The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 4 May 2025

Միջոցառում նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 ամյակին

ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՀԼԻՃՈՒՄ  ՄՈՍԿՎԱՅԻ «ԴԻԱԼՈԳ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՒՄՆ ԷՐ


«Նիդերլանդական Օրագրի» համար

Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ,Ե ՊՀ

Միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 ամյակին, հաղթանակ, որին իրենց նպաստն էին բերել բազմաթիվ քաջարի հայ մարտիկներ, ու ամենևին էլ գաղտնիք չէ, թե ինչպիսի մասնակցություն են ունեցել արցախցի զինվորներն ու բարձրաստիճան սպաները։

Երեկոն շատ խորհրդանշական էր այն առումով, որ տոնական առիթը նշվում էր Արցախի ջազ նվագախմբի հետ համատեղ։ Կազմակերպիչ, հասարակական գործիչ և «Դիալոգ»-ի նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ Արցախի ջազային նվագախմբի վերածնունդն ու կայուն գործունեությունը ունի ինչպես մեծ գործնական նշանակություն Արցախում ստեղծված լավագույն ազգային ավանդույթների պահպանման և տարածման առումով, այնպես էլ կարևոր խորհրդանշական նշանակություն՝ որպես հետևելու օրինակ։ Այս համագործակցության շնորհիվ ջազային նվագախմբի գործունեությունը վերականգնվեց Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության՝ դեպի Երևան բռնի տեղահանությունից հետո։ Նշվեց, որ այս տարվա մարտին «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և Արցախի ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը ստորագրել են մշակութային համագործակցության պայմանագիր, որով Արցախի ստեղծագործական ժառանգությունը կստանա «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության   աջակցությունը։ Արցախի ջազ նվագախմբի վիրտուոզ կատարումը զուգակցվեց  ՀՀ պետական ակադեմիական երգչախմբի երաժիշտների և հատուկ հյուրի՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանի մասնակցությամբ։ Կազմակերպությունը փորձում է հանրային դիվանագիտության միջոցով նպաստել ռուս-հայաստանյան հարաբերություններում երկխոսության ընդլայնմանը, միջմշակութային և գիտակրթական փոխանակման խորացմանը։ «Դիալոգ» կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում ոչ միայն Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը, այլև խթանում է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի գրասենյակի գործունեությունը։ Երևանում մշտապես գործող Թեմի գրասենյակը զբաղվում է հոգևոր, տեղեկատվական և գիտամշակութային գործունեությամբ։ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը գործում է Երևանում, նույնպես աջակցություն է ստանում «Դիալոգ» կազմակերպությունից։ «Արցախից» ծրագրին մասնակցող 5 երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ կազմակերպության կրթաթոշակառուներ են։ «Դիալոգ»-ի ջանքերով Մոսկվայում հրատարակվել են արցախցի գրողների աշխատություններ և ռուս գիտնականների հետազոտություններ՝ նվիրված Արցախի պատմամշակութային ժառանգությանը։ Այս միջոցառումը «Դիալոգ»-ի կողմից Երևանում անցկացվող մի շարք միջոցառումներից մեկն է, որոնց սկիզբը եղավ ՝ ապրիլի 25-ին տեղի ունեցած 100-ամյա վետերան Լաչին Ստեփանյանի գրքի շնորհանդեսը, իսկ մայիսի 5-ին՝ «Անի» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա ռուս գիտնական Նիկիտա Շանգինի գրքի շնորհանդեսը։ Մայիսի 9-ին, «Դիալոգ»-ի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Դմիտրի Շոստակովիչի 7-րդ (Լենինգրադյան) սիմֆոնիան։ Հայաստան-Արցախ-Սփյուռք հզոր եռամիասնությունն իր գործունեությամբ փորձում է միավորել աշխարհի հայերին հանուն Հայաստանի ապագայի։ Յուրի Նավոյանի և նրա գլխավորած «Դիալոգ» կազմակերպության գործունեությունը պետք է օրինակ ծառայի բոլոր հայերի համար։ Կազմակերպությունն համոզված է, որ պետք է օգնել մեր արցախցի եղբայրներին ու քույրերին, որպեսզի նրանք իսկապես կարողանան ինտեգրվել հայաստանյան իրականությանը, պետք է փորձել նրանց կարողությունները, գիտելիքն ու եզակի փորձը, հատկապես ռազմական, օգտագործել հայրենիքի, նրա ներկայի և ապագայի օգտին։

Յուրի Նավոյանը համոզված է, որ առանց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերածննդի անհնար է մեր ազգի լիարժեք և արժանապատիվ գոյությունը։

ON MAY 2, IN THE CONFERENCE HALL OF THE UNION OF ARCHITECTS OF ARMENIA HOSTED AN EVENT BY THE MOSCOW ORGANIZATION "DIALOGUE"

For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, Associate Professor, YSU

The event was dedicated to the 80th anniversary of the victory in the Great Patriotic War, a victory that was contributed by many brave Armenian warriors, and it is no secret at all what kind of participation the soldiers and high-ranking officers of Artsakh had.

The evening was very symbolic in the sense that the it was celebrated jointly with the Artsakh Jazz Orchestra. Organizer, public figure and President of “Dialogue” Yuri Navoyan noted that the revival and stable activity of the Artsakh Jazz Orchestra has both great practical significance in terms of preserving and spreading the best national traditions created in Artsakh, as well as an important symbolic significance as an example to follow. Thanks to this cooperation, the jazz orchestra’s activity was restored after the forced deportation of the entire population of Nagorno-Karabakh to Yerevan. It was noted that in March of this year, the President of the organization “Dialogue” Yuri Navoyan and the Artistic Director of the Artsakh Jazz Orchestra Tigran Lalayan signed a cultural cooperation agreement, according to which the creative heritage of Artsakh will receive the support of the organization “DIALOGUE”. The virtuoso performance of the Artsakh Jazz Orchestra was accompanied by the participation of musicians of the RA State Academic Choir and a special guest, People’s Artist of the RA, composer, professor Martin Vardazaryan. The organization tries to contribute to the expansion of dialogue in Russian-Armenian relations, the deepening of intercultural and scientific-educational exchange through public diplomacy. The “Dialogue” pays great attention not only to the preservation of the cultural heritage of Artsakh, but also promotes the activities of the Artsakh Diocese Office of the Armenian Apostolic Church. The Diocese Office, permanently operating in Yerevan, is engaged in spiritual, informational, and scientific-cultural activities. The Stepanakert Russian Drama Theater, which operates in Yerevan, also receives support from the “Dialogue”. 5 young talented musicians participating in the “From Artsakh” program are scholarship holders of the organization. With the efforts of “Dialogue”, works of Artsakh writers and researchers dedicated to the historical and cultural heritage of Artsakh have been published in Moscow. This event is one of a number of events held by “Dialogue” in Yerevan, which began with the presentation of the book of 100-year-old veteran Lachin Stepanyan on April 25, and on May 5, the presentation of the book of Russian scientist Nikita Shangin will take place in the conference hall of the hotel“Ani”. On May 9, with the support of “Dialogue”, the State Symphonic Orchestra of Armenia will perform Dmitry Shostakovich’s 7th (Leningrad) Symphony in the Aram Khachaturian Hall. The powerful trinity of Armenia-Artsakh-Diaspora is trying to unite Armenians around the world for the sake of Armenia's future. The activities of Yuri Navoyan and the "Dialogue" organization headed by him should serve as an example for all Armenians. The organization is convinced that we must help our Artsakh brothers and sisters so that they can truly integrate into the Armenian reality, we must try to use their abilities, knowledge and unique experience, especially military, for the benefit of the homeland, its present and future. Yuri Navoyan is convinced that without the revival of the trinity of Armenia-Artsakh-Diaspora, the full and dignified existence of our nation is impossible.




Friday, 2 May 2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից. երկու գիտաժողով Երևանում


Նաիրա Գասպարյան, բ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ
«Նիդերլանդական Օրագրի» համար | Երևան, Հայաստան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը աշխարհասփյուռ հայության համար դարձել էր ոչ միայն հիշատակման և ոգեկոչման, այլև կարևորագույն ինքնագիտակցության վերակառուցման, պահանջատիրության հստակեցման ու համահայկական միասնության տեսլականի ձևավորման հանգրվան։ Հատկանշական է, որ հիշատակման այս տարելիցը ուղեկցվեց ինչպես համազգային բնույթի գիտաժողովներով և հանդիպումներով, այնպես էլ պատմաքաղաքական ուղերձներով, որոնք բացեցին նոր հեռանկարներ՝ Ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների հաղթահարման գործում։ 2025թ ապրիլը նշանավորվեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի լայնածավալ հիշատակի միջոցառումներով՝ աշխարհի տարբեր ծագերում հայ համայնքներին ու հանրությանը միավորելով հարգանքի, պատմական արդարության պահանջատիրության եւ ազգային ապագայի վերահաստատման գաղափարներով։ Երևանում այս թեմայուվ տեղի ունեցան երկու կարեւոր գիտաժողովներ:

Գիտաժողով՝ Յակոբ Այնթապլեանի նախաձեռնությամբ

Երևանի սրտում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում բժիշկ, հայագետ եւ ազգային գործիչ, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, դոկտոր Յակոբ Այնթապլեանի կազմակերպած գիտաժողովը դարձավ հայ մտավորականության, քաղաքական գործիչների եւ երիտասարդության հանդիպման հարթակ։ Բացման ելույթում Այնթապլեանը շեշտեց հայոց լեզվի պահպանման, ինքնության ամրապնդման եւ «Համահայ պետության» գաղափարի կարեւորությունը. Այս միջոցառումը առանձնացավ մասնակիցների տարիքային բազմազանությամբ, թեմատիկ ընդգրկմամբ և բանախոսների մտահայեցողությամբ։

Յակոբ Այնթապլեան
Յակոբ Այնթապլեան

Պարոն Այնթապլեանը իր հուզառատ բացման խոսքում շեշտեց հայրենազրկման և ինքնության կորուստի դեմ ազգային պայքարի անհրաժեշտությունը՝ դիտարկելով հայոց լեզվի պահպանությունը և Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը որպես պարտադիր բաղադրիչներ։ «Մեր հայրենիքը Հայաստանն է՝ անկախ նրանից, թե ուր են ծնվել կամ ապրում մեր զավակները։ Հայաստանը պետք է դառնա համախմբվածության օրրան, որը կապահովի հայոց հողի եւ իրավունքների վերադարձը» ասաց նա։  Նրա համոզմամբ, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու պահանջատիրական քաղաքականությունը պետք է իրականացվեն միավորված համահայկական ջանքերով՝ Հայաստանի վերածննդմամբ Համահայ Պետության, որը կապահովի հայության կենտրոնացում և հզորացում։

Բանախոսությունների առանցքում՝ Սփյուռք–Հայաստան համագործակցություն

 Էդիկ Մինասյան
Էդիկ Մինասյան

ԵՊՀ պրոֆեսոր, պ.գ.դ. Էդիկ Մինասյանը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք միասնության մեխանիզմները՝ առաջարկելով միասնական տեղեկատվական դաշտի ստեղծում, մշակութային եւ գիտական համագործակցության խթանում, տնտեսական ներուժի ինտեգրում։ Էդիկ Մինասյանը անդրադարձավ «Հայաստան–Սփյուռք միասնականությունը որպես պետականության երաշխավոր» թեմային՝ շեշտելով տեղեկատվական դաշտի միասնականացման, գիտամշակութային հարաբերությունների խորացման և կիբեռտարածքում հայկական ներկայության ամրապնդման կարեւորությունը։ Նա նաև ներկայացրեց գաղափար, ըստ որի՝ միասնական գիտական և մեդիա քաղաքականությունները կարող են վճռական դեր խաղալ ազգային անվտանգության ապահովման գործում։

Վարդան Այվազյան
Վարդան Այվազյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ, դոցենտ Վարդան Այվազյանը հանդես եկավ համահայկական պետականության սահմանադրական մոդելի նախատիպով՝ նշելով, որ գաղափարախոսական դատարկությունը խոչընդոտել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործմանը, կոչ արեց համահայկական պաշտպանական համակարգ ձեւավորել. «Սփյուռքը պետք է դիտարկվի ոչ թե որպես օգնության աղբյուր, այլ Հայաստանի զարգացման ռազմավարական գործոն»։

Նա նախանշեց անվտանգության համալիր հայեցակարգ՝ ընդգրկելով նաև իրավական, մեթոդաբանական և ռազմավարական մակարդակները։ Նրա առաջարկած մոդելը հենվում է գլոբալ հայ ազգի հստակ տեսլականի մշակման վրա, ինչը հնարավորություն կտա աշխարհում հայության համար ունենալ համարժեք դիրքավորում։

Արա Պապյան. Հայաստանի ռեսուրսային առավելությունները

Պատմաբան, քաղաքագետ, ՀՀ նախկին դեսպան  Արա Պապյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ ռեսուրսների համեմատական վերլուծությանը՝ ցույց տալով, որ Հայաստանն ունի գերազանցող ներուժ Ադրբեջանի նկատմամբ՝ թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ տնտեսական և ռազմավարական հնարավորությունների տեսանկյունից։ Նա մատնանշեց, որ միավորված ու գաղափարականորեն կողմնորոշված հասարակությունը կարող է Հայաստանը վերածել միջազգային հզոր գործոնի։ Պապյանի վերլուծություններն ուղեկցվեցին հստակ թվային տվյալներով և բանաձևերով՝ հաստատելով պահանջատիրության հիմնավորվածությունը։ Նա ցույց տվեց Հայաստանի ռեսուրսների գերազանցումը Ադրբեջանի նկատմամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ազդեցության համար ազգային միասնությունն է հիմքը:

Թաներ Ակչամ՝ արդի թուրք պատմաբանության քննադատը

Հայոց ցեղասպանության թեմային միջազգային հարթությունում նոր շունչ հաղորդեց նաև Թուրքիայից փախստական պատմաբան Թաներ Ակչամը, ում մասնակցությամբ Հայաստանում կազմակերպվեցին քննարկումներ և գրքի շնորհանդեսներ՝ մասնավորապես ԵՊՀ-ում և ՀՅԴ նախաձեռնած հանդիպումներում։ Ակչամի վերջին ուսումնասիրությունները վերաբերում են ոչ միայն Ցեղասպանության ժամանակաշրջանի նորահայտ փաստաթղթերին, այլև Թուրքիայի ներկայիս իշխանության՝ մասնավորապես Էրդողանի ուղերձների բովանդակությանը և դրանց իմաստային վտանգներին։  Ակչամը ներկայացրեց Օսմանյան կայսրության փաստաթղթեր, որոնք անհերքելիորեն հաստատում են ցեղասպանության նախապատրաստվածությունը։ Հատկապես շեշտվեց Էրդողանի կողմից Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված ուղերձի հակասական բնույթը, որը, չնայած «ցավակցության» հռչակագրին, շարունակում է ժխտման քաղաքականությունը։  Հրանտ Դինքի ժառանգությունը եւ նրա սպանության նախադրյալները վերլուծելիս Ակչամը նշեց.«Պատմական ճշմարտության պայքարը անբաժան է ժամանակակից իրավունքների պաշտպանությունից։ Հայոց ցեղասպանության ճանաչումը գլոբալ արդարության հարց է»։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև Հրանտ Դինքի սպանությանը նախորդող իրադարձություններն ու ԱԳՈՍ թերթում տպագրված հոդվածները՝ ի ցույց դնելով՝ ինչպես է անցյալի անընդհատ վերաիմաստավորումը դառնում ներկայի քաղաքական պայքարի մաս։ Թաներ Ակչամը համբերությամբ պատասխանեց մասնակիցների բազմազան հարցերին, իսկ միջոցառման կազմակերպման և թարգմանության աշխատանքները բարեխղճորեն իրականացվեցին քաղաքագետ Կարեն Միրզոյանի և տ. Անումյանի կողմից։

Վերջաբան. Ցեղասպանության ճանաչումից՝ վերազգային համախմբում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումները չսահմանափակվեցին հիշատակի արարողություններով․ դրանք վերածվեցին բովանդակային քննարկումների հարթակի՝ համատեղելով ակադեմիական վերլուծությունն ու քաղաքական ռազմավարությունը։ Բոլոր ելույթներն ընդգծեցին, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը և պահանջատիրությունը պետք է դառնան քաղաքական օրակարգի մաս՝ համահայկական գաղափարական համախմբման և համապարփակ պետության տեսլականի միջոցով։

Այս բոլոր քննարկումները մի հստակ ուղերձ են փոխանցում՝ Հայոց ցեղասպանության հիշողությունը, ցավը և արդարության ձգտումը պիտի վերածվեն կառուցողական հենասյան՝ հայության անվտանգության, զարգացման և համաշխարհային դերակատարության նոր դարաշրջանի համար։


 

Սոնա Օհանյան․ «Պատրաստ եմ լինել երեխաների կողքին և օգնել մարդկանց»:

 


Սոնա Օհանյան․   «Պատրաստ եմ լինել երեխաների կողքին և օգնել մարդկանց»:

Սոնա Օհանյանը՝ սրտում կրելով մայրենի լեզվի ջերմությունը, մշակույթի ուժն ու մայրական նվիրումն, այսօր իր կյանքը նվիրել է մի մեծ նպատակի՝ ամրացնել հայ երեխաների կապը իրենց արմատների հետ՝  անկախ նրանց բնակության վայրից։ Նա հայերենով ստեղծում է աուդիոգրքեր՝ մանուկների և մեծահասակների համար, յուրահատուկ ջերմությամբ փոխանցելով գրքի զգացողությունն ու հայկական լեզվամտածողության գանձերը։

Սոնան առանձնանում է իր հրաշալի ասմունքով և ֆիլմերի հայերեն կրկնօրինակմամբ: Այն երեխաների համար  ոչ միայն լեզվական ու մշակութային կրթություն է, այլև հուզական ու էսթետիկ դաստիարակության միջոց։ Նրա կողմից կազմված հեքիաթների փաթեթները երեխաներին տանում են հրաշքների աշխարհ՝ միաժամանակ նպաստելով նրանց լեզվամտածողության, երևակայության և աշխարհայացքի ձևավորմանը։

Ներկայումս Սոնայի ստեղծագործական ուղին խորանում է նոր ոլորտի՝ մանկական ուսուցողական տեսահոլովակների մեջ։ Նրա տեսանյութերը՝ հասանելի «Յութուբ» հարթակում, երեխաներին հրավիրում են մի հուզիչ ճամփորդության՝ հայկական ժառանգության աշխարհով։ Այս կրթական արկածների միջոցով փոքրիկները բացահայտում են հայոց լեզվի հարստությունը, հայրենիքի պատմական և մշակութային ժառանգությունը, հավատքի ու ավանդույթների գեղեցկությունը։

Սոնա Օհանյանի գործունեության առաքելությունը պարզ է, բայց հզոր՝  նա ուզում է երիտասարդ սերնդին փոխանցել ինքնություն, հպարտություն ու ուժ՝ հիմք ստեղծելով նոր սերնդի համար, որը ինքնավստահ և ամուր կկանգնի իր արմատների վրա։ Նա հավատում է, որ ապագայի ուժը մեր միասնության մեջ է։ Այս գաղափարով նա հատկապես զորակից է այն երեխաներին, ովքեր մեծանում են Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի նրանց հայկական ինքնությունը ապրի ու ծաղկի։ Համեմատական լեզվով` Սոնայի մայր հայրենիքից տված ուղերձը, որը կրթություն է առատորեն կպտղաբերի օտար ափերում ու մեր երեխաները կունենան անհրաժեշտ շփումը Հայկական մշակույթի հետ:

Բացի իր մշակութային առաքելությունից՝ Սոնան նաև մարդկային հոգատարության մարմնացումն է։ Որպես երկու զինվորի մայր՝ նա անձամբ զգում է ծառայության ու հայրենանվիրության գինը։ Նա պատրաստ է աջակցել նաև համայնքային կարևոր գործերում՝ մասնավորապես, առաջարկելով հոգալ Հայաստանի բոլոր մարզերում գտնվող հարազատների շիրիմների մաքրության և խնամքի մասին։

Սոնա Օհանյանը ապրում ու ստեղծագործում է Հայաստանում՝ իր ձայնով ու հոգով կառուցելով մի աշխարհ, որտեղ հայկականը ապրում է, զարգանում ու ուժ է տալիս նոր սերնդին՝ ո՛չ միայն լսելու, այլ զգալու իրենց ազգի հոգին։

Սոնային կարող եք գտնել և կապ  հաստատել այս էջով`

https://www.facebook.com/profile.php?id=100052295270346