հնարավոր է ,ոտքի հետագա վիրահատական միջամտություն։
Այս դեպքը մեծ իրարանցում և քննարկումների առիթ է դարձել թե՛սոցցանցերում և թե՛ «Մուրացան» հիվանդանոցում։ Լրագրողական հետաքննությանս շրջանակներում ՝դեպքի մասին առավել հստակ տեղեկություններ ստանալու և եղածը պարզաբանելու նպատակով զրուցեցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Այսպիսով, տուժող կողմը՝ մայրը (ծնողների խնդրանքով ընտանիքի անդամների անունները չենք հրապարակում) պատմեց, որ իրենց մեկամյա երեխային «Մուրացան» հիվանդանոցային համալիր են տեղափոխել բարձր ջերմությամբ։ Մոր խոսքերով, մանկական բաժանմունքի բժշկական անձնակազմը՝ բաժնի ղեկավար Նունե Գևորգի Բաղդասարյանի հսկողությամբ, երեխային ուղարկել է «Ծերեթելի»՝ ռենտգենային հետազոտության (իրենց հիվանդանոցում ռենտգենի սարքը փչացած է եղել)։ Հետազոտության արդյունքում «Ծերեթելի»-ի բժիշկը մորն ասել է, որ երեխայի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել (ռենտգենային նկարը և եզրակացությունը՝ կից)։

Սակայն՝«Մուրացան» վերադառնալուն պես, մայրն ականատես է եղել, թե ինչպես են բուժաշխատողները քննարկում ռենտգենային եզրակացությունը՝ չհասկանալով ՝ ինչ է գրված այնտեղ։
— Ասացին՝ «ոնց որ թե թոքաբորբ է, եկեք «նա վսյակի» հակաբիոտիկ տանք, որ շուտ լավանա»,  —  պատմում է մայրը։ — Ես այդ պահին նրանց ասացի, որ, ախր, ռենտգենի բժիշկը մի կես ժամ առաջ ինձ ասաց, որ թոքերում բորբոքում չկա. դուք ո՞նց եք հակաբիոտիկ ուզում տալ իմ երեխային։
Մոր խոսքերով՝ բաժնի ղեկավար Ն.Բաղդասարյանը, ռենտգենի արդյունքները սխալ հասկանալով, կարգադրել է իր աշխատակիցներին ներարկել հակաբիոտիկ՝ «антибиотик в вену!» ռուսերեն հրահանգով։ Մայրը կտրականապես դեմ է արտահայտվել, և, ինչպես պատմում է նա, բաժնի ղեկավարի՝ պալատից դուրս գալուց հետո բժիշկները մորը համոզել են «գոնե օրգանիզմը մաքրող» կաթիլային միացնել, ինչի արդյունքում էլ, հավանաբար, չպահպանելով ստերիլության տարրական նորմերը, երակ են մտել ու ինֆեկցիա փոխանցել երեխային, որ մինչ այդ չի եղել նրա օրգանիզմում (ինֆեկցիայի փաստը պարզվել է մեկ այլ հիվանդանոցում՝ արյան քննության արդյունքում)։ Մոր կարծիքով, բուժաշխատակիցները վստահ չեն եղել, որ երեխայի մոտ թոքաբորբ է և, իբր նրան իրոք, հակաբիոտիկ է անհրաժեշտ, այսպես ասած, «ինքնագլուխ» փոխել են հրահանգված բուժման մեթոդը բաժնի վարիչի գնալուց հետո՝ առաջարկելով «գոնե մաքրել օրգանիզմը»։
Ստացվում է, որ մեր օրերում Հայաստանում եթե երեխայի մայրը փոքր-ինչ տեղեկացված չլինի, ապա իր երեխայի առողջությանը կարող է լուրջ վտանգ սպառնալ հենց հիվանդանոցում՝ աջ ու ձախ առաջարկվող հակաբիոտիկների տեսքով։
Լավ, կարելի՞ էր զանգել ռենտգենի բժշկին ու խնդրել «թարգմանել» ռենտգենային պատասխանը։ «Մոտավորապեսով» ո՞վ է հակաբիոտիկ երեխային ներարկում՝ «շու՞տ լավանալու» պատրվակով։
Արդյո՞ք հակաբիոտիկն այն անվնաս դեղերի շարքում է, որ առանց հստակ բորբոքման ախտորոշման կարելի է «ոնց որ թե»-ով ներարկել մարդու արյան մեջ, այն էլ’ 1 տարեկան երեխայի: Եվրոպական երկրներում, այն ազատ վաճառքի դեղերի ցանկում ՉԷ. հակաբիոտիկը նշանակվում է ընտանեկան կամ հիվանդանոցային բժշկի ցուցումով՝ հստակ ախտորոշումից հետո։ 

Ըստ ՀՀ Առողջապահության Նախարարությունից ստացված տեղեկատվության՝ համաձայն 2017թ. N1402 Կառավարության որոշման, Հայաստանում արգելված է անտիբիոտիկների՝ դեղատներում ազատ վաճառքը։ ՀՀ Առողջապահության նախարարության հավաստմամբ, վերոնշյալ որոշումը ուժի մեջ է մտել 2018թ. մարտի մեկից։ 

Սակայն պրակտիկայում նկատվում է այլ պատկեր. այսօր Հայաստանում հակաբիոտիկ կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից, բերել տուն, ինքնուրույն լուծույթ պատրաստել ու խմել կամ խմացնել երեխային: Վերադառնալով Եվրոպական երկրների օրինակին՝ նշենք, որ նման բանը ՉԼՍՎԱԾ է ու նույնիսկ դեղատունը պարտավոր է՝ բժշկի կողմից նշանակված դեղատոմսին համաձայն, պատրաստել հակաբիոտիկային լուծույթը, հետո նոր փոխանցել հիվանդին։ Վերջինս երբեք այն փոշու տեսքով չի ստանում դեղատանը։ Բացի այդ, տրվում են հստակ կարգադրություններ՝ այն ընդունելու համար։ Այս ամենից կարելի է եզրահանգել, որ եվրոպական բժշկության մեջ հակաբիոտիկը, բնավ, «նա վսյակի» տրվող դեղերի շարքում չէ։
(Առիթը բաց չթողնելով՝ կոչ ենք անում ՀՀ Առողջապահության Նախարարությանը լրջորեն զբաղվել ՀՀ տարածքում հակաբիոտիկների ազատ վաճառքը պրակտիկայում կանխելու հարցով)։
(Առիթը բաց չթողնելով՝ կոչ ենք անում ՀՀ Առողջապահության Նախարարությանը լրջորեն զբաղվել ՀՀ տարածքում հակաբիոտիկների ազատ վաճառքը պրակտիկայում կանխելու հարցով)։
Ցավոք, սխալ ախտորոշումն ու հակաբիոտիկ «նա վսյակի» առաջարկելն այս պատմության մեջ չարյաց փոքրագույնն է. ըստ անանուն աղբյուրների՝ «օրգանիզմը մաքրող» լուծույթ ներարկելու նպատակով կաթետրի միջոցով երեխային ինֆեկցիա փոխանցած բուժաշխատողներից մի քանիսը, անուղղակիորեն հաստատելով իրենց պատճառած առողջական վնասը, ասել են, թե՝ «լրիվ ոնց որ թարս լիներ, հենց էս երեխու հետ պիտի սենց բան լիներ, որ սենց կրակի մեջ մենք ընգնեինք» (փաստորեն, մնացած ԼՌՈՂ ծնողների երեխաները հեչ՝ կարևորը ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՉՎԱԽԵՑՈՂ ծնողների երեխաներ չհանդիպեն, որ բժշկական անձնակազմը վատ վիճակի մեջ հանկարծ չընկնի, ու նման խնդիրները չլուսաբանվեն)։
Ծնողները, տեսնելով, որ երեխան երկու օր անընդմեջ քնել է և նույնիսկ կուրծք սկսել է չուտել, քանի որ ողջ օրը քնած է եղել, հասկացել են, որ մի բան այն չէ, և որոշել են տեղափոխել այլ՝ այս անգամ մասնավոր հիվանդանոց։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ, ինչպես նշում  է երեխայի մայրը, բաժնի ղեկավարի հրահանգով էպիկրիզում, այնուամենայնիվ, ախտորոշել են «թոքաբորբ», իսկ՝ այլ հիվանդանոց ինֆեկցիայով տեղափոխվող իրենց՝ արդեն նախկին հիվանդի վիճակի մասին գրել՝ «լավացումով» (էպիկրիզը՝ կից)։
Ապշեցուցիչ է նաև այն փաստը, որ «թոքաբորբ» ախտորոշումը նույն «Ծերեթելիի» ռենտգենի եզրահանգման հիման վրա այլ հիվանդանոցում աշխատող իրենց իսկ կոլեգաների կողմից միանգամից մերժվել է, իսկ արյան հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխային կաթետրից ինֆեկցիա է անցել՝ այ թե ինչու է 2 օր անընդմեջ նա քնել եւ հիմա, արդեն նա իրոք ունի հակաբիոտիկային բուժման կարիք։ (Արյան քննեւթյան արդյունքները և երեխայի ոտքի նկարը՝ կից)։




 Լրագրողական հետազոտությունն առավել ճշգրիտ դարձնելու նպատակով՝ արտահայտվելու հնարավորություն տրվեց նաև ծնողների կողմից մեղադրվող և իրենց հավաստմամբ, առողջական վնասը պատճառած կողմին։ Ցավոք, բաժնի ղեկավար Նունե Բաղդասարյանի հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց։ Փոխարենը խոսեցինք Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանի հետ:
Փորձեցինք պարզել՝ հաճա՞խ է պատահում, որ «Մուրացան» հիվանդանոցում՝ ռենտգենի արդյունքները աշխատակիցները «մոտավորապեսով» են հասկանում, իսկ մանկական բաժնի

ղեկավարի կողմից էպիկրիզով հստակ ախտորոշված «թոքաբորբի» դեպքում՝ հետևելով մոր խնդրանքին, բուժաշխատողները որոշում են հրաժարվել երեխային՝ իրենց իսկ ախտորոշած «թոքաբորբը» հակաբիոտիկով բուժելու գաղափարից ու երակից երեխային ներարկել օրգանիզմը մաքրող լուծույթ ՝ այդպիսով վերցնելով իրենց վրա փոքրիկի հետագա առողջական վիճակի հետ կապված ողջ պատասխանատվությունը (քանի որ, ինչպես փաստում է մայրը, բժիշկներն իրեն ոչ մի փաստաթուղթ չեն տվել ստորագրելու, ինչն էլ իր խոսքում հաջորդիվ նույնպես կփաստի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արտաշես Բավեյանը)։ Սակայն Շուշան Դանիելյանը հրաժարվեց վերոնշյալ հարցի շուրջ տալ որևէ պարզաբանում, ասելով, որ այն խիստ մասնագիտական է և պատասխանը ենթադրում է ծնողի կողմից թույլտվություն։ Փոխարենը նա տեղեկացրեց, որ այս պահին իրենց հիմնարկությունը դեպքի մանրամասն ուսումնասիրման փուլում է, և որ իրենց արձագանքը հանրությանն ու լրագրողներին սպասեցնել չի տա։ Փորձելով, այնուամենայնիվ, գտնել մեր հարցերի պատասխանները՝ զրուցեցինք «Մուրացան հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Արտաշեսի Բավեյանի հետ։ Նա՝ ի տարբերություն Շ.Դանիելյանի, մասնագիտությամբ բժիշկ է, ուստի չհրաժարվեց պատասխանել և ոչ մի հարցի (հետաքրքիր է, արդյոք, ուներ Շ.Դանիելյանի կողմից վերենշյալ «ծնողից թույլտվությունը»)։ Բ.Բավեյանը վստահեցրեց, որ երեխան ի սկզբանե «Մուրացան» հիվանդանոց է մտել հենց թոքաբորբով, իսկ բժիշկները տեղի են տվել հակաբիոտիկ երեխային չներարկելու մոր կողմից հնչեցված «պահանջին», քանի որ , Բ.Բավեյանի հավաստմամբ, քանի որ իրավունք չունեն ՝առանց ծնողի համաձայնության բժշկական միջամտություն իրականացնել։



Մեր այն հարցին՝ բա եթե բուժաշխատողները վստահ են եղել, որ թոքաբորբ է, ինչպե՞ս են, մորը լսելով, փոխարինել իրենց իսկ ախտորոշած թոքաբորբի բուժման հակաբիոտիկային մեթոդը՝ «օրգանիզմը մաքրող լուծույթով»։ Արդյո՞ք մայրը ստորագրել է համապատասխան փաստաթուղթ, որով երեխայի հետագա առողջական վիճակի հետ կապված ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Պրն. Բավեյանը փաստեց, որ իր գործընկերները պարտադիր բուժումից հրաժարվելու մասին փաստաթուղթ չեն տվել մորը՝ ստորագրելու։ Ինչպես նա անձամբ նշեց՝ իր կարծիքով, դա եղել է իրենց՝ «Մուրացանի» բուժաշխատողների միակ սխալը։
Ուշագրավ է նաև այն, որ Պրն. Բավեյանի հավաստմամբ, երեխան իրենց բուժհաստատությունից ինֆեկցիայով չի վարակվել և որ այս պահին այլ հիվանդանոցում նա բուժվում է հենց թոքաբորբի դեմ։
Այս բժշկական «թրիլլերն» ի վերջո հասկանալու և բացահայտելու համար Պրն.Բավեյանի վերոնշյալ փաստարկները մեկնաբանելու նպատակով  արձագանքի խնդրանքով դիմեցինք հենց այն մասնավոր հիվանդանոցում աշժատող բժշկուհուն ՝ Լուսինե Նիկոլայի Ավետյանին, ով այս պահին հանդիսանում է երեխայի բուժող բժիշկը։ Լ.Ավետյանը հավաստիացրեց, որ երեխան իրենց հիվանդանոց ոտք է դրել արդեն իսկ ինֆեկցիոն վարակով, ինչն իրենք  միանգամից ախտորոշել են՝ արյան քննության արդյունքում (ինֆեկցիան հաստատող անալիզը և երեխայի այտուցված ոտքի նկարը՝ կից)։

Լուսինե Ավետյանը փաստում է, որ «Ծերեթելիում» արված այն նույն ռենտգենային եզրակացության և ռենտգենային նկարի համաձայն՝ իրենք երեխայի մոտ ՉԵՆ ախտորոշել թոքաբորբ, իսկ անտիբիոտիկներ ստիպված են արդեն ներարկել երեխային, քանի որ նրա օրգանիզմում արդեն կա ԻՆՖԵԿՑԻԱ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՀՀ Քրեական Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1 ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում բժշկական անփութության հետևանքով մարդու առողջությանը հասցված վնասի համար։ Ուստի, խորհուրդ ենք տալիս երեխայի ծնողներին անհապաղ դիմել Ոստիկանություն. կնշանակվի փորձաքննություն և վերոնշյալ առողջական վնասը հաստատվելու դեպքում ծնողները կարող են պահանջել իրենց հասցված վնասի հետևանքով ծագած պարտադիր բուժման համար բոլոր արված և դեռ սպասելիք ծախսերի փոխհատուցումը։
Սիրելի՛ հայրենակիցներ, ե՞րբ է գալու այն օրը, երբ այլևս չվախենանք Օրինապահ մարմիններին նմանատիպ հարցերով դիմել։ Ե՞րբ ենք սկսելու ակտիվ տեր կանգնել մեր իսկ իրավունքներին՝սահմանված հենց մեզ համար՝ ՀՀ Օրենսդրությամբ:
Ինչպես նշում է մայրը՝ ներկա պահին իր երեխան շարունակում է ստանալ ինֆեկցիոն հետևանքները կանխող պատշաճ բուժում՝ այլ բուժհաստատությունում։ Այս պահին բալիկի առողջական վիճակի մասին բժիշկուհի Լ. Ավետյանը հստակ տեղեկատվություն մեզ չփոխանցեց: Շշուկներ են պտտվում, որ հնարավոր է երեխայի ոտքի վիրահատական միջամտում։
Այսպիսով, լրագրողական հետաքննության արդյունքում եկա այն եզրահանգման, որ «Մուրացանի» հիվանդանոցում աշխատող որոշ կասկածելի գիտելիքներով բուժաշխատողների գործունեության հետևանքով հետագայում մնացած բալիկներին ապահովագրելու միտումով արժի կոչ անել ԵՊԲՀ-ին իր ենթակայության տակ գտնվող «Մուրացան» բժշկական կենտրոնում իրականացնել իրենց կադրերի մասնագիտական գիտելիքների մանրակրկիտ թեստավորում, որից հետո լուրջ զբաղվել նրանց վերապատրաստման ՀՈՒՅԺ կարևոր խնդրով։
(Մենք պատրաստակամությամբ և սիրով կլուսաբանենք ՀՀ ցանկացած բուժհաստատությունում այս և նման դեպքերի հետևանքով իրականացված հետագա բոլոր բարեփոխումները)։
Հարգելի «Մուրացանի» աշխատակիցներ, դուք հասկանու՞մ եք, որ մարդկային կյանքերի հետ գործ ունեք։ Իսկ այդ մարդիկ հենց ձեր հայրենակիցներն են՝ մեր երեխաները, մայրերը,  հայրերը, տատիկներն ու պապիկները։ Անգիտակցաբար և անփույթ աշխատանքի արդյունքում ստեղծված «սպանդանոցներ» մեզ, բնավ, հարկավոր չեն։ Իրար «ԾԱԾԿԱԴՄՓՈՑ» անելու ժամանակները , պետք է, որ անցած լինեն։
ՍԹԱՓՎԵ՛Ք։
Հուսանք, «Մուրացանի» օրինակը սթափվելու առիթ կհանդիսանա նաև ով գիտե ոնց՝ միգուցե, փողո՞վ, ծանոթո՞վ, թե՞ իսկապես իրենց մասնագիտական արժանիքների շնորհիվ գործի անցած մնացած հիվանդանոցներում աշխատող ՈՐՈՇ այլ բուժաշխատողների համար։ Իսկ նրանց ղեկավարությունը կարևոր տեղ կհատկացնի իրենց կադրերի մասնագիտական գիտելիքների թեստավորմանն ու բարելավմանը։
ԵԿԵՔ ՎԵՐՋ ԴՆԵՆՔ ՀՀ-ՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԱՅՐԵՐԻ՝ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՉՎՍՏԱՀԵԼՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՆ. չէ՞ որ դրա հետևանքները կարող են անդառնալի լինել։ Այսօր մեր երկրում, կարծես, ակտիվ զարգանում է ինքնաբուժության գաղափարը, իսկ ծագած բժշկական խնդիրների լուծումները շատերը փորձում են գտնել ինտերնետային ֆորումներում։ Սա կարող է մեծ վտանգ հանդիսանալ՝ հետագա առողջ սերունդ ունենալու համար։
Հարկ ենք համարում նշել, որ, մենք հավատացած ու համոզված ենք՝ ՀՀ-ում ունենք ԻՐԱՊԵՍ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ բուժաշխատողներ, բայց, ցավոք, նրանց արած մարդասիրական ու շնորհակալանքի արժանի գործերըը մի քանի «մոտավորապեսով» աշխատող իրենց կոլեգաների ֆոնին հաճախ կորում է։

Հ.Գ. Հոդվածում նշված բոլոր ապացույց հանդիսացող փաստաթղթերը (ռենտգեն, էպիկրիզ, արյան անալիզ, երեխայի ոտքի նկար) ներկայացված են կից։Հոդվածում առկա փաստաթղթային բոլոր նմուշները տրամադրվել են երեխայի մոր կողմից և հրապարակվում են նրա իսկ թույլտվությամբ :Դրանք բաց են թե՛ շարքային ընթերցողների և թե՛ մասնագետների ուսումնասիրման համար։
________
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Monday, 13 May 2019

ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ «Slavuj» ԵՎ «Zwarte zee» ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ` ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ


Նիդերլանդական` հայկական երգերի ու երաժշտության կատարումների մեզ ծանոթ «Slavuj» երգչախումբը, (խմբավար՝ Իվո Բուսվայկ) և «Zwarte zee» քառյակը, այս օրերին բարեգործական համերգներով Հայաստանում են: Սա նաև խմբերի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ- շրջագայություն է: Այն իսկական տոնի է վերածվել: Անակնկալները երկուստեք են, մի կողմից հյուրերն իրենց համար հայտնագործում են սքանչելի ու տաղանդավոր, պատմական հին անցյալ ու հարուստ մշակույթ ունեցող Հայաստանն ու նրա ժողովրդին, մյուս կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում հոլանդացիների հայերեն կատարումներն են հիացնում մեր համերկրացիներին:



  Նրանց Հայաստան է բերել ու կազմակերպչական մեծ աշխատանք է կատարել մեր հայրենակից, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը: Նա քսան տարուց ի վեր Նիդերլանդներում է և ակտիվորեն զբաղվում է մասնագիտական գործունեությամբ: Ռուզաննային միշտ միշտ տեսել ենք միջամայնքային կարևոր միջոցառումներին: Մինչ հանրային հեռուստատեսության տրամադրած տեսաերիզը դիտելը մեր ընթերցողներին ենք ներկայացնում տարիներ առաջ Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) կողմից Հայոց Ցեղասպանության տարելիցին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում նրա երաժշտական երկու կատարումները:






Այս թեմայով նյութն այստեղ.

Հավելենք, որ նման նախաձեռնությունները` արտասահմանցիների մասնակցությամբ հայ արվեստն ու մշակույթը ներկայացնելն ու տարածելը, բավական արդյունավետ ու նպատակային է: Օրինակ Նիդերլանդներում նրանց հայերեն լեզվով համերգներին ավելի շատ տեղաբնակներ են ներգրավվում, քան հայկական խմբերի շրջագայության ժամանակ:
#Nid_Oragir
#ԱռաջինԱլիք #ԱռավոտԼուսո




Thursday, 9 May 2019

Հայաստանում այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է, Արցախում՝ մայիսյան Եռատոնը




վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի և Արցախի ժողովուրդներին Եռատոնի կապակցությամբ.
Շնորհավորում ենք հայ ժողովրդին և առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով:
Սիրելի՚ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ:
Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ:


Դեսպան Բալայանը մասնակցեց «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը





Ապրիլի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցեց «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը, որին ներկա էին «Hug the Hague conference» Էրազմուս ծրագրի շրջանակներում արևելաեվրոպական երկրներից Նիդերլանդներ ժամանած շուրջ հինգ տասնյակ հասարակական, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ քննարկումը տեղի է ունենում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից ուղիղ մեկ տարի անց և հենց նույն պահին, երբ Երևանում ընթանում է ՀՀ վարչապետի մեկամյա պաշտոնավարմանը նվիրված ասուլիսը։
Դեսպանը ներկայացրեց Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» արդյունքները, լայնածավալ բարեփոխումները, որոնք իրականացվում են Հայաստանում ներկայիս իշխանությունների կողմից՝ շեշտը դնելով կոռուպցիայի դեմ պայքարի և ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման առաջնահերթությունների վրա։
Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները՝ կարևորելով Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ և Եվրամիության հետ սերտ համագործակցություն ունեցող երկրի դերը։
Դեսպան Բալայանը երիտասարդների հետ կիսվեց իր մասնագիտական փորձով և վերջիններիս խորհուրդ տվեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել իրենց երկրներում ընթացող քաղաքական զարգացումներին՝ հղում անելով այն կարևորագույն դերակատարությանը, որ հայ երիտասարդներն ունեցան անցած տարվա հեղափոխության ընթացքում։
Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանը, որի ընթացքում Հայաստանի դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

Մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է


Զուր չէ, որ ռադիոն տեղեկատվական հզոր զենք է ու համարվել է ինֆորմացիայի ծանր հրետանին: Այսօր էլ այն արդիական է և կարևոր ինֆորմացիայի դաշտում:
Օրինակ հենց մենք արձանագրեցինք, որ Նիդերլանդներում 2014 թվականի օգոստոսի 22-ին, երկրի ռեկորդային թվով ռադիոկայաններ անդրադարձան հայ ազգի մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին ու նրա ստեղծագործություններին (հոդվածն այստեղ. https://www.aravot.am/2014/08/23/490914/, հարցախույզ անցկացրեցինք նիդերլանդաբնակների շրջանում և պարզեցինք, որ նրանցից շատերը Խաչատրյանին ճանաչում են ռադիոյի հաղորդումների միջոցով:
Ներկայացնելով մեծ կոմպոզիտորի հիանալի ստեղծագործությունը, շնորհավորում ենք ռադիոյում աշխատող անձնակազմին` ի թիվս Գյումրիի ՌԱԴԻՈ ՄԱՐԻԱՄ-ի կոլեկտիվի, որոնց հետ համագործակցության շրջանակներում, մասնավորապես` Արշակ Ադամյանի (Arshak Adamian) օգնությամբ շուտով եթեր կտրվեն մեր օրագրի նախագծերից մեկի նյութերը:
Duet Anderson and Roe, playing their amazing arrangement of Khachaturian's Sabre Dance
(Մայիսի 1-
ը Արամ Խաչատրյանի մահվան 41-րդ տարին էր)


___________


Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: 1895թ. հենց այդ օրը ռուս գիտնական ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը եւ հաստատեց առաջին ռադիոկապը։ Առաջին անգամ այս օրը մեծ շուքով նշվեց 1925-ին ԽՍՀՄ-ում, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտարարության 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց դարձնել ռադիոյի տոնն ամենամյա: Իսկ Հայաստանում Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926 –ին, ինչի մասին հանրությանը նույն թվականի հունիսի 13-ին իրազեկեց «Խորհրդային Հայաստան» թերթը: Արդեն օգոստոսի 27-ին թերթը գրեց, որ Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և մի քանի օրից կայանն իրագործման կհանձնվի: Եվ այսպես, 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը: Այդ օրվանից Հայաստանում ամեն տարի մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։ 

Մշակույթը որպես ժողովուրդների մերձեցման կամուրջ

 De Bilt-ը ՈՒտրեխտի նահանգի  համայնքապետարաններից մեկն է` մոտ 42 հազար  բնակչությամբ: Առանձին De Bilt գյուղում բնակվում է 10 հազարից ավելի մարդ: Մենք ուզում ենք խոսել De Bilt-ի քաղաքապետարանի մասին, որը միավորում է մի քանի այդպիսի քաղաքներ, և որտեղ`  ինչպես  Նիդերլանդների գրեթե ողջ տարածքում  հայեր են բնակվում:

De Bilt-ի համայնքում է ապրում և աշխատում մեր  հայրենակից Կարինե Քլյանը, որն էլ արժանացել է տեղի քաղաքապետարանի և թերթի ուշադրությանը: Կարինեն ակտիվ համագործակցում է  Դե Բիլտի քաղաքապետարանի  հետ և փորձում է հայ համայնքի ու տեղի հասարակության հետ մերձեցման ու համագործակցության եզրեր գտնել` ավելի  շատ մշակութային ասպարեզում:  Կարինեն առաջնային է  համարում փնտրել այնպիսի նախաձեռնություն , որ Հայ  ու տեղի բնակչության  համար ինտեգրմանը նպաստող   մշակութային ծրագրեր առաջադրեն, նաև պարզել Դե Բիլտի քաղաքապետարանի այս ուղղությամբ տարվող աշխատանքները : Առաջնայինը ինտեգրվող մարդկանց մեկուսացումից դուրս բերելու և համայնքին կապելու խնդիրներն  են: Ահա սրան էլ ձգտում է Կարինե Քլյանը և նա քաղաքապետարանի հետ համագործակցության իր առաջին քայլերից մեկն է կատարել:

Հենց սրա մասին էլ անդրադարձել է տեղի De Vierklank  թերթը` ««Հայկական շոուն «Het Lichtruim»-ում վերնագրով:
 De Vierklank  թերթը` «Մշակույթ»,  «Ամպեր»,  «Կամուրջ»  երեք  ենթավերնագրով  հոդված է տպագրել, որտեղ պատմում է մայիսի 5-ի կիրակի օրը Բիլթհովենի  Het Lichtruim մշակութային կենտրոնի հայերեն թատերական ներկայացման մասին (խոսքը Գավիթ թատրոնի «Անավարտ դատ» ներկայացման մասին է,-ծանոթ Ն.Օ) , որտեղ տեղի հայերը  վայելեցին նաև միմյանց ներկայությունը: Կարինեն Նիդերլանդներում  է արդեն 22 տարի, որից 20 տարին ամբողջությամբ հենց սկզբից ներգրավված է եղել De Bilt-ի հասարակական կյանքին:
«Լավ ինտեգրվելու համար գիտեի, որ պետք է արագ հարմարվել իմ նոր երկրին», - Ասել է Կարինե Քլյանը` նշելով, որ  շատ կարեւոր է սովորել լեզուն ` թեև  հոլանդերենը  բավական բարդ է ու նաև հայերի  համար դժվար սովորվող լեզու:

«Շատ հայերի համար դժվար է հարմարվել հոլանդական հասարակությանը: Ոչ միայն կա լեզվի խնդիր, նաև  մշակույթն է տարբեր », - ասել է Կարինեն: Նա գտնում է, որ մեր  ժողովուրդների ընդհանրական հատկանիշներն  էլ շատ շատ  են  ու համայնքապետարանի բոլոր 45 հայ ընտանիքներին «Het Lichtruim»  թատերական ներկայացման է հրավիրել նաև գաղափարի  համար: Ակտիվ շփման ու  համագործակցության շնորհիվ երկու ժողովուրդներն  իրար  փոխանցելու ու սովորելու շատ բան ունեն ու այս  առումով մշակույթի կենտրոնում նաև հայերը ներգրավված պետք է  լինեն: «Նիդերլանդական օրագրի» հետ ունեցած զրույցում Կարինեն նշեց, որ օգտագործելով համագործակցության հնարավորությունները, մենք,  մեր արվեստն  ու  մշակույթը պետք է ի ցույց դնենք հոլանդացիներին, ինչու արվեստի ու  նկարչության դասընթացներ չկազմակերպել կենտրոնում, կամ էլ բացել գրքերի ցուցահանդես:


Կարելի է ասել, որ  Հայաստանի  մասին «առաջին դասն» արդեն տրված է, այն ստացել է  De Vierklank թերթի թղթակից Walter Eijndhoven-ը, նրան մեր հայրենակից, նկարիչ արվեստաբան Ալիկ Ասատրյանը  ասել է, որ  Հայաստանը ամենասպիտակ ամպեր ունեցող երկիրն է աշխարհում ու որպես նկարիչ ճանապարհորդելով շատ երկրներում ու ի  վերջո բնակվելով Նիդերլանդներում, համոզվել է դրանում: Ալիկն ասել է, որ  Հայաստանն ամենալավ երկիրն է, որի հետ նա  կապ է պահպանում:
Այս մտքերը De Vierklank թերթի թղթակիցը շարադրել է «Ամպեր» ենթավերնագրի ներքո, մյուս` «Կամուրջ» եզրափակիչ ենթավերնագրի տակ Կարինե Քլյանը հույս է հայտնում, որ իր  նախաձեռնություններն այն  կամուրջը կլինեն, որ ի վերջո  կծառայի Բիլտի հասարակությանն  ու  հայ  համայնքի մերձեցմանը:






Monday, 6 May 2019

Նիդերլանդահայերին հյուր էր «Գավիթ» թատրոնի կոլեկտիվը


Թատրոնը մեր կյանքի հայելին է, այնտեղ մենք ենք, մեր  կյանքն  է ու  մեր մասին է: Նիդերլանդներում «Անավարտ դատ» ներկայացման պրիմերիան դրա  վառ ապացույցն էր: Մայիսի 5-ին Նիդերլանդական Բիլթովեն քաղաքում թատերական ներկայացման օր էր: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Մոսկվայի  «Գավիթ» թատրոնի հիասքանչ կոլեկտիվի խաղը դիտելու էին եկել տարբեր  բնակավայրերի հայ  համայնքի անդամները` նրանց հետ ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ,
 որն իր  այս հոդվածով կիսվել է մեզ հետ:

ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ

Եթե ոչ դու` ապա ո՞վ, եթե ոչ ես` ապա ո՞վ, եթե ոչ մենք` ապա ո՞վ…




 Մի օր իրենց այս հարց տվեցին մոսկվայաբնակ մեր հայրենակիցներ՝  Համլետ Ղալեչյանը, Հմայակ Հակոբյանը, Արգիշտի Սարգսյանը և իրենց ընկերների հետ միասին ստեղծեցին ՛՛ԳԱՎԻԹ՛՛ թատրոնը` հայրենիքից հեռու, օտար ափերում, որպեսզի ճակատագրի բերումով իրենց պես Հայաստանից հեռացած մեր հայրենակիցներին հիշեցնեն՝ մենք ՀԱՅ ենք, որտեղ էլ որ ապրենք , մենք ունենք դարավոր մշակույթ, և մեր Հայ տղաները փորձում են իրենց խոսքով միաբանել օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, որ մի օր բոլորս տուն ենք վերադառնալու:
Եթե ոչ ես, ապա, ո՞վ, նույն հարցը մի օր իրեն տվեց մեր հայրենակից Աննա Մաշկալյանը, որին ճակատագիրը Փարիզ էր տարել և բնակվելով Փարիզում, հայ մշակույթի միջոցով փորձում էր միաբանել Հայերին և կազմակերպեց, որպեսզի նաև  ԳԱՎԻԹ թատրոնը ելույթ ունենա Եվրոպայում:
Եթե ոչ ես` ապա ո՞վ: Նույն հարցը իրեն տվեց Հոլանդիայի Բիլթովեն քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարինե Քլյանը, որն ակտիվ աշխատում է հայ մշակույթը արթուն պահելու և օտարության մեջ ապրող հային հիշեցնելու, որ մենք ՀԱՅ ենք: Կազմակերպեց, որ  ԳԱՎԻԹ  թատրոնը ելույթ ունենա Հոլանդիայի Բիլթովեն քաղաքում՝   «Անավարտ դատ» ներկայացումով, որը նվիրված է արտագաղթին՝ աշխարհով մեկ սփռված օտարության մեջ բնակվող Հայերին:
Աննա Մաճկալյանը և Կարինե Քլյանն ինձ հրավիրեցին ներկայացումը դիտելու, ես էլ մտածեցի, եթե ոչ ես , ապա ո՞վ:
Փիլոնս հագա, ճանապարհի հացս կապեցի ու գնացի Բիլթովեն քաղաք՝ ներկայացումը դիտելու:
Իհարկե, ոչ բոլորն ունեն կազմակերպչական ջիղը, ինչպես դա անում են Աննա Մաճկալյանը և Կարինե Քլյանը, բայց ներկա գտնվելու համար հատուկ տաղանդ պետք չէ, ուղղակի ցանկություն՝ ներկա գտնվել:  Մի փակվեք տներում` ձեր կենցաղով, կապվեք, շփվեք մարդկանց հետ:
Ի դեպ Աննա Մաճկալյանը և Կարինե Քլյանն այս բոլոր կազմակերչական աշխատանքներն անում են իրենց ուժերով, առանց Հայաստանի մշակույթի նախարարության որևէ օգնության, կամ օժանդակության սպասելու: Ասեմ, որ հրաշալի ներկայացում էր, կատարված պարզ միջոցներով, երեք տաղանդավոր դերասաներով (Համլետ Ղալեչյան, Հմայակ Հակոբյան, Արգիշտի Սարգսյան), որոնց դերասանական խաղը, խոսքը և վարպետությունը պարզապես կլանում է քեզ` ներկայացման առաջին իսկ րոպեներից ու հետո էլ չես ուզում այն վերջանա: Գեղեցիկ խոսք, չափավոր հումոր` ամեն ինչ գտնված էր: Ներկայացման ընթացքում, որը տևեց մեկ և կես ժամ, ես 6-7 անգամ հուզվեցի, 2 անգամ փշաքաղվեցի, ժպտացի և ծիծաղեցի, և հոգուս խորքում մի պահ ջերմ զգացում համակեց ինձ` ի՜նչ լավ է, որ ես էլ եմ ՀԱՅ:
Կրկին անգամ ուզում եմ շնորհակալական խոսք հայտնել Համլետ Ղալեչյանին, Հմայակ Հակոբյանին, Արգիշտի Սարգսյանին, Աննա Մաճկալյանին, Կարինե Քլյանին, հանդիսատեսին և մյուսներին, ովքեր ամբողջական դարձրին  օրը ու կազմակերպեցին համայնքային առօրյայում հազվադեպ թատերական տոնը : Շնորհակալություն ձեզ բոլորիդ` գեղեցիկ օրվա և գեղեցիկ զգացումների համար: Իսկ օտարության մեջ բնակվող մեր հայրենակիցներին կրկին հիշեցնեմ հայտնի այս բանաձևը` եթե ոչ դու, ապա ո՞վ, եթե ոչ ես, ապա ո՞վ, եթե ոչ մենք, ապա ո՞վ...:

(Ներքևի լուսանկարներում  « Անավարտ դատ» ներկայացումից առաջ և հետո):












Մայիսի 4-ը և 5-ը Նիդերլանդական օրացույցում Նշվում է հիշատակի և Ազատագրման օրը




Մայիսի 4-ը և 5-ը Նիդերլանդական օրացույցում Նշվում է համապատասխանաբար` հիշատակի օր (Dodenherdenking), որպես հարգանքի տուրք երկրորդ Համաշխարհայինի տարիներին և տարբեր ռազմական հակամարտություններում նահատկաված մարտիկների հիշատակին, իսկ 5-ը՝ տոնական է, նշվում է Ազատագրման (Bevrijdingsdag ) օրը: Այս երկու օրերից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Եթե Հիշատակման օրը հարգում են 2-րդ աշխարհամարտում և այլ կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը, տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում՝ նահատակվածների շիրիմներին, ապա հաջորդ՝ Ազատագրման օրը, տոնախմբություն է:

Մաստրիխտ


1945թ. այդ օրը Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից:Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի “De Wereld” հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Այդ օրվանից մինչև 1990 թվականը Նիդերլանդներում Ազատագրման օրը (Bevrijdingsdag ) նշվում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ:1987 թվականին հիմնադրված «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե»-ն ,որոշեց 1990 թվականից սկսած տոնն անցկացնել պարբերաբար:Մայիսի 5-ի տոնակատարությունը առիթ է նաև խորհելու ազատության կարևորության մասին, մտածել՝ թե որքան փխրուն է աշխարհի խաղաղությունը:

Միդելհարնիս
Նիդերլանդների հայկական համայնքներն ամենուր մասնակցել են Մայիսի 4-ի և 5-ի տարբեր բնակավայրերում տեղի ունեցած օրացույցային այս իրադարձություններին: Մասնավորապես՝ Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները առավոտ վաղ հասցրեցին լինել Միդելհարնիսում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 7 հայ զինվորների հուշարձանի մոտ, որտեղ ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: 
Նիդերլանդների հայկական համայնքները մասնակցել են մայիսի 4-ի ՀԻՇԱՏԱԿԻ, և 5-ի ԱԶԱՏԱԳՐՄԱՆ օրվա միջոցառումներին:






Երևանում կայացել է Նիդերլանդների «Slavuj» երգչախմբի և Zwarte zee» քառյակի համերգը

ՄԱՄՈՒԼ


Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ կայացավ Նիդերլանդների «Slavuj» երգչախմբի (խմբավար՝ Իվո Բուսվայկ) և «Zwarte zee» քառյակի բարեգործական համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին, որի մեկնարկը տրվել էր Նիդերլանդներում: Երեկոյի կազմակերպիչը քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանն էր:
Ինչպես ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ փոխանցում է ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐԸ,  միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, նախարարության աշխատակիցներ, արվեստագետներ և այլք:
Երեկոյի ընթացքում հոլանդացի երաժիշտների կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Խաչատուր Ավետիսյան, Վլադիլեն Բալյան և այլք) ստեղծագործություններ։
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը ողջունելով համերգային ծրագրի մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել համերգի նախաձեռնող, նիդերլանդաբնակ քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանին և հոլանդացի երաժիշտներին, որոնք իրենց երաժշտացանկում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ներառելով՝ նպաստում են օտար երկրներում հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը: «Կոմիտասի թողած հարուստ ժառանգությունը նոր էջ է բացել հայ երաժշտության պատմության մեջ՝ աշխարհին ներկայացնելով հայկական հարուստ ու յուրօրինակ մշակույթի ավանդույթներն ազգայինի և համամարդկայինի զուգահեռականներում: Կարծում եմ՝ այսօրվա համերգը դրա վառ ապացույցն էր»,-հավելել է Սփյուռքի փոխնախարար:
Խմբերն առաջին անգամ են այցելում Հայաստան: Երևանյան միջոցառմանը հաջորդելու են նաև համերգներ Հայաստանի մարզերում. ապրիլի 30-ին՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի մշակույթի տան դահլիճում, իսկ մայիսի 3-ին՝ Էջմիածին քաղաքի «Հայ միասնության խաչ» կազմակերպության Մաչանենց տան թատերական դահլիճում:
«Slavuj»երգչախումբը հիմնադրվել է 1987 թվականին և ներկայացնում է  սլավոնական երկրների երաժշտություն։ Արդեն երկու տարի է՝ երգչախմբի հետ համագործակցում է Նիդերլանդներում բնակվող քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը: Համատեղ ջանքերով երգչախումբը հայերեն լեզվով նախաձեռնել է մեծ համերգային ծրագիր, որով հանդես է եկել  Եվրոպայի տարբեր քաղաքներում։
«Zwarte zee» քառյակում ընդգրկված են երաժիշտներ՝ Ռուզաննա Հակոբյանը (քանոն), Յան-Յափ Սպառխառնը (սաքսոֆոն, կլառնետ, շվի), Էրիկ Վոլկռըսը (կոնտրաբաս) և Ռոբ Դամենը (դհոլ):

Քարահունջում հանդիսատեսը լուռ հիանում էր, թե ինչպես են հոլանդացիները հայրերեն երգում

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ իր տեսակով բացառիկ համերգային ծրագիր՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին։
 Գորիսի համայնքապետարանից, Նիդերլանդների «Slavuj»երգչախումբը երգում էր հայերեն։ Ներկաների համար հուզիչ էր տեսնել, թե ինչպես են օտարերկրացիները կատարում մեր ժողովրդական երգերը: Հյուրերը երգում էին ճիշտ շեշտադրությամբ, առոգանությամբ՝ զգալով և հասկանալով մեր երգերի իմաստն ու բովանդակությունը: Սա մեծ իրադարձություն էր Քարահունջի համար, դահլիճը 1,5 ժամ լուռ հիանում էր խմբի հիասքանչ կատարումներով:
Համերգային ծրագիրը նախաձեռնել էր Հոլանդիայում բնակվող մեր հայրենակից, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, ում ջանքերի շնորհիվ միջոցառումը կայացավ Քարահունջում՝ նպաստելով նաև բնակավայրի մշակութային կյանքի ակտիվացմանը: Խմբին հյուրընկալել և կազմակերպչական աշխատանքները իրականցրել է Գորիսի համայնքապետարանը, միջոցառմանն աջակցել են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները:
Հավելենք, որ ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել էր «Slavuj»երգչախմբի երևանյան համերգը:

Հայաստանի արտաքին քաղաքականության թեմայով ՀՀ դեսպանի դասախոսությունը Էրազմուսի համալսարանում


Մայիսի 3-ին Ռոտերդամի Էրազմուսի համալսարանի Սոցիալական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում դեսպան Տիգրան Բալայանը հանդես եկավ «Վերապրած և վերածնված երկրի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը» խորագրով դասախոսությամբ։
Իր խոսքում դեսպան Բալայան ներկայացրեց Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը, աշխարհաքաղաքական բարդ պայմաններում նրա կողմից վարած արտաքին քաղաքականությունը։
Անդրադառնալով 1991թ. անկախության վերականգնումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությանը և դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրներին, Տիգրան Բալայանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդիրը, դրա խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի կողմից տասնամյակներ շարունակ գործադրվող ջանքերը՝ ընդծելով, որ Արցախի կարգավիճակն ու նրա ժողովրդի անվտանգության ապահովումը հայկական դիվանագիտության առաջնահերթությունն են հանդիսանում։
Նշելով, որ Հայաստանը վարում է հայաստանամետ արտաքին քաղաքականություն՝ դեսպանը շեշտեց, որ Հայաստանն ունի դաշնակիցներ, բարեկամներ, և իր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ կառուցում է իր ազգային շահերի հիման վրա՝ դեմ լինելով բաժանարար գծերին։
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին՝ դեսպան Բալայանը հանգամանալից ներկայացրեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի առաջնորդող դերակատարությունը և դրանից բխող նախաձեռնությունները։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ հնչեցված բնորոշումներին, Հայաստանի դեսպանը դրանք որակեց որպես զարհուրելի և Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ իրականացված հանցագործությունը և դրա հետևանքները քողարկելու ձախողված փորձ։
ՀՀ դեսպանը ներկաներին տեղեկացրեց ժողովրդական լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ տարվող պայքարը և դրա արդյունքները։ Տիգրան Բալայանը ներկայացրեց միջազգային կառույցներում Հայաստանի նախաձեռնողական ներգրավվածությունը, աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և դրանց խորհուրդը։
Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանը, որին Հայաստանի դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։