The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 11 May 2025

Էլպիս Կեսարացյան. գրական ժառանգություն և կանանց իրավունքների պայքար. Գրախոսություն

 Լույս է տեսել նոր գիրք



Նաիրա Համբարձումյանի «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գրքի վերաբերյալ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ գրող, գրաքննադատ Նաիրա Համբարձումյանի կազմած, խմբագրած և ծանոթագրած  «19-րդ դարի արևմտահայ կին հեղինակներ» խորագրով ականավոր հայ մտավորական Էլպիս Կեսարացյանի (1830–1913)մասին 272 էջանոց գիրքը նվիրված է նրա գրական և հասարակական գործունեությանը։ Գրքում տեղ են գտել  Կեսարացյանի հայտնի գրեթե բոլոր  մեզ հասած գործերը՝ մինչ այդ անհայտ բանաստեղծություններն ու նամակները:

Կեսարացյանը արևմտահայ մշակույթի ու հասարակական մտքի կարևոր, սակայն երկար ժամանակ անտեսված դեմքերից է։ Նաիրա Համբարձումյանի այս ուսումնասիրությունը հանդիսանում է առաջին համակարգված փորձը՝ վերականգնելու հայ կանանց ազատագրական շարժման սկզբնավորողի, առաջին հայ կին խմբագրի պատմական ու մտավոր ժառանգությունը, որը ձևավորվել է Օսմանյան կայսրության բռնապետական պայմաններում։ Աշխատությունը կարևոր ներդրում է հայ կանանց պատմության, գրականության և ֆեմինիստական մտքի ուսումնասիրության բնագավառում։ 

Գրքի արժեքավոր կողմերից է առաջնային աղբյուրների մանրակրկիտ վերլուծությունը:  Հեղինակը հիմնվում է 19-րդ դարի մամուլի (հատկապես «Կիթառ» հանդեսի), արխիվային նյութերի և ժամանակակիցների վկայությունների աղբյուրներին՝ վեր հանելով Կեսարացյանի գործունեության պատմահասարակական ժամանակաշրջանի համատեքստը։  Օրինակ, մանրամասն քննարկվում են «Կիթառի» բովանդակությունը (1862–1863)՝ որպես կանանց իրավունքների առաջին հայկական պարբերական, սահմանադրության (1863) ազդեցությունը` կանանց հասարակական դերը Օսմանյան գրաքննության և հայրիշխանական միջավայրի դեմ Կեսարացյանի պայքարի մեթոդները։ Գրքի մյուս արժանիքներից մեկն էլ վավերագրական հարուստ նյութի համակարգված ներկայացնելն է: Հեղինակը մանրակրկիտ վերլուծում է Կեսարացյանի «Կիթառ» հանդեսում (1861–1863) տպագրված էսսեները, բանաստեղծությունները և 1879 թվականի «Նամականի առ ընթերցասէր հայուհիս» ժողովածուն։ Տեքստերը տրամադրվում են ժամանակի սոցիալ-քաղաքական համատեքստում՝ ընդգծելով կնոջ դերի վերաբերյալ Կեսարացյանի առաջադիմական տեսակետները։

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Համեմատական մոտեցմամբ, Նաիրա Համբարձումյանը վեր է հանում Կեսարացյանի արժանիքները: Օրինակ «Կիթառը» հանդեսը համադրում է Զմյուռնիայի «Հավերժահարս» հանդեսին (1862), ապացուցելով, որ Կեսարացյանի հրատարակությունը ունի գաղափարական հստակ դիմագիծ՝ ի տարբերություն ժամանցային «Հավերժահարսի»։ Այս մասին վկայում են հանդեսում տպագրված թեմաները, օրինակ` կանանց կրթության և աշխատանքի իրավունքների շուրջ էսսեները, Շիլլերի «Օռլեանի կույսը» թարգմանությունը՝ որպես կանանց հերոսության խորհրդանիշ, տղամարդկանց քննադատությունները (օր. Ստեփան Ոսկանի հոդվածը «Արևմուտք»-ում) և այլն։ Ըստայդմ արժևորվում, նորովի է վերագնահատվում Էլպիս Կեսարացյանի` որպես առաջին հայ ֆեմինիստուհու կերպարը: «Հավերժահարս» (1862) հանդեսի խմբագրությանը վերագրվող առաջնայնությունը՝  իր տեղը զիջում է Կիթառին` հայ կանանց համար նախատեսված առաջին պարբերականին։ 

Նաիրա Համբարձումյանի ընդարձակ առաջաբանում արժեքավոր են նաև պատմական, սոցիալ-քաղաքական համատեքստի վերլուծությունները. Հեղինակը բացահայտում է Օսմանյան կայսրությունում հայ կանանց կյանքի դժվարությունները, գրաքննության ճնշումները,  թե ինչպես  «Թանզիմաթի» բարեփոխումները (1839, 1856) և Հայոց Ազգային Սահմանադրությունը (1863) պայմաններ ստեղծեցին կանանց մասնակցության համար, այնուհանդերձ կար չերևացող կողմը: Կեսարացյանի հանդեսը ըստերևույթին փակվեց ֆինանսական ճնշումների և գրաքննության պատճառով։  

Աշխատությունը հիմնված է արխիվային տվյալների, համեմատական վերլուծության և քննադատական մոտեցման վրա։ Հեղինակը հստակ տարանջատում է փաստերն ու վարկածները՝ հղումներ կատարելով բազմազան աղբյուրների (օրինակ՝ Վիեննայի Մխիթարյանների արխիվ, Թեոդիկի աշխատություններ)։

Գրքի խմբագրականը գրված է գիտական ճշգրտությամբ, մատչելի լեզվով։ Հեղինակը խուսափում է չափազանցված գնահատականներից՝ հիմնավորելով բոլոր եզրահանգումները։

Միևնույն ժամանակ, կարելի է նշել որոշ «թերացումներ»: Չնայած գրքում մանրամասն վերլուծվում է Կեսարացյանի գործունեությունը, նրա անձնական կյանքի մասին տեղեկությունները սահմանափակ են. օրինակ՝ ընտանիքի, կրթության կամ Ալեքսանդրիայում ապրած տարիների։ Սա հնարավոր է աղբյուրների պակասի հետևանք լինի` ինչը հետագայում հնարավոր է լրացնել:

 Չնայած ֆեմինիստական մոտիվների լուսաբանմանը, կարելի էր ավելի խորանալ Կեսարացյանի գաղափարների համեմատական վերլուծության մեջ՝ հատկապես արևմտաեվրոպական ֆեմինիզմի հետ (օրինակ՝ Մերի Ուոլսթոնքրաֆթի ազդեցությունը),  կարող էր խորանալ ֆեմինիստական տեսությունների (օր. Ջուդիթ Բատլեր, Սիմոն դը Բովուար) շրջանակում՝ բացատրելու, թե ինչպես է Կեսարացյանը «խախտել» հայրիշխանական նորմերը։

Արժե, որ գիրքը թարգմանվի օտար լեզուներով՝ հայ ֆեմինիզմի պատմությունը համաշխարհային խոսույթում ներկայացնելու համար։

Ավարտելով այս գրախոսությունը, պետք է եզրակացնել, որ Նաիրա Համբարձումյանի աշխատությունը կարևոր քայլ է Էլպիս Կեսարացյանի ժառանգության վերագնահատման և հայ կանանց պատմության մեջ նրա դերի վերականգնման ուղղությամբ, այն մեծ  ներդրում է գրականության ուսումնասիրության մեջ` հիմք  հանդիսանալով հետագա ուսումնասիրությունների համար։ 

Այս աշխատությունը ոչ միայն նոր լույս է սփռում  Էլպիս Կեսարացյանի կյանքին ու մատնանշում  նրա  հրապարակած «Կիթառ»-ի արժանի տեղը հայ մշակույթի պատմության մեջ, այլ ծառայում է որպես հիմք ժամանակակից գենդերային քաղաքականության գիտական քննարկման համար:

Գիրքն իրենով օրինակելի գիտական հետազոտություն է՝ կառուցվածքային ամբողջականությամբ, աղբյուրների խորը ուսումնասիրմամբ և վերլուծական սուր հայացքով, այն  հատկապես արժեքավոր է պատմաբանների, գրականագետների և ընդհանրապես գրասերների լայն շրջանակների համար։ Միաժամանակ, այն արժանի է հանրայնացման՝ ինչպես ակադեմիական շրջանակներում, այնպես էլ ավելի լայն հանրության մեջ՝ կրթական նպատակներով։

 

Ամբողջական գիրքը ոչ միայն լրացնում է տվյալ ժամանակաշրջանի պատմական բացը, այլ հետաքրքիր ու արդիական է  այսօր` Հայաստանում ժողովրդավարության և գենդերային հավասարության շարունակական պայքարի համատեքստում։

Առաջարկվում է որպես պարտադիր ընթերցանություն բուհական ծրագրերում և հայ ֆեմինիզմի պատմության վերաբերյալ հետազոտություններում։ Գիրքը կարող է ծառայել որպես ելակետ հետագա ուսումնասիրությունների համար՝ կապված թե՛ հայ կանանց շարժման պատմության, թե՛ մամուլի զարգացման պատմության հետ։

 Նաիրա Համբարձումյանի «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքի գրախոսներն են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս` Ալբերտ Խառատյանը և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը: Գիրքը հրատարակվել է Եդիթ-պրինտ հրատարակչության կողմից (2025)՝ բանասեր, գրականագետ-մատենագետ, երաժշտաբան Յովսէփ Նալպանտեանի և Գարոլին Նալպանտեանի մեկենասությամբ (Լոս Անճելըս-Սթուտիօ Սիթի, ԱՄՆ)։ Այս խրախուսելի քայլը ցույց է տալիս սփյուռքահայ մտավորականության ներդրումը հայ մշակութային ժառանգության հարստացման գործում։ Նալպանտեանների մեկենասությունը հատկապես նշանակալի ու խրախուսելի  է Հայաստանում գիտական հրատարակությունների  սահմանափակ ու սուղ ֆինանսական պայմաններում։ 

Վահան Ամատունի

«Պայքար» շաբաթաթերթ(ԱՄՆ) 11 մայիս 2025, թիվ19(424)
Թարգ. արևմտահայերենից

-----------




19-րդ դարու արեւմտահայ կին հեղինակներ


Յայտնուեցաւ Նոր Գիրք
Էլպիս Կէսարացեան. Գրական Ժառանգութիւն եւ Կանանց Իրաւունքներու Պայքար. Գրախօսութիւն
Նաիրա Համբարձումեանի «Էլպիս Կէսարացեան. Էսսէներ, Բանաստեղծութիւններ, Նամակներ» գիրքին մասին

Բանասիրական գիտութիւններու թեկնածու, դոցենտ, գրող եւ գրաքննադատ Նաիրա Համբարձումեանին կազմած, խմբագրած ու ծանօթագրած «19-րդ դարու արեւմտահայ կին հեղինակներ» շարքին ներքոյ լոյս տեսած այս 272 էջանոց հատորը նուիրուած է արեւմտահայ ականաւոր մտաւորական Էլպիս Կէսարացեանի (1830–1913) գրական ու հասարակական գործունէութեան։ Գիրքին մէջ ընդգրկուած են գրեթէ բոլոր պահպանուած գործերը՝ ներառեալ մինչ այժմ անհայտ բանաստեղծութիւններ ու նամակներ։

Կէսարացեան եղած է արեւմտահայ մշակոյթի ու մտաւոր կեանքի կարեւոր, սակայն երկար ատեն անտեսուած դէմք մը։ Համբարձումեանի այս ուսումնասիրութիւնը կը ներկայացնէ առաջին համակարգուած փորձը՝ վերարժեւորելու այն պատմական ու գաղափարական ժառանգութիւնը, որ ձեւաւորուած է Օսմանեան կայսրութեան բռնապետական պայմաններուն ներքոյ։ Այս աշխատութիւնը կարեւոր ներդրում մըն է հայ կնոջ պատմութեան, գրականութեան ու ֆեմինիստական միտքի ուսումնասիրութեան բնագաւառին մէջ։

Գիրքին արժէքաւոր կողմերէն է նախնական աղբիւրներու մանրակրկիտ քննութիւնը։ Հեղինակը կը հիմնուի 19-րդ դարու մամուլի (հատկապէս «Կիթառ» հանդեսի), արխիւային նիւթերէ ու ժամանակակից վկայութիւններէ օգտուելով՝ կը բացայայտէ Կէսարացեանի գործունէութեան պատմահասարակական հանգամանքները։ Օրինակ, «Կիթառ» հանդեսի (1862–1863) բովանդակութեան վերլուծութեան միջոցով ցոյց կու տայ անոր՝ իբրեւ հայ կանանց իրաւունքներու պաշտպանութեան առաջին պարբերականի՝ արժէքն ու միտումները։ Քննարկուած են նաեւ 1863-ի Սահմանադրութեան ազդեցութիւնը, Կէսարացեանի պայքարի ձեւերն ու գրաքննութեան պայմանները։

Միւս կարեւոր արժանիք մըն է փաստաթուղթերով հարուստ նիւթին համակարգուած ներկայացումը։ Հեղինակը կը վերլուծէ «Կիթառ»ի էջերուն մէջ տպագրուած Կէսարացեանի էսսէներն ու բանաստեղծութիւնները, ինչպէս նաեւ 1879-ին լոյս տեսած «Նամականի առ ընթերցասէր հայուհիս» ժողովածուն։ Գրականութիւնից անդին, տեքստերը տեղադրուած են ժամանակի սոցիալ-քաղաքական համատեքստին մէջ՝ ընդգծելով Կէսարացեանի առաջադէմ գաղափարները կնոջ դերի վերաբերեալ։

Նաիրա Համբարձումեան կ՚որդեգրէ համեմատական մօտեցում, ուր Կէսարացեանի «Կիթառ»ը համեմատուած է Զմիւռնիոյ «Հաւերժահարս» (1862) հանդեսին հետ՝ պարզելով, թէ առաջինը ունի գաղափարական յստակ դիմագիծ, ի տարբերութիւն երկրորդի՝ ժամանցային բնոյթին։ «Կիթառ»-ի էջերուն մէջ տեղ գտած են կանանց կրթութեան, աշխատանքի իրաւունքի վերաբերեալ էսսէներ, Շիլլերի «Օռլէանի Կոյսը» թարգմանութիւնը՝ իբրեւ կանացի հերոսութեան խորհրդանիշ, ինչպէս նաեւ տղամարդ գրողներու քննադատութիւններ, օրինակ՝ Ստեփան Ոսկանի արձագանգը «Արեւմուտք»ին մէջ։

Այս վերլուծութեամբ՝ նորովի կը վերարժեւորուի Կէսարացեանի դերը իբրեւ առաջին հայ ֆեմինիստուհիի։ «Հաւերժահարս»ին՝ իբրեւ առաջին պարբերականի վերագրուած առաջնայեղութիւնը կը զիջի «Կիթառ»ին, որ իրականութեան մէջ եղած է ուղղուած բացառապէս հայ կին ընթերցողին։

Գիրքին ընդարձակ առաջաբանը կը պարունակէ պատմական եւ հասարակական համատեքստերու խոր վերլուծութիւն։ Հեղինակը կը բացայայտէ Օսմանեան կայսրութեան մէջ հայ կիներու կեանքի դժուարութիւնները, գրաքննութեան ճնշումները եւ այն, թէ «Թանզիմաթ»-ի բարեփոխումները (1839, 1856) եւ Ազգային Սահմանադրութիւնը (1863) ինչպէս մասնակիօրէն ստեղծեցին կիներու գործուն մասնակցութեան հնարաւորութիւններ։ Սակայն կը նշուի նաեւ թաքնուած ճնշման ներկայութիւնը, ինչպէս նաեւ «Կիթառ»ի փակումին պատճառ հանդիսացած ֆինանսական ու գրաքննիչ ճնշումները։

Աշխատութիւնը հիմնուած է արխիւային տուեալներու, համեմատական վերլուծութեան եւ քննադատական մօտեցման վրայ։ Հեղինակը կը զատորոշէ փաստերն ու ենթադրութիւնները՝ յղումներով՝ Մխիթարեաններու Վիեննայի արխիւին, Թէոդիկի աշխատանքներուն եւ այլ աղբիւրներուն։

Խմբագրականը գրուած է գիտական ճշգրտութեամբ, բայց նաեւ ընթեռնելի լեզուով։ Հեղինակը կը խուսափի չափազանցումէ՝ ամէն եզրակացութիւն հիմնաւորելով։

Նշենք սակայն որոշ թերութիւններ։ Չնայած Կէսարացեանի գործերուն մանրամասն վերլուծութեան, իր անձնական կեանքին մասին տեղեկութիւնները սահմանափակ են՝ օրինակ ընտանիքի, կրթութեան եւ Ալեքսանդրիոյ մէջ անցուցած տարիներու մասին։ Սա կրնայ պայմանաւորուած ըլլալ աղբիւրներու սակաւութեամբ՝ որ հնարաւոր է հետագային լրացնել։

Նաեւ, թէեւ նշուած են ֆեմինիստական նուիրումներ, գրողը կրնար աւելի խորանալ Կէսարացեանի գաղափարներու համեմատական վերլուծութեան մէջ՝ մասնաւորապէս զուգահեռներ քաշելով արեւմտաեւրոպական ֆեմինիզմի հետ (օրինակ՝ Մերի Ուոլսթոնքրաֆթի ազդեցութիւնը), ինչպէս նաեւ անդրադառնալ ժամանակակից ֆեմինիստական տեսութիւններուն (Ջուդիթ Պաթլեր, Սիմոն տը Պովուար)՝ բացատրելու, թէ Կէսարացեան ինչպէս «խախտած» է հայրիշխանական նորմերը։

Եզրափակելով՝ պէտք է նշել, թէ Նաիրա Համբարձումեանի այս գիրքը կարեւոր առաջընթաց մըն է Էլպիս Կէսարացեանի ժառանգութեան վերարժեւորման եւ հայ կնոջ պատմութեան մէջ իր դերի վերականգնման ուղիով։ Այս աշխատութիւնը կը ծառայէ իբրեւ հիմք՝ ապագայ ուսումնասիրութիւններու համար՝ մեծ ներդրում կատարելով հայ գրականագիտութեան եւ գենդերային քաղաքականութեան գիտական քննարկման ոլորտին մէջ։

Գիրքը մեծ հետաքրքրութիւն կը ներկայացնէ պատմաբաններու, գրականագէտներու, ինչպէս նաեւ ընթերցասէր լայն շրջանակներու համար։ Ան ոչ միայն կ՚ամբողջացնէ պատմական բաց մը, այլ արդիական եւ օգտակար է այսօր՝ Հայաստանի մէջ ժողովրդավարութեան եւ գենդերային հաւասարութեան շարունակական պայքարի համատեքստին մէջ։

Առաջարկուած է իբրեւ պարտադիր ընթերցանութիւն բուհական ծրագրերուն եւ հայ ֆեմինիզմի պատմութեան վերաբերեալ հետազօտութիւններուն մէջ։

Գրքին գրախօսներն են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Խառատեան եւ պատմական գիտութիւններու դոկտոր, պրոֆեսոր Գէորգ Ստեփանեան։ Գիրքը լոյս տեսած է «Եդիթ-Փրինթ» հրատարակչութեան կողմէ (2025), Յովսէփ եւ Կարոլին Նալպանտեաններու (Լոս Անճելըս - Սթուտիօ Սիթի, ԱՄՆ) մեկենասութեամբ։ Այս խրախուսելի քայլը կը վկայէ սփիւռքահայ մտաւորականութեան ջանքերը՝ ի նպաստ հայ մշակութային ժառանգութեան հարստացման։ Նալպանտեաններու մեկենասութիւնը առավել յատկանշական է՝ նկատի առնելով Հայաստանի մէջ գիտական հրատարակութիւններու սահմանափակ ֆինանսական հնարաւորութիւնները։

Վահան Ամատունի

(Յատուկ «ՊԱՅՔԱՐ» ին)

Saturday, 10 May 2025

Դեսից դենից․ Մայիս, 2025

 


ՀՌՈՄԸ ՆՈՐ ՊԱՊ ՈՒՆԻ
Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը ՝ ընդունելով Լևոն (Լեո) 14-րդ անունը։ Նա քիչ առաջ ողջունեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ դառնալով կաթոլիկների առաջին ամերիկացի Պապը։
Wizz Air-ը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կհիմնի իր 34-րդ բազան՝ դառնալով առաջին ցածրարժեք ավիաընկերությունը, որն այստեղ մշտական բազա կունենա:
Նոր ուղղություններ (ընդհանուր 17 ուղղություն 10 երկրում). Հոկտեմբերի 1-ից. Պրահա, Համբուրգ (շաբաթական 3 անգամ) Հոկտեմբերի 2-ից. Նիցցա (շաբաթական 3 անգամ), Պաֆոս (շաբաթական 2 անգամ) Հոկտեմբերի 15-ից. Նեապոլ (շաբաթական 3 անգամ) Հոկտեմբերի 26-ից. Բուխարեստ, Բարի (շաբաթական 2 անգամ) Հոկտեմբերի 28-ից. Մեմինգեն (շաբաթական 2 անգամ) Դորտմունդի հաճախականություն. Կավելանա մինչև շաբաթական 4 թռիչք Տոմսերի գներ. Սկսած 29.99 եվրոյից
Ալմելոյի ՀՄԸՄ-ը «Խարույկ 2025»
Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելօ մասնաճյուղը լավ էր նախապատրաստվել իր 17-րդ Ընդհանուր Բանակումին, որն անցկացվեց այս օրերին։ Ջերմ էր սկաուտական ավանդական խարույկի արարողությունը՝ երգերով, համախմբվածությամբ և երիտասարդական մթնոլորտով։
Խարույկը՝ որպես հայկական սկաուտական մշակույթի բաղադրիչ, ծառայում է երիտասարդներին միավորելու, ազգային ու համայնքային արժեքները փոխանցելու նպատակին։ Ալմելոյի ՀՄԸՄ-ը հիշեցնում է իր «Միշտ պատրաստ և ծառայող» նշանաբանի մասին՝ հատկապես իր հիմնադրման 30-ամյակին։
Մայիսի 5-ը Նիդերլանդներում նշվող Հաղթանակի օրը (Bevrijdingsdag)՝ բեմում գտնվող Նիդերլանդների և Լեհաստանի ղեկավարների ուղղությամբ ծխարձակող նռնակ է նետվել:
«Աբովյան» մշակութային միությունը մայիսի 5-ին, ժամը 12:30-ից մինչև 14:30-ը միության իր հասցեում կազմակերպեց «Ազատության ճաշկերույթ»: Ճաշկերույթի ժամանակ «Աբովյան» կենտրոնում Ինգա Դրոստից բացի «Հայերի մասնակցությունը նիդերլանդական դիմադրության շարժմանը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ անկախ հետազոտող Յորիս Վերստեգը։
Այս տավա «Ազատության ճաշկերույթը» նվիրված է Նիդերլանդների ազատագրման 80-ամյակին, «Աբովյան» մշակութային միության պարախումբն իր մասնակցությունն ունեցավ քաղաքապետարանի ճեմասրահում որտեղ այլ խմբերի հետ հանդես եկավ գեղարվեստական ծրագրով։
Введите описание картинки
«Եվրատեսիլ 2025»-ի հայկական պատվիրակությունը մեկնեց Բազել
Հայաստանի ներկայացուցիչը՝ Պարգը, արդեն գտնվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում՝ մասնակցելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 2025 թվականի փուլին։ Մեր պատվիրակությունը միացել է մյուս երկրների ներկայացուցիչներին՝ մրցույթային ծրագրին նախապատրաստվելու համար։
Այսօր նախատեսված է Պարգի առաջին բեմական փորձը։ Սա կարևոր պահ է ինչպես երգչի, այնպես էլ ողջ ստեղծագործական թիմի համար։
Մենք հաջողություն ենք մաղթում Պարգին։ Թող այս ճանապարհը լինի հաղթական։
Հայ-Հոլանդական մշակութային խաչմերուկ / Armenian-Dutch cultural crossroads
TIR MEDIA-ն ահա այսպես է ներկայացրել Նիդերլանդներից Հայաստան ժամանած «Կռունկ» խմբին, նրանք հյուրընկալել էին Սահակ Սահակյան թանգարանում և շփվել հայկական ինքնագործ խմբերի հետ:
«Տեսանjութը մի յուրօրինակ երևույթի մասին է, որը կապում է երկու տարբեր բայց միմիանց շատ հարազատ մշակույթներ՝ հոլանդական և հայկական: Նիդերլանդներում ստեղծված այս երգչախումբը ավելի քան տասը տարի գործում է և կոչվում է «Կռունկ»: Զարմանալին այն է, որ այս խմբի անդամները հոլանդացիներ են, սակայն նրանք իրենց սրտում պահում են հայկական երգի հանդեպ անսահման սեր և նվիրում:
«Կռունկ»-ի կատարումներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Կոմիտասի անմահ ստեղծագործությունները: Նրանց կատարմամբ հնչող հայկական ժողովրդական և հոգևոր երգերը նոր շունչ են ստանում՝ հասնելով հոլանդացի ունկնդրի սրտին և հաղորդելով հայկական մշակույթի խորքն ու գեղեցկությունը:
Եկեք միասին հետևենք այս յուրօրինակ խմբի կատարումներին և ծանոթանանք նրանց ոգեշնչող գործունեությանը, որը կամուրջ է հանդիսանում երկու ազգերի միջև՝ միավորելով նրանց երաժշտության Կոմիտասյան զորությամբ:
Միջոցառումը կազմակերպվել էր «Մեծ Հայք» քաղաքակրթական դաշինքի ջանքերով, որը նպատակ ունի տարածելու հայկական մշակույթն ու ազգային արժեքները»:
Այս խորհրդանշական օրը դեսպանատունը նաև պայմանագրեր կնքեց «Հետք» հետաքննող լրագրողների կազմակերպության և «Անտիֆոսֆորուս» տելեգրամ ալիքի հետ: Դեսպանատան ֆինանսավորմամբ մեկ այլ՝ «Բացատրելով ժողովրդավարությունը» նախագծով Հայաստանի 15 լրագրողներ շուտով վերապատրաստման և բազմաժանր նյութեր թողարկելու հնարավորություն կունենան։
Նիդերլանդների կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը ազատ և որակյալ մեդիայի զարգացմանը Հայաստանում և աշխարհում:
Երևանում դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը ներկա է եղել «Ծիրանի Ծառ»-ի համերգին և տպավորվել իր հայրենակիցների հայերեն կատարումներով ու հայկական երաժշտությամբ։ Արմավիրի մարզի Այգեկ համայնքում նա մասնակցել է «Կռունկ» համույթի և տեղի դպրոցի համատեղ միջոցառմանը։ «Կռունկ»-ի երաժիշտները բացահայտել են Հայաստանի գեղեցկությունը և հայկական հյուրընկալությունը, իսկ այգեկցիներն իրենց հերթին հոլանդական ոճով հեծանվարշավ են կազմակերպել։
Երաժշտությունն, անկասկած, այս ամենի հիմքն ու ոգեշնչող ուժն էր՝ միավորելով երկու երկրների մարդկանց և մշակույթները։
ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍ Զատիկ վարդապետ Ավետիքյան (Բելգիա) Նա գիշերով եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։ ‭‭ՀՈՎՀԱՆՆԵՍ‬ ‭3‬:‭2‬ Ճշմարտությանը հավատացողն եմ, այդ ճշմարտության համար գործողն եմ։
ՈՒՐԱԽ ԱԼԻՔՈՎ Մայիսի մեկն է...
Введите описание картинки
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է.
«Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։
Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և տարիների բարեկամությամբ ամրապնդված Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ներկայիս հանգրվանը մեր ժողովուրդների միջև առկա հարգանքի և փոխվստահության ապացույցն է։
Ուրախ եմ արձանագրել, որ վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան` ուղենշելով համագործակցության խթանման նորանոր ուղղություններ և հեռանկարներ։ Առանձնահատուկ կարևորում եմ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր համագործակցության հետագա զարգացումը։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն»
Դեսից դենից․ Մայիսի 1–10, 2025
Մայիսի 1 – Աշխատանքի միջազգային օր Հայաստանում նշվեց Աշխատանքի օրը՝ մի շարք միջոցառումներով։ Որոշ քաղաքական գործիչներ, ինչպես Անդրանիկ Թևանյանը, անդրադարձան աշխատավորների առջև ծառացած խնդիրներին՝ ընդգծելով բանկային համակարգի նկատմամբ դժգոհությունները։
Մայիսի 5 ՀՀ կառավարությունը ներկայացրեց նոր հարկային բարեփոխումների նախագիծ՝ նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին և նվազեցնել ստվերային տնտեսությունը։
Մայիսի 9 – Հաղթանակի և խաղաղության օր Հայաստանում նշվեց Հաղթանակի օրը՝ տարբեր միջոցառումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցեց տոնական միջոցառումներին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշիում։
Մայիսի 10 Սևանա լճի մակարդակը շարունակեց բարձրանալ, ինչը մտահոգություն է առաջացրել բնապահպանների շրջանում։

«Վիգէն Էօլճեքճեանի պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նա փնտրում»

 

Վիգէն Էօլճեքճեան, լիբանանահայ քաղաքացիական անձը, արդեն 15 օր է, ինչ հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում, որտեղ նրան անարդարացիորեն պահում են 2020 թվականի վերջից՝ պայմաններում, որոնք բազմիցս դատապարտվել են մարդու իրավունքների պաշտպանների կողմից։

Նրա հացադուլի մասին ահազանգել է Լուսիանա Մինասյանը՝ «Հայ որբերի օգնության ընկերություն» (SOAR) կազմակերպության Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրենը՝ X հարթակում կատարած գրառմամբ։

Ի պատասխան՝ «Հայ որբերի օգնության ընկերություն»-ը շտապ նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ICRC)՝ ուշադրություն հրավիրելով Վիգէնի վատթարացող վիճակի վրա և կոչ անելով անհապաղ հումանիտար միջամտության։

«Վիգէն Էօլճեքճեանի պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նա փնտրում»,- նշված է նամակում։ 

Նրա շարունակվող բանտարկությունն ու այժմ արդեն հացադուլը ընդգծում են Ադրբեջանի շարունակական խախտումները միջազգային իրավունքի նկատմամբ, մասնավորապես՝ հետկոնֆլիկտային շրջանում քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքի հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանները բազմիցս կոչ են արել միջազգային հանրությանը միջամտել և պատասխանատվության ենթարկել Բաքվին՝ հայ քաղաքացիական անձանց անօրինական կալանավորման և վատ վերաբերմունքի համար։

Վիգեն Էօլճեքճյանը լիբանանահայ է, որը 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հրադադարի պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ անց, գերեվարվել է ադրբեջանական ուժերի կողմից։ Նա Շուշի էր մեկնել իր անձնական իրերը վերցնելու նպատակով։ Երբ փորձում էր վերադառնալ Հայաստան, նրան ձերբակալել են ադրբեջանական անցակետում և հետագայում դատապարտել են ահաբեկչության մեղադրանքով՝ դատավճիռ, որը լայնորեն դատապարտվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդում։

Friday, 9 May 2025

Հարգանքի տուրք Լեուսդենում՝ Հայ Զինվորների Հիշատակին

 

Նիդերլանդներում անցկացվեց հիշատակի արարողություն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Կարմիր բանակի հայ զինվորների պատվին

Մայիսի 9-ին, երբ աշխարհն անդրադառնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին, Նիդերլանդների Լեուսդեն քաղաքում Սովետական Պանթեոնում անցկացվեց հիշատակի արարողություն։ Մասնակիցները ծաղկեպսակներ ու ծաղիկներ զետեղեցին 860 Կարմիր բանակի զինվորների գերեզմաններին, որոնց թվում հանգչում են նաև 28 հայազգի զինվորներ։

Հիշատակման այս կարևոր միջոցառմանը մասնակցեց նաև Նիդերլանդների հայ համայնքը։ Ամստերդամի հայ համայնքի անունից ծաղկեպսակ զետեղվեց պանթեոնի կենտրոնական հուշարձանի մոտ, իսկ հայ զինվորների գերեզմաններին դրվեցին ծաղիկներ։ Արարողությունն ավարտվեց Տեր Տարոն քահանա Թադևոսյանի նրանց հոգիների հանգստության  համար  արված աղոթքով։

2020 թվականից ի վեր Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը և Սուրբ Հոգի եկեղեցու ծխական  խորհուրդը պնամակալության են վերցրել այդ զինվորներից յոթի գերեզմանները՝ պահելով նրանց հիշատակը։ Զոհված զինվորների հարազատների որոնման աշխատանքներն իրականացնում է Սովետական Պանթեոնի հիմնադրամը՝ փորձելով վերականգնել նրանցից յուրաքանչյուրի անհատական պատմությունները։